HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շանթի քայլը ես կհամեմատեի «Pussy Riot»-ի դեպքի հետ»

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Նոյեմբերի 5-ին Օպերայում տեղի ունեցածը տարբեր գնահատականների, բնորոշումների տեղիք տվեց: Մինչ օրս ոմանք հեգնանքով են վերաբերվում Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների կողմից հայտարարած հեղափոխությանը՝ ասելով, որ նման ձևով հեղափոխություն չեն անում, իսկ ոմանք կարծում են, որ այսօր քաղաքական ստեղծված իրավիճակում այլընտրանք չկար, քան Շանթի արած քայլը: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Շանթ Հարությունյանի կողմից հայտարարված հեղափոխությանը:

-Շանթի արածը գնահատելու համար մենք պետք է գնահատենք այն քաղաքական ու սոցիալական միջավայրը, որի պայմաններում նա իրականացրեց իր ակտը, որից հետո նոր փորձենք հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն այն ունեցավ: Պետությունը չափազանց լուրջ, ես կասեի օրհասական խնդիրների առջև է հայտնվել, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ և դրանք լուծելու համար անհրաժեշտ է հանրության մոբիլիզացիան: Խնդիրները ոչ միայն տնտեսական են, այլև վերաբերում են ազգային անվտանգությանը: Սակայն այդ խնդիրները լուծելու քաղաքական մեխանիզմները բացակայում են: Պետական ինստիտուտները դեգրադացվում են և ըստ էության արդեն անգործունակ են: Ընտրական ինստիտուտը չի գործում, և դա ևս մեկ անգամ ապացուցվեց Արարատի ընտրություններով: Ընտրական ինստիտուտի բացակայության պայմաններում քաղաքական կուսակցությունները նույնպես վարկաբակվել են և կորցրել են հանրության վստահությունը: Ընդդիմադիր կուսակցությունների գերակշիռ մասը և իշխանական կուսակցությունները սերտաճում են ու հավասարապես կոռումպացված են:

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակները կոչվում են հեղափոխական: Այսինքն զարգացման էվոլուցիոն ճանապարհները բացակայում են: Ի՞նչ անել: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ոմանք ասում են, որ իշխանությունը կարող է փոխվել միայն համապատասխան արտաքին ազդակների պարագայում, այդ թվում նաև՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների շրդադարձի պարագայում: Ոմանք իշխանափոխության ազդակները սպասում են Ռուսաստանից, ոմանք՝ Արևմուտքից: Եթե 5, 10, 15 տարի ետ գնանք, ապա կտեսնենք, որ նույն «վերլուծություններն» են, կարծես ոչինչ չի փոխվել, բացի ազգանուններից: Այս պայմաններում տեղի է ունենում Շանթի ակտը, որն, իմ կարծիքով, ուղղված էր հասարակությանը: Ոչ ավելի: Իհարկե, հասկանում ենք, կուսակցությունները հայտնվել են անհարմար իրավիճակում: Խոսում են ուժ կիրառելու անթույլատրելիության մասին, սահմանադրական եղանակով իշխանության փոփոխության մասին, սակայն կոնկրետ ելք չեն մատնանշում: Ասում են, որ պետք է համախմբվել, մի քիչ էլ սպասել և այլն: Դա բնական է, այլապես կուսակցությունները պետք է լուծարվեն: Նախկին փորձը ցույց է տալիս, որ նման համախմբումների հետևանքով եղել են ոչ թե իշխանափոխություններ, այլ պալատական հեղաշրջումներ, որոնց հետևանքով ընդդիմության և իշխանության որոշ հատվածները տեղերով փոխվել են, սակայն երկրի համար որևէ էական դրական փոփոխություն չի եղել:

Պատահական չի, որ Շանթի մասին ոչ իշխող կուսակցություններն ավելի բացասական են արտահայտվում, քան անգամ իշխանության ներկայացուցիչները: Մարտահրավերն ավելու շուտ նրանց էր ուղղված. «Եթե չգիտեք ինչ անել, մի խաբեք հասարակությանը, դուք ձեր գործողություններով նպաստում եք այս ռեժիմի գոյությանը»: Մոտավորապես սա էր երևի ցանկանում ասել: Շանթի քայը ես կհամեմատեի «Pussy Riot»-ի դեպքի հետ: Մի քանի աղջիկներ մտան եկեղեցի, 40 վայրկյան պարեցին և Ռուսաստանի իշխանությունները մինչև հիմա հայտնվել են լուրջ խնդրի առջև: Ռուսաստանի և միջազգային հանրությունը մինչև հիմա քննարկում են պետություն-եկեղեցի հարաբերությունների խնդիրը Ռուսաստանում: Աղջիկները հիմա խիստ ռեժիմի գաղութներում են, որի հետևանքով նույնպես մի լուրջ հարց քննարկման առարկա դարձավ` հարյուր հազարավոր կալանավորների պահման վայրերի պայմաններն են: Ասել, որ դա թատրոն է, ճիշտ չի, այդ մարդիկ իրենց առողջությունը վտանգի տակ են դրել, զրկվել են ազատությունից: Շանթի արածն ես այդկերպ եմ գնահատում: Դա իրավիճակի փոփոխությանն ուղղված քայլ էր:

Շանթը իր ակտով ցանկանում էր ցույց տալ և ցույց տվեց, որ երկրի զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի և անհրաժեշտ է հեղափոխություն` լայն իմաստով: Իմ կարծիքով՝ նա դա ցույց տվեց, և շատերը դա հասկացան: Իհարկե, կան մարդիկ, որոնք դա չհասկացան կամ չեն ցանկանում հասկանալ: Դա իրենց խնդիրն է: Պարտադիր չի, որ բոլորը նույն կերպ մտածեն:

-Շանթի հայտարարած հեղափոխության ապագան տեսնո՞ւմ եք: Այսօր, կարծես, շատերն են հայտարարում, որ Շանթի սկսածը շարունակելու են:

-Պետք է լինել անլուրջ անձ, որ 15 մարդուց, որոնք զինված են փայտերով և խլապուշկաներով, պահանջել հեղափոխություն անել: Դա իհարկե անլուրջ է: Դա թատերականացված գործողություն էր, որը պետք է հիմնավոր քննարկումներ առաջացներ և, իմ կարծիքով, առաջացրեց: Թատերականացված ակտը չի նշանակում, որ դա խաղ է: Քաղաքական պրոցեսները միշտ ուղեկցվում են շոուով: Դա միշտ է այդպես եղել, դեռևս Հին Եգիպտոսում, Հռոմում և այլուր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում կրոնական ծիսակատարություններն ու արարողությունները, զինվորապան շքահանդեսները, նախընտրական քարոզարշավը: Դրանք թատերականացված ներկայացումներ են, որոնց միջոցով փոխվում են մարդկանց պատկերացումներն ու արժեքները: Այլ խոսակցություն է, թե ով ինչի համար էր ցանկանում օգտագործել կամ ուղղորդել այդ դեպքը: Սակայն դա այլ խոսակցություն է, որն առանձին քննարկման թեմա է և կապ չունի Շանթի մտահաղացումների հետ:

-Այսինքն` Շանթի և նրա աջակիցների քայլն, այսպես ասած, արթնություն հաղորդե՞լն էր հասարակությունը:

-Պետք է շատ վառ երևակայություն ունենալ, որպեսզի այլ բան մտածել: Իսկ ուրիշ ի՞նչ էր կարող դա նշանակել: Նորից եմ կրկնում, մի բան է Շանթի մտահաղացումը, մեկ այլ բան, թե ով ինչի համար է այն ցանկանում կամ ցանկացել օգտագործել: 

-Իսկ Ձեր կարծիքով` հաջողվե՞ց դա:

-Իմ կարծիքը չեմ համարում, որ տվյալ դեպքում կարևոր է: Եթե մի քանի օր այդ դեպքը նման բուռն կերպով քննարկվում է, ուրեմն ունեցել է իր ազդեցությունը: Զուգահեռ գնում է նաև Վարդան Պետրոսյանի ողբերգության շուրջ ծավալվող քննարկումները: Ես այս երկու դեպքերի մեջ որոշ նմանություն եմ տեսնում: Երկուսն էլ ցույց են տալիս, թե ինչ երկրում ենք ապրում և ուր ենք հասել: Կարծում եմ, որ հանրությունը փոխվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter