HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սողալու բյուջեից մինչև լոմբարդային

Հոկտեմբերի 28-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել է  2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության ներկայացուցիչները ԱԺ հանձնաժողովների նախագահների հետ համատեղ պատգամավորներին են ներկայացնում գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը առաջիկայում քննարկվելու է նաեւ խորհրդարանի լիագումար նիստում:

Բյուջեն ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին անգամ պետական բյուջեով չի նախատեսվում հարկային վարչարարության բեռի ավելացում, ինչը նշանակում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնալու է նույնը: Իսկ հաջորդ առանձնահատկությունը, ըստ վարչապետի, պետական հաստատություններում աշխատողների աշխատավարձերի միասնական սանդղակի ներդրումն է:

Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ մոտ երեք տասնյակ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերը ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ հանդիսացան: Պատգամավորները քննարկում են ոչ թե մի քանի հազար դրամ թոշակով ու նպաստով ապրող քաղաքացիներին կայուն եկամտով ապահովելու հարցը, այլ համադրելով այլ պաշտոնյաների վարձատրության հետ, դժգոհում են իրենց աշխատավարձերից, որը հուլիսի 1-ից դառնալու է 661.400 դրամ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն բյուջեին անուն է կնքել` «լոմբարդային բյուջե», քանի որ պատգամավորի տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի եւ այլնի ուղղությամբ: Այս տարվա բյուջեին Ն. Զոհրաբյանը տվել էր «սողալու բյուջե» անվանումը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ, 2014թ. բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1 տրիլիոն 134 միլիարդ դրամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2014 թ.-ին ակնկալվում է ստանալ 19.9 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով՝ 2014թ. սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 362 մլրդ դրամ: Նախագծով սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների համար կտրամադրվի 4 մլրդ 829 մլն դրամ, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների համար` 1 մլրդ 99 մլն դրամ, սոցիալական կենսաթոշակներ ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 10 մլրդ 937 մլն դրամ, իսկ աշխատանքային կենսաթոշակների համար`195 մլրդ 668մլն:

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 419 մլն դրամ, իսկ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրով`37 մլրդ 105 մլն դրամ:

Մոտ 34 մլրդ նախատեսվում է տրամադրել կենսաթոշակների բարձրացմանը, ինչը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով կարեւորագույն ծրագիր է, որը կնպաստի աղքատության կրճատմանը: Ըստ նախարարի` 2014թ-ին սոցիալական ոլորտում գերակա խնդիր է աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում տարվող քաղաքականությունը, հաշմանդամության խնդիրները:

2014թ. պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 9.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2 մլրդ դրամով ավելին է: Նշված գումարից 977 մլն դրամը կուղղվի աշխատակազմի պահպանմանը:

Նախագծով ոստիկանության պահպանման ծախսերը կազմում են 31,602.5 մլն դրամ: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները ծրագրվել են 26,159.8 մլն դրամի չափով, որն այս տարվա պետական բյուջեի համեմատ աճել է 3,977.6 մլն դրամով:

Ազգային անվտանգության ծառայության ծախսերը նախատեսվել է հասցնել 16,272.5 մլն դրամի, որից 15,991.2 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 281.3 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը 2014թ-ին ավելանալու է 6 տոկոսով, ինչը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Այդ ծախսերի համար նախատեսված գումարները 236 մլն դրամով կավելացվեն:

19,6 տոկոսով կամ 617 մլն դրամով ավելանալու է նաեւ ԱԺ-ի ծախսերը` հասնելով 3 մլրդ 763 մլն դրամի: Պատճառը նույնն է` աշխատավարձերի նախատեսված բարձրացումն ու էներգակիրների սակագների ավելացումը:

Նույն պատճառաբանությամբ 292 մլն դրամով կավելացվեն նաեւ կառավարության աշխատակազմի ծախսերը: 25 մլն դրամով ավելացել է կապի ծառայությունների համար պահանջվող գումարը, 100 մլն դրամով` «Լույս» հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցները, իսկ վարչական օբյեկտների հիմնանորոգում հոդվածով նախատեսված է հատկացնել 260 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ 2014թ. օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված է հատկացնել 17 մլրդ 907 մլն դրամից ավելի գումար:

Հանգստի, մշակույթի, կրոնի եւ սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերի  ֆինանսավորման համար նախատեսվել է հատկացնել 20 մլրդ 912 մլն դրամ: 1.8 մլրդ դրամ կհատկացվի սպորտին, 11 մլրդ 663 մլն դրամ`մշակութային ծառայությունների ոլորտին, թանգարաններին եւ ցուցասրահների գործունեության համար`1 մլրդ 980 մլն դրամ: 6.1 մլրդ դրամ նախատեսվել է հատկացնել արվեստի ոլորտի ծրագրերի իրականացմանը, 4 մլրդ 447 մլն`հանրային հեռուստառադիոընկերությանը, իսկ 200 մլն դրամ`հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացնելով իր ոլորտի բյուջեն ասաց, որ 2014թ. պետական բյուջեի նախագծով ծրագրվել է հատկացնել 2322.1 մլն.  Դրամ, ինչը 516.2 մլն դրամով կամ 28.6 տոկոսով ավելին է այս տարվա հետ համեմատ:

Մեկնաբանություններ (1)

Манфред
Правительство должен подать в отставку, это не бюджет, а чёрте что. Как будут закрывать внешний долг, опять евробондами? А кто должны думать об экономике будущего. Я не экономист и не финансист, я армянский народ и требую уважение ко мне.Я хочу жить и работать в Армении, я хочу, чтобы вы, бездельники, создали рабочие места, ведь это ваша прямая обязанность, я хочу получать нормальную пенсию. Если не умеете работать, убирайтесь к чёрту, хватит голову морочить!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter