HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանից պահանջում է «գաղտնազերծել» հարստանալու մեխանիզմը

Ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԺ դահլիճում կրքեր էին բորբոքվում` վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այժմ, երբ քննարկվում է Իշխան Զաքարյանին վերանշանակելու հարցը,  «տոները փոխվել են», տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների իշխանական հատվածը որոշակի դասեր է քաղել նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից:

Պատգամավորը մեջբերեց երկրի նախագահի խոսքերը, որը հնչեցրել է խորհրդակցության ժամանակ: Ըստ պատգամավորի` Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատկերացնում, որ որեւէ մեկը կարողանա, օրինակ, Ստեփան Մնացականյանին, ով Հայաստանի պետական վիճակագրական ծառայության նախագահն է, հունից հանել եւ նրան ստիպել բացատրել որեւէ թվի պատճառներն ու հետեւանքները:

«Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ` ստացվում էր, որ նույն վիճակագրության ծառայության պետը որեւէ կարիք չունի բացատրելու, թե ինչպես է ստանում այդ թվերը, որովհետեւ Հայաստանում շատ մեծ հանելուկ է, թե այդ թվերն ինչպես են ստացվում, եւ մի քանի տարբեր թվեր շատ հաճախ չեն բռնում իրար: Ակնհայտ է, որ այդ ուղերձը Իշխան Զաքարյանը շատ ուշադիր է լսել, եւ հիմա հարցուպատասխանից ակնհայտ է դառնում, որ հնարավոր չէ ստանալ որեւէ հարցի պատասխան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից «մալուխ էր թափահարում» եւ հայտարարում, որ շուկայում այն վաճառվում է 120 դրամով, իսկ պետական գնումներով այն գնվել է մի քանի հարյուր անգամ թանկ:

«Այդ ողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ եւ հիմա հանրությունն ուզում է իմանալ, լավ, ի վերջո դա ինչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել եւ ինչ է եղել դրա հետեւանքնեը: Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը, եւ Իշխան Զաքարյանի ելույթից հասկանում ենք, որ նա, հավատարիմ Սերժ Սարգսյանի պատգամին, չի պատրաստվում որեւէ բան բացատրել»,-նշեց Ն. Փաշինյանը եւ պահանջեց Իշխան Զաքարյանից` ասել, թե ի՞նչ մալուխ է եղել եւ այդ մալուխի գնման ժամանակ թալանվե՞լ է պետական բյուջեն, թե՞ ոչ:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Իշխան Զաքարյանի մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: Մինչ Նիկոլ Փաշինյանն իր զրույցում քննադատում էր Իշխան Զաքարյանին, վերջինս ջերմ զրույցի էր բռնվել: Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին. «Պարոն Զաքարյան…»,-բղավեց նա: Հավանաբար պատգամավորի բարձր ձայնը դուր չեկավ ՀՀԿ-ական գործընկերներին եւ վերջիններս տեղից նկատողություն արեցին նրան: «Ինքը պարտավոր է լսել, այդ թվում նաեւ դուք, խնդրում եմ մի խանգարեք ինձ»,-ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, ի վերջո, առանձնատուն է կառուցել, թե արտադրամաս, որ ներդրողներ են հայտնվել: ՀԱԿ խմբակցության պատգամավորը պահանջեց բացատրել այդ մեխանիզմը, որ բոլոր անտուն քաղաքացիները հասկանան, թե ինչ պետք է անեն, որպեսզի միջազգային ներդրողները «վազեն իրենց տները կառուցեն»: Նիկոլ Փաշինյանը դիմեց նաեւ ԱԺ-ում նստած միլիարդատերերին, որպեսզի նրանք էլ բացահայտեն, թե միայն աշխատավարձով ինչպես են կարողացել հարստանալ. «Ասեք` թող մարդիկ էլ հարստանան, թե միայն դուք եք ուզում հարստանալ»:

Պատգամավորն ասաց, որ ինքը հարց է տալիս Իշխան Զաքարյանին, թե նրան որտեղից այդքան կարողություն, իսկ նրա հարցի պատասխանը տալիս է երկրի նախագահը: «Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին եւ ասում, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ: Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, նշանակում է երաշխիքներ է ստացել, որ հատուկ քննչական ծառայությունը որեւէ կարծիք չի հայտնելու իր գործունեության, իր ունեցվածքի, իր կյանքի եւ կենսագործունեության վերաբերյալ: Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին հանդես է եկել պատասխան երաշխիքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի նշանակմանը:

Լուսանկարում` Իշխան Զաքարյանի տունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter