Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ինչպե՞ս են հաշվարկել ԶՊՄԿ-ի տուգանքի չափը



Սեպտեմբերի 20-25-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը թափվել էր Նորաշենիկ գետը: Այս մասին Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանին ահազանգել էին Նորաշենիկի բնակիչները, իսկ բնապահպանն էլ այդ մասին հայտնել էր ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնին, միևնույն ժամանակ տեսագրել էր վթարը:

Սեպտեմբերի 25-ին նշյալ բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, թե իրենք ուսումնասիրել են դեպքը, ցուցանմուշներ են վերցրել, և կատարվելու է քիմիական վերլուծություն:

Օրեր առաջ մենք դիմեցինք տեսչություն` կատարված փորձաքննության արդյունքները ստանալու համար: Տեսչության աշխատակիցը առանձնացրեց վթարի միայն վերջին երկու օրերին կատարված նմուշառման արդյունքները, ըստ որոնց` սեպտեմբերի 24-ին արտահոսքը տևել է 4 ժամ 40 րոպե, իսկ սեպտեմբերի 25-ին` 3 ժամ: Երկու օրերին  թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է 24 անգամ: Արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` սահմանված դրույքաչափերի վճարում է սահմանվել: Մեր հարցին, թե արդյունքում ինչքան պետք է վճարի կոմբինատը, բաժնի աշխատակիցն ասաց, որ վճարն իրենք չեն հաշվարկել, բայց «1 միլիոնի կարգի կլինի»:

«Եթե տնտեսվարողը նման ծավալով շրջակա միջավայրին վնաս է հասցնում, և հասցված վնասի գումարը կազմում է ընդամենը 1 միլիոն դրամ, դա ծիծաղելի է, քանի որ արտահոսքը տևել է 5 օր»,- մեզ հետ զրույցում ասաց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված գումարի այդ չափը, և արդյոք կա միտում, որ տեսչությունը այդ կերպ չի ցանկացել, այսպես ասած, վատություն անել ԶՊՄԿ-ին,Ա. Փարսադանյանը պատասախանեց. «Ես կասեի` հնարավոր է, որ նույնիսկ ներքին համաձայնություն լինի: Չեմ կարող ասել, բայց դա պետք է չգնահատվեր նման ձևով: Եթե 5 օր արտահոսք է եղել, ամբողջ Նորաշենիկ գետն աղտոտվել է, 1 միլիոն դրամը և շրջակա միջավայրին հասցված վնասը հեգնանք է, ծաղր է, զավեշտալի երևույթ է»:

Ըստ բնապահպանի` շրջակա միջավայրին հասցված իրական վնասի չափը գնահատելու համար պետք է վերցնեին արտահոսքի ծավալները, և եթե  թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվում է 24 անգամ, դա դեռ չի ներկայացնում վնասի իրական պատկերը: «Ես ենթադրում եմ, որ շրջակա միջավայրին հասցված վնասի իրական  պատկերն իրենց ներկայացմամբ չի արտացոլվում: Ինձ մոտ հարց է առաջանում` ինչպե՞ս է հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, հիմա եթե ասում են` 24 անգամ թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցվել է, դա հասկանալի է, պարզել են անալիզների արդյունքում, բայց դեռ պետք է հաշվարկել արտահոսքի ծավալը, տևողությունը, եթե չկա, թե ինչ ժամկետով են հաշվարկել, իրական պատկերը միանշանակ չեն կարող ստանալ»,- ավելացրեց բնապահպանը:

Հիշեցնենք, որ  1 տարի առաջ ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում, և նույն բնապահպական տեսչությունը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց  մոտ 400.000 դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)08:03 - 20 նոյեմբերի, 2013
Այսօր Սյունիքում ԱՐԴԵՆ գործում է մոտ 40 հանք. շատը՝ բաց եղանակով: 34 նոր հանքի լիցենզիա է տրված,որից 14-ը Մեղրու շրջանում (տարածքը՝ ընդամենը 664 ք.կմ.):..............................Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատին պատկանող «Հովիտ 1» և «Հովիտ 2» պոչամբարները թունավորել-կործանել են «Կարճևան» գետը,որն,իր հերթին, թափվում է «Մեղրի» գետը,իսկ սա՝ «Արաքս» գետը: Լիճք գյուղում պիտի շահագործվի նոր հանք՝«Մեղրի» գետի ակունքում:.......................Պոչամբարների թիվը Սյունիքում հասնում է 14: (Աշխարհում) ամենամեծը Կապանի շրջանի Արծվանիկի պոչամբարն է.այն հիմա լիքն է՝ 300 մլն. մ3 թափոն պարունակությամբ:Կառուցված է «Արծվանիկ» գետի հունում, որտեղ թափվում են Քաջարանի կոմբինատի /ԶՊՄԿ-ի թունավոր պոչանքները :.............................Նույն ձևի թունավորված է նաև Կապանի «Ողջի» գետ թափվող «Կավարտ» գետակը: “Dundee precious metals Kapan”-ին պատկանող ու Կապան քաղաքից կես կմ. հեռու գտնվող Գեղանուշի պոչամբարը 30 հա է և գտնվում է «Գեղանուշ» գետի հենքի վրա:................................Նույն ձևի՝Սիսիանի շրջանի Դաստակերտի պոչամբարը թունավորում է Տոլորսի ջրամբարը և «Որոտան» գետը:............................Սյունիքի ԲՈԼՈՐ պոչամբարները կառուցված են ՕՐԵՆՔԻ կոպիտ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ.այն է՝ա) հատակները բետոնե-էլաստիկ նյութերով չի մեկուսացված, բ) պատվարները երկաթ-բետոնից չէ,այլ հողից: Ուստի պոչամբարներից թունավոր պոչանքները ներծծվում են հողի շերտեր ու անձրևաջրերի հետ տարածվում ամենուր:........................Ու ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ՝ ոչ ոք չի պատժվում սրա համար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ