HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանի 5 հարցը ԿԲ նախագահին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած 2014թ. պետական բյուջեի նախագիծը: Քննարկմանը ներկա էին նաև կառավարության անդամները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 5 հարց ուղղեց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Պատգամավորը հիշեցրեց պետական եմակուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանի այն հայտարարությունը, թե մուտքերի հավաքագրումը ռիսկային է և վարչական ճնշումներ են բերելու, ապա հարցրեց Ա. Ջավադյանին, թե ինչ կտա դա մեր տնտեսությանը, և ինչպես է ԿԲ նախագահը գնահատում դա:

«Երկրորդ հարցը. ի՞նչ եք մտածում այն մասին, որ եթե բյուջեն կազմվի ոչ թե մեկ տարվա կտրվածքով, այլ եռամյա ժամանակահատվածում, արդյոք որպես ԿԲ, ավելի ճշգրիտ և հեշտ չի լինի նպաստել տնտեսական զարգացմանը, քան 1 տարվա կտրվածքով, որի արդյունքում դուք ստիպված եք նաև 12-ամսյա գնաճային թիրախավորման ռազմավարության շրջանակներում կարճաժամկետ հատվածում իրականացնել հաճախ նաև գործողություններ, որոնք շուկայական տնտեսության տրամաբանությունից էլ կարող են զուրկ լինել եռամյա բյուջեի կազմավորման դեպքում: Այդ մասին ի՞նչ եք մտածում»,- հարցրեց Ա. Մինասյանը:

Նրա հաջորդ հարցը վերաբերում էր դրամավարկային մի քանի ցուցանիշներին: Պատգամավորը նկատեց, որ նախատեսված է, որ փողի զանգվածը աճելու է 11,7%-ով, իսկ տնտեսական աճի տեմպը 5,2% է, ինչը, ըստ պատգամավորի, նշանակում է, որ կրկնակի ավել աճի տեմպի պայմաններում, երբ դրամի շրջապտույտի արագությունը նվազելու է, սպասվում է ՀՆԱ-ի լուրջ գնաճ` ոչ թե 4,3%, ինչպես նախատեսված է դեֆլյատորի աճ, այլ շատ ավելի բարձր: «Արդյոք այդ հաշվարկները, որ կատարված են կառավարության  կողմից, Դուք կիսո՞ւմ եք, որ ցուցանիշների անհամապատասխանություն կա, և որքա՞ն եք ակնկալում գնաճը հաջորդ տարվա ընթացքում»,- հարցրեց Ա. Մինասյանը:

Նրա 4-րդ հարցը վերաբերում էր ստվերային տնտեսությանը: Ա. Մինասյանը հարցրեց, թե ըստ ԿԲ-ի` որքան է Հայաստանում ստվերի աճի աստիճանը տնտեսության մեջ, և 2014թ. ի՞նչ չափի կրճատում է լինելու:

ՀՅԴ պատգամավորի վերջին` 5-րդ հարցն ապրանքների ներմուծման կանխատեսումների  մասին էր. 4% ներմուծման աճ է ակնկալվում այն դեպքում, երբ 2013թ. նախատեսված աճը արդեն իսկ պահպանվում է: «Որքանո՞վ է սա ռիսկային դարձնում դոլար-դրամ փոխհարաբերությունները»,- հարցրեց Ա. Մինասյանը:

Ա. Ջավադյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց հարցերի համար, ապա նշեց, թե, իհարկե, հարցերն ամբողջությամբ ուղղված չէին իրեն, բայց ինքը կարծիք կհայտնի: Նա պատասխանը սկսեց կառավարության կողմից հայտարարված քաղաքականության մասին դիտարկմամբ, թե հաջորդ տարվա բյուջեի եկամուտների նկատմամբ մոտեցումը եղել է պահպանողական, ավելորդ վարչարարություն չի իրականացվելու ՊԵԿ-ի կողմից:  

Երկրորդ հարցի` եռամյա բյուջեի մասին, ԿԲ նախագահը պատասխանեց, թե` ով է ասում, որ նման ծչագիր չկա, ավելին` կա և ներկայացված է կառավարության անելիքներում մոտակա տարիների ընթացքում` մակրոտնտեսական ցուցանիշներով: «Իհարկե, վատ բան չէ ունենալ 10–ամյա բյուջե կամ 20-ամյա բյուջե, ինչպես նշեցին իմ գործընկերները, դինամիկ զարգացող երկրների համար ավելի ճիշտ է ունենալ տարեկան բյուջե»,- ասաց Ա. Ջավադյանը:

ԿԲ-ի նախագահի մյուս երկու պատասխանները նույն ոգու տրամաբանության շրջանակներում էին: Պատգամավորի հստակ հարցադրումներին այդպես էլ չհնչեցին  հստակ պատասխաններ:

Ստվերային տնտեսության մասին, օրինակ, ԿԲ նախագահն ասաց, թե իրենք էլ ունեն որոշակի գնահատականներ, որոնք օրեցօր փոխվում են, դինամիկ են: «Ասենք, եթե ես հիմա ասեմ 40%-ից պակաս է կամ 35%-ից ավել է, որևէ բան չի փոխվելու»,- ասաց ԿԲ նախագահը: Ինչ վերաբերում է ներմուծման տեմպին, ԿԲ նախագահի խոսքով, այս տարի ներմուծման դինամիկ աճ ունեն, ինչը կպահպանվի նաև հաջորդ տարի:

Այդ դիտարկումներին ի պատասխան, Ա. Մինասյանն արձագանքեց. «Պարոն Ջավադյան, քանի որ կառավարության հայտարարությունները, որպես կանոն, իրականություն չեն դառնում դրական զարգացումների տեսակետից, իսկ այս դեպքում նաև իրար հակասող հայտարարություններ են, ես պետք է ընդունեմ, որ Դուք չեզոք դիրք եք ընդունում այն հարցում, որ եթե կառավարությունը գնա կեղեքման քաղաքականության, Դուք, միևնույն է, որևէ գնահատական չեք տա: Իսկ այդպիսի մտավախություն արդեն իսկ կա, որովհետև եթե հարկային վարչարարության տակ հասկացում է միայն հարկային բեռի ավելացում, դա այլ բան է, բայց եթե հարկային վարչարարության տակ հասկացվում է փոքր-միջին բիզնեսից ամեն գնով հարկեր տանելու ձգտումը, դա այլ բան է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter