HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վ. Մանուկյանը` ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի

Դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր մի հոդված` «Վազգեն Մանուկյանի «Mein kampf»-«Իմ պայքարը»» վերտառությամբ:

Հոդվածում (հեղինակ` Գարեգին Ասոյան) նշվում է, որ 1996-ի սեպտեմբերի 27-ին Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ կուսակցության գրասենյակից օրինական խուզարկության ժամանակ առգրավվել է մի ձեռագիր, որն իբր գրել է Վ. Մանուկյանը, սակայն երրորդ դեմքով: 

Ձեռագիրը վերնագրված է եղել «Ինչպես անել» եւ, «ՀԺ»-ի փոխանցմամբ, գրվել է 1995-ի խորհրդարանական ու 1996-ի նախագահական ընտրությունների արանքում: Ծավալուն մեջբերումներ անելով ձեռագրից` թերթը նշում է, որ այն եղել է իշխանափոխության հասնելու ծրագիր: Այդ ծրագրով Մանուկյանն իբր պետք է դառնար հակաիշխանական շարժման առաջնորդ, ստեղծեր իր գաղտնի լրատվական-գործակալական ցանցը բարձրաստիճան եւ մանր պաշտոնյաների միջավայրում, անհրաժեշտ էր ամեն կերպ երկպառակություն մտցնել իշխանական դաշտում, ժողովրդին հանել ղեկավարների դեմ, Ադրբեջանին էլ կարելի էր դրդել, որ նախահարձակ լինի Հայաստանի ու Արցախի դեմ: 

Հոդվածի հետ «ՀԺ»-ն հրապարակել էր նաեւ ձեռագրի մի հատվածի լուսապատճենը: 

Վազգեն Մանուկյանի արձագանքը չուշացավ: Դեկտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին նա հայտնեց, որ որեւէ առնչություն չունի այդ ձեռագրի հետ: 

«Նախեւառաջ ես չեմ ուզում քննարկել, որ 1996 թվին մտան մեր գրասենյակը ջարդեցին, դա օրինակա՞ն խուզարկություն էր, թե՞ ոչ: Մի կողմ թողնենք, թե ինչ-որ փաստաթուղթ մեր կուսակցությունից հանե՞լ են, թե՞ ոչ: Մի կողմ թողնենք նույնիսկ այն թույնը, որ այդ հոդվածում կա, բայց, ցավոք սրտի, ոչ միայն այդ հոդվածում, այլ կամաց-կամաց թույնի մթնոլորտ է տիրում Հայաստանում ու միշտ նույն աղբյուրից»,- ասել էր Վ. Մանուկյանը` ակնարկելով ՀՀՇ-ին: 

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն էլ ռադիոկայանին փոխանցել էր. «ՀՀՇ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի... Դա «Հայկական ժամանակ»-ում է տպագրված, եւ բոլոր հարցերը «Հայկական ժամանակ»-ին պետք է ուղղել»: 

«ՀԺ»-ից որեւէ մեկնաբանություն չէին տվել:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 18-ին, Մանուկյանը մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտնեց, որ չի ցանկանում, որ քրեական գործ հարուցվի «Հայկական ժամանակ»-ի դեմ, քանի որ նրա կարծիքով` «ընտրությունների ժամանակ որեւէ թերթի դեմ քրեական գործ հարուցելը ճիշտ չէ: Պետք է գտնել ուրիշ ճանապարհ: Ինձ պետք չէ ներողություն խնդրել: Ինձ պետք է ցույց տալ, որ իրենք սուտ են ասում, եւ ես տեռորիստ չեմ»: 

Այդ իսկ պատճառով ԱԺՄ-ն պետք է ձեռագրի պաշտոնական փորձաքննություն իրականացներ դատախազության միջոցով: «Դա ցույց կտա, որ դա իմ ձեռագիրը չէ: Ես դրանով կպրծնեմ դրանից, բայց հասարակության մեջ այդ թույնը մնալու է»,- ասել էր Մանուկյանը: 

«Հայկական ժամանակն» էլ Մանուկյանին առաջարկել էր տալ իր ձեռքով գրված մի հատված, որի բառերը պետք է համընկնեին տպագրված ձեռագրի որեւէ հատվածի հետ: Ըստ այդմ` ընթերցողը պետք է դատեր, թե ով է ճիշտ: Սակայն Մանուկյանն ասել էր, որ ցանկանում է իրականացնել պաշտոնական փորձաքննություն: Նա առաջարկել էր «ՀԺ»-ին փորձաքննության համար միասին դիմել թեկուզ եվրոպական որեւէ երկրի: 

ԱԺՄ նախագահը նաեւ ասել էր, որ երբ 1996-ին «02» թերթում Վանո Սիրադեղյանը հրապարակել էր այդ ձեռագիրը, ինքը դատարան չի դիմել, քանի որ «իշխանությունը պետք է ապացուցեր, որ դա ես եմ գրել, եւ եթե դա ես եմ, ապա նրանք պետք է քրեական գործ հարուցեին, բայց նրանք դա չարեցին»: Սակայն 2001-ին էլ նույն ձեռագիրը տպագրվել էր «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերում, որոնց դեմ Վ. Մանուկյանը չի բողոքել: 

Եթե Վ. Մանուկյանը ձեռագրի փորձաքննության համար դիմեր դատախազություն, նախ պետք է քրգործ հարուցվեր «ՀԺ»-ի դեմ: Դրանից խուսափելու նպատակով դեկտեմբերի 18-ի երեկոյան Մանուկյանի լիազորված անձը` փաստաբան Վարդան Զուռնաչյանը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից փորձել է իմանալ` համաձա՞յն է թերթը համատեղ փորձաքննության, որի մասին խոսք է գնացել ասուլիսում: Փաշինյանը հրաժարվել է այդ առաջարկից: Խմբագիրը «Առավոտին» ասել է, որ համաձայնելը կնշանակեր, թե հոդվածը տպագրելիս ինքը համոզված չի եղել, որ ձեռագիրը պատկանում է Վ. Մանուկյանի գրչին, ու դա անլուրջ կլիներ:

Եվ ահա հաջորդ օրը` դեկտեմբերի 19-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասել է. «Նման պայմաններում, հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաեւ` այն ցինիզմը, որով թերթը փորձել է ինձ վիրավորել, զրպարտել, ինչպես նաեւ` հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցել, ես ստիպված եմ դիմել դատախազությանը` պահանջելով քրեական գործ հարուցել իմ անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով: Ընդգծում եմ, որ ես չէի դիմի դատախազությանը, եթե թերթի խմբագիրը համաձայներ իր ներկայացուցչի հետ փաստաթուղթը փորձաքննության ուղարկելու իմ առաջարկին»: 

Վ. Մանուկյանի դիմում-բողոքը ՀՀ Գլխավոր դատախազությանն է ներկայացվել դեկտեմբերի 20-ին: Հաջորդ օրը տարածած հայտարարությունում դատախազությունը նշել է, որ ՀՀ Քր.օր.-ի 135 հոդվածի 1-ին (զրպարտությունը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով) եւ 136-ի 1-ին մասով (վիրավորանքը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով) հարուցված գործն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին` քննություն կատարելու համար: 

«Հետքի» այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «ՀԺ»-ի տպագրած ձեռագրի կեղծ (Վ. Մանուկյանին չպատկանելը) լինելը փորձաքննությամբ ապացուցելուց հետո կողմերը հաշտության գան, փաստաբան Վարդան Զուռնաչյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ Վազգեն Մանուկյանն այդքան մեծահոգություն կունենա»: Նա նաեւ հնարավոր համարեց, որ առանձին հայցով կմտնեն դատարան` «ՀԺ»-ի հոդվածի դեմ թերթում հերքում կամ պատասխան տպագրելու հայցով: Ամեն դեպքում փաստաբանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե հերքումը թերթն աներ սեփական նախաձեռնությամբ: 

Դեկտեմբերի 19-ին «Ժամանակ Երեւան» թերթը գրել է, թե իր ունեցած տեղեկություններով` «ՀԺ»-ում ներկայացված ձեռագիրը գրել է ոչ թե Վ. Մանուկյանը, այլ փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը: «Վերջինս, կազմելով հիշյալ փաստաթուղթը, այն ներկայացրել է Վազգեն Մանուկյանին որպես առաջարկություն, որի արխիվից էլ հետագայում այն առգրավվել է»,- նշել է «Ժամանակ Երեւան»-ը:

Սակայն Ռուբեն Անգալադյանը «168 ժամ»-ի թղթակցին (այն կտպագրվի վաղը` դեկտեմբերի 25-ին) տեղեկացրել է, որ ինքը երբեւէ առնչություն չի ունեցել Վ. Մանուկյանի հետ եւ հերքել է, թե ինքն է վերոնշյալ ձեռագրի հեղինակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter