HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մկրտչյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ նրա պատվիրատու Լիլիթ Աբրահամյանի դիմումի հիման վրա:

Հիշեցնենք, որ Լիլիթ Աբրահամյանը դիմել էր փաստաբանների պալատ և հայտնել, որ փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Կարեն Մկրտչյանի հետ և նրան վճարել է երաշխիքային կանխավճար` 400 հազար ՀՀ դրամ: Սակայն փաստաբանը չի ներկայացել նոյեմբերի 1-ին նշանակված դատական առաջին նիստին, ինչի հետևանքով նիստը չի կայացել, և Լիլիթը հանրային պաշտպան ունենալու միջնորդություն է ներկայացրել:

Կարեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե Լիլիթի հետ կնքած պայմանգիրը նախատեսում է ծառայություններ գործի` միայն նախաքննության փուլում, և նախաքննության ավարտը հետևաբար ենթադրում էր պայմանագրի լուծում: Սակայն Լիլիթը պնդում է, որ նախաքննության ավարտից հետո բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Կարեն Մկրտչյանի հետ, որ վերջինս  շարունակելու է իր ծառայությունները, ներառյալ` մասնակցությունը դատական նիստին: Պայմանավորվածությունը նոր պայմանագրով հաստատել կամ նախորդ պայմանագիրը երկարաձգել փաստաբանը չի պահանջել` նշել էր Լիլիթը, իսկ ապացույցն իր եղբոր` Գուրգեն Աբրահամյանի` փաստաբանի մոտ մինչ օրս  մնացած փաստաթղթերն են: Ավելացնենք նաև, որ թեև Կարեն Մկրտչյանը նախաքննության ավարտը համարում էր իր պատվիրատուի հետ կնքած պայմանագրի լուծում, սակայն մի քանի օր առաջ(երբ արդեն իսկ կայացել էր դատական առաջին նիստը) ծանուցում է ուղարկել Լիլիթ Աբրահամյանին` տեղյակ պահելով, որ այլևս չի հանդիսանում նրա եղբոր գործով փաստաբանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի` փաստաբան Կարեն Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին որոշումը ոչ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գտնում եմ, որ փաստաբան Կարեն Մկրտչյանի նկատմամբ պետք է հարուցել կարգապահական վարույթ հետևյալ պատճառաբանությամբ.

Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը:

Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամաբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

Օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4 որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի (այսուհետ նաև Կանոնագիրք) 3.8.4 կետի համաձայն՝ փաստաբանի կողմից իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է բացատրել վստահորդին իրավական օգնություն ցույց տալու պայմանագրից հրաժարվելու պատճառները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել վստահորդի շահերին: Փաստաբանն իրավունք չունի թողնել գործը այնպիսի ձևով և այնպիսի հանգամանքներում, որի արդյունքում վստահորդը կարող է հայտնվել անելանելի դրության մեջ և ժամանակին չստանալ իրավական օգնություն:

Տվյալ դեպքում թեև Պայմանագրի 4.5 կետը սահմանել է փաստաբան Կ. Մկրտչյանի իրավունքը ցանկացած ժամանակ հրաժարվել Պայամանգրից՝ այդ մասին նախապես 15 օր առաջ գրավոր տեղեկացնելով Դիմողին, սակայն փաստաբանը Դիմողի պնդմամբ առհասարակ իրեն չի ծանուցել ծառայություններից հրաժարվելու մասին և դեռ ավելին, դատական նիստից երկու օր առաջ և նախորդ օրը Դիմողը չի կարողացել կապ հաստատել փաստաբանի հետ:

Դիմողի կողմից փաստաբան Կարեն Մկրտչյանին վերագրվող արարքները հաստատվելու դեպքում առերևույթ կհակասեն վերոհիշյալ իրավական նորմերին և կանոններին:

Կարգապահական վարույթը հարուցվում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի և Կանոնագրքի 3.8.4 կետի խխտման հատկանիշներով, փաստաբանի կողմից առանց հաճախորդին ծանուցելու վերջինիս իրավական օգնություն չցուցաբերելու արարքի ստուգման շրջանակում:Հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն իքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում՝ Պալատի խորհրդի համապատսխան որոշմամբ:

Ինչ վերաբերում է վճարված գումարի վերադարձման` Դիմողի պահանջին, ապա դա կարող է հանդիսանալ քաղաքացիական վեճի առարկա, որը լուծելու իրավասություն ՀՀ փաստաբանների պալատին վերապահված չէ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.4 հոդվածով, ինչպես նաև Կանոնագրքի հավելվածը հանդիսացող «Փաստաբանի նկատմամաբ վարույթի իրականացման կարգ»-ի 12-րդ հոդվածի 1-ին կետով՝ որոշեցի փաստաբան Կարեն Մկրտչյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի և Կանոնագրքի 3.8.4 կետի պահանջների խախտման հատկանիշներով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter