HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստանջյանը կրկին առաջարկում է ճանաչել ԼՂՀ-ն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը, ըստ նրա, ներկայացվել էր դեռևս 2007 թ.: «Մենք գտնում ենք, որ և 2007 թ. էր այն պահը, որ պետք է ճանաչենք Արցախի Հանրապետությունը, և այսօր էլ այդ պահն արդիական է, կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են մեր երկու հանրապետությունների առջև»,- ասաց Զ. Փոստանջյանը: Նրա խոսքով` քաղաքական զարգացումները հուշում են, թե ինչ որակի հանրապետություն կարող ենք ունենալ: Պատգամավորի ասելով` ներկայացված օրինագիծը պետք է ոչ միայն քննարկվի, այլև հավանություն տան դրան, կողմ քվեարկեն:

Զ. Փոստանջյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, որի ինքնիշխանությունը ՀՀ-ն պարտավոր է ճանաչել: Իսկ ԼՂՀ-ն ճանաչելուց հետո ՀՀ-ն հնարավորություն կունենա կնքել այնպիսի պայմանագրեր, որոնք համահունչ են միջազգային պայմանագրերին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ԼՂՀ-ն ճանաչելով կարող է պատերազմ սկսվել, Զ. Փոստանջյանն ասաց. «Մենք ունենք միայն զինադադարի մասին փաստաթուղթ: Այսօր էլ պատերազմն, ըստ էության, գոյություն ունի, այնպես չէ, որ մենք գտնվում ենք խաղաղ պայմաններում»:

Բացի դրանից՝ նա կարծում է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու հնարավորություն ունենա, ապա կսկսի:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, թե արդյոք Փոստանջյանը նոր ձևաչափ պատկերացնում է, որը կարող է լուծում դառնալ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ հիմնախնդրի կարգավորման համար: «Դուք ասում եք, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ինչպե՞ս եք դա պատկերացնում իրականացնել, որովհետև խոսքով ամեն ինչ կարելի է իրականացնել այս իրավիճակում»,- հարցրեց Լ. Սարգսյանը: «Նորից եմ կրկնում, Արդբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ կարող է վերսկսել միայն այն դեպքում, երբ դրան պատրաստ լինի: Երկրորդ` Արցախի Հանրապետության ներկայացուցիչները պետք է ընդգրկված լինեն բանակցային գործընթացի մեջ: Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետության իշխանություններին»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ հետաքրքրվեց, թե Զ. Փոստանջյանն ունեցե՞լ է հանդիպումներ ԼՂՀ կառավարության անդամների, վետերանների, ժողովրդի հետ: «Բանն այն է, որ նրանք բոլորովին չեն կիսում Ձեր կարծիքը: Ինչի՞ հիման վրա եք այս հարցը բարձրացնում: Կա՞ ինչ-որ մի գաղտնիք: Ես ուզում եմ հասկանալ` իմաստը ո՞րն է այս ամեն ինչի»,- հարցրեց Շ. Պետրոսյանը: «Իհարկե, կա գաղտնիք: Իմաստը հետևյալն է, որ այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած ենք մենք բոլորս, մեզ պարտադրում են անել այնպիսի քայլեր, որոնք բխում են հայ ժողովրդի  շահերից: Այո, կարծիքին ծանոթ եմ… Արցախում ապրող բոլոր բնակիչների: Եվ հիմնականում մարդիկ ցանկանում են, և այդ կարծիքը նրանք հայտնել են դեռ պատերազմական ամենալայնածավալ գործողությունների ժամանակ: Նրանք այդ կարծիքը հայտնել են դեկտեմբերի 10-ին` իրենք անկախության հանրաքվեով: Այդ կարծիքն այսլր էլ առկա է, և պահանջում են բոլոր հանրապետություններից, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետությունը»,- նշեց Փոստանջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter