
Երկրորդ կարգի հաշմանդամություն. Երևանի քաղաքապետարանի միջոցառման հետևանքը
Երևանի քաղաքապետարանի միջոցառման կազմակերպչական աշխատանքների ընթացքում պատահաբար Օպերայում հայտնված և վնասվածք ստացած Հասմիկ Մելիքյանին երկու օր առաջ հաշմադամության երկրորդ կարգ է տրվել:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում եռաչափ (3D) նկարների նախապատրաստական աշխատանքների նպատակով տեղադրված հովանոցը քամուց պոկվել, ուժեղ հարվածով ցած էր գցել 42-ամյա Հասմիկ Մելիքյանին: Ընկնելու հետևանքով Հասմիկի ազդրի վզիկը կոտրվել էր, ոսկորները տեղաշարժվել էին: Հասմիկին ախտորոշել էին ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք` տեղաշարժով: Նրան վիրահատել էին, կատարել ազդրի ոսկրաբեկորների փակ համադրում` երկաթե երեք պտուտակների միջոցով: Օգոստոսի 13-ից մինչ օրս Հասմիկը անշարժ պառկած է անկողնում:
Օպերայի տարածքում միջոցառման կազմակերպիչը «ԲԻ Բի Մեդիա»-ն էր, որի հետևում, հիշեցնենք, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանն են: Այս ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը խոստացել էր Հասմիկի ապաքինման ծախսերը հոգալ, սակայն ասել ու անհետացել էր:
Հասմիկի բողոքների արդյունքում, ի վերջո, «ԲԻ Բի Մեդիա»-ն 100 հազար դրամ է հատկացրել, որով կազմակերպվել է նրա ռենտգեն հետազոտությունը և կարգավորվելու են սայլակի հետ կապված ծախսերը: Իսկ քաղաքապետարանից Հասմիկին դեռևս ոչ ոք չի այցելել, սակայն Իզմիրլյան կենտրոնն այլևս Հասմիկից վիրահատության ծախսեր չի պահանջում:
Ռենտգեն հետազոտությունից հետո բժիշկը Հասմիկին ասել է, որ դեռ 2 ամիս պետք է անկողնային վիճակում մնա, դրանից հետո ևս մի քանի ամիս` կախված վերականգնողական ընթացքից, պիտի մնա տանը:
Հասմիկը վրդովվում է` առողջությունից զատ աշխատանքը կորցնելու վտանգ կա. երկրորդ կարգի հաշմանդամությունն արդեն իսկ աշխատանքի հարցում սահմանափակումներ կարող է առաջացնել:
Մեկնաբանել