HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Քննիչը դժվարություններ է ունեցել տրամաբանական եզրահանգումներ անելիս» (վիդեո)

Հուլիսի 12-ի դատական նիստը կարելի էր կոչել ճանաչողական: Բողոքաբեր Լեւոն Բարսեղյանը փորձում էր լուսանկարների միջոցով ստուգել պատասխանող քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի աշխարհագրական պատկերացումները Գյումրի քաղաքի մի շարք փողոցների, ինչպես նաեւ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի մեձակա տարածքների վերաբերյալ: 37 լուսանկար դեռեւս նախաքննության ընթացքում բողոքաբերը DVD սկավառակի վրա տրամադրել էր դատարանին` միջնորդելով այն կցել գործին: Այդ լուսանկարներում պատկերված էին փետրվարի 8-ին եւ 10-ին Գյումրու Պուշկինի, Ղուկասյան եւ Գորկու  փողոցների խաչմերուկնեը փակած ոստիկանները: Լուսանկարների մի մասը վերաբերում էր Ջաջուռ գյուղի մոտ փետրվարի 15-ին եւ 16-ին տեղի ունեցած դեպքերին: Կային նաեւ լուսանկարներ, որտեղ ֆիքսված էին փետրվարի 17-ին Սայաթ-Նովա փողոցի ոստիկանական պաշարման դրվագները:

Լեւոն Բարսեղյանի այն հարցին, թե պատասխանողին ծանոթ են լուսանկարներում պատկերված տարածքները, վերջինս դրանց մեծ մասի վերաբերյալ տվեց ժխտողական պատասխան` ասելով թե չի ճանաչում լուսանկարներում պատկերված փողոցների մի մասն ու բողոքաբերի մատնանշած տարածքը, տվյալ  դեպքում` Ջաջուռ գյուղի մերձակա մայրուղին: Փետրվարի 15-ին Ջաջուռի լեռնանցքը ոստիկանների կողմից փակելուն վերաբերվող հարցերին Հովհաննես Քաղցրիկյանը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ նույն խնդրի հետ կապված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի բողոքի քննության վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդեն որոշում է կայացրել եւ մերժել բողոքը: «Լավ, այդ դեպքում ինչ կասեք փետրվարի 16-ին Ջաջուռի մոտ մեքենաների ճանապարհը փակելու մասին: Այդ մասին դատավոր Սարոյանը որոշում չի կայացրել»,- պատասխանող կողմի դիրքորոշումը փորձեց ճշտել Լ. Բարսեղյանը:

Թեպետ պատասխանող կողմն այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել, թե լուսանկարներում պատկերվածն արդյոք Ջաջուռի լեռնանցքն է եւ արդյոք հենց այդ օրվա կադրերն են այդտեղ պատկերված, ամեն դեպքում ասաց, որ ոստիկաններն իրենց պարտականությունն են կատարել ու քանի որ մերկասառույց է եղել, ժամանակավորապես արգելել են երթեւեկը` վթարավտանգ իրավիճակներից խուսափելու համար: «Միթե դուք այս լուսանակարներում մերկասառույց եք տեսնում»,- հետաքրքվեց Լ. Բարսեղյանը: «Իսկ ես ինչպես հավաստիանամ, որ լուսանկարներն հենց փետրվարի 16-ին եք արել: Կարող է մի ուրիշ օր եք գնացել ու լուսանկարել»,- հակադարձեց պատասխանողը:

Լ. Բարսեղյանին հետաքրքրում էր, թե ինչի հիման վրա է քննիչը նախապատվությունը տվել եւ հավատ ընծայել Ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահ Բաբաջանյանի բացատրություններին եւ չի հավատացել իր ասածներին: Ինչու է պատասխանողին աժանահավատ թվացել Բաբաջանյանի այն բացատրությունը, թե իբրեւ ինքը փետրվարի 10-ին բաժին է հասել ու սկսել բողոքել երկրում տիրող սոցիալական վիճակից: Որտե՞ղ է տրամաբանությունը եւ ով է ասել, որ հենց ոստիկանական բաժանմունքն է սոցիալական վիճակից բողոքելու լավագույն վայրը: Ինչո՞ւ քննիչ Քաղցրիկյանը չի հավատում, որ ինքը ոստիկանության բաժին է գնացել հանցագործության մասին հաղորդում տալու, իսկ հերթապահը` մայոր Բաբաջանյանն այն չի գրանցել: Այս բոլոր հարցադրումներին պատասխանող կողմը չկարողացավ որեւէ հստակ բացատրություն տալ:

Այնուհետեւ մեջբերելով ավելի քան 10 ոստիկանների նախաքննական մարմնին տված ցուցմունքներն այն մասին, թե ոստիկանությունը Պուշկինի փողոցի երթեւեկը կարգավորել է մերկասառույցի պատճառով վթարներից խուսափելու նպատակով, Լ. Բարսեղյանը հետաքրքրվեց, արդյոք «որպեսզի նրանց գազի բալոնները չպայթեն» արտահայտությունը տարօրինակ չի թվացել քննիչին, արդյոք պ. Քաղցրիկյանը պարզե՞լ է, թե որտեղից է հայտնի ոստիկաններին, որ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները գազի բալոններով են առանց բեռնախցերը բացելու կամ փորձե՞լ է  վիճակագրություն ճշտել, թե քանի՞ նման դեպք է արձանագրվել Հայաստանի պատմության մեջ ու որքանով է ոստիկանության այդ մտահոգությունը հիմնավորված: Լ. Բարսեղյանին հետաքրքում էր նաեւ, թե ինչու էին քննիչ Քաղցրիկանին այդքան արժանահավատ թվացել ոստիկանության բոլոր ներկայացուցիչների տված բացատրությունները, իսկ քաղաքացու հանցագործության վերաբերյալ հաղորդումներն` անտեսվել: «Եթե 28 հոգի նույն բանն է ասում, ինչպե՞ս կարող եմ չհավատալ»,- արդարացավ պատասխանող Քաղցրիկյանը: «Ուրեմն ստացվում է, եթե ես բերեմ 29 հոգի, որոնք նույն բանը կասեն, դուք ինձ կհավատաք»,- հարցրեց Լ. Բարսեղյանը:

Հուլիսի 15-ի դատական նիստում կողմերը հանդես եկան ճառերով: Լ. Բարսեղյանը մասնավորապես նշեց, որ պատասխանողը չի պարզել, թե 2011 թ. փետրվարի 15-ին Ջաջուռի լեռնանցքի մուտքը Շիրակի մարզում ոստիկանների կողմից իբր ձնաբքի պատճառով փակելուց հետո, արդյոք նրանք այդ մասին տեղեկացրել են ձյունը մաքրող որեւէ ընկերության, տեղեկացրել են ՀՀ ԱԻ նախարարությանը կամ` տրանսպորտի եւ կապ նախարարությանը, ոստիկանության Լոռու մարզային վարչությանը, որպեսզի լեռնանցքի հակառակ կողմից էլ անվտանգության ապահովման միջոցառումներ ձեռնարկվեն:

Քննիչը չի պարզել, թե 15.2.2011 թ. Ջաջուռի լեռնանցքի ճանապարհը ո՞ր կազմակերպությունը եւ, ե՞րբ է մաքրել ձյունից, ե՞րբ է անցանելի դարձել ճանապարհը: Քննիչը չի պարզել, թե ինչո՞ւ փետրվարի 15-ին Ջաջուռի լեռնանցքում ճանապարհային իրավիճակին տարբեր ոստիկաններ տարբեր գնահատականներ են տվել. «անանցանելի», «դժվար անցանելի», «սահմանափակված անցանելիությամբ»: Թե ո՞րն է սրանցից ճշմարիտը, քննիչը չի պարզել:

Քննիչը անտեղյակ է եղել եւ չի ուսումնասիրել փետրվարի 17-ին Սայաթ-Նովա փողոցում տեղի ունեցած իրադարձությունների նկարահանումները, որոնք կատարել են ոստիկանության աշխատակիցները: Քննիչը չի պարզել, թե ի՞նչ իրավունքով է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գ. Թադեւոսյանն այդ օրը, ապօրինաբար մտել քաղաքացի Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենան ու վերցրել բանալին:  Այդ գործողության մեջ քննիչը հափշտակման կամ կողոպուտի հանցակազմ չի տեսել եւ չի տվել արժանի իրավական գնահատական:

Քննիչը Գյումրու բաժնի ԱԳ բաժնի պետ Հայկ Զաքարյանի գործողություններում խուլիգանական հանցակազմ չի տեսել, երբ վերջինս, ոստիկանական համազգեստը հագին, հրապարակավ ոստիկանին եւ պաշտոնյային անվայել վիրավորական հայտարարություն է  արել քաղաքացու հասցեին: Լ. Բարսեղյանի համոզմամբ քննիչ Քաղցրիկյանը անգործություն դրսեւորելով իր տրամադրած DVD սկավառակի նկատմամամբ` մի ամբողջ շարք լուսանկարներում տեղանքն ու իրադրություն չճանաչելուց հետո որեւէ լրացուցիչ բացատրություն չի ստացել լուսանկարներն ու տեսանյութերը տրամադրողից:

«Բերված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ինձ հայտարարել, որ քննիչը դժվարություններ է ունեցել տրամաբանական եզրահանգումներ անելիս, իսկ արդյունքում ստացվել է խիստ կողմնակալ եւ թերի նախապատրաստություն այն բանից առաջ մինչեւ կեզրակացներ` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: Քննիչը չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները»,- եզրափակեց Լ. Բարսեղյանը:

Պատասխանող կողմը բավարարվեց հակիրճ ելույթով, մասնավորապես նշելով իր կատարած գործողությունների իրավական նորմերին համապատասխան լինելու հանգամանքը: Վերջինս մեկ անգամ եւս շեշտեց, որ չի ընդունում բողոքաբերի ներկայացրած փաստարկները:

Հուլիսի 18-ին դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց որոշումը, որով մերժեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ  Հովհաննես Քաղցրիկյանի դեմ ներկայացրած բողոքը: Միաժամանակ դատարանն ապացուցված համարեց այն, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածն ու այդ մասին դատախազությանն իրազեկելու որոշում կայացրեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter