HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապի՛ դուրս եկ, Զրո-զրո

Սկիզբ

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

1993 թ. մարտի սկզբին Մոնթեն սկսել էր զգալ, որ, չնայած անհնազանդ խմբավորման մարմրող դիմադրությանը, Մարտունու իր զինվորները բավական կարգապահություն եւ վստահություն էին ձեռք բերել, որպեսզի առանց իրեն կարողանային գործերը կարգավորել:

Ժամանակն էր փորձել իր փոխ-հրամանատարին` խորհրդային բանակի երիտասարդ վետերան ճարտարցի Մոսիին` տեսնելու համար, թե ինչ հաջողություն կունենա նա որպես Ավոյին փոխարինող: Ինչպես Մոնթեն ասաց իր ծնողներին ուղարկած տեսաուղերձում, ժամանակն էր` սկսել հաշիվները մաքրել Մարտունիում եւ տեղափոխվել ուրիշ ռազմաճակատ:

Նա որոշ քանակությամբ դիզել ապահովեց եւ կազմավորեց մի ջոկատ` հյուսիսում ոչ այնքան հստակ պատկերացված մի օպերացիա իրականացնելու համար: Ջոկատը բաղկացած էր մոտ 70 մարտունեցի եւ նույնքան` ամենահարավային Հադրութ շրջանի կամավորներից: Մոնթեի վարորդ Կոմիտասն էլ էր զինվորագրվել, ինչպես նաեւ` Սարիբեկն ու Աբո անունով մեկ այլ նվիրյալ սպա` Գիշի գյուղի մարտիկների եւ խարտյաշ մազերով Մավոյի ենթահրամանատարության տակ գտնվող մի ուրիշ խմբի հետ միասին: Նրանց միացան նաեւ «Գաղտնի բանակի» երկու նախկին ընկերներ Իրանից` Վահիկ Շ.-ն ու Մասիս Շ-ն, այլեւ` մոլորյալ պահեստապետ Մարատը, որը մեկ տարի առաջ հասարակական բանադրանքի ենթարկվելուց հետո մտափոխվել էր եւ այժմ իրեն համարում էր Մոնթեի հրամանատարության տակ կռվող հավատարիմ մարտիկ: Նելսոնը նույնպես ընդգրկված էր ջոկատում: Այն ներառում էր նաեւ մի քանի կանանց, որոնք անվանապես բուժաշխատողներ էին, բայց ինքնաձիգներ ունեին: Նաեւ` մի զրահամեքենայի անձնակազմ նահատակված Մաճկալաշեն գյուղից, գումարած` եւս 130 կամավոր: Այս կամավորներից քչերն էին, որ հստակ պատկերացում ունեին, թե որքան ժամանակ են իրենք ճանապահ գնալու, եւ թե ուր է բերելու իրենց այդ ճանապարհը:

Կամավորներով լցված 2-3 նորոգված տանկ, մի քանի զրահամեքենա եւ մի քանի` անձնակազմ տանող մեքենա մարտի 5-ի վաղ առավոտյան, նախքան լուրը կհասցներ տարածվել, ճանապարհ ընկան: Մյուս օրը, հայկական ավերված Հաթերք գյուղից դուրս, Մոնթեն կանգնել էր տեսախցիկի առջեւ եւ խնդրում էր Մարտակերտի շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանին` վկայություն տալ իրենց ոտքերի տակի ցածր խոտի մեջ թափված` թշնամու թողած զինամթերքի մասին.

- Զինամթերքը բերված է Իրանից, Թուրքիայից, արաբական երկրներից... - ասաց Դանիելյանը` չհիշատակելով իսրայելական միավորներն ու տեխնիկական օժանդակությունն Էլչիբեյի` խիստ հակաիրանական վարչակարգին: Քամին խփում էր խոսափողին` խլացնելով նրա ձայնը:

Մոնթեն ընդհատեց նրան եւ բաց ափը տարավ զինամթերքի կողմը.

- Պարզապես ասա՛, թե ինչ ես տեսնում:

Դանիելյանը կրկնեց իր խոսքերն Ադրբեջանին օգնություն ցույց տվող մահմեդական երկրների մասին:

Մոնթեն կրկին ընդհատեց.

- Ի՞նչ ես տեսնում, պարզապես ասա՛, թե ինչ ես տեսնում, - գրգռված բղավեց նա:

Դանիելյանը մի քանի անհասկանալի վանկ մրթմրթաց, հետո Մոնթեն վերցրեց տեսախցիկն ու մոտեցրեց այն թշնամու լքած զինամթերքի պլաստիկ փաթեթավորման վրա գրված կապույտ ու սեւ եբրայերեն տառերին: Դանիելյանը հավանաբար ցանկանում էր հաճոյանալ արեւմտյան լսարանին` չտեսնելու տալով ակնհայտ փաստը, բայց նրանց ոտքերի տակ ապացույցն էր այն իրողության, որ Ադրբեջանը զինամթերք էր ստանում Իսրայելից:

Մոնթեի մարտիկները մյուս օրը կռվի բռնվեցին` թշնամուն դուրս մղելով Սարսանգի ջրամբարի հյուսիսային ափին գտնվող Հաթերքից: Հաջորդ օրը (մարտի 8-ին) նրանք թշնամուն եւս 5 կիլոմետր արեւմուտք քշեցին` հասնելով լքված Գետավան գյուղը: Այնտեղ նրանք իջեւանեցին դպրոցի քարե շենքում, որ թառել էր զառիթափի անխնամ ճանապարհին: Ապա նրանք հետ դարձան` մասնակցելու Ջանյաթաղի լեռնագագաթների համար մղվող կռիվներին` Մարտակերտի արեւելյան ճակատում:

Ծանր կռիվներից հետո նրանք մարտի 17-ին գրավեցին բարձունքները: 3 օր անց ադրբեջանցիները կազմակերպված հակահարձակումներ ձեռնարկեցին Մարտակերտի արեւելքում ու արեւմուտքում, ինչպես նաեւ` Լաչինի միջանցքից հյուսիս ու հարավ: Մոնթեի մարտիկները հետ մղեցին արեւելյան Մարտակերտի հակահարձակումներն ու առաջացան դեպի Պուշկեն Յալ կոչվող` ռազմավարական նշանակություն ունեցող բլուրը:

Մյուս առավոտ ժամը 7:29-ին տեսախցիկը կրկին աշխատում էր, երբ տանկերի հրանոթների թնդյունն ազդարարեց, որ Պուշկեն Յալի համար մղվող ճակատամարտն սկսվել է: Մորթե օձիքով ծանր զինվորական բաճկոն հագած` Մոնթեն պառկած է դարչնագույն խոտի մեջ, լեռան կատարի եզրին, որ նայում է հեռվում գտնվող բլուրներին ու ձյունածածկ գագաթներին: Նրա հրամանատարության տակ է մի թեւը, իսկ քողարկաներկված բաճկոն հագած Դանիելյանն առաջնորդում է մյուսը: Նրանց «ուոքի-թոքիները» խռխռում են, ինքնաձիգները` ճարճատում, մեջտեղում ծուխ է բարձրանում, եւ նրանցից ոչ հեռու հրետանային արկ է պայթում:

Ժամը 8-ը չլրացած` Մոնթեն խռպոտ ձայնով բղավում է.

- Շտապ օգնությո՜ւն, շտապ օգնությո՜ւն: Նրանք խփել են մեր БМП-2-ը:

Տեսախցիկը պտտվում է` տեսադաշտի մեջ առնելու համար հրամանատարին. նա այնքան բարձր է մռնչում, որ ձեռքերը դողում են.

- Շտապ օգնությո՜ւն, շտապ օգնությո՜ւն: Մենք խփել ենք մեր իսկ БМП-2-ը:

Տեսախցիկից դուրս մի ձայն ասում է.

- Բայց մերը հենց նոր դուրս եկավ. - ուզում է ասել` խփված զրահամեքենան ադրբեջաբական է:

Հեռվում մի այլ պայթյուն է բռնկվում, եւ Մոնթեն մի անմարդկային ճիչ է արձակում` կարծես փսխում է իր կոկորդը.

- Մե՜րն է, էշե՜ր, դուք բան չեք հասկանում:

Մի քանի րոպե անց 7-8 մարտիկ զինվորական դեղնա-դարչնագույն համազգեստներով լանջով ցած են վազում` БМП-2-ի անձնակազմի մի վիրավոր անդամի մարտադաշտից դուրս բերող տանկին ընդառաջ: Նրանք տանկի դռնակից մի հազիվ շարժվող մարդու են հանում: Դա Վարդանն է` հրեշտակային դեմքով ու պատանեկան ցանցառ մորուքով մի սլացիկ մարտիկ:

- Թողե՛ք մեռնեմ, տղաներ, - տնքում է նա ցնցվելով:

Նրա ընկերներից մեկը հուսահատ կատաղությամբ հարձակվում է տեսախցիկի վրա.

- Կորե՛ք այստեղից:

Նույն օրն ավելի ուշ Մարտունու զինվորները շրխկոցով բացում էին գոմերի ու զուգարանների դռները` մոտենալով Պուշկեն Յալի կատարին: Սակայն բլուրը հեշտ չէր պահել: Ադրբեջանցիների հակահարձակումները շարունակվեցին մինչեւ մարտի 25-ը, երբ Մոնթեն Պուշկեն Յալը թողեց Դանիելյանի զինվորների ձեռքում: Այդ պահին կարող էր թվալ, թե Մոնթեի մարտիկները կվերադառնան հարավ` Մարտունի կամ Հադրութ: Բայց փոխարենը նրանք արեւմուտք տանող ճանապարհով հետեւեցին իրենց հրամանատարին:

Մարտի 26-ին Մարտունու զինվորները, զենքերն ու զինամթերքը մեջքներին, 15 կիլոմետրից ավելի քայլեցին զառիվեր սարերի վրայով, մինչեւ որ հասան այն կետին, որտեղից հարձակվեցին Աղդաբան ռազմականացված գյուղի վրա` 30 կիլոմետր Ջանյաթաղից արեւմուտք: Ծանր մարտից եւ ադրբեջանցիների կատաղի դիմադրությունից հետո նրանք ճեղքեցին պաշտպանության գիծն ու առաջացան եւս մի քանի կիլոմետր դեպի արեւմուտք` մինչեւ Արցախի արեւմտյան եզրը:

Հաջորդ օրը Մոնթեն հարձակում գործեց քանդված Չարեքդար գյուղի վրա, որ գտնվում էր Մարտակերտից դեպի արեւմուտք տանող միակ ասֆալտապատ ճանապարհի երկու կողմում: Այդ միջոցին մեկ այլ հայկական զորախումբ մոտենում էր մի քանի կիլոմետր հյուսիս գտնվող Աղդաբանից, իսկ մի երրորդ խումբ էլ դիրքեր գրավեց մի քանի կիլոմետր հիմնական ուժերից հարավ, Նարեշտար գյուղի մոտ: Ոչ միայն Մոնթեի մարտիկների, այլեւ թշնամու հրամանատարների համար պետք է որ արդեն պարզ դարձած լիներ, թե ուր է տանում ճանապարհը: Ադրբեջանցիներին այժմ հայտնվել էին մի սպառնալիքի առաջ, որ մինչ այդ հազիվ թե որեւէ մեկը պատկերացներ. հայերը պատրաստվում էին ներխուժել Քելբաջար` Արցախը Հայաստանից բաժանող` 3000 քառակուսի կիլոմետրանոց սարերի ու ձորերի լաբիրինթոսը:

Նույն թվականին, դրանից առաջ, մի տեսախցիկ նկարահանել էր, թե ինչպես Մոնթեն ցեխոտ կոշիկներով դոփելով մտնում է իր գրասենյակը` Երեւանից եկած` Տեր-Պետրոսյանի կողմնակից պատգամավորների պատվիրակությանն ընդունելու համար: Լսարանից ուշացած դասախոսի նման նա անմիջապես սկսեց Մարտունիում պաշտպանական պատրաստությունների մասին դասախոսությունը: Մի պահ Մոնթեն շրջվեց դեպի իր հետեւում պատի մեծ մասը ծածկող քարտեզը եւ բաց դաստակը դրեց վրան` Արցախի ու Հայաստանի Հանրապետության սահմանների միջեւ:

- Այս տարածքը, - ասաց նա, - շատ կարեւոր է:

- Մի պահ թերահավատ լռություն տիրեց, որից հետո պատգամավորնորից մեկը` Բագրատ Ասատրյանը, քթի տակ մրթմրթաց, բայց դա լսելի եղավ հետեւում գտնվող տեսախցիկին.

- Գեղեցիկ երազնե՜ր:

Երկու ամիս էր անցել այդ օրվանից: Այժմ, գտնվելով Քելբաջարի քարե լաբիրինթոսի շեմին, թվում էր` Մոնթեն պիտի փորձեր իրագործել այդ «գեղեցիկ երազները»:

Աղդաբանի եւ Նարեշտարի ուժերը մոտենում էին, բայց Մոնթեի` Չարեքդարի մոտ գտնվող մարտիկները` ոչ, համենայն դեպս` ոչ մարտի 27-ին: Ադրբեջանցի հրամանատարներն իրենց ամենալավ մարզված ու ամենավճռական զինվորներին, որոնց թվում` տանկերի ուկրաինացի ու չեչեն հրամանատարների եւ թուրք կամավորների, նետել էին Չարեքդարի պաշտպանության ճակատ: Հենց որ Մոնթեի առաջնորդող տանկը մի ժայռի ստորոտում շրջադարձ կատարեց ճանապարհին, թշնամու «ֆագոտից» արձակված մի հրթիռ խփեց այն` սպանելով անձնակազմի բոլոր երեք անդամներին` հերհերցի երիտասարդների: Թվում էր, թե միշտ նրա լավագույն մատիկներն էին լինում առաջին զոհերը: Մոնթեի բղավոցը կանգնեցրեց առաջխաղացումը, հետո նա հետախույզներ ուղարկեց ժայռի գագաթը:

Այդ ընթացքում Քելբաջարից արեւմուտք, Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքի մոտ, մի չորրորդ զորամիավորում` բաղկացած կոկիկ համազգեստներով 50 մարտիկներից, արդեն սկսել էր մեծ ջանքեր գործադրելով Մռավի լեռների` ծնկներին հասնող ձյան միջով անցնել դեպի Քելբաջար: Այդ խումբը գլխավորում էր կարմիր բերետով մի թիկնեղ տղամարդ` մի հայ Արեւմուտքից, որ խոսում էր Մոնթեի նման նույն տարօրինակ բարբառով:

Իսկ Չարեքդարում Մոնթեի մարտիկները վերսկսեցին իրենց հարձակումն ամսի 28-ին: Ի վերջո, 8 ժամ կռվելուց եւ հայկական կողմում մեկ կորուստ ունենալուց հետո, նրանք թռան պաշտպանների խրամատների վրայով եւ գրավեցին 2 զրահամեքենա ու 1 տանկ, որի փողի վրա կիսալուսին եւ աստղ էր պատկերված: Գերեվարված զրահամեքենաները միացան երկարած շարասյանը, որ ճղփճղփոցով անցնում էր ոլորապտույտ հոսանքով Քելբաջար մտնող Թարթառ գետը: Երբ նրանք հասան մյուս ափը, Մոնթեն եւ իր մարտիկները ցած թռան տանկերից ու շարունակեցին քայլել: Հանգիստ, անժպիտ, դեղին փոշիով ծածկված` նրանցից ամենաերիտասարդն անգամ տասնյակ կռիվներ տեսած կոփված վետերան էր:

Նույն օրը տեղացի թղթակից Բաղրյանը լքված Վանքվան գյուղի մոտ հասավ Մոնթեին: Հրամանատարն իրենից հարցազրույց վերցնողին ներկայացավ մարտական հանդերձանքով, զրահաժիլետի վրայից հագած փամփշտակալով, բայց առանց սաղավարտի: Հեռվում, լեռների կատարին, ուրվագծվում էր հայկական միջնադարյան Դադիվանքը:

- Հիմա հասած ենք [Քելբաջարի շրջանի]` մինչեւ Կիրովաբադի ճանապարհը, եւ մենք երբ որ ուզենք, առաջ կերթանք. հարցը այն է` արդյոք կուզե՞նք կամ ոչ, քանի որ պիտի նախընտրեինք, որ խաղաղ բնակչությունը ապահով ձեւով դուրս ելլե այստեղեն, եւ հետո առաջ երթանք: Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար: Ուրեմն թերեւս նորեն կսկսենք:

Բայց ինչո՞ւ մտնել Քելբաջար: Այնտեղ հայեր չէին ապրում:

Մոնթեն հետագայում պնդում էր, որ իրենք «պիտի գրավեին Քելբաջարը», որովհետեւ ադրբեջանցիներն այդ տարածքից սկսել էին հայկական գյուղերի հրետակոծությունը: Բայց նրա համար այս օպերացիայի հիմքում զուտ, եւ ոչ էլ առաջին հերթին, անվտանգության նկատառումները չէին:

- Այս հարցը պատմական հարց է, - ասաց նա Բաղրյանին: Այսօրվա ժողովրդագրական կացությունն ու սահմանները Մոնթեի համար նշանակություն չունեին. Քելբաջարը պատմական Հայաստանի մաս էր:

- Անշուշտ ասիկա պատմական Հայաստան է, - ասաց նա` շրջվելով ու մատնացույց անելով վանքը հեռվում. - այն կամայական սահմանները, որ գծեցին 1921 թվականին, ոչ մեկ կապ ունին իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքերով, դժբախտաբար: Լավ կըլլար, եթե ազերիները հասկնային, որ լավ իրականությունը իրականությունն է, ընդունեին եւ ըսեին` լավ ձեզի է, վերջ:

Չնայած Քելբաջարի բնակչության կեսն ադրբեջանցիներ էին, կեսը` քրդեր, «իրականությունը որպես իրականություն» ընդունելու համար նրանք պետք է կամ հաշտվեին հայկական պետության մեջ որպես փոքրամասնություն ապրելու գաղափարի հետ, կամ թողնեին իրենց տները: Բայց հայ մարտիկներն արդեն բացառել էին առաջին հնարավորությունը` ինչպես Մոնթեն ինքը գրոհից անմիջապես առաջ խոստովանեց մի արեւմտյան թղթակցի.

- Երկու կողմից էլ շատ արյուն է թափվել, - նկատեց նա. - կրքերը բորբոքված են, եւ դա չի կարող նպաստել տեսանելի ապագայում միասին ապրելուն:

Թվում էր, ուրեմն, որ բացի զանգվածային տեղահանությունից բոլոր տարբերակները բացառված էին:

Մարտի 31-ին Մոնթեի մարտիկները եւս 9 կիլոմետր առաջ էին գնացել երկկողմանի ճանապարհով, որը հետեւում է Թարթառ գետի շրջադարձերին: Հանկարծ նրանք հայտնվեցին մի նեղ ու ոլորապտույտ ձորում` երկու կողմից ուղղահայաց 100 ոտնաչափանոց զառիթափերով: Մոնթեն տեսագրել է այդ պահը. Թարթառ գետի շագանակագույն ջուրը փրփրում է` քարերին բախվելով, իսկ արեւի ճառագայթները սահում են ուղիղ վեր ձգվող ժայռերի մակերեսով:

- Ի՜նչ գեղեցիկ տեղ է, - ասում է Մոնթեն` տեսախցիկով շարժվելով գետի երկայնքով. - դեռ ձմեռ է, տերեւները շատ չեն, բայց երբ շրջակայքը կանաչի, սա իսկապես գեղեցիկ տեղ կլինի:

Այս տեղանքի եւս 20 կիլոմետր էր նրա շարասյունը բաժանում Քելբաջարի շրջանի նույնանուն քաղաքից: Ձորի վերեւից Մոնթեի հետախույզները զննում էին դեպի հարավ` Լաչին տանող միակ ճանապարհի հետ խաչմերուկը: Կապոցներով բեռնված մարդատար ու բեռնատար մեքենաներ, մի անընդհատ շղթա կազմած, հեռանում էին Քելբաջարից: Մոնթեն իր շարասյանը հրամայեց կանգնել, որպեսզի այդ մեքենաները կարողանան անցնել:

Նրանք 24 ժամ սպասում ու դիտում էին: Վերջապես, Ապրիլի 1-ին, ժամը 14:00, երբ հետախույզները զեկուցեցին, որ փախստականների հոսքը բարակ առվակի էր վերածվել, իսկ հետո բոլորովին ցամաքել, Արցախի մարտիկները վերսկսեցին հարձակումը` հասնելով Զուֆուլգարլիից հարավ տանող թունելի մուտքի մոտ գտնվող խաչմերուկը: Հանկարծ, թունելից դուրս գալով, նրանց կողմը սլացավ մի ռազմական կանաչ ГАЗ-52 բեռնատար: Մոնթեի զինվորները կտրուկ փոխեցին իրենց ուղղությունը եւ կրակ բացեցին ինքնաձիգներով ու նռնականետներով: Մարտիկների մտքով չէր անցնում, որ բեռնատարը կարող էր ռազմական փոխադրամիջոց չլինել: Բայց երբ նրանք մոտեցան ծխացող հսկային, նրանց ծնոտները կախ ընկան. բեռնատարը տանում էր 25 քուրդ ու ադրբեջանցի կոլտնտեսականների, եւ ոչ մի զինվորի: Շատերը գնդակներից կամ բեկորներից վերքեր ու այրվածքներ էին ստացել, իսկ 4 հոգի, որոնց թվում` վարորդն ու նրա դուստրը, սպանված էին:

Մոնթեն հրամայեց ողջ մնացածներին Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխել: Նրանց մի մասը մեռնելու էին վերքերից: Հետագայում մի բրիտանացի թղթակցի տված հարցազրույցում Մոնթեն տխուր, ընդհատվող ձայնով բացատրեց, որ Զուֆուլգարլիի թունելի բերանին հասնելիս իր զինվորները ենթադրում էին, թե վերջին փախստականները հատել էին խաչմերուկը: Մարտիկները հոգնած ու նյարդայնացած էին, երբ կրակ բացեցին թունելից իրենց վրա եկող բեռնատարի վրա:

Մոնթեի շարասյունը եւս մի քանի կիլոմետր առաջ գնաց դեպի արեւմուտք, հետո կանգ առավ` չհասած մեկ այլ խաչմերուկի, այս անգամ դեպի հյուսիս` Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ Գանձակ քաղաքը տանող մեծ ճանապարհի հետ: Մոնթեի նպատակակետը` Քելբաջար քաղաքը, 15 կիլոմետր խաչմերուկից այն կողմ էր, դեպի հարավ-արեւմուտք: Ձորի վերեւից նրա հետախույզները դիտում էին մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների քարավանը, որ շարժվում էր դեպի հյուսիս` Գանձակ, մինչ գլխավերեւում հետ ու առաջ էին անում ադրբեջանցի փախստականներով գերբեռնված МИ-8 ուղղաթիռները:

Մոնթեն իր զինվորներին հրամայեց մինչեւ առաջ գնալը 40 ժամ սպասել: Այս անգամ նա պիտի համոզված լիներ, որ նրանք չեն կրկնի Զուֆուլգարլիի թունելի մոտ գործած ահավոր սխալը: Նրանք պիտի սպասեին, մինչեւ փախստականներն անցնեին խաչմերուկով` նույնիսկ ադրբեջանցի զինյալներին տարածք թափանցել եւ դիրքերն ամրապնդել թողնելու գնով: Մոնթեի սպա Աբոն, որ ադրբեջաներեն գիտեր, ռադիոյով կապվեց Քելբաջարի մարզպետի հետ, որը ներկայացավ իր «Խան» ծածկագրով:

- Զենքերը վա՛յր դրեք, - ասաց նրան Աբոն. - դուք ազատ եք` հեռանալու մինչեւ ապրիլի 2-ի ժամը 14:00. դուք եւ բոլոր խաղաղ բնակիչները:

- Մենք երբեք չենք հեռանա, - պատասխանեց խանը. - մենք կռվելու ենք մինչեւ վերջ:

Մոնթեն Աբոյին կարգադրեց բարձրախոս ուղղել խաչմերուկի կողմը` փախչող բնակչության հետ անմիջականորեն կապվելու համար, այն հույսով, որ նրանք լուրը կփոխանցեն իրենց այն ազգականներին ու հարեւաններին, որոնք դեռ Քելբաջարից դուրս գալու ճանապարհին չէին: Աբոն 5 անգամ, ռուսերեն եւ ադրբեջաներեն, հայտարարեց, որ ամեն ոք, ով չի ուզում փոխհրաձգության մեջ ընկնել, պետք է մինչեւ ուրբաթ` ապրիլի 2-ի ժամը 14:00, առանց հարձակումից վախենալու հեռանա տարածքից: Հայտարարությունն արձագանքում էր ձորով մեկ` հասնելով խաչմերուկին եւ ավելի հեռու:

Ապրիլի 1-ի երեկոյան ուղղաթիռները վերջին փախստականներին տեղափոխել էին ապահով տեղ` Եվլախ, որ մեկ ժամ ճանապահի հեռավորության վրա էր: Այդ ընթացքում ադրբեջանական տանկերն ու հետեւակը հասել էին խաչմերուկին եւ դիրքավորվել` պատրաստվելով անխուսափելի հարձակման: Ապրիլի 2-ին, ժամը 2:45, Մոնթեի ուժերը ներխուժեցին խաչմերուկ` կրակելով ուղիղ ադրբեջանցիների դիրքերի վրա: Մի քանի րոպե անց խաչմերուկը լցված էր թշնամու այրված զրահատեխնիկայով ու սպանված զինվորներով: Զոհվել էին նաեւ Մոնթեի 4 մարտիկ:

Մինչեւ հայերը կավարտեին թնամու զինամթերքը զննելը, զինվորներ տեղափոխող մի ЗИЛ բեռնատար եւ մի քանի ուրիշ մեքենաներ` բեռնված ադրբեջանցի զինյալներով ու վառելիքով, շրջադարձ կատարեցին ճիշտ Մոնթեի մարտիկների առջեւում ու սլացան ուղիղ նրանց վրա: Հայ զինվորներից մեկը տեսագրել է այդ պահը. տեսախցիկը պտտվում է` Մոնթեին որսալու համար, երբ նա ձեռքի հետ լիցքավորում է իր ինքնաձիգը` առանց թաքնվելու մասին հոգ տանելու: Նա ծունկը հենում է ճանապարհին, նշան բռնում եւ կրակում` այդ ամենը մեկ սահուն շարժումով, կարծես իր սովորության համաձայն, երբ մեկ ուրիշը կշփոթվեր: Նույն պահին տեսախցիկը հետ է դառնում դեպի շրջադարձը, եւ մարտունեցիների զրահամեքենայից մի արկ հարվածում է թշնամու վառելիքի բաքին` 60 ադրբեջանցիների գլորելով մի հսկայական նարնջագույն հրագնդի մեջ, որի լեզուները տարածվում են խցիկի շրջանակից այն կողմ` տեսադաշտը սպիտակեցնելով:

Երբ Գանձակի խաչմերուկում բոցերը նվազել էին, Մոնթեն վերցրեց տեսախցիկը` ավերածության տեսարանն արձանագրելու համար: Ճանապարհին, բարձր քարաժայռի ստորոտի կարմրավուն կավի ֆոնի վրա, թափված են ծռմռված ու այրված մեքենաներ: Տեսախցիկն անցնում է ածխացած ու դեպի դուրս ճկված դիակների վրայով, հետո ցույց տալիս արյունոտ դեմքեր ու դեպի երկինք բացված բերաններ:

- Ուզում եմ բոլորին մի բան տեղեկացնել, - տեսախցիկի հետեւում լսվում է Մոնթեի ձայնը. - նրանց ոտքերին կոշիկ չկա: Մեր տղաները զինվորական կոշիկներ չունեն, եւ երբ մենք ադրբեջանցու ենք սպանում, վերցնում ենք նրա կոշիկները...

Հստակ երեւում է, որ բոլոր դիակները գուլպաներով են: Մոնթեն տեսախցիկը մոտեցնում է երեսն ի վեր ճանապարհի եզրին պառկած մի խարտյաշ դիակի, հետո ցույց տալիս մեկ ուրիշին.

- Ռուս, - ասում է նա. - մեկ ռուս... երկու ռուս կար նրանց հետ:

Հետեւում, անդունդի եզրին կախված է մի հալված զրահամեքենայի կմախքը, իսկ ճանապարհի մյուս կողմում զինվորներ տեղափոխող մի մեքենա է ծխում` շրջապատված ածխացած, մահվան մեջ քարացած դիակներով ու բազմաթիվ պատառոտված անվադողերով: Մոնթեն ցույց է տալիս խաչմերուկը, որտեղ ընկած է թշնամու մոտ 70 դիակ, եւ խցիկը շարժում ճանապարհի ենկայնքով.

- Որքան գնաք այս ճանապարհով, - ասում է նա, - այնքան շատ դիակներ կգտնեք:

Երբ վիրավորները տեղափոխված էին Ստեփանակերտ, Մոնթեն հաշվեց իր մարդկանց. այժմ նրա հրամանատարության տակ միայն մոտ 60 հոգի կար: Որքան իրեն հայտնի էր, թշնամու պնդաճակատ պաշտպանների մեկ այլ խումբ պիտի որ դարանակալած լիներ Գանձակի խաչմերուկի ու Քելբաջար քաղաքի միջեւ անցնող ճանապարհի վերջին 15 կիլոմետրի վրա ինչ-որ մի տեղ: Նա օժանդակ ուժերի կարիք ուներ, բայց արեւը մայր մտնելու վրա էր, եւ եթե ինքը սպասեր թարմ ուժերի ժամանմանը, իր մարդիկ կկորցնեին իրենց ոգեւորությունը: Մոնթեն հրաման տվեց, եւ բեռնատարներն ու տանկերը սեւ ծուխ արձակելով առաջ շարժվեցին:

Տեսախցիկն արձանագրել է խմբերից հետ մնացած ադրբեջանցիների ու քրդերի հետ հանդիպումներ ճանապարհի վերջին հատվածում. թշնամու մի թախծոտ զինվոր` վիրակապված ձեռքով ու այրված ոտքով, էշ նստած` մոտենում ու հանձնվում է: Մի ծերունի` գունաթափված բաճկոնով, որի վրա Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ մեդալներ կան, հեկեկում է` իր տունն ընդմիշտ թողնելուց առաջ: Մի տարիքով կին` սեւ «յազմայով», փայտի վրա մի պատռված սպիտակ լաթ սասանելով, ադրբեջաներեն ողջունում է Մոնթեին եւ Աբոյին, հետո հանկարծ ծնկի իջնում` Մոնթեի ոտքերը համբուրելու: Զարմանքով ու անհարմարության զգացումով` Մոնթեն փորձում է ետ հրել նրան:

- Յո՛խ, - բղավում է նա, - ո՛չ:

Մոնթեն բնազդաբար կռանում է եւ կնոջը թեւից բռնած բարձրացնում.

- Ի՞նչ ես անում, - թուրքերեն հարցնում է նա, - երբեք այդպիսի բան մի՛ արա:

Դրանից ոչ շատ անց տեսախցիկը դեռ աշխատում է, երբ Մոնթեն եւ իր մարտիկերի մի խումբ, իրար գլխի հավաքված, ձեռքից ձեռք են փոխանցում տեղական «Իսդի սու» հանքային ջրի մի շիշ: Նրանք հենց նոր լսել են ռադիոյով, որ ուրիշ ռազմաճակատից եկած զորքերը գրավել են Քելբաջար քաղաքը:

- Քելբաջարը մե՜րն է, - բղավում է Մոնթեն:

Նելսոնը մի մեծ կում է անում ու շիշը տալիս Մոնթեին: Դրսից եկածը գուցե եւ խելագար է, բայց այս անգամ նա իրենց հաղթանակի առաջնորդեց:

Երբ Մոնթեն շաբաթ օրը, ապրիլի 3-ին, մտավ Քելբաջար քաղաքը, նա գտավ մաքուր, բայց անկյանք ցուցափեղկերի մի շարան ու մի քանի հավ: Քաղաքի բնակիչներն այնպիսի շտապողական վիճակում էին հեռացել, որ չէին մտածել հավերին վերցնել որպես ճանապարհի համար ուտելիք: Կյանքի մյուս նշույլը քաղաքի կենտրոնով անցնող ճանապարհի վրա պարապ կանգնած զրահամեքենան էր:

- Շնորհավորո՛ւմ եմ, - բղավեց Մոնթեն զրահամեքենայի վրա նստած մի մարտիկի, որ լքված քաղաքը Մոնթեի զինվորներից անմիջապես առաջ մտած զորախմբերից մեկի անդամ էր:

Վարդենիսից եկած զինվորները Մոնթեից շուտ Քելբաջար քաղաքը մտածների թվում էին: Ինչպես պարզվեց, խմբի ղեկավարը` կարմիր բերետով հրամանատարը, որ խոսում էր տարօրինակ բարբառով, Մոնթեի հին ծանոթներից էր: Շիշկոն Հայաստան էր եկել երկու ու կես տարի առաջ, ընդհատակի իր նախկին ընկեր «Տիմոթի Շոն Մաք Քորմիքից» ուղիղ 20 օր հետո: Մարսելցին Հայաստան էր մտել իր 47 անձնագրերից մեկով, այս անգամ` իտալականով, Անջելո Ռոսսետտի («Կարմիր հրեշտակիկ») անունով: Քելբաջարի գրոհի սկզբից ի վեր Մոնթեն լսել էր Շիշկոյի արշավանքի մասին, բայց, ի թեթեւություն իրեն, իր եւ իր օտարացած ընկերոջ ճանապարհները չէին հատվել:

Ձորը հանդարտ էր: Քելբաջարի հարձակումն ավարտված էր: Մի վճռական գրոհով հայ մարտիկներն ապահովել էին Արցախի ողջ արեւմտյան թեւը` Մռավի լեռներից` հյուսիսում, մինչեւ Լաչինի միջանցքը` 90 կիլոմետր դեպի հարավ: Քելբաջարի գրավման շնորհիվ նրանք վերահսկեցին Արցախի ու մայր Հայաստանի միջեւ ընկած` 3000 քառակուսի կիլոմետրանոց մի` սարերի ու ձորերի գոտի: Այսպիսով, Մոնթեն եւ մյուս մարտիկներն Արցախը միացրել էին Հայաստանի Հանրապետությանը` միաժամանակ ամրացնելով պաշտպանական դիրքերը հյուսիսում: Իրենց տրամադրության տակ ունենալով անառիկ ու տարածքի վրա իշխող բարձունքներ` 100-200 մարտիկներ կարող էին այժմ պաշտպանել Մռավի լեռնանցքներն ադրբեջանցիների հակահարձակումից` ազատելով Արցախի մնացած ուժերին` հարավի ու արեւելքի ռազմաճակատները տեղափոխվելու համար:

Քելբաջարը գրավված էր, բայց հաղթանակը Մոնթեի լավագույն զինվորներից 40-ի կյանքն արժեցավ: Ադրբեջանական աղբյուրները հաղորդում էին, թե նույն չորսօրյա ժամանակահատվածում իրենց 100 զինվոր էր զոհվել, սակայն նրանք հավանաբար քիչ էին հաշվել. մոտ 70 ադրբեջանցի պաշտպաններ ընկան միայն Գանձակի խաչմերուկում ապրիլի 2-ին: Զոհերի ճշգրիտ թիվը չիմացվեց, բայց մի բան պարզ էր. բացի զինվորականներից, ադրբեջանական կողմից նաեւ խաղաղ բնակիչներ էին զոհվել: Որոշ գյուղացիներ վախից խուսափել էին դուրս գալ ասֆալտապատ ճանապարհ եւ, հայտնվելով բարձր լեռնային արահետների ու լեռնանցքների ձնաթմբերի մեջ, սառել-մահացել էին:

Երբ հայկական կամ ադրբեջանական կողմն անհաջողություն էր կրում կռվի դաշտում, հռետորներն ու նախարարները Երեւանում ու Բաքվում պարտության պատճառ էին համարում մյուս կողմին Ռուսաստանի ցույց տված օգնությունը: Ադրբեջանցիների հարձակումներից հետո հայերը մեղադրում էին Ռուսաստանին` Ադրբեջանի կողմը բռնելու համար, իսկ հայերի հարձակումներից հետո ադրբեջանցիները մեղադրում էին Ռուսաստանին` Հայաստանի կողմը բռնելու համար: Այսպիսով, Քելբաջարից հետո զարմանալի չէր, որ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարեց. «Հայկական բանակը մերից թույլ է, բայց, ինչպես միշտ, ռուսական բանակն է կռվում»: Գուլուզադեն սխալվում էր. Քելբաջարի գրոհի ժամանակ մարտադաշտում ներկա միակ սլավոններն ադրբեջանական կողմում կռվող վարձկաններն էին: Հայերի կողմից Քելբաջարում ռուսներ չէին կռվել, ոչ էլ ռուսներն էին ծրագրել հարձակումը. այդ պարտականությունը բաժին էր ընկել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպիտակահեր գեներալ-գնդապետ Դարիբալթայանին:

Այդուհանդերձ, սա չէր նշանակում, թե Կրեմլը չողջունեց հայերի` Քելբաջար մտնելու մասին լուրը: Հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ ռազմական սպառնալիքները սաստկանում էին. Վաշինգտոնը ցանկանում էր ՆԱՏՕ-ն ընդլայնել մինչեւ Ռուսաստանի արեւմտյան շեմը, ռազմական բազաներ տեղակայել Միջին Ասիայում եւ չեղյալ հայտարարել բալիստիկ հրթիռների դեմ համաձայնագիրը: Հյուսիսային Կովկասում Չեչնիան տատանվում էր անջատողական ապստամբության սահմանագծին, մինչ Հայաստանի հյուսիսային հարեւանը` նորանկախ Վրաստանի Հանրապետությունը երեք քաղաքացիական պատերազմներում քայքայում էր ինքն իրեն, իսկ նախկին խորհրդային հանրապետություն Ադրբեջանը դարձյալ հայացքն ուղղել էր Ռուսաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի կողմը, որի ղեկավարները քնարական զեղումների մեջ էին ընկնում` Կովկասն ու Միջին Ասիան «թուրքական դարաշրջանի» համար «ցատկահարթակի» վերածելու կապակցությամբ: Միայն Հայաստանը կարող էր Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը լինել հարավային Կովկասում:

Երբ Մոնթեի մարտիկները մտան Թարթառ գետի կիրճը, նրանք կտրուկ կերպով ընդհատեցին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` Արցախի ապագային վերաբերող «խորհրդակցությունները» Ժնեւում: Քելբաջարի գրոհն ուժերի հարաբերակցությունը հարավային Կովկասում փոխեց հօգուտ Ռուսաստանի` ի հաշիվ Անկարայի: «Այն, ինչ պատահեց այսօր, արմատապես փոխում է տարածաշրջանի ռազմական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը, - հայտարարեց Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խոսնակ Խաֆիզ Գայիբովն ապրիլի 4-ին: - Հայկական ուժերի գրաված տարածքը Լեռնային Ղարաբաղի չափ է»: Նախագահ Էլչիբեյը 18-27 տարեկան տղաների զորահավաք հայտարարեց, մամուլի գրաքննություն սահմանեց եւ պարետային ժամ, նաեւ արգելեց ցույցերն ու գործադուլները` վաթսունօրյա համազգային հատուկ դրության միջոցառումներ:

Այդ ընթացքում Երեւանում նստավայրի պահակներն ընդունում էին խոժոռադեմ դիվանագետների, որոնք բողոքի նամակներ էին բերում Տեր-Պետրոսյանի գրասենյակը: ԱՄՆ պետական դեպարտամենտն առաջիններից էր, որ ապրիլի 5-ին, երկուշաբթի, «խիստ բողոք» արձանագրեց: «Միացյալ Նահանգների կառավարությունը դատապարտում է այս հարձակումը», - կռկռում էր պետական քարտուղար Ուորրեն Քրիստոֆերը` մի մարդ, որ հրճվանքով էր լցվել, երբ Թուրքիան հարձակվեց Իրաքյան Քրդստանի վրա, իսկ Իսրայելը` Լիբանանի: Հետո Եվրոպական համայնքը եւ «Միացյալ ազգերի անվտանգության խորհուրդը» հետեւեցին նրանց օրինակին: Թուրքիան ու Պակիստանը համատեղ պաշտպանեցին ՄԱԿ-ի 822 որոշումը, որ կոչ էր անում անմիջապես դուրս բերել «էթնիկ հայկական ուժերը» Քելբաջարից եւ «անհապաղ հանել օկուպանտներին Քելբաջարի շրջանից ու Ադրբեջանի` վերջերս գրավյալ տարածքներից»: Որոշումն անցավ միաձայն:

ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Աքսինը հայտարարեց, թե Թուրքիան «թույլ չի տա, որ որեւէ մեկը, որեւէ մեկը գրավի ադրբեջանական տարածքները»: Անկարայի նրա գործընկերները ճանաչեցին այն հրամանատարի անունը, որ Քելբաջարի հարձակման ժամանակ առաջնորդել էր հիմնական ուժերին: Անցյալ հուլիսին թուրքական «Հուրրիեթ» թերթը հաղորդել էր, թե «Գաղտնի բանակի» մարտիկ Մոնթե Մելքոնյանը, որ հարձակում էր գործել Թուրքիայի դեսպանատների պաշտոնյաների վրա Հռոմում ու Աթենքում, Լեռնային Ղարաբաղում կռվում է որպես հրամանատար, իսկ «Հուրրիեթի» հրապարակումից մի երկու օր հետո, 1992 թ. հուլիսի 23-ին, թուրքական «Միլլիեթ» օրաթերթի առաջին էջի վրա խոշոր տառերով ազդարարված էր. «Հայ ահաբեկիչը վերջերս դարձել է հրամանատար»:

Անկարայի հայտարարությունները գնալով ավելի մարտաշունչ էին դառնում: «Թուրքիան պիտի ատամներ ցույց տա Հայաստանին», - ապրիլի սկզբին հայտարարեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Հետո, երբ թուրքական ուղղաթիռներ, տանկեր եւ հետեւակ էր կուտակվել Հայաստանի սահմանի մոտ, Օզալը բարձրաձայն դատողություններ էր անում. «Ի՞նչ վնաս, եթե սահմանի մոտ զինավարժություններ կատարող թուրքական զորքերը մի քանի ռումբ գցեն հայկական կողմի վրա»: Համարյա 1 տարի առաջ, Շուշիի անկումից անմիջապես հետո, ԱՊՀ ռազմական ղեկավար գեներալ Եվգենի Շապոշնիկովն արդեն պատասխանել էր Օզալի հարցին` զգուշացնելով «երրորդ համաշխարհային պատերազմից, եթե Թուրքիան ներգրավվի Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ»:

Կարծես ծաղրելով Ռուսաստանի նախազգուշացումները, Օզալը ուղեւորվեց Միջին Ասիայի նախկին խորհրդային 5 հանրապետություններ` Ադրբեջանի համար օգնություն հայցելու նպատակով: Ապրիլի 14-ին, Բաքվի մամլո ասուլիսում, Թուրքիայի նախագահը հայտարարեց. «Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, այդ թվում` Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելը, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կռիվը չդադարի»:

Երեք օր անց, ապրիլի 17-ին, Օզալը 66 տարեկան հասակում մահկանացուն կնքեց սրտային անբավարարությունից: Անկարայի պաշտոնյաները ենթադրեցին, թե Թուրքիայի նախագահի տենդագին ուղեւորությունն էր հանգեցրել մահվան: «Գաղտնի բանակի» նախկին մարտիկ Մոնթեն չէր կարող ինքն իրեն չշնորհավորել` Թուրգութ Օզալի մահվանը նպաստելու համար: Օզալը Թուրքայի այն ղեկավարն էր, որի հանդեպ նա վաղուց հակակրանքով էր լցված:

Հարեւան Իրանը ջանում էր պաշտոնապես չեզոք դիրք գրավել, թեեւ միացել էր հայերի հարձակումը Քելբաջարի վրա դատապարտած պետություններին: Իրանն արդեն խեղդվում էր Աֆղանստանից ու Իրաքից եկած փախստականներից: Ամենից քիչ նրան պետք էին այն տասնյակ հազարավոր տեղահանվածները, որ Ադրբեջանից գալիս էին հյուսիս-արեւմտյան Իրանի` ադրբեջանցիներով բնակեցված տարածքներ, որպեսզի գրգռեն ադրբեջանական ազգայնամոլությունն Իսլամական Հանրապետությունում: Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին սպառնաց, առանց մանրամասնելու, որ «ավելի խիստ դիրքորոշում կընդունի», եթե կռիվը շարունակվի:

Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը Թեհրանում էր, երբ հրանոթներն սկսեցին դղրդալ Քելբաջարի կիրճերում: Դատելով նրա շփոթված արձագանքից` նրան չէին տեղեկացրել հարձակման մասին, մինչեւ որ տանկերը մտել էին Թարթառ գետի կիրճը: Հենց որ լուրը նախագահին հասավ, նա մի զայրացած նամակ կրակեց պաշտպանական ուժերի ղեկավարությանը: Տեր-Պետրոսյանը վստահ էր, թե հարձակումը հանգեցնելու էր միայն Հայաստանի դիվանագիտական մեկուսացմանը, խանգարելու Անկարայի հետ բոլոր կարեւոր առեւտրական համաձայնություններին եւ ավելի բարդացնելու խաղաղ բանակցությունների` առանց այդ էլ բարդ գործընթացը, որ անհրաժեշտ էր` տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար:

Տեր-Պետրոսյանն սկսել էր իր նախագահությունն Արեւմուտքին հաճոյանալու վճռականությամբ` Մոսկվային արհամարհելու, Թեհրանից հեռու մնալու եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ մերձենալու ճանապարհով: Բայց այժմ, երկամյա դիվանագիտական նախերգանքներից ու Անկարային զիջումներից հետո, պարզ էր, որ Տեր-Պետրոսյանի «նոր մտածողությունը» ձախողվել էր. Քելբաջարի գրոհի հետեւանքով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարվածեց Հայաստանին տնտեսական էմբարգոյով եւ սպառնաց գրավել երկիրը:

Այն փաստը, որ Արեւմուտքը չէր ցանկանում մեղմել Անկարայի թշնամանքը, երեւի զարմացրել էր Տեր-Պետրոսյանին ու նրա` լավ հագնված խորհրդականներին, բայց Մոնթեն զարմացած չէր: Չարեքդարի գրոհից մի քանի ժամ առաջ տված մի տեսահարցազրույցում նախկին դպրոցական ուսուցիչը կոկորդը մաքրեց եւ իրավիճակն ամփոփեց այսպես. «Միացյալ Նահանգները վերին աստիճանի սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ: Նրանք շատ հարցերում Թուրքիային են ապավինում: Թուրքիան մի տեսակ նրանց խամաճիկն է տարածաշրջանում: Թուրքիան քիչ թե շատ անում է այն, ինչ նրանք ուզում են: Այն ուժեղ բանակ ունի: Միացյալ Նահանգներն ուզում են այդ բանակն օգտագործել` արաբական պետությունները, Իրանը վերահսկելու եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում ուժեղացնելու համար: Ուստի Միացյալ Նահանգները պատրաստ են ամբողջովին անտեսել բազմաթիվ ժողովուրդների, որոնց թվում` հայ ժողովրդին»:

Այսպես, 7 կարճ նախադասությամբ, Մոնթեն բնորոշեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներն` ավելի հստակ ու իրատեսորեն, քան Տեր-Պետրոսյանի խորհրդականների գրած բոլոր մեկնաբանությունները:

Բայց աշխարհաքաղաքականությունը վերջին բանն էր Մոնթեի մտքում, երբ նա բարձրանում էր Մարտունու շտաբի աստիճաններով ապրիլի 5-ի առավոտյան ժամը 5:40: Նա Մարտունուց հեռացել էր ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 5-ին, եւ այդ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում քնելու համար հրամանատարը կարողացել էր ընդամենը մի քանի ժամ փախցնել` ջարդուխուրդ եղած իր ծառայողական մեքենայի հետեւի նստարանին: Այժմ երազում էր մեկնվել եւ մի քանի ժամ անդադար մրափել: Պարզվեց, սակայն, որ չկար այն սենյակի բանալին, որտեղ նրա թախտն էր: Այսպես հրամանատարը` նրանցից մեկը, որ հենց նոր պատերազմի եզրին էին բերել Ռուսաստանն ու Թուրքիան, միջանցքում մի քնապարկ բացեց ու ներս սողոսկեց:

20 րոպե էր անցել, ինչ Մոնթեն աչքերը փակել էր, երբ նրան արթնացրին. թշնամին հարձակվել էր «Հովիկ 1» խրամատի վրա ու գրավել այն: Մոնթեն վեր ցատկեց, գոտին կոճկեց ու իր մարտիկներին հետ տարավ կռվի: Հաջորդ օրերին կռիվը շարունակվում էր առանց ընմիջման. «Հովիկ 1» եւ Սեւանի խրամատների մոտ (ապրիլի 8 եւ 9), Կզիլկայա լեռնագագաթին (ապրիլի 10-ից սկսած), «Վալոդ» ու «Ռաֆո 5» խրամատների մոտ (ապրիլի 13-ից սկսած), «Հովիկ 1», «Սեւան 4» ու «Վալոդ» խրամատների մոտ (ապրիլի 14-ից սկսած), Կրասնի Բազարի ու Մաճկալաշենի ճակատներում (ապրիլի 16-ից սկսած) եւ այդպես շարունակ: «Մեր կողմը շատ ադրբեջանցի է սպանել», - գրեց Մոնթեն իր օրացույցում, «Վալոդ» խրամատի մոտ ապրիլի 13-ին տեղի ունեցած կռվից հետո: Բայց այդ հաղթանակները նրա 20-ից ավելի մարտիկների կյանքն արժեցան, եւ, ինչպես միշտ, լավագույնները միշտ առաջինն էին սպանվում:

Երբ տեղացի թղթակից Վարդգես Բաղրյանն ապրիլի վերջին շաբաթվա մի օր Ստեփանակերտում հանդիպեց Մոնթեին ու հրավիրեց նրան հեռուստահարցազրույցի, հրամանատարը գլուխն օրորեց եւ փորձեց հեռանալ.

- Ես իսկապես կշտապեմ:

Բաղրյանը պնդեց` հավաստիացնելով նրան, որ հարցազրույցը միայն կես ժամ է խլելու: Մոնթեն մի հայացք գցեց ժամացույցին ու զիջեց.

- Դե լավ, գնացինք:

Հաջորդ պահին նա Բաղրյանին նայում էր հեռուստաստուդիայի բարձր հարթակից: Լրագրողը նպատակադրվել էր ինչ-որ բան բացահայտել լեգենդար հրամանատար «Ավոյի» անվան տակ թաքնված մարդու մասին:

- Ավո՛, երբ դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ինչի՞ մասին ես մտածում, - հարցրեց նա:

Մոնթեն ներողություն հայցելու շարժումով ուսերը կծկեց եւ պատասխանեց.

- Ընդհանրապես կմտածեմ գործիս մասին, նույն բանի մասին: Այսինքն գործը այնքան ծանր է, որ միայն անոր մասին մտածելու ժամանակ կըլլա, իսկապես:

Չհիասթափվելով` Բաղրյանը հարցրեց.

- Ազատ ժամանակ ունենու՞մ ես արդյոք, եւ եթե ունենում ես, ինչո՞վ ես զբաղվում:

- Ո՛չ, ազատ ժամանակ չունիմ, իսկապես: Դժբախտաբար, դժբախտաբար չկա: Ադոր համար ոչ մեկ ուրիշ բանով չեմ զբաղվիր, - պատասխանեց Մոնթեն` կրկին մեղավոր շարժումով:

Հարցազրույցն ավարտելուց առաջ Բաղրյանն իր հյուրին հարցրեց. երբեւիցե եղե՞լ են պահեր, երբ նա ափսոսել է Արցախ գալու համար:

- Չըսենք, որ կափսոսամ, - պատասխանեց Մոնթեն, - անշուշտ պահեր կան, որ որոշ մարդկանց անկարգապահ ըլլալը, կամ գիտակցության ցածր մակարդակի պատճառով ջիղերդ գրեթե պայթելու աստիճանի կհասնին: Այս տեսակ բաներ շատ են: Բայց չըսեմ, որ կզղջամ, որ եկած եմ Արցախ: Արցախը իմ հայրենիքիս մեկ մասն է, եւ ինչ որ պետք է ընենք այստեղ, նաեւ ես պիտի ընեմ:

Շուտով ուրիշ «բաներ» էին լինելու: Մայիսի 4-ին Լաչին գյուղի ավերակների մեջ Մոնթեն հանդիպեց իր հին ընկեր գնդապետ Հարոյանին` մեկ այլ ծրագրված հարձակման համար հետախուզություն վարելիս: Այս անգամ նշանակետը Կուբաթլին էր` Լաչինից հարավ, հյուսիսում Քելբաջարի եւ հարավում Իրանի հետ սահմանի միջեւ գտնվող մի փոքր հողակտոր: 18 ժամ Լաչինից հարավ գտնվող խոտածածկ բլուրների վրա թափառելուց եւ հեռադիտակով նայելուց հետո, նրանք թեթեւ անձրեւի տակ հետ գնացին դեպի ծառայողական մեքենան: Դեպի Լաչին վերադարձի ճանապարհին մի հարբած զինվոր պահակակետում ինքնաձիգը բարձրացրեց ու կրակեց մեքենայի վրա: Կոմիտասը կանգ առավ, իսկ Մոնթեն, ինքնաձիգը լիցքավորելով, դուրս թռավ մեքենայից: Զինվորն ու Մոնթեն մոտեցան իրար` ինքնաձիգներն իրար վրա պահած, մինչեւ կանգնեցին դեմ առ դեմ: Հարոյանը դուրս ցատկեց մեքենայից ու բռնեց հարբածի ինքնաձիգի փողից, բայց երբ նա դեպի վար էր հրում այն, ինքնաձիգը կրակեց, եւ երկու գնդակ մտան գնդապետի ձախ ազդրը: Հարբած զինվորին ծեծելուց հետո Կոմիտասը Հարոյանին տարավ մոտակա գյուղի պոլիկլինիկան: Այնտեղից Հարոյանին տեղափոխեցին Երեւան բուժման:

Մոնթեն Հարոյանի հետեւից գնաց Երեւան` մի ընկերոջ թաղմանը ներկա լինելու: Մայիսի 9-ին, նախքան Մոնթեն կվերադառնար Մարտունի, Սեդան ու Կոմիտասը, հայտնվելով «Էրեբունի» օդանավակայանում, հետեւում էին նրան: Այնտեղ, ինքնաթիռների մեջ, «նա երջանիկ էր` ինչպես մանուկն իր սիրելի խաղահրապարակում», - հիշում էր Սեդան: 30 տարի առաջ Մոնթեն երեւակայել էր, թե մեծանալով արծիվ է դառնալու: Այժմ, խցկվելով հին СУ ռազմական ինքնաթիռի խցիկը, նա հայտարարեց.

- Ուզում եմ սրանով թռչել սովորել:

- Զբաղվի՛ր քո գործով, իսկ ինքնաթիռները թո՛ղ օդաչուներին, - խորհուրդ տվեց մեկը:

Արհամարհելով դիտողությունը` Մոնթեն պտույտ եկավ օդաչուի աթոռին եւ աղմուկով շարժեց ղեկը: Մի պահ նա դարձավ այն տղան, որ իր ծննդավայրում սովորություն ուներ գյուղատնտեսական տեխնիկայի կայանում ցատկոտելու տրակտորների նստարաններին:

Երբ մայիսի կեսին Մոնթեն վերդառնում էր Մարտունի, իր շտաբի ճանապարհին, պահակի տնակի կողքին, կեղտափոսի մեջ մի գոմեշ էր լող տալիս: Արցախում ամառ էր: Իր գր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter