HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրայր Թովմասյանն էլ կարող է «շքեղության հարկով» հարկվել

Արդարադատության նախարարության կայքում տեղադրված «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փաստաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ դարձան:

Հիշեցնենք, որ նախագծերով արդարադատության նախարարությանը վերապահվում է նոր լիազորություն` Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանից տարեկան գանձել 60.000 դրամի չափով պետական տուրք` գրանցամատյան վարելու եւ փաստաբաններին պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար:

Փաստաբանները նշված պետական տուրքը համարում են «շքեղության հարկ», իսկ փաստաբանությունը` «շքեղություն»: Ոմանք առաջարկեցին «շքեղության հարկով» հարկել նաեւ կառավարության անդամներին, մանավանդ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չէր թաքցրել, որ նախատեսված տուրքը «բյուջե լցնելու» համար է: «Այո, ամբողջ աշխարհում էլ հարկերի միջոցով փորձում են բյուջե լցնել: Ես այստեղ որեւէ բան չեմ տեսնում»,- նախագծերի վերաբերյալ ասել էր նախարարը:

Ուսումնասիրելով արդարադատության նախարարի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ նախարարի եկամուտներն ու դրամական միջոցները թույլ են տալիս, որ նա էլ ընկնի «շքեղության հարկի» տակ:

Հրայր Թովմասյանը 2012թ. ունեցել է մոտ 7 մլն 502 հազար դրամ, որից 3 մլն 782 հազար դրամը աշխատավարձերից գոյացած գումարն է, 3 մլն դրամը ձեւակերպել է «այլ գումար», իսկ 720 հազար դրամը փոխառություն է: Բացի դրանից՝ իր հաշվին ունեցել է 70 հազար դոլար եւ 6 հազար 750 եվրո: Նշված տարվա վերջին Հրայր Թովմասյանի դրամական միջոցներին ավելացել է նաեւ 16 մլն 780 հազար դրամ:

Նախարարի կինը` Լամարա Խուդավերդյանը, 2012 թ. ունեցել է 1500 դոլարի եկամուտ, որը ստացել է ավանդի տոկոսներից: Իսկ որպես դրամական միջոց իր հաշվին ունեցել է 32 հազար դոլար:

Համեմատության համար նշենք, որ Հրայր Թովմասյանը 2011թ. 37 մլն դրամով օտարել էր բնակարանը, փոխարենը ձեռք էր բերել ավելի թանկ բնակարան` 60 մլն 532 հազար դրամ արժողությամբ: Իսկ եկամուտները եղել են նույնը` 7 մլն 502 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter