HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում եւ հարակից թյուրքաբնակ վայրերում

Անահիտ Խոսրոեւա

Հատված գրքից

Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում եւ նրան հարակից տարածքներում, ուր ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ, միջազգային իրավունքի չափանիշներով կատարվեց իսկական ցեղասպանություն:

Օսմանյան Թուրքիան եւ մեծ տերությունները հանցավոր են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների արյունալի սպանդի մեջ: Թուրքիան մեծ տերությունների հանցավոր թողտվության պայմաններում, օգտվելով պատերազմական իրադրության ընձեռած հնարավորությունից` մարդկության դեմ կատարեց ծանրագույն հանցագործություն` ցեղասպանություն: 1914-1918 թթ. պատերազմի տարիներին բնաջնջման ենթարկված ասորիների թիվը հասնում է 250 հազարի:

Դեռ 1919 թ. նոյեմբերին «Ֆրանսիական Ասիա» պարբերականը նշում էր, որ «ասորիների կոտորածները հիշեցնում են հայկական ջարդերը: Եվ քանի որ 250 հազար նահատակներ ունեցած այս ժողովրդի մասին ավելի քիչ է խոսվել, ուստի պետք է այդ մասին հայտնել աշխարհին»: 

Արդեն 1922 թ. կատարված հաշվումների համաձայն, ինչպես նշում է ասորիների Ազգային խորհրդի քարտուղար Ճ. Կորեք դ՚Քերպորանին, իր ազգի ներկայացուցիչների կորուստը կազմում է ավելի քան 270 հազար:

Հետագայում, երբ սկսվեցին ուսումնասիրվել Առաջին համաշխարհային պատերազմում, ինչպես նաեւ տարագրության ճանապարհին տեղի ունեցած այս կոտորածները, ասորի նահատակվածների թվաքանակը հասավ 500 հազարի եւ անգամ 750 հազարի: Եղեռնագործության չափերը շատ մեծ էին, եւ այսօր էլ կա այն միտումը, որ այդ ժամանակահատվածում ասորիները կորցրել են իրենց ազգի 2/3ը: Պատերազմից հետո ասորիները ցավով նշում էին, որ իրենց ազգը գտնվում է անհետացման եզրին, եւ, որ աշխարհով մեկ սփռված ասորիների թվաքանակը իջել է 70 հազարի:

Ռ. Ստաֆֆորդն այստեղ ճշմարտացիորեն նկատում է. «Մեծ առաջընթաց կլիներ թուրքերի համար, եթե նրանք կարողանային ցույց տալ, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղի ունեցավ հայերի հետ, Թուրքիայի մեկ այլ քրիստոնեական համայնք /նկատի են առնվում ասորիները Ա. Խ./, լիովին գոհ է իր ճակատագրից»: Իսկ թե ինչպիսին էր նրանց ճակատագիրը` արդեն պարզ է վերոշարադրվածից: 

Այդ տարիներին Շվեյցարիայում լույս տեսնող «Blather fՖr Diplomatic»ը /«Դիվանագիտական թերթ»/ տպագրեց մի հոդված, որը հեղինակել էր թուրք դիվանագետ Սելիմ Ֆուադ բեյը: Հոդվածում հիմնականում շեշտվում էր. «Ինչու՞ եք հաճախ կրկնում, թե հայ բնակչությունն է շատ տուժել: Իրականում Թուրքիայի ամբողջ բնակչությունն է տառապում՝ առանց կրոնի եւ ռասսայի խտրության: Տառապում է վատ կառավարության ձեռքից, եթե դա իրոք կարելի է կառավարություն անվանել: Ե՛վ քրիստոնյաները եւ՛ մահմեդականները տուժում են դատարանների անարդար որոշումներից, անվտանգության բացակայությունից եւ այլն»: 

Դեռ 1916 թ. նոյեմբերին «ՆյուՅորք թայմս»ը տպագրեց բժիշկ Վ. Ռոքվելի «Հայերի եւ ասորիների զոհերի թիվը» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը, պատմելով Թուրքիայի հայկական կոտորածների մասին, ավելացնում է. «Միայն հայերը չեն, որ անբախտ են. ասորիներին նույնպես ոչնչացրեցին եւ յուրաքանչյուր տասերորդին հնձեցին: ...Այդ ազգի ներկայացուցիչներից շատ շատերը կործանվեցին, սակայն ոչ ոք չգիտի, թե որքան...»:

Ամերիկյան մեկ այլ պարբերական՝ «Atlantic Monthly» թերթը, գրում էր. «Վեց ամսվա ընթացքում երիտթուրքերը արեցին այնքան բան, որքան չկարողացան անել հին թուրքերը վեց դարերի ընթացքում: ...Հազարավոր ասորիներ անհետացան աշխարհի երեսից»:

* * *

Դեռ 1918 թ. թուրքական յաթաղանից փրկված ասորի գաղթականների մի մասը հասել էր Իրաքի Բա՚կուբա քաղաքը, իսկ մյուս մասը, որոնց թիվը հայերի հետ հասնում էր մոտ 5060 հազարի, հասել էր Բաղդադ: Այստեղ նրանց տեղավորել էին բրիտանական բանակի կողմից կառուցված ճամբարներում, ուր նրանք ապրում էին վրանային պայմաններում: Ճի՛շտ է, գաղթականներն ապահովված էին սննդով, սակայն կենցաղային պայմաններն անտանելի էին: Ականատեսներից մեկը վկայում էր, որ «սկզբնական շրջանում մահացողների թիվը միջին հաշվով օրեկան հասնում էր 70ից 80ի: Հայերի եւ ասորիների դիակները հիվանդանոցից միանգամից գերեզմանոց էին տեղափոխում: Եվ քանի որ ասորի գաղթականների թիվն այստեղ ավելի շատ էր, քան` հայերինը, հետեւաբար նրանց զոհերի քանակը գերակշռում էր»: 

Մուդրոսի դաշնագրից հետո Օսմանյան Թուրքիան սկսեց իր զորքերը հեռացնել իրանական Ադրբեջանից: Ասորիները հույսը կապելով Անգլիայի հետ՝ պատրաստվում էին վերադառնալ իրենց նախկին տարածքները: Սակայն անգլիական հյուպատոս Սմիթը, Համադանում հանդես գալով ասորական ղեկավարների ժողովում, հայտնեց, որ «Անգլիան պատրաստ է փոխարինել ասորիների հին ռուսական զենքը նոր անգլիականով» եւ ավելացրեց, որ «իրանական կառավարիչները չեն ցանկանում, որ ասորիները վերադառնան Ուրմիա, այն էլ զինված վիճակում: ...Այժմ իրանական կառավարությունը բարեկամորեն է տրամադրված Մեծ Բրիտանիայի հանդեպ եւ ցանկալի է, որ Թեհրանի անգլիական դեսպանատանը մենք ունենանք ասորի ազգի ներկայացուցիչ: Այդ դեպքում միայն կարելի է կարգավորել իրանական կառավարության եւ ասորիների միջեւ ծագած հարցերը»: Ժողովում որոշվեց անել այնպես, ինչպես առաջարկում էին «դաշնակիցները»:

Ասորական հրամանատարությունը հրաման արձակեց` հավաքել զենքերը, որի համար ստեղծվեց հատուկ հանձնաժողով: Շատ չանցած, հայտնվեց անգլիական մի ջոկատ, որը վերցրեց հանձնած զենքը եւ, ասորի փախստականներին լցնելով մեքենաները, ուղեւորվեց դեպի արեւմուտք: Ասորիների մյուս մասը թաքնվեց լեռներում: Ինչպես պարզվեց հետագայում, ասորիներով լի այդ մեքենաները հասել էին Միջագետք: Այս կերպ թուրքական սպանդից փրկված ասորիները հայտնվեցին դաշնակից անգլիացիների իշխանության տակ:

1932 թ. Իրաքում բրիտանական «հովանավորչության» ժամկետը լրանալուց հետո 70 հազար ասորիներ խնդրանքով դիմեցին իրենց բնակավայրերում հողակտորներ ստանալու համար: Սակայն Բաղդադը թշնամաբար ընդունեց «երախտամոռ» ասորիների այդ բնական ու համեստ պահանջը եւ ուժեղացրեց իր բռնաճնշումները: Իսկ անգլիացիները, որոնք այլեւս ասորիների ծառայությունների կարիքը չունեին, լքեցին նրանց, այդ ժողովրդի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին: Ավելին, երես թեքելով իրենց նախկին դաշնակիցներից, անգլիացիները նրանց մատնեցին Իրաքի հետադիմության ձեռքը, որը չհապաղեց հաշվեհարդար տեսնել ասորիների հետ` կազմակերպելով նրանց ջարդերը:

1933 թ. հուլիսի 18-ին Մար-Շիմունը Իրաքում համարվեց անցանկալի անձնավորություն եւ ստիպված եղավ մեկնել Կիպրոս: Այստեղ նա իր ձայնը բարձրացրեց բրիտանական անտարբերության դեմ: Ի պատասխան դրան, անգլիացիները սկսեցին կրկին սեպ խրել ասորիների, քրդերի եւ արաբների միջեւ՝ փորձելով ասորական հարցը լուծել վերջիններիս վերջնական ոչնչացմամբ: 

1933 թ. օգոստոսի վերջին, երբ 1000 ասորիներ փորձում էին Սիրիա՝ ֆրանսիական հովանավորչության գոտի տեղափոխել իրենց ընտանիքները, Տիգրիս գետի ափին Իրաքի իշխանությունները զենք գործադրեցին նրանց նկատմամբ: Ասորիները պատասխան քայլերի դիմեցին եւ հաջողությամբ անցան Սիրիա: Իրաքյան բանակը այս պարտության վրեժը լուծեց ասորական գյուղերի խաղաղ բնակչությունից: Անգլիացիների դրդմամբ արաբ կառավարիչների կազմակերպած ասորիների այս զանգվածային ջարդերին զոհ գնաց երեք հազար խաղաղ բնակչություն: Պետք է նկատել, որ այս ջարդերին իրաքյան կառավարությունը ոչնչով չխոչընդոտեց, ավելին, կոտորածների կազմակերպիչը ստացավ գեներալի կոչում: Այս դեպքերի մասին վկայող իրաքյան արխիվները փակվեցին թագավոր Ֆայսալ I-ի մահից հետո:

Ըստ Ռ. Ստաֆֆորդի` «ասորական հարցն ինքնին քաղաքական հարց է»: Եվ այդ քաղաքական հարցը անգլիացիները փորձում էին լուծել այդ ժողովրդին ամեն կերպ նեղելով: 

Այն, որ 1933 թ. ասորիների ջարդերն Իրաքում անգլիացիների ձեռքի գործն է, կասկած չկա: «Կասկած չկա, որ 1933 թ. դեպքերը հարված հասցրեցին Անգլիայի հեղինակությանն Իրաքում, ինչպես նաեւ ամբողջ Արեւելքում: Իրաքի բնակչությունը, արդարացի, թե` ոչ, գտնում է, որ մենք դավաճանեցինք մեր ընկերներին՝ ասորիներին», գրում էր Ստաֆֆորդը: 

1933 թ. ողբերգական դեպքերը պատճառ հանդիսացան, որ ասորիները ցրվեն աշխարհով մեկ. սկզբում՝ սահմանակից երկրներ, ապա՝ Եվրոպա, ԱՄՆ եւ Ավստրալիա:

Ցավով պետք է նշել, որ ասորիներն էլ իրենց հերթին դասեր չքաղեցին պատմությունից եւ, մոռանալով անցյալի դառը ճակատագիրը, 1941 թ. ապրիլմայիս ամիսներին մտան ռազմական կոնֆլիկտի մեջ՝ ի շահ Բրիտանիայի: Իրաքում տեղավորված Royal Air Force անգլիական բազան 1500 ասորիների շնորհիվ փրկվեց կործանումից: Իրաքի պարտությունը կարեւոր էր նացիստական Գերմանիայի դեմ պատերազմի ելքը Մերձավոր Արեւելքում որոշելու համար:

1945 թ. մայիսի 7-ին ասորիների հոգեւոր առաջնորդ ՄարՇիմունը ելույթ ունենալով ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում, փորձեց ստանալ մեծ տերությունների աջակցությունը՝ իր ժողովրդի դատը պաշտպանելու խնդրում, սակայն կրկին ապարդյուն: 

Այսօր աշխարհով մեկ սփռված ասորի ժողովուրդը մարդու իրավունքների հարգման, ինքնավար պետություն ունենալու կարիք է զգում եւ շարունակում է իր դարավոր ու արդար պայքարը: Ասորիների հարցը միջազգային լուծում է պահանջում: Այս խնդիրն առ այսօր դուրս է մնացել համաշխարհային հասարակայնության ուշադրությունից: Արդարության վերականգնման, ժողովուրդների ինքնության ճանաչման եւ մշակութային զարգացման համար այսօր Թուրքիան պետք է դատապարտվի, քանի որ.

  1. Թուրքիայի հանրապետության հռչակումից ի վեր անտեսվել են միջազգային օրենքներն այս երկրում:
  2. ՄԱԿի անդամ Թուրքիան իրագործում է իր իսկ կողմից ընդունած չափանիշներին անհամապատասխան որոշումներ:
  3. Թուրքիան չի կատարում միջազգային պայմանագրերով իր վրա դրված պարտավորությունները:
  4. Չճանաչելով ՄԱԿի «Ազգերի եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման» սկզբունքը` Թուրքիան ոտնահարում է տեղի ասորիների իրավունքները:
  5. ՄԱԿի կողմից, որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն հռչակված «ցեղասպանության» որակավորումը` Թուրքիան այսօր էլ հետեւողականորեն կիրառում է ասորիների նկատմամբ:
  6. Շարունակվում է ասորիների արտաքսումը, որը ՄԱԿի կողմից որակվել է, որպես ոճիր:
  7. ՄԱԿը դատապարտում է ազգային խտրականությունը: Թուրքիան շարունակում է նաեւ իր նախորդների որդեգրած ձուլման քաղաքականությունը՝ «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ կրոն, մեկ դրոշ, մեկ երկիր» նշանաբանով:
  8. ՄԱԿը դատապարտում է ահաբեկչությունը, սակայն Թուրքիան այսօր էլ դեռ շարունակում է ահաբեկչական քաղաքականություն կիրառել ասորիների հանդեպ՝ վերացնելով նրանց հոգեւոր եւ նյութական արժեքներ:
  9. ՄԱԿի գլխավոր ասամբլեայի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդվածները չեն հասնում Թուրքիայի տարածք:

Ասորի ժողովուրդն այսօր պահանջում է, որ Թուրքիան դատապարտվի միջազգային ատյանների կողմից, որ ցեղասպանության հետեւանքով տարածքների եւ նյութական արժեքների կորուստները հատուցվեն միջազգային նորմերի սահմաններում` մոռացության չմատնելով, որ ցեղասպանության մահացու վարակը մարդկության ապագան կանգնեցնում է վտանգի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter