
Հայաստանում «Պեպո» ֆիլմ են նկարահանում
««Պեպո» ենք նկարում, բայց ինչու՞ ենք նկարում և ինչպե՞ս, դա արդեն հետո»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր և սցենարիստ, «Getrik production»-ի տնօրեն Ժիրայր Հակոբյանը:
Ժ. Հակոբյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվելու են նոյեմբերի 10-ից հետո: Սակայն թե՛ ստեղծագործական կազմի, թե՛ սցենարի մանրամասների մասին պրոդյուսերը դեռևս չի ցանկանում խոսել: Ըստ նախնական համաձայնության՝ ֆիլմի ռեժիսորը լինելու է Վահան Խաչատրյանը («Սուրբ խաչն առանց խաչի», 2010 թ.): Ժ. Հակոբյանի խոսքով` աշխատելու են այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց ուզած ֆիլմը:
Միաժամանակ, Ժ. Հակոբյանը խոստովանում է, որ ֆիլմը նկարահանելու որոշման մեջ կան նաև անձնական մղումներ:
«Աշխատում եմ իմ աղջկա համար, որովհետև ես նրանից հարց եմ սպասում, որից վախենում եմ՝ պապ, ո՞վ է իմ հերոսը,- խոստովանում է Ժ. Հակոբյանը:- Ու քանի որ հերոսին չեմ տեսնում, փորձում ենք այս նախագծով տալ այդ հարցի պատախանը»:
Ժ. Հակոբյանի խոսքով` նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել է հաղթանակներով, սակայն մենք մոռացել ենք մեր հերոսներին: Հայոց պատմության մեջ այդ հերոսները եղել են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են նրանց հետ վարվել:
«Հերոսն ունենք, հերոսին գնահատել չգիտենք»,- ասում է Ժ. Հակոբյանը:
Նրա կարծիքով` հայրենասիրությունը սկսվում է, երբ քո լեզվով հայհոյանք չես տալիս, աղբը գցում ես աղբամանի մեջ ու նման փոքր քայլերով շարժվում ես առաջ: Նա համոզված է, որ եթե մարդիկ այդ ճանապարհով գնան, ապա կգտնեն իրենց հերոսին:
«Մեր ֆիլմն ասելու է մի բան, որ մենք կորցնում ենք մեր հոգու հերոսներին,- ասում է Ժ. Հակոբյանը:- Ոչ թե կորցրել ենք, այլ կորցնում ենք»:
Ժիրայր Հակոբյանը մասնագիտությամբ իրավաբան է, նախքան կինոյի ոլորտում աշխատելը եղել է քննիչ: Մի քանի տարի աշխատել է Մոսկվայում: Գալով Հայաստան` նկարահանել է դետեկտիվ երկու ֆիլմ` «Նիկոլայի վերջին անեծքը» և «Սպիտակ գայլերի որսը»: Վերջինս հայկական առաջին լիամետրաժ դետեկտիվ ֆիլմն է:
Չնայած սցենարիստ և պրոդյուսեր Ժ. Հակոբյանը միշտ աշխատել է դետեկտիվ ժանրում, սակայն իր նոր նախագիծը` «Պեպոն», դետեկտիվ ժանրի ֆիլմ չէ:
Ժ. Հակոբյանի կարծիքով` հայկական կինոն դեռևս իր զարգացման սկզբնական փուլում է: Պարզապես պետք է կարողանալ դրսից առաջարկվող և ներմուծվող լավ բաները վերցնել` չկորցնելով սեփական եսը:
«Մեր բարդույթները ավանդույթի տեղ չդնենք ու կարողանանք առաջ գնալ», - ասում է Ժ. Հակոբյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել