HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անբարեխիղճ կայքերի դեմ պայքարի լավագույն միջոցը պետք է լինի համակարգչի մկնիկը

Հարեւանս` 75-ամյա Սուրիկ պապը, քաղաքականապես բավականին ակտիվ է: Մասնակցել է ընդդիմության բոլոր հանրահավաքներին, նույնիսկ ոտքով Էջմիածնից հասել է Երեւան: Նրա ասելով` հանրահավաքների ժամանակ է տեղեկացել երկրում կատարվող իրադարձություններին: Եվ քանի որ հիմա «հանգիստ շրջան» է, ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, սակայն նրան չի բավարարում հեռուստաընկերությունների մատուցած սահմանափակ լրատվությունը: Երկու օրը մեկ Սուրիկ պապը, մի քանի լրատվական կայքերի անուններ թղթի վրա գրած, գալիս էր մեր տուն, որ իր համար «ինտերնետային մամուլի տեսություն» կարդամ:

Սակայն, մոտ մեկ ամիս է` դադարել եմ Սուրիկ պապի «մամուլի խոսնակը» լինելուց: Պատճառն այն է, որ հերթական անգամ, երբ թղթի կտորը ձեռքին եկավ եւ պատվիրեց բացել իր նախընտրած կայքերը, դրանցից մեկի գլխավոր էջին Քիմ Քարդաշյանի կիսամերկ լուսանկարներն էին, իսկ հաջորդ կայքում հայտնաբերեց իր ասելով` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, բամբասանք:

«Ես էլ գիտեի, թե նորմալ աշխատում են, սրանք կամ սեքսի կարոտ են, կամ էլ` «գրդոնչի», պատերի տակ նստող կնանիքի նման բամբասանք են  անում: Լրագրող լինելը սովետի ժամանակ պատիվ էր, հիմա դարձրել են մատի փաթաթան: Էն ժամանակ անհամբեր սպասում էինք, թե պոչտալյոնը երբ պիտի թերթ բերի, որ կարդանք: Մի 5 թերթ ու ամսագիր էի բաժանորդագրվում, որն էլ չէի բաժանորդագրվում` հարեւաններից էի վերցնում կարդում: Հիմա կաթից կտրված երեխեն էլ ա իրան լրագրող անվանում ու «պրյոմնիկը» (նկատի ունի ձայնագրիչը -հեղ.) ձեռքին վազում ա հարցազրույցի: Թու…»,- ասաց Սուրիկ պապն ու հեռացավ:10 րոպե անց մի երեխա սովետական թերթերի մի կապոց ձեռքին թակեց դուռը. «Սուրիկ պապին ա ուղարկել, որ կարդաք»:

Սուրիկ պապի բողոքն իրական պատճառներ ունի: Ճիշտ է, առցանց մամուլն իր նպաստը բերեց մեդիա միջավայրին՝ ապահովելով բազմակարծություն, ծառայելով որպես այլընտրանքային խոսքի, կարծիքի հարթակ` ի տարբերություն իշխանությունների հսկողության տակ գտնվող հեռուստատեսության եւ ցածր տպաքանակ ունեցող տպագիր թերթերի, որոնք, մեծ հաշվով, հասարակական կարծիքի վրա գրեթե ազդեցություն չունեն: Սակայն, այն ավելի սրեց մամուլի ինքնակարգավորման հարցը: Էթիկական մի շարք խնդիրներ, ինչպիսիք են անանուն աղբյուրների օգտագործումը, ապատեղեկատվություն կամ չճշտված տեղեկություն հրապարակելը, ակնհայտ սուտ տարածելը եւ այլն, առավել սրությամբ դրվեցին: Նման մեթոդների կիրառումը հիմնական աշխատաոճ դարձավ որոշ լրատվական կայքերի համար:

Մեդիայի այս նոր միջոցները, որոնց թիվն աճում է օրեցօր, կադրերի կարիք ունեին եւ այն համալրեցին անպատրաստ, մասնագիտական բարձր չափանիշներին անծանոթ երիտասարդներով: Արդյունքում վերլուծական, հետաքննական, լուրջ ժուռնալիստիկան գրեթե վերացավ, եւ ձեւավորվեց հեշտամարս տեղեկատվության պահանջարկ: Մյուս կողմից՝ լսարանի նվաճման համար ցանցային ԶԼՄ-ների միջեւ մղվող դաժան մրցակցությունը հանգեցրեց որակի լուրջ անկման, մասնագիտության արժեզրկման: Արդյունքում այսօր համացանցում գերակշռող է դեղին մամուլը: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ լրատվամիջոց իր սուրբ պարտքն է համարում շատ թե քիչ հայտնի մարդկանց ֆեյսբուքյան գրառումները կայքում հրապարակելը ու դրանց շնորհիվ «լայք» ապահովելը: Այդ մրցավազքի արդյունքն էր, օրինակ, որ այս տարվա հուլիսի 30-ին մեկ րոպեի ընթացքում համացանցը ողողվեց կեղծ լրատվությամբ, թե մահացել է հայտնի հումորիստ, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Րոպեներ անց հրապարակումը հեռացվեց լրատվական կայքերի էջերից, սակայն անբարեխղճության, չճշտված տեղեկություն հրապարակելու համար որեւէ կայք հարկ չհամարեց ներողություն խնդրել ընթերցողից:

Մասնագիտության արժեզրկմանը նպաստում են նաեւ քաղաքական շրջանակները, որոնք քարոզչական, մանիպուլյացիոն նպատակներով ձեռք են բերում կամ ստեղծում լրատվական կայքեր՝ մատուցելով միակողմանի լրատվություն, հրահրելով քաղաքական ինտրիգներ: Հակառակորդ կամ մրցակից քաղաքական ուժերի դեմ պայքարում ավելի հաճախ կամ հիմնականում օգտագործվում են ինտերնետային կայքերը: Արդյունքում լրագրողները դառնում են գործիք, իսկ լրագրողական համայնքը պառակտվում է, մի բան, որ առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին: Այն, որ վերջերս լրատվական կայք բացելու եւ «իրեն չարախոսողներին տոպկելու» մեծ ցանկություն էր հայտնել հայտնի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հաստատում է մեր վերոնշյալ միտքը: Դժվար չէ պատկերացնել, թե քանի «տոպկող» լրագրող ցանկություն կհայտներ աշխատել Ալեքսանյանի լրատվամիջոցում:

Ինչպե՞ս կարգավորել ինտերնետային ԶԼՄ-ների դաշտը, բարձրացնել ցանցային լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակը, խթանել բարոյական նորմերով առաջնորդվող ժուռնալիստիկան Այս հարցերը մտահոգում են ոչ միայն բարեխիղճ լրագրողներին եւ խմբագիրներին, մեդիատեսաբաններին եւ փորձագետներին, այլեւ հենց լսարանին, ով հոգնել է ցածրորակ տեղեկատվությունից:

Ինչպե՞ս հաղթահարել խնդիրները

Լրատվական դաշտում խոսքի ազատությունը հետզհետե վերածվում է սանձարձակության, իսկ անպատասխանատվությունը, էթիկան, բարեխղճությունը, արժանահավատությունը քողարկում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, այն է` «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից…»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային վճիռներով բազմիցս է ասել, որ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է եւ նրա առաջընթացի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկը:  Արտահայտվելու ազատության իրավունքը երաշխավորում է ոչ միայն հանրությանը տեղեկացնելու՝ մամուլի ազատությունը, այլեւ պատշաճորեն  տեղեկացված լինելու՝ հանրության իրավունքը:

Սակայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածով լրագրողների համար ամրագրված երաշխիքը կիրառվում է պայմանով, որ նրանք գործում են բարեխղճորեն` տրամադրելու ճշգրիտ և արժանահավատ տեղեկություններ` պահպանելով լրագրողական էթիկայի պահանջները:

Մասնագետներն ասում են, որ այսօր լրատվական կայք բացելը շատ հեշտ է եւ շատ քիչ ծախս է ենթադրում, իհարկե, եթե խնդիրը միայն կայք ունենալն է։ Մոտավոր հաշվարկներով` մոտ 200 դոլար է անհրաժեշտ wordpress-ի վրա կայք բացելու համար, ամսական 10 դոլար անհրաժեշտ է հոսթինգի համար, տարեկան մի 10 դոլար էլ` դոմեյնի համար: Ահա, «գռդոնի» համար կայքը պատրաստ է:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այսօր դա էլ շատ ծախսատար չէ: Ցածր վարձատրությամբ կարելի է երկու ուսանող գտնել, ովքեր կհամաձայնվեն այսպես կոչված հայտնի մարդկանց` սոցիալական ցանցերում արված գրառումներով, այլ կայքերի հեղինակային հոդվածները առանց պատշաճ հղման արտատպելով՝ լցնել կայքը: Պարզ է, որ լուրջ լրատվամիջոցների համար թե կայք բացելն է լուրջ դժվարություն, թե ֆինանսապես «թանկ հաճույք»` որակյալ աշխատակազմ պահելը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոլորտի կարգավորման հարցը շատ բարդ է, քանի որ ենթադրում է լուծումներ` լրագրողական համայնքի, կրթական հաստատությունների եւ սպառող հանրության ակտիվ մասնակցությամբ։

«Հանրությունը պետք է ավելի բծախնդիր լինի, թե չէ այսօր առանց նայելու, թե ով է, ինչ է, բոլորին կարդում են։ Հասարակությունը պետք է այնքան հասուն լինի, որ ապատեղեկատվություն տարածող կայքը դադարի լինել իր ընթերցվող աղբյուրների ցանկում: Լրագրողական համայնքը պետք է գնա ինքնակարգավորման ճանապարհով, ինչը արդեն ինչ-որ չափով կատարվում է։ Դեղին մամուլը պետք է զատվի պատասխանատու մամուլից, բոլորը չպետք է լինեն նույն վարկանիշային մակարդակում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա` օրինակ, բրիտանական «Սան» դեղին լրատվականը չի դասվում նույն վարկանիշային վիճակագրությունում, ինչ «Գարդիանը»։

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ եթե ընդհանուր հասարակության բնազդներին հետեւենք, ապա պարզ է, որ սեքս ու արյուն է միայն պետք։ Բայց հարցն այն է, որ պատասխանատու մամուլը պետք է դիմի հասարակության գիտակցությանը։ «Բայց, քանի որ մեզ մոտ մրցակցային դաշտը սխալ է զարգացել, եւ դեղին եւ նորմալ մամուլը նույն ռեյթինգի մեջ են հայտնվել, բնականաբար, նորմալ մամուլը մրցակից լինելու համար ստիպված դեղին է դառնում։ Պետք է բաժանում լինի։ Ամբողջ աշխարհում դեղին մամուլն ավելի պոպուլյար է, պարզապես այն գործում է առանձին դաշտում»,-հավելեց Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետը «լայք» հավաքելու մրցավազքը նորմալ է համարում, քանի որ լսարան է ձեւավորվում։ Խնդիր է առաջանում, երբ մարդկանց խաբելով, զզվացնելով են «լայք» հավաքում:

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը համաձայն չէ այն պնդմանը, թե վերլուծական, հետաքննական, լուրջ ժուռնալիստիկան գրեթե վերացել է, եւ ձեւավորվել է հեշտամարս ինֆորմացիայի պահանջարկ: Նրա խոսքերով` լուրջ լրագրությունն ունի իր ընթերցողը, հեշտամարսը՝ իրենը: Դրանք միմյանց հետ չեն զուգահեռվում, չեն հատվում ու միմյանց չեն խանգարում: Այլ հարց է, որ լուրջ լրագրություն մատուցելու հավակնություն ունեցող լրատվամիջոցներն էլ պետք է փոքր-ինչ վերանայեն իրենց աշխատաոճը: Պետք չի սպասել, որ դու մի լավ հոդված կհրապարակես, ու գովազդատուներն անմիջապես հերթ կկանգնեն դռանդ մոտ:

Աննա Իսրայելյանն ասում է, որ «հեշտամարս» տեղեկատվություն մատուցողներից էլ փոխառելու բաներ ունենք, մասնավորապես` սոցիալական ցանցերին ինտեգրվելու, սեփական արտադրանքը տարածելու առումով:

«Էլ չեմ խոսում այն մասին, որ հարկ է ընթերցող լսարանի պահանջմունքների ուսումնասիրություն կատարել: Գուցե պետք է դիմել շուկայագետներին, կայքի աշխատանքը կանոնակարգել այնպես, որ առավելագույնս դյուրին լինի որոնողական համակարգերի հետ աշխատանքը եւ այլն: Ինչ վերաբերում է ցանցային լրագրողների մակարդակին, չեմ կարծում, որ այս առումով իրավիճակը շատ տարբեր է նախկինից: Նյութերի վրա շատ չտքնող, իրենց իսկ գրածն անգամ երկրորդ անգամ չկարդացող լրագրողները միշտ էլ ավելի շատ են եղել, քան հոդվածների վրա մանրակրկիտ աշխատողները, անպայման երկրորդ կարծիք ներկայացնողները»,- նշում է Աննա Իսրայելյանը:

Խմբագրի կարծիքով` ոչ փորձառու լրագրողների մասնագիտական մակարդակն այլ կերպ հնարավոր էլ չէ բարձրացնել, քան հընթացս՝ աշխատանքի ընթացքում լրացնելով կրթական բացերը, ուղարկելով նրանց բազմազան դասընթացների եւ այլն: Այլ հարց է, որ նորությունը հաղորդելու արագության մրցակցության մեջ, իրոք, որակի ու ճշգրտության կորուստ է արձանագրվում: Աննա Իսրայելյանը նշում է, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, համընդհանուր է:

«Իսկ գրագողության եւ մեր էթիկական խնդիրների լուծման առումով հույսս վաղուց կտրել եմ ինքնակարգավորման մեխանիզմներից: Չեն գործում, արդյունավետ չեն ոչ խաթրով լեզու գտնելու, ոչ լրագրողական հայտարարություններով այս հարցերը կարգավորելու փորձերը: Ուստի մնում է միակ ճանապարհը՝ գրագողերը, այլոց աշխատանքը չհարգողները պետք է պատժվեն ֆինանսապես՝ ենթարկվեն տույժերի: Ու, բարեբախտաբար, այդ հնարավորությունն ընձեռվեց ԱԺ-ում վերջերս ընդունված օրենքով»,- հավելեց առցանց «Առավոտ»-ի խմբագիրը:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն այլ լուծում է առաջարկում: Ըստ նրա`ինչպես հեռուստատեսային անճաշակ հաղորդումների դեմ պետք է պայքարել հեռակառավարման վահանակով, այսինքն՝ ալիքը շրջելով, այնպես էլ անբարեխիղճ կայքերի եւ նյութերի դեմ լավագույն պայքարը պետք է լինի մկնիկը: Այսինքն, եթե մարդիկ, ընթերցողները չբացեն, չկարդան, դրանք պահանջարկ չեն ունենա եւ «կմեռնեն»:

«Իսկ ավելի լավ է կրթել, կրթել եւ կրթել լրագրություն նոր մտածներին՝ անընդհատ աշխատելով նրանց հետ ինքնակարգավորման բոլոր հնարավոր եւ քաղաքակիրթ միջոցներին սովորեցնելու ուղղությամբ: Սկսած էթիկայի կանոններից, վերջացրած` այդ կանոնները խախտելու համար պարսավանքի եւ ազդեցության այլ միջոցների կիրառման անհրաժեշտությունը բացատրելով»,- ավելացրեց Մեսրոպ Հարությունյանը:

Լուսանկարում Սուրիկ պապի ուղարկած սովետական թերթերի կապոցն է:

Մեկնաբանություններ (1)

dell laptop hard drive
Thanks for sharing this information. http://www.mrsparepartsonline.com/hard-drives/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter