HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Վախթանգ Հարությունյան. «Մենք հիմա underground-ի մեջ ենք` մեր տեսակով փակվել ենք» (վիդեո)

Մեկը տեսնում է` դրսում կիթառով մի մարդ բարդ բան է նվագում, կողքը մեկը հարվածային գործիքի վրա թմբթմբացնում է: Ասում է` նա նվագում է, դու ի՞նչ ես անում: Պատասխանում է` դու չես հասկանում. ինքը դեռ այս նոտան ման է գալիս, որը ես վաղուց գտել եմ:

«Կյանքի ցանկացած փուլ դեգերումների մեջ է: Բայց այդ դեգերումները վերջում բերում հանգեցնում են ինչ-որ մի բանի: Նախապատվելի է այն մարդը, որն այդ նոտան գտնելուց հետո բաց չի թողնում, չնայած իմ տեսակը չի դա: Ես եթե նույնիսկ գտել էլ եմ, դա թողնում եմ հանգիստ, անցնում եմ ուրիշ նոտա ման գալու»:

Բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ, «Ցնորք», «Վերադարձ», «Ես ու Ես» ալբոմների հեղինակ Վախթանգ Հարությունյանը «Ակումբում» հեղինակային երգի երեկոների կազմակերպիչն է: 

Վ. Հարությունյանի վերջին ալբոմը` «Ես ու Ես», լույս էր տեսել 2005-ին, երկար լռությունից հետո, որի ընթացքում, ինչպես ինքն է խոստովանում` ոչ մի բառ, ոչ մի տող չի գրել, այլ փորձել է զգացողությունները վերարտադրել գույներով` նկարչությամբ:

Այսօր հեղինակն աշխատում է իր չորրորդ ալբոմի վրա, տարատեսակ դրսեւորումների արդյունքում ծնված մի ալբոմ, որը կոչվում է «Я живу как живу». «Ռուսերեն երգերով սրվակը այնքան էր լցվել, որ ոչ մի կերպ չէր ստացվում անդրադառնալ այն հայերեն երգերին, որոնք ձայնագրում եմ: Եվ գրածս երգերը պարզապես ներկայացնելու համար պիտի ձերբազատվեմ այս ռուսական փուլից, որ տեղ տամ այն հայերեն երգերին, որոնք հիմա գրում եմ»:

Վախթանգ Հարությունյանը մտավախություն ուներ, որ ռուս ունկնդիրը լեզվամտածողության տարբերության պատճառով չի ընկալի իր ռուսերեն երգերը, բայց ռուսական շուկայում իր ստեղծագործությունների երկրպագուների բավականին մեծ բանակ ձեւավորվեց. «Այն, որ այդ երգերն իրենց հարազատ են, արդեն խոսում էր այն մասին, որ ես դրանք պիտի ձայնագրեմ եւ ներկայացնեմ ռուսական մտածելակերպի ներկայացուցիչներին այն, ինչ անում եմ»:

Ավելին, Վ. Հարությունյանի երգերը նմանեցնում են առաջին ակունքներից ելած երգի: Այդ տպավորությունն առաջանում է, որովհետեւ, Վ. Հարությունյանի կարծիքով, հեղինակային երգի բնագավառում շատ քչերն են ռուսերենը մաքուր եւ անաղարտ պահել, եւ էվոլյուցիայի փուլում այն ապականվել է: Իսկ նա միշտ խուսափել է նման փոփոխություններից. «Համենայնդեպս, ակումբ թույլ չեմ տալիս եւ փորձում եմ խստապահանջ լինել բոլորի նկատմամբ, այդ թվում` իմ երգերի հանդեպ, որ այդ մուտացիոն գործընթացը` սլենգը, որը ձեւավորում եւ ստեղծում է բառի աննորմալ շեշտադրություններ, մտքի արժեքային մասի վրա չանդրադառնա»:

Վ. Հարությունյանն անցած տարի 6 հրավեր է ստացել Ռուսաստանի 6 տարբեր անկյուններում հեղինակային երգի փառատոներից. «Երբ ծանոթանում ես ցուցակներին, թե քանի հոգի է մասնակցում, տեսնում ես, որ հազարավոր մարդիկ կան արժանի երգով: Եթե համեմատենք այն բոլոր աղբյուրները, որոնք աջակցում են հեղինակային երգին Ռուսաստանում, համեմատելու տեղ չունենք»:

«Ես գրեթե համոզված եմ, որ արժեքային համակարգի առումով մշակույթի, կրթության նախարարությունները խնդիր ունեն լուծելու, եւ այն, ինչ հիմա մենք անում ենք, իրենց գործի մի մասն է, որ իրենք չեն անում: Վերջին երկու տարում մշակույթի նախարարը հայտարարեց` պարտադիր չէ ամեն տարի անել հեղինակային երգի փառատոն, դրանով արժեզրկում ենք այդ երեւույթը: Ես չեմ հասկանում, ուրեմն ամենամյա ցանկացած բան, որ հիմա անում են, արժեզրկելու խնդի՞ր ունեն: Նման հայտարարությունը, թե մենք արժեզրկում ենք տարին մեկ անգամ փառատոն կազմակերպելով, նշանակում է` արդեն շատ վաղուց արժեզրկել ենք այս երեւույթը, բայց փաստը ճիշտ հակառակի մասին է խոսում: Մենք ամեն ուրբաթ հավաքվում ենք եւ արժեւորելով ավելի ու ավելի ենք արժեւորում: Այսինքն, եթե ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք եւ միասին երգում, եւ դրանից մեր ունկնդիրների թիվը չի նվազում, ուրեմն մենք ճիշտ ենք անում»:

Բարդամոլներ

«Նրանք, ովքեր մասնակցում են, պարզապես վարակվել են այդ երեւույթով: Համացանցում մեկ էլ կարդում ես` «բարդամոլներ»: Մոլուցք բառին դրական չեմ վերաբերվում, ընդհանրապես դա նորմալ երեւույթ չեմ համարում, բայց ինչ-որ մի դրական բան կա այդ ամենում: Ես իրենց ասում եմ` հա, միգուցե մարդիկ, ովքեր հետեւանքներով չեն ուզում առաջնորդվել, փորձում են պատճառները գտնել, իրենց համար ինչ-որ բանալի են փնտրում, եւ այդ բանալին գտնում են մեր խոսքերի, մեր վերաբերմունքի, մեր այդ անկեղծության մեջ: Շատ շատերից եմ լսել, որ այդ անկեղծ միջավայրը ոչ մի տեղ գրեթե չկա: Որովհետեւ, չգիտես ինչու, մարդիկ որոշել են, որ ինչքան ձեւ տան, այնքան լավ է, բայց... Իսկ ես հասկանում եմ, որ դա երկկողմանի սուր է, եթե մի կողմից անկեղծությամբդ դիմացինի սիրտն ես մտնում, մյուս կողմից էլ քո սիրտը բաց է, մյուս կողմով էլ կարող են քո սիրտը մտնել, այդ անկեղծությունն է, որը դու ափիդ մեջ ես դնում, ասում` էս եմ ես:

Այդ միջավայրերում համերգ տալով` պարզապես փորձել ենք ինտեգրել բոլոր նրանց, ովքեր ունակ են իրենց տեսակով այդ երաժշտությունը եւ այդ խոսքը ընկալելու: Պիտի ասեմ, որ նրանք քիչ չեն, բայց մենք խնդիր չենք առաջադրել, որ բոլորը պետք է հասկանան: Հեղինակային երգը երբեք մասսայական չի եղել: Եթե վերցնենք փոփ երաժշտության բնագավառը, ապա այստեղ երեք կամ տասներեք բառանոց ինչ-որ մակերեսային մտքերի շարք է` շատ հեշտ մարսվող, իսկ հեղինակային երգը մի բանաստեղծություն է, որի մեջ մարդու էվոլյուցիայի առնվազն մեկ փուլ է երեւում, որտեղ պարտադիր պիտի հասկանաս ամեն բառակապակցության միտքը, դրա ակունքները: Եվ պարզ է, որ չեն այդ քանակությամբ մարդիկ դա չեն կարող լսել: Այս ժանրը հենց պոպուլյար դառնա, կմահանա»:

Գողությունից ոչնչով չի տարբերվում

«Մտքի ունայնություն, եւ մի քանի րոպե քո ժամանակից հետո ոչինչ չասելը: Գողությունից ոչնչով չի տարբերվում, երբ ես քո ժամանակը վերցնում եմ, խնդրում եմ ուշադրություն, եւ ոչինչ քեզ չեմ ասում: Այդ առումով ես մի քիչ խստապահանջ եմ, նույնիսկ մի քանի անգամ Ակումբում ասել են, թե ցենզուրայի տեսակ եմ կիրառում, չեմ վախենում եւ միաժամանակ գտնում եմ, որ եթե ինչ-որ մեկն իր հայացքը դեպի իրեն չի կարողացել դեռեւս նետել` տեսնելու, թե ինչքանով է ինքը արժեք մատուցում, ուրեմն պետք է նրան ստիպել իր ստեղծածին ավելի խստապահանջ վերաբերվել, հետո նոր դուրս գալ եւ մարդկանց ինչ-որ բան ասել: Այդ առումով միգուցե ես մի քիչ գրաքննում եմ: Հիմնականում դա ավելի շատ սրտացավության դրսեւորում է, այսինքն` ես չեմ ուզում 20 տարեկան երիտասարդը գա բարբաջի ինչ-որ մի միտք, մեզանից ժամանակ խլի եւ ոչինչ չտա, եթե իր գրածը դեռեւս արժեք չի ներկայացնում: Առաջին անգամ մենք բոլորս լսում ենք որպես առաջին ունկնդրող, բայց եթե առաջին անգամ ես ոչինչ չեմ տեսել, խնդրում եմ երկրորդ անգամի համար տեքստի տեսքով բանաստեղծությունը բերել, որ կարդամ: Եթե ոչինչ չեմ տեսնում, ուրեմն թույլ չեմ տալիս պարզապես եւ չեմ հրավիրում իրեն հաջորդ անգամ, մինչեւ այդ ամենը չշտկի: Դրա մեջ, իհարկե, գրաքննություն կա: Բայց եթե  գրաքննության այդ տեսակն էլ չլինի, ուրեմն մենք կամաց-կամաց պիտի իջեցնենք նշաձողը: Իսկ ես վախենում եմ, որ այդ ունայնությունը օրերից մի օր նորմ դառնա, ինչպես նորմ է հասարակական տարբեր ոլորտներում: Այստեղ ես չեմ ուզում, որ այդ նորմը հաստատվի»:

Մեր տեսակով փակվել ենք

«Ես չեմ կարողանում տանել անտարբերությունը, կեղծավորությունը, երբ մարդը չի արժեւորում ուրիշի կյանքը, սեփական կյանքն արժեւորելն իմաստ չունի: Մեծերից մեկը խոսք ուներ` «Տեր Աստված, աչքերս բացեցիր, բայց աչքերս բացելուց ավելի շատ ցավ տեսա, որովհետեւ ուրիշների ցավն եմ սկսել ավելի շատ տեսնել»: Մարդը երջանիկ չի կարող լինել, եթե իր միջավայրը դժբախտ է, եթե իր միջավայրում շատ խնդիրներ կան, եթե մարդիկ արդեն դատարկության մեջ են ամբողջությամբ, եւ կորուստն ավելի մեծ է: Երբ այդ ամենը սկսում է քեզ խանգարել, փակվում ես քո տեսակով: Մենք հիմա այդ underground-ի մեջ ենք` մեր տեսակով փակվել ենք: Պարբերաբար հայտնվում են այն մարդիկ, ովքեր հետո դուրս են գալիս: Մենք այդտեղ մի քիչ ուժ ենք հավաքում, հետո դուրս ենք գալիս, որ ապրելու հնարավորություն ունենանք: Այդ փոքրիկ կղզյակներից մեկն է, Ռուբենի ասած` կղզյակ դժոխքում: Այդպես էր ասում, ասում էր` Երեւանում մնացել են մի քանի կղզյակներ, կղզյակներ դժոխքում, ու մեր տեսակի մարդիկ ապրում են այդ կղզյակներում»:

Բողոքն ուղղված է ինքդ քեզ

«Համոզված եմ, ցանկացած մարդու մեջ եթե բացասական շատ գծեր, ունայնամետ երեւույթներ կան, դրականն էլ կա, բայց խնդիրն այն է, թե ինչին ինքը կսեւեռի իր հայացքը, ինչքան ժամանակ կտրամադրի ինքն իրեն ճանաչելու համար, եւ ինչքան` հասարակության ցույց տալու, որ ինքը լավն է: Ծայրահեղ տարբեր բաներ են: Հասարակության համար որեւէ բան անելուց առաջ առաջինը պիտի ինքդ քեզ գտնես, քեզ արժեւորես, հասկանաս` ինչ ունես հասարակությանը ասելու, ինչքանով հետո կմաքրվես` նրան ինչ-որ բան ասելուց առաջ, ինչքան խնդիրներ կունենաս: Այն բողոքը, որ կա, հիմնականում բողոք է` ուղղված ինքդ քեզ: Համենայնդեպս, իմ երգերի հիմնական մասն իմ դեմ է ուղղված, իմ մեջ` իմ խնդիրներով եւ հանգուցալուծումներով, որոնք միգուցեեւ ուրիշի համար ապրելաձեւ կամ ապրելու բանաձեւ են դառնում այդ լուծումը հետո ստանալու համար: Ես բանալիներ եմ տալիս, թե ամեն մեկը այդ բանալիներից ինչպես կօգտվի, ինչ կողպեքներ կբացի` իր խնդիրն է»:                                         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter