HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել վախեցնել մարդկանց»

Հարցազրույց նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, ի՞նչ դիտարկումներ ունեք երեկ Օպերայի տարածքում կատարվածի մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կատարվեց:

-Կարծում եմ՝ տեղի է ունեցել ցավալի դեպք, կան վիրավորներ: Տեղի է ունեցել բախում, որը ցանկալի չէ: Իշխանությունները, նախապես ճիշտ գործողություններ կատարելով, կարող էին կանխել դա: Իրենք իրենց գործառույթները ճիշտ չիրականացնելու հետևանքով կանխամտածված դեպքերն այսպիսի զարգացման բերեցին և հանգեցրեցին բախումների:

Շանթը նախապես հայտարարել էր իր գործողությունների մասին, քանի օր անընդհատ հայտարարում էր, և կարծում եմ, որ իշխանությունները տեղյակ էին և կարող էին ժամանակին կանխել դա:

-Իսկ ոստիկանության կողմից ուժի կիրառումը համաչա՞փ էր:

-Համաչափության մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև կան հայտարարություններ, որ Շանթի կողմնակիցների մեջ եղել են սադրիչներ, և կարծում եմ՝ այդ սադրանքի արդյունքում էլ դեպքերը զարգացրել են այնպես, որպեսզի ուժ կիրառեն մարդկանց նկատմամբ, որպեսզի մարդիկ՝ ոչ թե դեպքերի մասնակիցները, այլ կողքից դիտորդները, հասկանան, որ Հայաստանում խաղ չկա, որևէ բան փոխել հնարավոր չէ: Այսինքն՝ այս ամեն ինչը, ըստ էության, ուղղված է հասարակությանը, հետո նոր՝ Շանթ Հարությունյանին և իր կողմնակիցներին:

-Ձեզ համար նման հանգուցալուծումը կանխատեսելի՞ էր:

-Որ կլինեին բախումնե՞ր:

-Այո, որ կլինեին բախումներ, որ կարող էին ձախողվել:

-Ես չգիտեմ՝ ի՞նչն է ձախողվել, որովհետև ես տեղյակ չեմ, թե ինչ ծրագրեր են եղել, բայց մի բան ակնհայտ է՝ բոլոր հրապարակային միջոցառումների դեպքում էլ ուժի գործադրում կամ ուժի ցուցադրում տեղի է ունեցել:

-Դուք՝ որպես իրավապաշտպան, ի՞նչ խախտումներ արձանագրեցիք երեկվա դեպքից:

-Մարդիկ կան վիրավորված, նշանակություն չունի՝ քաղաքացիական անհատներ, թե ոստիկաններ: Դա արդեն ցավալի է: Դրա համար առաջին պատասխանատուն, կրկնում եմ, իշխանությունն է, հետո նոր մնացածը:

-Ստեղծված վիճակը կարո՞ղ է ազդել քաղաքացիական ակտիվիստների գործողությունների վրա:

-Ամեն ինչը կարող է ազդել: Իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել վախեցնել և հասկացնել մարդկանց, որ դուրս չգան հրապարակ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց գործողություններով հակառակը պետք է ապացուցեն:

-Ի՞նչ եք կարծում՝ այս դեպքից կրկին շահեց իշխանությո՞ւնը:

-Ես դեռ չեմ կարող ասել՝ ով ինչ է շահել: Դեռ շատ շուտ է խոսել շահելու մասին: Ընդհանրապես, եթե խոսքը վերաբերում է հայաստանյան իշխանություններին, ապա նրանք ի սկզբանե պարտված են: Նրանք չեն կարող շահել: Նրանք կարող են շահել կարճաժամկետ՝ մի տարով, երկու տարով, մի շաբաթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter