HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մտքի կապանքները քանդելու ժամանակը

Խորհրդային տարիների գլավլիտից փախուստ տվողներն ու հետխորհրդային շրջանի մամուլի «ամենաթողության» հետ անհաշտ կռիվ տվողները չնկատեցին էլ, թե տարիների ընթացքում ինչպես դարձան իրենք իրենց գլավլիտը: Չնկատեցին նաեւ, թե ինչպես տասնյակ հազարների սպառում ունեցող հանրապետական մամուլը մեկ տասնամյակ հետո իր տպաքանակով զիջեց անգամ համայնքային թերթերին: Թերթերի էջերից աննկատ անհետացան պահանջված թեմաները, այնուհետեւ մոռացության մատնվեցին «սուր» թեմաների գլխավոր թիրախները: Մի քանի տասնյակ հազար օրինակով թողարկվող թերթերի տպաքանակը վերջին 4-5 տարիներին այնքան նվազեց, որ այսօր 1500 օրինակով թողարկումը ցուցանիշ է համարվում օրաթերթի համար: Սա իր հերթին բերեց աշխատակազմի քանակի նվազման, ոչ կայուն  եւ նվազագույն աշխատավարձերը հանգեցրին փորձառու լրագրողների արտահոսքին:

Խմբագրականները, որոնք թերթի գաղափարախոսության ու կյանքի անցուդարձի նկատմամբ հրատարակիչների վերաբերմունքի արտացոլումն են, հետաձգվեցին ավելի պատեհ առիթների: Տպավորություն ստեղծվեց, որ «խմբագրի սյունակը» մամուլի մերօրյա պահանջներին համահունչ չէ եւ «մոդեռնիզացիայի» արդյունքում դուրս մղվեց: Իրականությունն այն էր, որ լրատվամիջոցները կրավորական կեցվածք որդեգրեցին, պակասեց ըմբոստությունը եւ այն քողարկելու համար առաջին հերթին խմբագրականից էր պետք հրաժարվել: «Շատերը կորցրել են մտածելու սովորությունը այնքան, որ վախենում են մտածել՝ չլինի՞ թե ճիշտ մտածեն եւ վտանգի ենթարկվեն»,- հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի` անցյալ դարի 60-ական թվականներին գրված այս տողերը կարելի է վերագրել այսօրվա յուրաքանչյուր թերթի,  լրագրողի:

Կախվածությունը այս կամ այն քաղաքական ու տնտեսական ուժից մեծապես խոցելի դարձրին լրատվամիջոցին ու լրագրողին: Ներքին գրաքննիչը խոսեց լրագրողի մեջ, մնացյալ սուր անկյուններն իր հերթին կլորացրեց խմբագիրը: Լրատվամիջոցներում տիրող հանելուկային ամայությունը չվրիպեց ընթերցողի աչքից, ուստի չհամակերպվեց ու չհանդուրժեց մոլորեցնողներին: Սակայն, տպաքանակն այլեւս մտահոգություն չէ խմբագիրների համար, նույնիսկ ազատ մամուլ ունենալու միտքն այլեւս առաջնային չէ, նրանց ձգտումն արդեն պարբերականի անունը պահպանելն է, քանի որ ամեն օր սեղմվող տնտեսական օղակն արդեն դրա հույսն էլ չի թողնում:

Վարչակազմին ի սկզբանե հաջողվել էր «հնազանդեցնել» մեկ տասնյակի հասնող հեռուստաընկերություններին եւ անհանգստացած էին թերթերի` տասնյակ հազարների հասնող տպաքանակից, չնայած տարածման շրջանակը նեղացել էր, եւ թերթերը հիմնականում սպառվում էին մայրաքաղաքում: Ինքնագրաքննությունն արեց ավելին, քան կարող էին կամ կպատկերացնեին սուր լեզուներին կապանք դնելու ցանկություն ունեցողները: Լրագրողների մի մասին ընդամենը ժամանակ էր պետք փոփոխվող իրադրության պայմաններում պահանջված ոճին վարժվելու համար:

Թերթերում ամենապահանջված հրապարակումները՝ հրապարակախոսությունը, վերլուծությունը, մեկնաբանությունը, ֆելիետոնը, պամֆլետը, փոխարինվեցին ճղճիմ, ողբերգական լուրերով: Մեդիա դաշտ ներխուժեցին մասնագիտության հետ կապ չունեցող մարդիկ եւ լրագրությունը վերածեցին խեղկատակության: Պրոֆեսիոնալիզմն այլեւս պարտադիր պահանջ չէ մեդիա ոլորտում հաստատվելու համար: Փոխվել են սուր հրապարակումների մասին պատկերացումները, դրանք այլեւս հանրային կյանքում տեղ գտած արատները չեն, այլ` արյունոտ տեսարանները, մերկ ոտքերն ու կրծքերը կամ սեքսապաթոլոգի անգետ մեկնաբանությունները տարածելը: Կենցաղն իր ողջ ողբերգությամբ ու նողկալիությամբ ներխուժել է մամուլ: Լրագրողները վերածվել են սոսկ արձանագրողների, մասնագիտական որակներն այն աստիճան են նահանջել, որ ձայնագրիչից ուղղակի սղագրվածը մտքի խիզախություն է որակվում:

Մեդիան դարձել է լիովին վերահսկելի, թեմաներն ու դրանց մատուցման եղանակն այլեւս լրագրողի, անգամ խմբագրի երեւակայական, ստեղծագործ մտքի արգասիքը չեն: «Ինչ եւ ինչպես գրել»-ը թերթերի մեծ մասին տարիներ շարունակ թելադրվեց մեկ կենտրոնից: Վերահսկման այս մեթոդը չափազանց գրավիչ դարձավ բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք իրենց պաշտոնը հավերժական դարձնելու համար լրատվամիջոցների հետ բարեկամական կապերն ամրապնդելու սեփական մեթոդը մտածեցին: Նրանցից յուրաքանչյուրը չձեւակերպված բաժնետոմսի տեր դարձավ թերթերում եւ անթաքույց գոհունակությամբ խոստովանեց. «Այո, լռությունը փող արժե»: 

Զարմանալ պետք չէր, երբ ամենաընթերցվող լրագրողին թերթի սահմանափակ էջերից տեղ էր հատկացվում տողերի քանակի հաշվարկով, սակայն առանց ափսոսանքի դրանք տրամադրվում էին պաշտոնյաների ինքնագովեստ լավաշ-հարցազրույցներին: Այն ժամանակ երեւի չէին էլ պատկերացնում  խմբագիրները, թե այդ կերպ որքան են արժեզրկում մամուլը, նվազեցնում նրա ազդեցությունը:

«Ինչի՞ կարիք ունես, ինչո՞վ օգտակար լինեմ»,- փոքր ու մեծ իշխանավորների, տնտեսական դաշտը վերահսկող օլիգարխների` ծառայություններ մատուցելու առաջարկների գայթակղությանը շատ քչերը դիմացան: Արժեքային համակարգում փոփոխություններն այնքան արագ կատարվեցին, որ մասնագիտական սկզբունքներին չդավաճանելն ու էթիկան շրջանցելն այլեւս կաշկանդող չէ: Լրագրության դեմքն աղճատվում է ամեն օր, մասնագիտական համերաշխությունը հնացած կատեգորիա է, լրագրողական «պատվիրանները»` գրագողություն չանել, չստել, գործընկերոջը չվատաբանել եւ այլն, մամուլի առօրյայի մաս են կազմում:

Սա էլ չգոհացրեց նրանց եւ «Ոսկե ձկնիկ»-ի տիրուհու նման ցանկացան սեփական լրատվամիջոցներն ունենալ, ինչպես օրինակ սուպեր մարկետների ցանց կամ վարսահարդարման սրահներ: Վերջին երկու տարիներին ասպարեզում հայտնված հարյուրավոր կայքերի առկայությունը խոսում է այն մասին, որ մեր օրերի «մեդիամագնատների» նպատակը ոչ թե լրատվական դաշտում ազդեցիկ դառնալն է, այլ ազդեցիկ լրատվամիջոցներին մեդիադաշտից չեզոքացնելը: Անհամեմատ փոքր գումարներով լրատվական կայքեր պահելը նրանց հնարավորություն է տալիս անհեթեթ լուրերով հանրության ուշադրությունը շեղել կենսական նշանակության հարցերից, քաղաքական, սոցիալական, տնտեսական լրջագույն խնդիրներից: Սերիալային սցենարով գործող կայքերն անհրաժեշտության պահին պետք է իրագործեն «տիրոջ» պատվերը՝ թիրախին մրոտելու համար նետում են ինչ-որ լուր, ապա այն շրջանառեն այդ նպատակով ստեղծված տասնյակ այլ կայքերում: Մնացյալ օրերին զբաղված են վթարների ու ինքնասպանների թիվը հաշվարկելով: Նյարդերից թույլ ընթերցողներին զբաղեցնում են աստղաբույլերով:

 Գրաքննության տարատեսակ դրսեւորումները

Տնտեսական ծանր կացությունը ինքնագրաքննության հիմնական, սակայն միակ պատճառը չէ: Վերջին տասնամյակում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տարեկան տասնյակ դեպքեր են գրանցվում, որոնց համար, սակայն, ոչ ոք չի պատժվում: Բռնությունները լայն թափ են ստանում հատկապես ընտրությունների ժամանակաշրջանում, որովհետեւ անգամ ընտրական գործընթացում ներգրավված խաժամուժը գիտի, որ, ի տարբերություն այլ երկրների, լրագրությունը մեր երկրում հատուկ պաշտպանված մասնագիտությունների ցանկում չէ: Ինչո՞ւ ոստիկանի գործունեությունը խոչընդոտողների նկատմամբ իրավապահները կարող են անհանդուրժող լինել, իսկ լրագրողների դեպքում` ոչ: Անպաշտպանվածությունը լրագրողներին դրդեց ընտրություն կատարել շարունակական թիրախ դառնալու եւ ինքնագրաքննության միջեւ: Հաղթեց վերջինը, եւ լրագրողները կամովին սահմանափակեցին մտքի ու գործունեության ազատությունը՝ սպասելով մտքի կապանքներից ազատվելու լավագույն ժամանակների:

Փակ թեմաներ

Սա մի խնդիր է, որ հասարակական-քաղաքական իրավիճակներով պայմանավորված` պարբերաբար ցցվում է լրագրողների առջեւ: Մեկ տասնամյակ առաջ լրագրողների համար փակ թեմա էր բանակը, որովհետեւ ժամանակի պաշտոնյաներն այդպես էին պատկերացնում այն. բանակի մասին կամ` լավ, կամ` ոչինչ: Տարիների ընթացքում գիտակցվեց, որ բռնությունները թաքցնելով` հնարավոր չէ առողջացնել բանակը, խնդիրների լուծումը քննարկումների ժամանակ է գտնվում: Այսօր նույնքան անհանդուժելի են եկեղեցու եւ եկեղեցականների մասին հրապարակումները: Հոգեւոր վերնախավի, եկեղեցու սպասավորների արատների մասին հրապարակավ արտահայտվելն աստծո դեմ մեղանչել է համարվում: Պախարակելի են միասեռականների, կրոնի եւ խղճի ազատության, գենդերային անհավասարությանը վերաբերող հրապարակումները, բաց քննարկումները, կարծրացած մտածելակերպը կաշկանդում է անգամ նրանց, ովքեր անհամեմատ ազատ մտածելակերպ ունեն:

Խորհրդային Միությունն անգամ քվոտաներով ապահովել էր կանանց մասնակցությունը երկրի կառավարմանը, իսկ հիմա լրագրողները խուսափում են այդ մասին բարձրաձայնելուց: Անգիտությո՞ւնն է պատճառը, թերեւս, չէ՞ որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտադիր պետք է իրագործեն այն բանաձեւերը, որոնք ընդունվում են տարբեր համաժողովներում անդամ երկրների մասնակցությամբ, այդ թվում` նաեւ սեռերի իրավահավասարությանը վերաբերող փաստաթղթերը: Հանրությունը մնացել է նույն նեղմիտը, գրողի դիպուկ բնութագրմամբ՝ «տիրացուական մակարդակի» եւ չի ցանկանում լսել այն թեմաների մասին, որոնք խորթ են իր մտածողությանը, ավանդական պատկերացումներին: 

Եթե վերը նշված որոշ թեմաներին ներկայացված սահմանափակումները ժամանակի ընթացքում հաջորդել են միմյանց, ապա կա մի թեմա, որն այդպես էլ անհնար եղավ ճեղքել՝ «գեներալիտետը» մեր երկրում անձեռնմխելի է ի հայտ գալու օրից: Նրանցից յուրաքանչյուրը չթագադրված թագավոր է Հայաստանի մարզերում եւ իր կայսրության տարածքում վերականգնել է Չինգիզ խանի ժամանակաշրջանը: Սակայն նրանց վարքագիծը ենթակա չէ մամուլում քննարկման, մանավանդ` հեղինակային անվանումով, մանավանդ` մարզային լրագրողի գրչով: Հաշվեհարդարը չի ուշանա: Վերջին ամենատիպական օրինակը ամիսներ առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական հաշվեհարդարն էր, որի մասին տեղի լրատվամիջոցները ոչ միայն որեւէ բան գրելու կամ կարծիք հայտնելու համարձակություն չունեցան, այլեւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներին մասնակից դառնալու, տեսակետ հայտնելու կամ հավանության արժանացնելու: Այդպես եղել է նախկին մարզպետի պաշտոնավարման ավելի քան 10 տարիներին:

Մարզային լրագրողը նաեւ տեղային բարքերին պետք է դիմագրավի

Հանրապետական մամուլի համար, եթե ամենաանձեռնմխելին «գեներալիտետն» է, ապա մարզային մամուլը չափազանց զգուշավոր է թեմաների հարցում եւ, ելնելով այն հանգամանքից, որ նրա ասելիքը հիմնականում իր մարզին պետք է վերաբերի, կարելի է պատկերացնել թերթերի բովանդակությունը: «Լրագրերը նման են թամադայի ճառին՝ կեղծ, ուռած, չափազանցված»,- անցյալ դարակեսի խորհրդային մամուլի մասին մեծանուն գրող Կոստան Զարյանի բնութագրումն անվերապահորեն կարող ենք վերագրել մեր օրերի մարզային մամուլին: ժամանակ առ ժամանակ խորհրդային մամուլին աշխատակցած գրողը խորհուրդ  է տալիս մարդկային անհատի մեջ փնտրել պատճառը, ոչ թե համակարգի: 

Մարզային մամուլի ներկայիս փաստացի կարգավիճակը խոսում է այն մասին, որ դրանք իրենց ձեւով ու բովանդակությամբ դեռեւս խորհրդային շրջանում են մնացել: Նախկին շրջանային թերթը 15 տարուց ավելի ձգտում է պահպանել մի կարգավիճակ, որն իրականության մեջ գոյություն չունի: Ներկայիս քաղաքային համայնքի ղեկավարությունը ցանկություն չունի խնամակալը դառնալու մի լրատվամիջոցի, որը հոգսից բացի ոչինչ չի տալու իրեն: Սակայն որքան տեղական իշխանավորները ձգտում են կտրել պորտալարը, այնքան խմբագիրներն ավելի ամուր են փարվում նրանց: Մարզային մամուլի կենսունակության բանաձեւը մեդիա մարքետինգի հետ առնչություն չունի` գոյատեւում են մարզպետի բարեհաճության շնորհիվ: Ուստի երախտագիտությունից դրդված` մարզային լրագրողները երբեմն «պապից ավելի կաթոլիկ են դառնում»: Ուրեմն ինչու զարմանալ, որ մարզային հիմնախնդիրները տեղ չեն գտնում տեղական լրատվամիջոցների էջերում:

Մեկ տարի առաջ «Հետքի» հրապարակած հետազոտությունը եւս մեկ անգամ փաստեց, որ մարզային խնդիրները մարզային մամուլում տեղ չեն գտնում: Մարզերում տպագիր մամուլի գոյության մասին հիշեցնում են ոչ թե նրանց հրապարակումները, այլ Կառավարությունը` մարզային մամուլին պետական բյուջեից հատկացվող սուբսիդավորման ցանկը հաստատելիս: Միայն այդ ցանկից կարելի է տեղեկանալ, որ յուրաքանչյուր մարզում 5-6 անուն թերթ եւ այլ պարբերականներ են հրատարակվում:

Այս տարի մարզային լրագրողների համար դասընթաց էի անցկացնում Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Երեք մարզից ոչ մի լրագրող չցանկացավ իր հոդվածը հանձնել տեղական որեւէ թերթի, թեպետ հրապարակումները տեղական խնդիրներին էին վերաբերում: Պատճառներից մեկն այն էր, որ տեղական թերթերը պատրաստ չէին հրապարակելու մարզային խնդիրների մասին նյութեր, տեղական իշխանությանն ուղղված քննադատական հոդվածները մերժվեցին:

Մարզերում բնակվող լրագրողները հրատարակելու այս բոլոր դժվարություններից բացի` նաեւ միջավայրին դիմագրավելու փորձություն պետք է անցնեն: Մեծ համարձակություն է պահանջվում հասարակության կարծրացած մտածելակերպին դեմ գնալու համար Հայաստանի նման փոքր երկրում ու հատկապես փոքր բնակավայրերում, որտեղ փոխհարաբերությունները կարգավորվում են տեղային պատկերացումներով ու կանոններով: Հանրապետական մամուլին աշխատակցող լրագրողները ձգտում են «պոկվել» այդ միջավայրից, սակայն սպիտակ ագռավ են դառնում իրենց միջավայրում: Ամենից առաջ լրագրողական համքարությունը չի հանդուրժում նրանց:

Բազմաթիվ են դեպքերը, երբ, օրինակ, համայնքի ղեկավարի աշխատանքը քննադատելու համար գյուղի կեսը հերթապահել է լրագրողի տանը, որպեսզի նրանից բացատրություն ստանա «գյուղապետին խայտառակելու» վերաբերյալ, իսկ հետո մի գյուղի, մի թաղի մարդու «թասիբի» մասին դասեր տա նրան: Քաղաքապետարաններից մեկում մարզի լրագրողների մասնակցությամբ քննարկվում էին քաղաքային հիմնախնդիրները, եւ քաղաքապետին ուղղված քննադատությունից ավելի ազդված էր մասնակից «վաստակաշատ» լրագրողը: Նա սկսեց հանդիմանել գործընկերներին՝ քաղաքապետի գործունեությունից դժգոհելու համար: Զարմանալիորեն, նույն հասարակությունն անհանդուրժող չէ իր կողքին ապրող մանկապիղծի նկատմամբ, սակայն չի հանդուրժում այն լրագրողին, ով հանրայնացրել է նրա հանցագործ կենսակերպը:

Չորրորդ իշխանությունն այսօր նույնպիսի ճգնաժամ է ապրում, ինչ իշխանության մյուս երեք ճյուղերը, եւ սա միայն մտքի ճգնաժամ չէ: Այս իրավիճակը հնարավորինս շատ իշխանական եւ նյութական ռեսուրսների տիրանալու արդյունք է: Այն հնարավոր է հաղթահարել, եթե վարչակազմը սթափ գիտակցի, որ երկիրը կանգուն պահելու համար պետք է դադարեցնել Սոդոմ-Գոմորը եւ յուրաքանչյուրին իր  առաքելությունն իրականացնելու հնարավորություն տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter