Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կոտայքի մարզպետարանը որտե՞ղ է գրում ստուգման ակտերը



Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղյակ է, որ գյուղի բնակիչներից մեկը սեփական հողամասն ընդլայնել է համայնքային ճանապարհի հաշվին: Նա իր հողամասը եզրող քարերը տեխնիկայի օգնությամբ ետ հրելով՝ նորմատիվներով սահմանված 13 մետր ճանապարհի լայնությունը կրճատել է 5-6 մ-ով: Համագյուղացու անօրինական արարքի մասին հոկտեմբեր ամսին տեղեկացրել են Աշոտ Վարդանյանին, սակայն վերջինս հարկ չի համարել անձնապես համոզվել կատարվածի մեջ: Համայնքի ղեկավարն անօրինականությունը վերացնելու հանձնարարական է տվել աշխատակիցներին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել: Երկու շաբաթ հետո համայնքի ղեկավարը երկրորդ անգամ է զգուշացվել ապօրինությունը վերացնելու մասին, իսկ Ա. Վարդանյանն իր անելիքն ավարտել է ենթակաների վրա գոռգոռալով:

Ճանապարհները «Հողային օրենսգրքի» 60 հոդվածով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են համարվում եւ չեն կարող որեւէ մեկի սեփականությունը լինել: Համայնքի ղեկավարի համար, սակայն, սա անկարեւոր հարցերից մեկն է, եւ այդ է պատճառը, որ Գեղարդ տանող շուրջ 3 կմ երկայնքով ճանապարհը, որն անցնում է Գառնի գյուղի բնակելի թաղամասի միջով, մայթ չունի: Մայթեր չունենալու պատճառն էլ այն է, որ ի սկզբանե անտեսվել են քաղաքաշինության պահանջները, ինչպես նաեւ ժամանակին չեն կանխվել բնակիչների՝ հողամասերի սահմանները ճանապարհի հաշվին ընդլայնելու ոտնձգությունները: Անկարեւոր համարվող այս հարցը լուրջ հետեւանքների է հանգեցրել՝ բնակիչներն ավտովթարի են ենթարկվում մեքենաների երթեւեկով ծանրաբեռնված ճանապարհով անցուդարձ անելիս: Երթեւեկը վտանգավոր է դառնում հատկապես գիշերային ժամերին, քանի որ ճանապարհը չի լուսավորվում:

Առհասարակ, այս տարածքում ճանապարհները զուրկ են նորմատիվներով սահմանված հիմնական էլեմենտներից` երթեւեկելի մաս, մայթեր, հետիոտն, հեծանվային ճանապարհներ, հասարակական տրանսպորտի եւ ավտոմեքենաների կանգառներ, բացակայում են երթեւեկը կանոնավորող գծանշումները: Դեռես 2008թ. «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապված՝ Կառավարությունը մի որոշում ընդունեց, որի կետերից մեկով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը պարտավորեցնում էր մինչեւ 2009թ. ապրիլի 1-ը Գառնի համայնքում, մայրուղու և դեպի Գառնի տաճար տանող ճանապարհի խաչմերուկը կահավորել լուսացույցերով եւ այն որպես նվիրատվություն հանձնել համայնքին: Որոշման այս պահանջը չկատարվեց:


Համայնքի ղեկավարը ոչ միայն չի կանխում ուրիշների կատարած ապօրինությունները, այլեւ իր օրինակով վարակում է գյուղի բնակիչներին: Գառնիի կենտրոնական խաչմերուկը եւ դեպի խաչմերուկ տանող ճանապարհը ծանրաբեռնված է շինություններով, կիսակառույցներով, որոնք նա թույլատրել է իր որոշումներով: Համայնքի ղեկավարի թույլ տված անօրինականությունը նույնպես հնարավոր էր կանխել, եթե նրա գործունեությունը վերահսկողները չնկատելու չտային անօրինականությունները:

Կոտայքի մարզպետարանը Գառնիում վերջին անգամ վարչական հսկողություն իրականացրել է 2012 թվականի հունիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում:  Ուսումնասիրության շրջանակն ընդգրկել է 2009 թվականի հունիսից մինչեւ 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրություն իրականացնող 7 հոգանոց աշխատանքային խմբում ընդգրկված են եղել նաեւ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման, քաղաքաշինության վարչության մասնագետները: Աշխատանքային խումբն իր կազմած ակտում քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ արձանագրել է, որ Գառնի համայնքում քաղաքաշինական կադաստր չեն վարում, բացակայում է քաղաքաշինական կանոնադրությունը:

«Համայնքի ղեկավարի կողմից ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը եւ նախագծերի քննարկումը բացակայում է՝ խախտելով ՀՀ կառավարության 28.10.1998թ. թիվ 660 որոշման պահանջները: Համայնքի ղեկավարի կողմից 2009թ. համաձայնեցվել են 3, 2010թ.՝ 3, 2011թ.՝ 9 եւ 2012թ. 1 ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր, որոնց տրման համար հիմք հանդիսացող հայտը բացակայում է: Համայնքի ղեկավարի կողմից տրվել է 2009թ.՝ 3, 2010թ.՝ 3 եւ 2011թ.՝ 9 շինարարության թույլտվություն, որոնց տրամադրումը կատարվել է ՀՀ կառավարության 02.02.2002թ N91 որոշման պահանջների խախտմամբ, շինարարության եւ քանդման թույլտվությունների համար մարզպետարան իրազեկումը բացակայում է»,- արձանագրվել է ակտում:

Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը համայնքում արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու հանձնարարական է տվել համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, հանձնարարականներից սակայն դուրս է մնացել քաղաքաշինության ոլորտը: Վերջինիս՝ մարզպետին ուղղված պատասխան գրությունից պարզ է դառնում, որ մարզպետը քաղաքաշինության ոլորտը կարգի բերելու պահանջ չի ներկայացրել համայնքի ղեկավարին, անգամ Կառավարության որոշումների խախտումներով տրված շինթույլտվությունները կամ դրա հետեւանքները վերացնելու պահանջ չի ներկայացրել նրան:

Նշվածից բացի, վարչական հսկողության ակտում արձանագրվել են բազմաթիվ կեղծիքներ, որից տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքային խումբը հսկողությունն իրականացրել է ոչ թե համայնքում, այլ ինչ-որ մեկի պատմելով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ