HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխ փաստաբանները նամակ են գրել Տիգրան Սարգսյանին

Չեխիայի փաստաբանների միության նախագահ Մարտին Վիխոպենի նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Գրում եմ Ձեզ Չեխիայի փաստաբանների միության անունից, որը ներկայացնում է ավելի քան 10,000 չեխ փաստաբանների: Չեխիայի փաստաբանների միությունը հանդիսանում է նաև Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհր­դի (CCBE) լիիրավ անդամ:

Չեխիայի փաստաբանների միությունը տեղեկացվել է երկու օրենսդրական նախագծերի մասին, որոնք հրապարակվել են Հայաստանի արդարադատության նախարարության ինտերնետ կայքում, և որոնց ընդունումը վտանգում է իրավաբանի մասնագիտության, հատկապես՝ փաստաբանների անկախությունը:

Չեխիայի փաստաբանների միությունը հասկանում է, որ առաջարկվող փոփոխությունները մաս են կազմում կառավարության կողմից իրականցվող բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող քաղաքականության:

Այդուհանդերձ, մենք կցանկանայինք ներկայացնել մի շարք փաստեր.

Չեխիայի Հանրապետությունում, ինչպես նաև ողջ Եվրոպական Միությունում, շեշտը դրված է փաստաբանի մասնագիտության անկախության, նրա ինքնակառավարման և ինքնակարգավորման վրա: Հետևաբար, Չեխիայի փաստաբանների գրանցամատյանը վարում է Փաստաբանների միությունը, որն այդպիսով երաշխավորում է, որ մասնագիտությունը կախված չէ գործադիր իշխանությունը ներկայացնող կառավարությունից: Մասնագիտության նման անկախությունը և ինքնակառավարումը ճանաչված են Եվրոպայի խորհրդի 2000թ. հոկտեմբերի 25-ի «Իրավաբանի մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատության մասին հանձնարարականում», ինչպես նաև ՄԱԿ-ի 1990թ. «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներում»: Բացի այդ, CCBE-ի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների խարտիան և Եվրոպայի իրավաբանների վարքագծի կանոնագիրքը» հավասարապես դասում են անկախությունը և ինքնակառավարումը հիմնարար սկզբունքների շարքում:

Հետևաբար, Չեխիայի փաստաբանների միությունը պաշտպանում է CCBE-ի տեսակետը, համաձայն որի ինքնակառավարման ուժեղ բաղադրիչը միայն կարող է երաշխավորել փաստաբանների մասնագիտական անկախությունը պետությունից, և առանց անկախության այդ երաշխիքի հնարավոր չէ փաստաբանների համար իրականացնել իրենց մասնագիտական և իրավական դերը:

Ավելին, Չեխիայի փաստաբանների միությունը պաշտպանում է CCBE-ի տեսակետը իրավաբանական օգնության և դրա ֆինանսավորման հարցերում: Հայաստանի ծրագիրը, որով փաստաբանների վճարներն օգտագործելու միջոցով է ֆինանսավորվում Հանրային պաշտպանի գրասենյակը, հակասում է իրավաբանական օգնությանը վերաբերող եվրոպական և միջազգային բոլոր իրավական փաստաթղթերին: Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը պետք է լինի պետության, այլ ոչ թե փաստաբանների պարտականությունը: Պետությունն է միայն պատասխանատու իրավաբանական օգնության նման համակարգերի ապահովման, կազմակերպման և ֆինանսավորման համար: Չեխիայի փաստաբանների միությունը նույնպես այն կարծիքի է, որ նախատեսված հարկումը հանգեցնում է փաստաբանների «կրկնակի հարկման» և միանում է այն տեսակետին, որ նման խտրական պրակտիկայի համար որևէ արդարացում չի կարող լինել:

Ինչպես նշեցի վերևում, չնայած Չեխիայի փաստաբանների միությունը հասկանում է, որ առաջարկվող փոփոխությունները մաս են կազմում կառավարության քաղաքականության, որն ուղղված է ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մենք բարձր կգնահատենք, եթե Հայաստանի կառավարությունը վերանայի իր մտադրությունները և այս օրենսդրական նախագծերը շրջանառությունից հանի:

Վերոհիշյալի կապակցությամբ թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, պարոն վարչապետ, որ Չեխիայի փաստաբանների միության տեսակետը բխում է մեր այն համոզմունքից, որ Հայաստանը միշտ հարել է ժողովրդավարական պետությունների այն ընտանիքին, որոնք պայքարում են փաստաբանի մասնագիտության ազատության և անկախության համար և որ Հայաստանի փաստաբանների պալատը արժեքավոր գործընկեր է հանդիսանում ինչպես Չեխիայի փաստաբանների միության, այնպես էլ CCBE-ի համար, որոնք հստակ կերպով հիմնված են իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների վրա:

Հարգանքներով,

Մարտին Վիխոպեն

Նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter