Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սանահինի բնակիչը համոզված է, որ իրենց բակում կանգնած երկու մեքենաները հրդեհել են



Ալավերդի քաղաքի Սանահին գյուղական թաղամասի թիվ 2-րդ փողոցի 18 տան բնակիչ Լևոն Էվոյանը 2013թ.-ի ապրիլի 20-ին աշխատելու նպատակով  մեկնել է Մոսկվա: Նրա մեկնելուց հետո տանը մնացել են կինը` Սուսաննան և երկու անչափահաս աղջիկները:  Լևոն Էվոյանի  տունը գտնվում է Սանահին գյուղի եկեղեցամերձ հրապարակին հարող տարածքում: Տան բակում կանգնած են Լևոնին պատկանող «Գազ-53» և և նրա եղբորը` Գագիկ Էվոյանին  պատկանող «Աստղանիշ» ՍՊԸ-ի հաշվեկշռում գրանցված «Ռաֆ» մակնիշի  ավտոմեքենաները: «Իմ Ռուսաստան մեկնելուց մեկ ամիս անց, մայիսի 20-ին, գիշերը` ժամը 4-ի սահամաններում այրել են  «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան: Աշխատող մեքենա էր: Մեքենան հրդեհելու մասին ինձ անմիջապես չեն տեղեկացրել, որպեսզի ես Մոսկվայում չանհանգստանամ: Երկրորդ մեքենան վառելուց հետո են հրդեհների մասին տանից ինձ տեղեկացրել»,- պատմում է Լևոն Էվոյանը:  Իսկ երկրորդ մեքենան`«Գազ-53»-ը անհայտ անձինք հրդեհել  են  առաջինի հրդեհից 40 օր հետո`հունիսի 30-ի գիշերը:

«Իմ բակում կանգնած մեքենաները դիտավորյալ են հրդեհել: Ռուսաստան գնալու ժամանակ ես ավտոմեքենաների ակումուլյատորները հանել եմ և դրել տանը:  Բացառվում է, որ ավտոմեքենաները իրենց ներքին հոսանքից  վառվեին»,- ասաց  Լևոնը: Առաջին ավտոմեքենայի`«Ռաֆ»-ի հրդեհվելուց հետո հարևանները և Լևոնի կինը` Սուսաննան ենթադրել են, որ հավանաբար անցորդներից մեկը ծխախոտ է նետել  դեպի ավտոմեքենան, որից էլ բռնկվել է հրդեհը: Երբ 2-րդ ավտոմեքենան` «Գազ-53»-ն էլ է հրդեհվել, այդ ժամանակՍուսաննան և հարևանները հասկացել են, որ կատարվածը «թշնամություն» է: Լևոնը  հավաստիացնում է, որ գյուղում որևէ թշնամի չունի և իր համագյուղացիներից որևէ մեկին վատություն չի արել:  Այս իրավիճակում էլ  ավտոմեքենաները հրդեհելու համար նա չի կարողանում կասկածել որևէ մեկին:

Լևոն Էվոյան Սուսաննա Ասլիկյան

«Հիմի թե քաղաքական  պատճառների հետևանք է սա, թե թշնամություն է` չենք կարող ասել:  Քաղաքական, այնքանով, որ մենք  ընտրություններին միշտ ընտրել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասում է Սուսաննա Ասլիկյանը:  

Վերջինս  հայտնեց, որ  առաջին ավտոմեքենայի հրդեհը  զգացել են  մայիսի 20-ին: «Գիշերը աղջիկս հազում էր, ասացի` գնա ջուր խմի:  Հազի ձայնից, որ աչքս բացեցի, ինձ թվաց  երեխան  սենյակի լույսը վառել է: Տունը լուսավորված էր: Վեր կացա, որ լույսն անջատեմ, մեկ էլ  աչքս ընկավ լուսամուտին, տեսա դրսում կրակ է:  Երեխաներին արագ հանեցի տնից: Երբ տնից դուրս նետվեցինք, տեսանք  ավտոմեքենան է վառվում: Դա գիշերը 4-ի սահմաններում էր» ,- պատմեց Սուսաննան:

Երեխանները և Սուսաննան գոռալով հարևաններին արթնացնում են: Այդ ընթացքում ավտոմեքենան ամբողջությամբ այրվում է, հրդեհը տարածվում է դեպի բնակարանի լուսամուտը:  Հարևանները մեքենան թողնում, հանգցնում են  լուսամուտի հրդեհը: «Գազ-53» ավտոմեքենան  այրել են հունիսի 30-ին գիշերը` այս անգամ էլ ժամը 3-ի սահմաններում: Մինչ ավտոմեքենայում հրդեհ բռնկվելը Սուսաննան կես գիշերին թխթխկոցներ է լսոել:

«Տան լույսերը վառեցինք ու ես ու աղջիկներս դուրս եկանք, նայեցինք մեքենայի մոտ մարդ չկար: Երբ մտանք մեր սենյակ, մեքենայի մոտ երկաթի կտորներ կային դրված, նորից  դրանց թրխկոցները լսեցինք: Մեզ թվաց լուսամուտի  ապակին ջարդեցին: Ես ու երեխաներս  նորից դուրս եկանք, ավտոմեքենայի շուրջը պտտվեցինք:  Տեսանք ամեն ինչ նորմալ է, նորից տուն մտանք: Մենք հենց սենյակ մտանք մեքենան սկսեց վառվել»,- պատմում է Սուսաննան:  Հրդեհն այս անգամ էլ մարում են  հարևանները:

Լևոն էվոյանին հարցրի ավտոմեքենաների հրդեհի  հետևանքով պատճառած վնասի մասին: «Ես գտնում եմ, որ էդ մարդիկ ինձ նյութական վնաս չեն տվել, ավելի մեծ  վնաս են տվել` երեխեքս են վախած, նույնիսկ գիշերը վեր են թռչում: Ինձ ամենաշատ էդ մարդիկ են պետք, ես պետք  է նրանց հանդիպեմ»,- ասում է Ռուսաստանից վերադարձած Լևոնը: Նա  հրդեհի պատճառած վնասի չափին տեղյակ չէր: Լևոնը հայտնեց, որ սկզբում ավտոմեքենաների հրդեհի գործով զբաղվել է ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Եղիազարյանը, սակայն ներկայումս «Գազ-53» ավտոմեքենայի  հրդեհի  գործով զբաղվում է  նույն բաժանմունքի քննիչ Կարեն Մոսինյանը: Քննիչ Կարեն Մոսինյանից հեռախոսով  տեղեկատվություն խնդրեցինք Լևոն Էվոյանի  բնակարանի բակում կանգնած երկու ավտոմեքենաները  հրդեհելու մասին. «Գործը նախաքննության փուլում է: Նախաքննության շահերից ելնելով չենք կարող Ձեզ տեղեկատվություն հաղորդել: Ներկայումս նախաքննությունը փորձաքննությունների փուլում է»,- պատասխանեց քննիչ Մոսինյանը:

Թեև  ավտոմեքենաները հրդեհելուց անցել 4-5 ամիս, սակայն նախաքննությունից  տեղեկություններ  չունի նաև Լևոն Էվոյանը, ում ընտանիքը մեծ վախ է ապրում արդեն իրենց բնակարանը հրդեհելու համար:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ