HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արտագաղթած ժյուրիի և հեռանկարի բացակայության մասին

Գագիկ Ղազարէ. «Այս տարի մեզ համար նախընտրելի ժյուրիի անդամները հայտնվեցին արտագաղթողների մեջ: Ժյուրի չունենք» 

Զրույց «Մէկ քառակուսի մետրը» փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէի հետ: 

-Ինչո՞վ է առանձնանում այս տարվա  «Մէկ քառակուսի մետրը»:

-Այս տարի նոյեմբերն ավելի տաք է, քան անցյալ տարի: Իսկ փառատոնն ամեն տարի տեղի է ունենում նոյեմբերին: Սա էական տարբերություն է: 

-Կարծես թե այս տարի, համեմատած նախորդ տարիների հետ, փառատոնն ավելի լայն շրջանակ չի ընդգրկում: Այդպե՞ս է: 

-Ամեն տարի ինքն իր նման է: Այս տարի մեր երկիրն էապես այլ է, նման չէ անցած տարվան, տարիներին: Երկրից արտագաղթել է ավելի շատ քաղաքացի, քան նախորդ տարիներին: Այդ թվում՝ մի քանի «հարյուր» պոտենցիալ մասնակից, ովքեր կարող էին ձևավորել ենթադրվող առավելագույն շրջանակները... 

-Փառատոնն արդեն 8 տարեկան է: Ի՞նչ փոփոխություն է մտցրել այն թատերական կյանքում: Կարողացե՞լ է կյանքի կոչել որդեգրած սկզբունքները: 

-Փոփոխությունները թատերական կյանքում մտցնում են արտիստները: Փառատոնն ընդամենը հարթակ է հանդիսատես-արտիստ, արտիստ- արտիստ հանդիպման ու երկխոսության համար, ոչ ավելին: 

-Ներակայացնելով թատերական փառատոն եւ անընդհատ լինելով ընթացքի մեջ` ի՞նչ եք կարծում,  որո՞նք են այսօր երիտասարդ բեմադրիչների հիմնական խնդիրները: 

-Հեռանկարի բացակայությունը... Այսօրվա երիտասարդ արվեստագետի՝ բեմադրիչների, դերասանների հիմնական խնդիրը վաղվա անորոշությունն է: Հիմնական խնդիրը, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ՝ որպես ամբողջական մարմին, ինչն ընդգրկում է, իր մեջ ներառում, իրենով կլանում գաղափարների հնոտին կամ արդիականը: Հայաստանն է հիմնական խնդիրը: Ամեն ինչ կապված է իրեն: 

-Փառատոնն առանձնանում  է իր գաղափարախոսությամբ. այն հնարավորություն է տալիս սահմանված տարածության մեջ եւ ոչ երկար ժամանակամիջոցում ներկայացնելու հիմնական ասելիքը: Այս տեսանկյունից հատկապես ի՞նչ խնդիրների են անդրադառնում երիտասարդ բեմադրիչները: 

-Շատ տարբեր են, հաջողված ստեղծագործություններում կան թե՛ նեղ արվեստային հարցերի առաջադրում-պրպտումներ, և թե՛ այստեղ ապրելու, լինելու, գոյություն ունենալու և չունենալու հեղինակային մեկնություններ: 

-Այսօր փառատոները, մասնավորապես՝ թատերական ոլորտում, նպատակաուղղված  են ընդլայնելու մասնակիցների շրջանակը: Ի՞նչն է խանգարում դրան, որքանո՞վ  է երիտասարդ օտարազգի ռեժիսորը հետաքրքրված մեր տեղական փառատոներով: 

-Եթե անգամ երիտասարդ օտարազգի ռեժիսորի համար հայկական տոլման հետաքրքիր լինի, իր սեփական արվեստի ստեղծագործությունից ավելի կարևոր չի լինի: Հաստատ հայկական հյուրընկալությամբ՝ պապենական մոտիվացիաներով, սեղանի առեղծվածային պերճանքներով արտերկրից լրջմիտ արվեստագետի այցելություն Հայաստան չես կարող ապահովել: Թատերական ոլորտում մասշտաբների լայնացումն ի հաշիվ արտերկրյա մասնակցության՝ շատ բարդ է, այդքան էլ հեշտ չէ: Չնայած, միգուցե, առաջիկայում ղրղզները սկսեն հետաքրքրվել Հայաստանով: 

Հ.Գ. «ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» թատերական փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին: Փառատոնի հիմնական նախապայմանը անվան մեջ է: Թատերախաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով և պետք է տևի մինչև 45 րոպե:

Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան: ՆՓԱԿ ԹԱՏՐՈՆԸ հեղինակներին ու խմբերին աջակցում է բեմականացման խնդիրներում: Անվճար տրամադրվում են բեմն ու փորձատեղին: Հնչյունային և լուսային ձևավորումների համար ապահովվում են համապատասխան մասնագիտական ծառայությունները:

«ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» թատերական փառատոնի նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ անվանադիր պայմանը մասնակից հեղինակների համար վերածվում է ստեղծաբանական հետաքրքիր լուծումների ու տաղանդի ցուցադրման յուրօրինակ հանդեսի: Վերածվում է պատեհ առիթի հայկական ժամանակակից թատերարվեստում նոր հայացքների ու ձևերի բացահայտման համար, որ իր հետ բերում է որևէ նոր հեղինակ: 

Այս տարի փառատոնն իրականացվում է նոյեմբերի 1-ից 3-ը: Այսօր՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա Հեղինակային ձայն 2013/ քվեարկությունը, որին կհաջորդի վկայականների շնորհումն ու փակման արարողությունը: 

Լուսանկարը՝ photopirate.blogspot.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter