ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Քարինջի բնակիչները ձմեռը կանցկացնեն Մոտկորի անտառների հաշվին



Գազի վերջին թանկացումներից հետո Լոռու մարզի Քարինջ գյուղի բնակիչներն լսել չեն ուզում կապույտ վառելիքի մասին: Այս ձմեռը Մոտկորի կուսական անտառների փեշերին փռված Քարինջի բնակչությունն անցկացնելու է «անտառի հաշվին»: Դեռ 2008թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի 22մլն դրամ ներդրումով Քարինջը գազիֆիկացնելու նպատակով կառուցվել է Մարց-Քարինջ գազատարը: Գյուղապետ Նորիկ Մկրտումյանն էլ համայնքի 10,5մլն-անոց բյուջեից 2011թ. 7,5մլն դրամ է հատկացրել գյուղամիջից մինչև դպրոց գազի ներքին կոմունիկացիաներ կառուցելու համար:

 «Բնակարաններ գազ քաշելու համար յուրաքանչյուր ընտանիքից պահանջվում է 60-90 հազար դրամ: Անցել է երկու տարի, սակայն գյուղի 168 տնտեսությունից ոչ մեկի տանը առ այսօր գազիֆիկացում չի կատարվել»,- ասում է գյուղապետը:

Թեև գազատարն անցնում է գյուղի դպրոցի կողքով, գազիֆիկացված չէ նաև դպրոցի շենքը, որի ծախսերը պետք է հոգա Լոռու մարզպետարանը: Գազի թանկացման արդյունքում ամեն օր նոսրանում են Քարինջի և հարևան Մարցի անտառները: Նոյեմբերի 13-ին Քարինջում վաղ առավոտից աշխատում էին «դրուժբաները»: Գյուղում վառելափայտը ծով էր` թափված ամեն բակում: Գյուղապետ Նորիկ Մկրտումյանն ասում է, որ դեռ 1841թ.-ից քարինջցիները ձմռանը անտառի փայտով են ջեռուցել իրենց տները. «Հիմա էլ որպես անտառամերձ գյուղ յուրաքանչյուր ընտանիքի 8 խմ թափուկ փայտ է հասնում: Մարդիկ կտրոնով այդ փայտն են տեղափոխել անտառից»: 

Սակայն թափուկ փայտ Քարինջում չհանդիպեցինք: Առողջ ծառերի կոճղերը փայլում էին հեռվից: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արամ Եղինյանը հայտնեց, որ դեռ երկու ամիս առաջ են ձեռք բերել 40 խմ փայտ: Այն թափված էր դպրոցի տարածքում:

«Որ անտառները մեղք են ըլում, մեր ձեռիցն ինչ ա գալի: Մեր գյուղից արդեն մի 70 ջահել արտագաղթել ա: Էլ գյուղ չունենք: Բա ոնց: Դեռ մի տարի, երկու տարի էլ մեր գյուղերը էդ անտառով կապրեն: Ընդիան դենն էլ անտառ չի մնալ: Էրեխեն սոված մնա էն է լավ, թե մաքուր օդ շնչելը»,- ասում է քարինջցի Ամատունի Մաղաքյանը:

Այսուհանդերձ, գյուղապետ Նորիկ Մկրտումյանը Քարինջի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրով նախատեսել է կառուցել գյուղի գազիֆիկացման ամբողջ ներքին ցանցը, որի համար նա նախատեսել է ևս 18 մլն դրամ: Գյուղապետն ակնկալում է ծրագիրն իրականացնել դոնոր կազմակերպությունների միջոցով: Գյուղի գազիֆիկացման համար իր հնարավորություններից մեծ ներդրումներ կատարելու  պատճառով Քարինջի համայնքապետարանը չի կարողանում լուծել գյուղի առջև ծառացած մյուս խնդիրները: Արդեն երկու տարի է՝ չի ավարտվում Արցախի ազատամարտում զոհված Մերուժան Եղինյանի, Միտյա Մկրտումյանի և Մեծ Հայրենականում զոհված 117 քարինջցիների հուշակոթողի կառուցումը: Դրա համար գյուղապետ Նորիկ Մկրտումյանը  2011թ. բյուջեից հատկացրել է 500 հազար դրամ: Գյուղը նախատեսել է հուշակոթողի հարևանությամբ  տեղադրել նաև Արցախում զոհված ազատամարտիկներ Միտյա Մկրտումյանի և Մերուժան Եղինյանի արձանները:

Միտյա Մկրտումյանի արձանն արդեն պատրաստ է. «Միտյան իմ հորեղբոր որդին է, մենք մեր ազգով փող ենք հավաքել և արձանը պատվիրել ենք»,- ասում է գյուղապետը: Զոհվածի եղբայրը` Հարություն Մկրտումյանը, ասաց, որ  Միտյան գերեզման չունի: Միտյայի համար ճակատագրական են եղել 1992թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Լաչինի Գոշասարի պաշտպանության մարտերը: Հայտնի չէ՝ զոհված, թե վիրավոր Միտյան մնացել է հակառակորդի գրաված տարածքում:

«Երբ հաջորդ օրը մերոնք կրկին գրավել են տարածքը, Միտյայի մարմինը տարածքում չի եղել: Միտյան մինչև օրս անհայտ կորած է»,- ասում է Հարությունը:

Քարինջում չեն կարողանում պատվիրել Արցախում զոհված Մերուժան Եղինյանի  կիսանդրին: Նորիկ Մկրտումյանը գտնում է, որ լավ չի ստացվի, եթե զոհվածներից մեկի արձանը տեղադրեն հուշակոթողի մոտ, մյուսինը`ոչ: Ըստ գյուղապետի`  հուշակոթողի կառուցման աշխատանքները ձգձգվում են նաև տարածքի սալիկապատման ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: «Անցած տարի ենք վերջացրել  գյուղապետարանի 7մլն դրամ աշխատավարձի և սոցվճարի պարտքերը: Այս տարի էլ  երկու օր առաջ ենք նամակ ստացել, որ 700 հազար դրամի սոցվճարների նոր պարտք է գոյացել: Էս հարցում դեռ վիճաբանության մեջ ենք, մինչև պարզենք հանգամանքները»,- հայտնեց  գյուղապետը:

Ստեղծված իրավիճակում գյուղապետարանը չի կարողանում լուծել առաջին հայցքից փոքր, սակայն իրականում գյուղի համար կենսական շատ խնդիրներ: Քարինջի  նախակրթարանը տեղակայված է գյուղապետարանի շենքում: Գյուղի 13 փոքրիկներ օգտվում են նախակրթարանի անլույս զուգարանից: Գյուղապետը որոշել է վնասված հոսանքալարերը փոխել Նոր տարվա տոներից հետո, իսկ մինչ այդ նախակրթարանի երեխաները զուգարանից կօգտվեն խարխափելով:

Գյուղապետարանի շենքի բակում գտնվող փայտե զուգարանը, որը ծառայում է նաև որպես աղբավայր, գտնվում է նախակրթարանի խաղահրապարակի հարևանությամբ: Զուգարանը  հակասանիտարական օջախ է երեխաների համար: Գյուղապետ Նորիկ Մկրտումյանն ասում է, որ գյուղապետարանի համար շրջակայքում զուգարան կառուցելու այլ տարածք չկա. «Բա ինչ անենք, տանենք ո՞ւմ բակում մեր զուգարանը դնենք»: Գյուղապետարանի շենքում զուգարան կառուցել գյուղապետի մտքով չի անցնում: Աղբավայր-զուգարանը, ըստ գյուղապետի, պետք է այդպես էլ  մնա երեխաների խաղահրապարակի տարածքում: Խաղահրապարակը նաև անբարեկարգ է և երեխաների համար վտանգավոր ջրափոսերի պատճառով:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Թագուհի17:18 - 24 նոյեմբերի, 2013
Հարգելիներս մի գուցե այս հարցերը թվան հեշտ լուծվող,բայց հասկացեք ,որ գյուղացիները մի կերպ են օրվա հացի փող աշխատում ,ինչպես գազ քաշեն,,գյուղացին ինչպես գազով ապրի .....վաթսունից իննսուն հազար դրամ ունենան էնա տոմսի փող կանաեն կգանան Ռուսաստան
2. Թագուհի17:21 - 24 նոյեմբերի, 2013
Համ էլ քարնջեցին ինչ մեղկ ունի, որ էս պետությունը թողըմ ա ծմակը կտրի...որ ղայդին թող չանեն էնա կտրիլ չեն
3. Devid22:33 - 24 նոյեմբերի, 2013
Գյուղացին հնարավորություններ էտքան չունի որպեսզի կարողանա տուն գազ քաշի ու վառի,գազնել շատա թանգ,,,մերդիկ դրա հնարավորությունները չունեն,,, առանց այնել գյուղացին մի կերպա օրվա հացը վաստակում,,, ուղղակի պետք է մի քիչ էլ գյուղացու դրության մեջ մտնել
4. Aram Mkhitaryan00:33 - 3 դեկտեմբերի, 2013
ernak es esh esh ban groxnerim de chek toxum mardik apren inch anum mi ban xosum de kerer es joxovrdin es inch vicaka menak qnnadatum en de mi or dzev gyuxaci patkeracreq u khaskanaq de inch paymannerum en mardik aprum u es anpetakanutyun erkrum mi kerp goyatevum,
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ