HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էն բոլոր նոր բորդյուրները, որ դրեց Քոչարյանը, կհանենք ու կտանք իրենց գլխին»

Հարցազրույց երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ

Իրենք երկրի հետ արեցին այն, ինչ արեցին էն վարսավիրանոցի, էն խանութի, էն գործարանի տերերը

-Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա Հայաստանի վիճակը:

-Ահավոր վատ, և ոչ միայն այսօր: Հայաստանի անկախանալուց հետո ոչ միայն անկախացանք, այլև սիստեմ փոխվեց: Խորհրդային տարիներին ամբողջ ժողովուրդը դժգոհ էր այն բանից, որ ոչ ոք ինչ-որ մի բանի տեր չէր, ասենք՝ խանութի տնօրեն էր, բայց իրականում խանութն իրենը չէր, գործարանի տնօրեն էր, բայց իրականում գործարանն իրենը չէր: Ամեն ինչ պետական էր: Իրենք ուղղակի պաշտոնյաներ էին, որոնք կոչվում էին տնօրեններ: Հիշում եմ, որ այդ տարիներին նման մարդիկ ասում էին՝ այմ եթե այս գործարանն իմը լիներ, Ամերիկայից էսինչ բաները կբերեի, նույնն ասում էր խանութպանը, որովհետև խանութները դատարկ էին, ապրանք չկար: Անկախության հետ մեկտեղ փոխվեց վարչակարգը, կապիտալիզմի անցանք, բոլորին սեփականաշնորհելու իրավունք տրվեց: Բայց սեփականաշնորհեցին ի՞նչ արեցին՝ խանութպանը խանութը սեփականաշնորհեց՝ 10 օր հետո հանելով վաճառքի, և ոչ թե գնաց իր ասած ապրանքը բերելու: Նույնն արեցին գործարանների տնօրենները:

-Այսինքն՝ կապիտալիզմը ճիշտ չընկալվե՞ց:

-Այո, իրականում չհասկացան, որ ամեն մեկը դառնում է իր տնօրինած տարածքի, բիզնեսի տերը: Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ տեսա, որ Գյումրիում մինչ օրս գործում է այն վարսավիրանոցը, կարծեմ «Լյուքս» էր կոչվում, որը համեմատում էին Երևանում «Զեփյուռ» վարսավիրանոցի հետ: Դա Երևանի ամենամեծ վարսավիրանոցն էր: «Զեփյուռը» սեփականաշնորհվելուց հետո մասնատվեց: Նույնը կատարվեց երկրի հետ, մեծ հաշվով՝ երկրի տերեր դրաձան նրանք, ովքեր, սիստեմը փոխելով, հնարավորություն ստացան երկրի տերը դառնալ ու սկսեցին աջուձախ ծախծխել երկիրը:

-Ովքե՞ր են երկրի տերերը:

-Դե մենք ինչքան էլ ասենք՝ ժողովուրդն է, իրականում ինչ-որ վերևներ են [տերերը], որոնք ինչ-որ պայմանագրերով ատոմակայանը հանձնում են էսինչին, ինչ-ինչ կառույցը՝ էսինչին, իսկ ժողովուրդն իմանում է, երբ այդ ամենը ստորագրված է լինում: Ո՞վ է երկրի տերը. այն մուրացկա՞նը, որ կիսասոված չգիտի՝ ինչ անի, թե՞ նախագահը, առանց որի ստորագրության ոչ մի բան չի կարող կատարվել էս երկրում: Էլի ասենք, որ ժողովուրդն է երկրի տերը, բայց իրականում հո գիտենք, թե ոնց է կատարվում: Ռուսաստանի հետ բազմաթիվ պայմանագրեր կնքեցին, ու էսօր Հայաստանի ունեցվածքի կեսից ավելիի տերը ռուսն է: Ո՞վ տվեց, ժողովուրդը ստորագրե՞ց: Ամեն մի նախագահի, վարչապետի, նաև նախարարների միջոցով էլ կատարվեց այդ ամենը: Այսինքն՝ իրենք երկրի հետ արեցին այն, ինչ արեցին էն վարսավիրանոցի, էն խանութի, էն գործարանի տերերը՝ ծախծխեցին: Ու դա էսօրվանից չի սկսել: Դա սկսեց սիստեմը փոխելուց անմիջապես հետո:

Էդպես հաշվում են ստրուկին հասանելիք «պայոկը»

-Անկախության պատկերացումն ուրիշ է երիտասարդ սերնդի մոտ: Արդյո՞ք ընկալեցինք անկախությունը:

-Ինձ թվում է՝ այսօր մեր երիտասարդությունը մի քիչ նմանվում է խորհրդային տարիներին Հայաստանից դուրս ապրող սփյուռքահայությանը: Այդ տարիներին Փարիզում համերգ ունեցա, ինքս կազմակերպեցի և երգում էի, մեծ հաշվով, հակասովետական երգեր: Մի խումբ դիսիդենտներ կային Հայաստանից, ովքեր փախել էին Խորհրդային Միությունից: Երևի 7-8 հոգի էին, և համերգին միակ ծափ տվողն իրենք էին, և ինչի մասին երգում էի, իրենք զգացել էին իրենց կաշվի վրա, իսկ մնացած հանդիսատեսը նույնիսկ չէր ծափահարում: Այդ 7-8 հոգին, ինձ շրջապատելով, հանեցին համերգի սրահից, որովհետև այդ ծափ չտվողներն ուզում էին ծեծել ինձ: Հետո ինձ բացատրեցին, որ ես գնացել էի մի այնպիսի տեղ, որտեղ Հայաստանը, կարևոր չէ, թե ինչ վիճակում է՝ սովետական, ստրկական և այլն, սրբացնում են Հայաստան գաղափարը, իսկ ես գնացել էի ու «փիս-փիս» երգեր էի երգում Հայաստանի մասին: Իրենք մի վիրտուալ Հայաստան էին ստեղծել իրենց համար: Նրանցից շատերը, ովքեր հնարավորություն ունեցան ոտք դնել այստեղ, հենց օդանավակայանից իջնում էին, ասում էին. «Աման-աման, երկրորդ անգամ ոտքս հոս չեմ դներ»: 10 րոպե չէին դիմանում: Շատերը չդիմացան, թողեցին-փախան:

-Ինչո՞ւ փախան:

-Որովհետև իրենք սովոր էին ուրիշ աշխատանքային հարաբերությունների: Էլի վերևներին պետք է մեղադրել, ոչ թե այդ մարդկանց, ովքեր չդիմացան: Հիմա երբ հայաստանիցները լքում են Հայաստանը, ի՞նչ անեն, եթե մեկն իր տեղը որոշել է, որ ինքը 30.000 դրամով պիտի ապրի, իսկ ինքը ծնողներ, երեխաներ ունի, հո մենակ օրվա էդ հաշվարկը չէ, ասենք, որով կարելի է մի հաց, թթվասեր ու մի շիշ կաթ գնել: Էդպես չէ: Էդպես հաշվում են ստրուկին հասանելիք «պայոկը», որ կարողանա ուտի, մյուս օրը գնա գործի: Բայց դրա մեջ հաշվարկե՞լ են, ասենք, տան վարձը, օրեցօր թանկացող կոմունալ ծախսերը, նույնիսկ չեն հաշվարկել, որ էդ մարդը տարին գոնե մի անգամ գնա հանգստանա՝ տարին մի անգամ, 5 օրով: Այ, էս վերաբերմունքն է վերևների կողմից ժողովրդի հանդեպ: Ստեղծեցին էն պայմանները, որ Հայաստանում պիտի մնային այն մարդիկ, ովքեր կառչելու են այս հողին, որոնց հետ ինչ էլ անեն՝ միևնույնն է՝ չեն լքի կամ պիտի լինեն այդ վարչակարգի բյուջեն խժռողների կազմում, որովհետև առաջին օրվանից այդ բյուջեն գրպանվում է մինչ օրս:

Բյուջեն գրպանվում է: Եթե ռեալ ու ճիշտ բաշխվի բյուջեն, այսինքն՝ չարվի չինովնիկների ու իրենց բարեկամական բոլոր կառույցների միջոցով, իհարկե, վաղուց ոտքի կանգնած կլինեինք: Էդ խոսքերը, թե երիտասարդ երկիր ենք, սուտ խոսքեր են: Եթե հին ժողովուրդ ես, հին մշակույթ ես ունեցել, անկախ ապրելու երազանք ես ունեցել, սեփական գործը, սեփական երկիրդ տնօրինելու, քո սահմանը պահելու, ուրեմն դու պիտի չասես այսօր, որ երիտասարդ երկիր ես: Եթե երիտասարդ երկիր ես, մի նշիր Երևանի 2795-ամյակը: Բա ասա՝ 20 տարվա երկիր է, 20 տարվա քաղաք է, նոր-նոր ոտքի ենք կանգնում:

Ղեկավարող կուսակցությունն արդեն պատրաստում է ապագա բյուջեակերներին

-Անկա՞խ ենք այսօր:

-Մենք երբեք անկախ չենք եղել, որովհետև անկախության միակ չափանիշը սահմանը պահող զինվորի ազգությունն է: Ես ինքս չգիտեի, թե անկախությունից հետո ով է կանգնած սահմանին, բայց տարիներ առաջ սահմանապահի օրն ինձ հրավիրեցին համերգի: Համերգից հետո տեսա, որ ռուսներն են պահում սահմանը: Երբ հարցուփորձ արեցի, ասացին, որ իրենք դուրս էլ չէին եկել: Հին Հռոմի կայսրության սահմանները ո՞նց էին որոշվում. որտեղ կանգնում էր հռոմեացի սահմանապահը, այնտեղ ավարտվում էր Հռոմի սահման, և սկսվում էր օտար երկրի տարածքը: Միշտ է էդպես եղել: Էսօր Ղարաբաղը ռեալ անկախ է, որովհետև Ղարաբաղի սահմանը հայ զինվորն է պահում, իսկ Հայաստանը միանշանակ անկախ չէ, որովհետև Հայաստանի սահմանը ռուսն է պահում: Ինչո՞ւ մենք չկարողացանք մերժել Պուտինի՝ Մաքսային միություն մտնելու առաջարկը, որովհետև չենք կարող հակադարձել: Պուտինն ուղղակի ասում է՝ եղբայր, ո՞վ ես դու, ես եմ պահում այդ սահմանը:

-Այսինքն՝ 22 տարի է՝ ապրում ենք պատրանքայի՞ն իրականության մեջ:

-Չգիտեմ… Համենայնդեպս, էսպես պիտի չլիներ: Խորհրդային տարիներին էլ էին բյուջեից որոշակի չափով գրպանում, և այդ գրպանելու հետևանքով Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերի մեծ մասը փլուզվեց, որովհետև գրպանել չի նշանակում՝ ձեռդ մեկնել, բյուջեից գումար հանել, գրպանել նշանակում է բյուջեից գումար գնաց շենք կառուցելու, այդ շինարարը գումարի 50%-ն իրեն է վերցնում:

Ասում են՝ սերնդափոխություն պիտի լինի, բայց այսօր ղեկավարող կուսակցությունն արդեն պատրաստում է այդ սերնդափոխությունը, այսինքն՝ ապագա բյուջեակերներին, որ իրենցից հետո այդ սիստեմը շարունակի գործել, որ հաջորդ էկողն իրենց չնստեցնի, իրենց չգնդակահարի, որովհետև իրենք արժանի են նստելու, գնդակահարության, որովհետև ազգի դավաճանություն է բյուջեն գրպանելը, որովհետև այդ բյուջեով է երիտասարդը կրթություն ստանում, սահման պահվում...

Վերջին 3 ամսվա ընթացքում Կասյան փողոցը հոյակապ ասֆալտել էին: Ինչ-որ նոր մեքենա էին գնել, որ ասֆալտը սափրելով տանում է, բերեցին հսկայական մի հատված  քանդեցին ու նորից սարքեցին: Սա բյուջեի գրպանո՞ւմ չէ: Մեզ ասում են՝ ասֆալտապատում ենք, լավ բան չե՞նք անում, չե՞ք տեսնում լավ բան: Եղբա՛յր, տեսնում ենք, տեսնում ենք, որ բյուջեն գրպանում եք, գո-ղա-նում եք: Դուք գողեր եք, ազգի դավաճաններ: Դրանից հետո ասֆալտապատեցին Աբովյան փողոցը, մինչդեռ եթե Աբովյան փողոցից մի փոքրիկ բակ մտնես, կտեսնես, որ ասֆալտապատման կարիք կա, բայց այնտեղ չեն ասֆալտապատում, որովհետև փոքր քառակուսի է, այդ դեպքում քիչ կարող են գողանալ:

Վախենում եք պատերազմ լինի ու կորցնե՞ք ձեր ունեցվածքը

-Քաղաքացիական հասարակության ձևավորում տեսնո՞ւմ եք Հայաստանում: Այսօր քաղաքացիական շարժումները, նախաձեռնություններն ավելի ակտիվ են: Կարո՞ղ են դրանք ինչ-որ բան փոխել երկրում:

-Կարող են, եթե էս տեմպերով գնա, երևի մի 5 հազար տարի հետո ինչ-որ բան պիտի փոխվի: Այդ քաղաքացիական հասարակության ձևավորումն առաջին հերթին պետք է նախագահին, բայց պետք է ընտրված նախագահին... Էստեղ երկար պաուզա: Բոլորս գիտենք, թե ինչու չի ձևավորվում այդ հասարակությունը: Նախագահն անտեսեց իր երկրի երիտասարդների պահանջը և ասաց՝ մինչև չասեմ քանդեք, չքանդեք:

-Մաշտոցի պուրակի դե՞պքը նկատի ունեք:

-Հա, երբ եկավ քաղաքապետին ասաց՝  Տարոն ջան, սիրուն չի: Ազգը խնդաց և՛ Տարոնի, և՛ Սերժի վրա: Բոլորս էլ հասկացանք, թե այդ խղճուկ մարդն ինչու արեց այդ քայլը, որովհետև վախ ունի՝ բա որ վաղը այդ շարժումը, իրոք, մեծանա ու պահանջեն, որ մենք բյուջեն չգրպանենք, ի՞նչ պիտի անենք: Իրենք ուրիշ ոչ մի շնորհք չունեն, բացի գողանալուց: Հիմա իրենց երիտասարդական թևին նույն բանն են սովորեցնում: Ասենք, «Թռչկանը» պահանջում է, որ ջրվեժի վրա հէկ չկառուցվի, ՀՀԿ-ի երիտասարդական թևը գալիս ու պահանջում է, որ պիտի կառուցվի: Սա աբսուրդ չէ՞: Համոզված եմ՝ Մաքսային միություն մտնելու համար էլ ինչ-որ շարժումներ կսկսեն, և նույն այդ կուսակցությունների երիտասարդական թևերը պիտի վայ-վույը դնեն, թե վայ, թուրքը մեզ կուտի, զորքը կհանեն, Ղարաբաղը կտան Ադրբեջանին: Տալիս է նա, ով վերցրել է: Եթե դուք՝ կառավարող կուսակցություն, այսօր խոստովանում եք, որ մենք չենք վերցրել, ռուսն է վերցրել, մենք չենք ազատագրել, ռուսն է ազատագրել, էդպես էլ ասեք: Եթե մենք ենք ազատագրել, մենք ասում ենք՝ մենք այն պահում ենք, ի՞նչ է՝ վախենում եք պատերազմ լինի ու կորցնե՞ք ձեր ունեցվածքը, թե՞ վախենում եք, որ էն, ինչ գիտենք, երկրորդ օրն իրականանալու է, այսինքն՝ երկրորդ օրը թողնելու եք ու փախնեք, որովհետև այն ազատամարտիկները, ովքեր պահանջում են, ում նստեցրել եք՝ գործը գլխին ջարդելով, իրենք են գնալու սահման, չէ՞: Իսկ դուք անում եք նույնը, ինչ այն ժամանակ էիք արել՝ հոկտեմբերի 27-երի, չգիտեմ ինչերի միջոցով: Իսկ եթե էսպես շարունակվի, հաստատ 5 հազար տարի հետո ոտքի չենք կանգնի, գուցե երբեք էլ չենք կանգնի:

Մենք Հյուսիսային պողոտայում հսկայական սեփականություն ունեինք: Քոչարյանն ասաց` պետական կարիքի համար քո ունեցվածքը պետք է: Դա բիզնես պրոյեկտ էր, որոշ մարդիկ աչք էին դրել մեր ունեցվածքի վրա, գողացան մեզնից, ու գողացան ոչ թե խորհրդային տարիներին, այլ անկախության տարիներին՝ ապացուցելով, որ հայը գող է՝ բյուջեից բյուջեն կգողանա, քաղաքացուց՝ քաղաքացու ունեցվածքը: Դեռ էն ժամանակ ասում էի, որ վաղ թե ուշ կորցնելու ենք անկախությունը, որովհետև երբ դու ես գողանում քո ժողովրդից, ցանկացած օտար ժողովուրդ ասում է՝ եղբայր, քեզնից ավելի լավ կգողանամ քո ժողովրդից, որովհետև քո կառավարությունը ոչ թե պիտի գողանա քեզնից, այլ քեզ պիտի պաշտպանի, ստեղծի հնարավորություն: Հայի համար ամենալավ բիզնես ոլորտը պիտի լինի Հայաստանում, ամենապաշտպանված կյանքը պիտի լինի Հայաստանում: Այնինչ Հայաստանում երաշխիք չունի, որ իր ունեցվածքը պաշտպանված է, ցանկացած ժամանակ կարող են օտարել, խլել, տանել ու ասել՝ պարտադիր չէ, որ դու կենտրոնում ապրես, գնա Մեղրիում ապրի, կամ դուրդ չի գալիս՝ ռադդ քաշի գնա ռուսաստանները, Սիբիր, մի տեղ: Այ սա է մեր «հարազատ» կառավարության գործելակերպը: Առաջին օրվանից է դա եղել: Մենք հաստատ կորցնելու ենք:

-Երկի՞րը:

-Երկիրը, անկախությունը, եթե եղել է: Ամենատհաճն ու բացասականն էն է լինելու, որ մարդիկ, կորցնելով այդ անկախությունը, ավելի գոհ են լինելու կենսակերպից, որովհետև պարզվելու է, որ օտարը մեզնից ավելի քիչ է գողանալու, քան մեր սեփական կառավարությունը, նախագահն ու մնացած կառույցները:

Էն բոլոր նոր բորդյուրները, որ դրեց Քոչարյանը, կհանենք ու կտանք իրենց գլխին

-Էh, պարոն Զորիկյան, էնքան տխուր երևույթներից խոսեցինք…

-Բա ի՞նչ անենք: Իրականությունը դա է: Իրականությունն այդ անկախության օրվա սալյուտներն ու համերգները չեն: Ժողովուրդը դա լավ գիտի՝ էդ թոզ փչելը, էն որ մենք թողնում ենք, որ մեր աչքին թոզ փչեն: Հաճախ ասում են՝ ժողովուրդն է մեղավոր, իսկ ի՞նչ անի էս խեղճ ժողովուրդը, ո՞ր մի գործով դատարան դիմի, իբր դատարան ունե՞ս, որ դատարան դիմենք: Մեզ մեր տներից հանում են, դատարանը որոշում է կայացնում՝ պատադրել և վտարել: Էքսկավատորն եկավ, կովշով խփեց պատին, տանիքն արդեն փլվում էր գլխներիս, ստիպված դուրս եկանք, երկրորդ հարվածից փլեցին տունը, գնացինք դատարան ու պարտվեցինք, որովհետև անձամբ Քոչարյանն էր որոշել, հրաման էր տվել՝ «չըլնեմ-չիմանամ, որ մեկը շահի», որովհետև ինքը պիտի շահի, որովհետև իր շահը գերակա է: Ի՞նչ անի էս ժոովուրդը, ո՞ր հարցով ում դիմի: Վազի էսինչ տեղը օգնության, ցույց անի, հետո վազի քաղաքապետարանի մոտ, էնտեղ ցույց անի. սա՞ է պետությունը: Եթե էդքան հին ազգ եք, ամեն ինչ լավ գիտեք: Էս ի՞նչ եք անում, ուրեմն թալանչի ազգ եք, Տիգրան Մեծով եք հպարտանում, ինչ-ինչ դարերով եք հպարտանում, էսօր եք ցույց տալիս աշխարհին, ձեր ժողովրդին՝ ով եք դուք:

-Ելք կա՞, հեղափոխության հավանականություն տեսնո՞ւմ եք:

-Ինչ-որ բան պիտի լինի: Իրենք շակալներ են: Էս խոսքերն են, որ մեկ-մեկ բերաններից թռցնում են, կատակ չի, իրական իրենց ասածն է: Վարչապետն էր ասել, չէ՞. ուզում եք մնան էստեղ, որ հեղափոխություն անե՞ն: Մարդն ինչ մտքին է, էն էլ լեզվին է: Դա կատակ չի, որովհետև նման կատակ անելու իրավունք չունի վարչապետը: Եթե բերդում նման կատակ մեկն անի, կտան գլուխը կջարդեն, իսկ դու երկրի վարչապետն ես, կատա՞կ ես անում, երկրի ճակատագրիդ հետ կատա՞կ ես անում: Ինչ-որ բան կլինի: Ես չգիտեմ՝ երբ, բայց երբ դանակը ոսկորին հասնի, էն բոլոր նոր բորդյուրները, որ դրեց Քոչարյանը, կհանենք ու կտանք իրենց գլխին: Գիտեն, որ անող ենք: Գորբաչովը, որ ասաց՝ էսքտրեմիստ ազգ ենք, կատակ չէր անում, շատ ճիշտ էր ասում: Այո՛, մենք էքստրեմալ քայլերի գնացող ազգ ենք, կարող ենք էքստրեմալ ձևով դիմանանք շատ դժվար պայմաններին, դավաճան կառավարությանը, նախագահին ու մնացածին, ու մեկ էլ էնպես էքստրեմալ ձևով բորդյուրը հանենք, տանք գլխներին, որ չհասկանան:

Գողերի մեծ կայսրությունը փլուզվեց, բայց մեծ գող ռուսը մնաց

-Առաջնորդի խնդի՞ր կա:

-Ազնիվ լինելու խնդիր կա: Չի կարելի խաբել ժողովրդին, Եվրոպային խաբել, փող վերցնել, ինչ-որ ձև ծախսել, խնդիրը չկատարել ու ասել, թե կատարել եմ: Իրենք բոլորից են գողանում՝ մեզնից էլ, Եվրոպայից էլ, Համաշխարհային բանկից էլ: Գողերի մեծ կայսրությունը փլուզվեց, բայց մեծ գող ռուսը մնաց, որը հիմա ուզում է իր շուրջը հավաքել: Մարդն ինչ-որ խնդիրներ ունի, իր տարածքն է պահում, բայց մենք էլ հո ապու՞շ չենք, մի բան պիտի հասկանա՞նք, թե՞ չէ: Էսօր հաղթանակ ենք տոնում, բայց ի՞նչ հաղթանակ: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ամեն տարի հաղթանա՞կ եք տոնում: Հերոսներին սպանում եք, բանտարկում եք, սովամահ եք անում, որ հանկարծ հերոսի էրեխեն էլ հնարավորություն չունենա, որովհետև գեն է, չէ՞, վաղը զենքը կհանի իրենց վրա: Մնացած բաները՝ պարադներ, տոներ, չգիտեմ ինչեր, սուտի-մուտի բաներ են:

Մենք ուզում ենք, որ ինչ-որ բան փոխվի, բայց չի փոխվի, քանի դեռ չկան արդար ընտրություններ: Քաղաքականությունը մի կողմ դնենք, խոսենք տնտեսության մասին: Իրենց պետք չի վերացնել մենաշնորհները, որովհետև իրենցից յուրաքանչյուրը գիտի, որ եթե ազատ մրցակցային դաշտ լինի, ցանկացած 18 տարեկան երիտասարդ 5 օրում կսննկացնի: Այ, էդպես վախենում են, վախենում են ազատ տնտեսական հարաբերություններից, քաղաքականության մեջ վախենում են անկախ Հայաստանից: Իրենք վախենում են իրենց շվաքից: Եթե չվախենային, էդքան հաստավիզ կգցեի՞ն իրենց հետևից:

-Հուսադրող հանգամանք չկա՞:

-Չգիտեմ... Սենց չպիտի լիներ: Ու էնպես չի, որ էսօր ենք խոսում էդ մասին: Չեմ ասում, թե ես եմ ասել, միշտ էլ ասել են՝ համոզելով են ասել, հայհոյելով են ասել, բոլոր ձևերն են օգտագործել, որ հասկացնեն, չեն հասկացել, իրենց էշն են քշում: Ոչինչ, կկորցնենք, հետո նոր սերունդը կպահանջի անկախություն ու էլի կտանք, եթե նույն բանն անենք, էլի կկորցնենք:

Մեկնաբանություններ (2)

Alex
Hrashqi ,ankexc meknabanutyun,sakayn I'm karciqov ushacac
Hay
dar@ irakanutyun.........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter