HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գերմանիայի ամենաուժեղ մարդը. «Դու կարող ես փոխել քո կյանքը»

«Ինչ-որ սպորտում է օգնում, օգնում է նաև կյանքում. սպորտը ոնց որ փոքր կյանք լինի»,- ասում է Պատրիկ Բաբումյանը:

Կուլտուրիստ Պատրիկ Բաբումյանը 2011թ. ճանաչվել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդը», իսկ 2012թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն GPA վարկածով (140 կգ):

Իրանում ծնված, այնուհետև Գերմանիայում հաստատված հայազգի մարզիկը 2005-ից բուսակեր է, իսկ 2011-ից` ծայրահեղ բուսակեր (vegan): Պատրիկը խոստովանում է, որ իրականում շատ էր վախենում, երբ որոշեց դառնալ ծայրահեղ բուսակեր. «Մտածում էի՝ ամբողջ ուժս կգնա»: Բայց երբ դարձավ, պարզվեց, որ դա շատ ավելի հեշտ է, քան թվում էր: Նրա կարծիքով, բուսակեր լինել՝ չի նշանակում, որ կյանքը դառնում է տխուր կամ միայն աղցան ես ուտում:  

Զարմանալի է, որ նման ուժի տեր մարդը կարող է ապրել միայն բուսական սննդով: Սակայն Պատրիկը հավաստիացնում է, որ այժմ իրեն շատ ավելի լավ է զգում, այն դրական է ազդում անգամ մարզումների վրա: Նա պատմում է, որ փոքր տարիքից սիրել ու խղճացել է կենդանիներին: Բայց մի օր վերլուծելով՝ հակացել է, որ սխալ է խղճալ կենդանուն ու նույն օրը ուտել վերջինիս միսը: «Այդ ժամանակ մտածեցի, որ ունեմ երկու հնարավորություն՝ կամ այլևս չեմ խղճում և ուտում եմ, կամ եթե խղճում եմ, այլևս չպետք է ուտեմ այդ միսը,- հիշում է Պատրիկը:- Որոշեցի, որ չեմ ուզում ուտել մի բան, որից առաջ կենդանի է մորթվել»:

Իսկ երբ արդեն ճանաչվում է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ», որոշում է վեգան դառնալ` սննդակարգից բացառելով ոչ միայն միսը, այլև այն ամենը, ինչ կենդանական աշխարհն է արտադրում: Այդ ժամանակ նա իր բլոգում գրում է, որ բուսակեր լինելն իրեն էլ ավելի ուժեղ է դարձնում: Բուսակերների շրջանում առաջացած մեծ աղմուկն արագ գրավում է նաև մամուլի ուշադրությունը, և շատերն են սկսում խոսել այն մասին, որ «աշխարհի ամենաուժեղ մարդը բուսակեր է»:

«Ես ավելի ուժեղացա, առողջությունս լավացավ, - ասում է Պատրիկը: - Դա ինձ համար իդեալական էր: Եթե ավելի շուտ իմանայի դրա մասին, ավելի շուտ կանեի»: Ասում է, որ այդ քայլով կարողացավ ազդել շատ մարդկանց վրա, լինել օրինակ նրանց համար, ովքեր վախենում էին դառնալ բուսակեր: Չնայած բուսակեր դառնալու ընթացքում շատերը ծիծաղում էի նրա վրա` ասելով, թե «կարծում ես քեզ համար մի խոզ պակա՞ս կմորթեն»:

«Բայց ես իմ գործն եմ անում, գիտեմ՝ ինչի համար եմ անում, և մնացած բաներն ինձ չեն հետաքրքրում,- ասում է Պատրիկը:- Ես չեմ ուզում ինչ-որ մեկին սովորեցնել: Բայց ես ուզում եմ մարդկանց ներշնչել` տեսնելու երկու բան. յուրաքանչյուր ոք ունի արժեք և զորություն` փոխելու աշխարհը, և երկրորդ` պետք է բացես քո սիրտը այն ամենի առաջ, ինչ կատարվում է քո շուրջը»:

«Ո՞րն է եղել ձեր մեծագույն, բայցեւ ամենադժվար հաղթանակը»,- հարցնում եմ Պատրիկին: «Երևի վերջինը` Տորոնտոյում»,- պատասխանում է նա:

Սեպտեմբերին, երբ Տորոնտոյում անցկացվում էր բուսակերների փառատոնը, Պատրիկն անցնում է 10 մ` իր վրա կրելով 555 կգ բեռ: Պատրիկի խոսքով` նրան հաջողվում է սահմանել համաշխարհային ռեկորդ. դա ամենամեծ քաշն է, որ մարդը երբևէ իր վրա կրել է:

«Ուսերդ արյունլվա են և քեզ թվում է` ոսկորներդ հիմա կկոտրվեն,- հիշում է Պատրիկը:- Երևի մի քիչ գիժ պետք է լինես, որ նման բան անես»:  

«Աքիլլեսը մեծ ուժի տեր էր, բայց գարշապարը նրա թույլ, խոցելի տեղն էր: Ո՞րն է ձեր թույլ տեղը»,- ուղղում եմ երկրորդ հարցը:

«Չեմ ասի: Եթե մի հոգի իմանա, ինձ կհաղթի»,- ծիծաղելով ասում է Պատրիկը: Ապա հավելում է. «Աքիլլեսն անհաղթ էր, բայց ես անհաղթ չեմ: Ես գիտեմ, որ անհաղթ չեմ, որովհետև շատերը հաղթել են ինձ: Մի անգամ հաղթում ես, մի անգամ` պարտվում: Այդպիսին է խաղը»:

Պատրիկն ասում է, որ իր հաջողության գաղտնիքը ոչ այնքան իր ֆիզիկական տվյալներն են, որովհետև փոքր ժամանակ այդքան խոշոր չի եղել, այլ քրտնաջան աշխատանքը: Նրա խոսքով` եթե ուրիշներին ֆիզիկական ցավը կարող է հետ պահել, ապա նա կարող է իրեն կրկնակի ցավեցնել, միայն թե իր ուզածին հասնի:

Իգական սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում, Պատրիկի խոսքերով, իր ֆիզիկական տվյալներն ավելի շուտ խանգարել են. «Սկզբից քեզ ընդունում են որպես պրիմիտիվ տղա, հնարավորություն չի լինում ցույց տալու` ինչպիսին ես իրականում: Ավելի հեշտ է, երբ սովորական տղայի արտաքին ունես»: Բայց ուրախ է, որ իր նշանածի դեպքում ամեն ինչ բարեհաջող է դասավորվել: Պատրիկի ընտրյալը գերմանուհի է, բայց ցանկանում է հայերեն սովորել, ասում է` «չեմ ուզում` դու երեխաների հետ հայերեն խոսես, ես չհասկանամ»:

«Շատերի համար դուք հերոս եք, իսկ ո՞վ է եղել ձեր հերոսը»,- հարցնում եմ մարզիկին: «Ես միշտ եղել եմ եսակենտրոն: Գիտեմ, որ լավ չէ, բայց այդպես է եղել: Չեմ սիրել խառնվել ուրիշների ճանապարհին, միշտ իմ գործն եմ արել,- ասում է Պատրիկը:- Փորձում եմ սովորել բոլորից, մի մարդ չի եղել, ով ազդել է ինձ վրա: Աշխատում եմ սովորել երեխաներից. իմ հերոսները երեխաներն են»:

Գերմանահայ մարզիկն առաջին անգամ է Հայաստանում և ոգևորված պատմում է Արագածոտն մարզի Արտենի գյուղ կատարած իր այցելության մասին: COAF-ի (Հայաստանի մանուկների հիմնադրամ) հետ միասին նա ցանկանում է օգնել վերանորոգել տեղի մարզադահլիճը: Տպավորված գյուղի երեխաների հետ հանդիպումից՝ ասում է, որ նրանց աչքերը փայլում էին, և նրանք լի էին էներգիայով:  

«Երևանում, ովքեր ունեն այդ հնարավորությունը՝ փոխելու, եթե տեսնեին այդ երեխաներին, տեսնեին նրանց իմ աչքերով, միանգամից կնստեին մեքենա, կգնային այնտեղ՝ ինչ-որ բան փոխելու»,- ասում է Պատրիկը:

Նա համոզված է, որ այս երեխաների համար, ովքեր ապրում են դժվար կյանքով, երբ թվում է, թե վիճակն ահույս է, սպորտը կարող է հեռանկարային լինել:

«Ինձ համար շատ կարևոր է՝ ի վիճակի լինել օգնել, թեկուզ փոքր ներդրում ունենալ, որ այդ երեխաները կարողանան օգտագործել այդ հնարավորությունը սպորտը զարգանալու համար»,- ասում է Պատրիկը:

Նրա կարծիքով` ամեն մարդ ծնվում է բնատուր ուժով, զորությամբ, սակայն հասարակությունն անընդհատ փորձում է մարդուն սովորեցնել, որ նա թույլ է և փոքր:

«Դա խլում է մեր ուժը,- ասում է Պատրիկը:- Բայց պետք է իմանաս քո սեփական զորությունը: Ոչ ոք փոքր չէ ինչ-որ բան փոխելու համար: Դու կարող ես փոխել քո կյանքը և ազդել սեփական իրավիճակների վրա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter