HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք կարող բացառել, որ ընդհանրապես ապօրինի անտառահատումներ չեն լինում»

Հարցազրույց Դսեղի անտառատնտեսության տնօրեն Վահե Քառյանի հետ

Ի՞նչ աշխատանքային ռեժիմով է աշխատում  Դսեղի անտառտնտեսությունը: Այսօր Դսեղում մեզ հայտնեցին, որ Ձեր վարչական շենքում  Դուք և Ձեր աշխատողները հազվադեպ եք լինում:  

Ճիշտն ասած,  մենք ամեն ամիս հաշվետվություն ենք տալիս  «Հայանտառ»-ին: Այսօր  հենց այդ օրն էր:  Գլխավոր անտառապետը և հաշվապահը Երևան են գնացել , դրա համար աշխատասենյակները փակ են եղել:

Իսկ դու՞ք և մյուսնե՞րը, այլ հաստիքներով աշխատողներ չունե՞ք:

Վարչական շենքում ամբողջ օրը իմ նստելու իմաստը չկա: Ինչքան ես էդ գրասենյակում գործ ունեմ, էդքան եմ մնում: Ես Վանաձորում եմ բնակվում: Հեռախոս կա դրա համար, կարող են ինձ զանգահարել  և հանդիպել, ի՞նչ կա դրա մեջ: Տարածքները մեծ  են, գործս հիմնականում տարածքներում է, ոչ թե գրասենյակում: Մանավանդ էսօր էդ դուրս գրումները հիմնականում ավարտել ենք, էնտեղ անելիք չկա: Ուրիշ հատիքներով 3 անտառապետեր և 14 անտառապահներ ունենք,  ունեմ մեկ տեղակալ: Դա գրասենյակային աշխատանք չէ, որ տեղակալը կամ անտառապետը  վարչական շենքում նստած լինեն:  Մենք վերահսկում ենք մոտ 12  հազար հա անտառներ:  Հնարավորին չափ, ինչքան կարողանում ենք, անտառը վերահսկում ենք, բայց ապօրինի անտառահատումները չեն կարող բացառվել:  

Որքա՞ն  ապօրինի անտառահատումներ են հայտնաբերվել  այս տարի Դսեղի անտառտնտեսության կողմից:

Դե էդպես կոնկրետ չեմ հիշում, բայց, եթե պետք է, կարող եմ ստույգ վաղը ասել:

Մոտկորի գյուղերի գյուղացիներն ասում են, որ եթե անտառահատումների տեմպերը այսպես շարունակվեն,  1-2 տարի հետո  Մոտկորում այլևս անտառ չի մնա:

Չէ, դե էդ ո՞վ է ասում: Ճիշտն ասած, մեր տարեկան պլանը մոտ 3000 խ.մ.  սանիտարական հատում է: Դա  քիչ  չէ: Նայելով կթվա, թե այդ ամեն ինչը ապօրինություն է, բայց դե լրիվ էդ անտառաշինության պլաններով հաստատված է: Այս տարվա պլանից մի 10 տոկոսի չափով  դեռ էլի մնացել է հատելու:  

Պարոն Քառյան, ո՞նց եք բացատրում, որ անտառից փայտ տեղափոխելիս, երբ մենք անտառի շեմին խնդրում ենք գնորդին ցույց տալ  ֆինանսական փաստաթուղթ, նրանք իրենց ձեռքի տակ այդ փաստաթուղթը երբեք չեն ունենում:

Օրինակ ո՞ւմ ի նկատի ունեք:

Օրինակները մեկը  չեն, ես ասում եմ ընդհանրապես, բայց , որպես օրինակ,  հենց Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանին տնակների տարածքում վերջերս  մեր  կողմից նկատված  մեծ քանակությամբ  փայտը:

Ես չգիտեմ` իրենք ինչու չեն Ձեզ փաստաթուղթ ցույց տվել, սակայն տվյալ մարդու տղան մեր մոտից  դուրս գրած փայտ ունի:  

Որքանո՞վ է Ձեր կողմից վաճառվում 1խ.մ. փայտը:

Վաճառվում է 7,200 դրամ, էդ կանգնած ծառի մեկ խորանարդ մետրի արժեքն է, բայց  ինքը դրա վրա արդեն ծախսում է մեքենայի վառելիքի գումար, որ հասնի հատատեղ: Կարող է նաև մարդ լինի, թեկուզ ասենք տանի վերավաճառի: Դա էլ  չի  օրենքը արգելում:

Այսինքն` Մարցի գյուղապետի որդին  կարող է Ձեզանից 1 խ.մ.  7հազար 200 դրամով փայտ առնել և տանել վերավաճառել, թե դուք դրա  տերը չեք:

Չէ հա,  դա արդեն մեր դաշտից դուրս է :

Ինչպես եք վերաբերվում  ապօրինի անտառահատումների մասին մամուլի հրապարակումներին: Լինու՞մ են դեպքեր , որ  ուզած -չուզած համաձայնում եք:

Բա ոնց չի լինում: Չենք կարող բացառել, որ ընդհանրապես ապօրինի անտառահատումներ չեն լինում:

Հատատեղերում ծառերը հատելուց հետո ,անտառավերականգման  և հակահրդեհային ի՞նչ  աշխատանքներ են իրականացվում Ձեր կողմից:

Առայժմ հատատեղերում մնացորդներ ունենք:

Ձեր անտառապետերը կարող ե՞ն առանց Ձեր գիտության  փայտի բիզնես անել:

Բա էդ եմ ասում էլի, տարածքում ենք լինում անընդհատ, ոչ թե գրասենյակում: Մենք ասելով` ես, իմ տեղակալը, ավագ անտառապետը: Բայց էլի եմ ասում, չես կարող բացառել, որ էդ էլ կարող է լինել: Էն էլ եմ ասում, որ որևէ անհատ ձեռնարկատեր կամ, ասենք, ինչ-որ ՍՊԸ կարող է մեզնից փայտ գնել, տանել, վերավաճառել ու շահույթ ստանալ: Էդ էլ կարող է լինել, ինչ կա: Դա ոչ լիցենզավորված գործունեություն է, ոչ էլ սահմանափակումներ կան: Մենք միայն այդ 3000խ.մ. փայտի շրջանակներում պետք է վաճառենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter