HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք հասարակությանն աջակցելու ենք, որպեսզի ճնշումը մեծացնի իշխանությունների նկատմամբ»

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ

-Պարոն Մինասյան, կուտակային կենսաթոշակային  համակարգի ներդրումն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

-Այն մոդելը, որը կոչվում է կուտակային կենսաթոշակային համակարգ ենթադրում է, որ քաղաքացիները պարտավոր են իրենց հարկման ենթակա աշխատավարձից կամ որ նույնն է` անվանական աշխատավարձից,  կատարել մուծումներ, կուտակում խնայողության տեսքով մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին: Այս միջոցներին ավելանում է նաև կառավարության կողմից բյուջեից տրվող ևս 5 %-անոց մուծումները: Արդյունքում ձևավորվում է հսկայական  խնայողությունների գումար` երկար փող, որը, սակայն, օրենքի շրջանակներում առնվազն 50 %-ը կարող է տեղաբաշխվել դրսում: Այսինքն` եթե հաշվի առնենք, որ խոսքը տարեկան  100-150 մլն դրամ գումարի մասին է, այդ գումարի առնվազն կեսը կարող է տեղաբաշխվել դրսի ֆինանսական շուկաներում: Հետևաբար, առաջանում է ֆինանսական շուկայի ռիսկ այդ ակտիվների նկատմամբ:

Եվ ինչպես փորձն է ցույց տվել, 2008-09 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին  հազարավոր ֆոնդեր պարզապես փուչիկի պես պայթեցին, որովհետև ներդրված կենսաթոշակային այդ գումարները որևէ ապահովվածություն չունեին, ակտիվների տակ որևէ գումար չկար: Եվ նաև նույն թվականներին Արգենտինան, որ անցել էր այդ համակարգին, միանգամից հետ կանգնեց և հետ քաշեց իր ֆոնդերը` անցնելով նորից սերունդների համերաշխության գաղափարին: Այսինքն` առաջին կարևոր ռիսկը ֆինանսական շուկաների ռիսկն է, որ գումարները  փաստացի կարող են ներդրվել այնպիսի ակտիվների մեջ, որ պարզապես փուչիկի պես կարող են պայթել:

Երկրորդ ռիսկն  այն է, որ դրանից ազգային տնտեսությունը չի շահում, որովհետև նախ ` կարծրանում է ստեղծված աշխատաշուկան, մեկ աշխատատեղի ստեղծման համար այլևս բարձրացել է անհրաժեշտ գումարը, որպեսզի գործատուն ստեղծի: Հետևաբար, դա նշանակում է, որ մենք ունենալու ենք ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծում, այլ անգամ աշխատատեղերի կրճատում և ստվերի մեծացում: Այսինքն` երկրորդ ռիսկը աշխատաշուկայից եկող ռիսկն  է:

Երրորդը` դեմոգրաֆիական ռիսկն է :Օրինակ, կինը, որ երեխա պետք է ունենա, երեխա  ունենալուց և երեխային խնամելու ժամակահատվածում, փաստորեն, չի ստանալու որևէ հատկացում: Արդյունքում կինը պետք է որոշում կայացնի` երեխա ունենա հիմա՞, թե՞ հետաձգի հետո: Եվ քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն այնպես չեն, որ կինը աշխատաշուկայից դուրս գա և գնա երեխա ունենա, և իր վիճակը բարեկեցիկ լինի, նա նախընտրելու է (դա ցույց են տալիս նաև հարցումները) հետաձգել երեխա ունենալու իր հնարավորությունը: Արդյունքում մենք կորցնելու ենք նոր սերնդի ծնվելը:

Դեմոգրաֆիական ռիսկի մեկ այլ դրսևորումն այն է, որ աշխատատեղ չստեղծելով, չունենալով բավարար թվով աշխատունակ երիտասարդներ, ստացվում է, որ մեկ աշխատողի վրա փաստացի ընկնելու է շատ ավելի մեծ բեռ, քան այն դեպքում, եթե այդ գումարները ծախսվեին նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանի տնտեսության մեջ:

-Նշվել է, որ այդ օրենքը կիրառվելու է 1974 թ. հետո ծնվածների վրա: Կա՞ն սահմանադրական հակասություններ:

-1974 թ. հունվարի 1-ից  հետո ծնվածների  վրա դրույթը հակասահմանադրական է: Սա ակնհայտ  տարիքային խտրականություն է: Այլ երկրներում այլ մեխանիզմներով է կիրառվել: Օրինակ, առաջին անգամ աշխատաշուկա մտնելուց հետո է կիրառվել: Եթե երիտասարդն ավարտել է բուհը, չի աշխատում, բնականաբար, ինքն այդ համակարգում չկա, իսկ երբ սկսում է աշխատել, այդ պահից սկսում է գործել: Այս մոտեցումը թույլ է տալիս, որպեսզի տարածվի բոլորի վրա, մարդ կարող է լինել 45 տարեկան, բայց  երբեք աշխատանք կատարած չլինի և հիմա նոր դուրս գա և մտնի այդ համակարգի մեջ: Բայց ավելի մեծ շեշտադրումը դրված է կամավորության հենքի վրա` որպես կարևոր ապացույց պետության և ֆինանսական ոլորտի կառավարման նկատմամբ: Քանի որ մեր երկրում չկա դա, հակառակը` մենք ունեցել ենք ավանդների կորստի դեպքը, բանկերի պայթյունը, հսկայական ռեսուրսների կորուստներ տարբեր ձևերով, քաղաքացիները պարզապես չեն վստահում, իսկ չվստահելը ամենամեծ բացասական լիցքն է այս համակարգի աշխատանքի նկատմամբ: Եվ հոգեբանական գործոն կա:

Մասնավոր պարտադիր կուտակային համակարգերը գործում են այն երկրներում, որտեղ կոորպորատիվ կառավարման համակարգերն ուժեղ են, որտեղ ձեռնարկության կառավարումը մեկ-երկու-երեք մարդու ձեռքում չէ, այլ հազարավոր մարդկանց ձեռքում, հազարավորներով բաժնետերեր են, մեզ մոտ այդպես չէ: Հակառակը մեր տիպի երկրներում ամենարդյունավետ գործիքը սերունդների համերաշխության գաղափարն է, երբ կա ընդհանուր ֆոնդ, այդ ընդհանուր ֆոնդով ապահովագրվում են բոլոր հնարավոր ռիսկերը, մարդու կյանքի մեջ դրսևորվող, որոնցից մեկն էլ կենսաթոշակային տարիքն է, երբ մարդ հասնում է այդ տարիքի, կորցնում է  աշխատունակությունը, նրան իր կատարած ֆոնդի վճարումների համապատասխան վերադարձնում են գումարները` որպես կենսամակարդակի պահպանման միջոց:

Հակասահմանադրականության մեկ այլ դրսևորումն այն է, որ Սահմանադրության 117-րդ հոդվածն ամրագրում է, որ արգելվում է  ձեռքբերված սոցիալական  մակարդակի նվազեցում: Մինչդեռ այս փաթեթը ամրագրում է այդպիսի մոտեցում, մասնավորապես, կենսաթոշակային նվազագույն տարիքը 5 տարուց դարձել է 10 տարի, այսինքն` մարդն առնվազն պետք է 10 տարի ունենա, որ մտնի ապահովագրական աշխատանքային կենսաթոշակի մեջ:

Մեկ այլ խտրականություն արտահայտվում է հենց սերունդների համերաշխության սկզբունքը ոտնահարելու մեջ: Սահմանադրության 36-րդ հոդվածի 3-րդ մասը խոսում է երեխաների կողմից ծնողներին պահելու պարտականության մասին: Դրա՝ կենսաթոշակային համակարգում լավագույն դրսևորումը հենց սերունդների համերաշխության համակարգն է, երբ ներկա սերունդը վճարում է իր նախորդ  սերնդին պահելու համար: Այս փոփոխությունները, փաստորեն, վերացնում են այս կապը, և ասում են, որ դու պետք է պահես քեզ, այլ ոչ թե քո նախորդ սերնդին:

Սահմանադրական շատ լուրջ հակասություններ ենք տեսնում, և նաև քաղաքացիական նախաձեռնող խմբերն էլ են հղում տալիս այդ ամենին, նաև սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրականության հարց կա և այլն, և այլն, այսինքն` այս ամենը բերում է նրան, որ պայքարը տրամաբանական շարունակություն պետք է ունենա թե սահմանադրական բողոքարկումների մակարդակում, թե քաղաքացիների ակտիվ դրսևորումներով:

-Իսկ ի՞նչ ընթացք կլինի:  Ի՞նչ շարունակական քայլեր կարվեն:

-Մենք հասարակությանն աջակցելու ենք, որպեսզի ճնշումը մեծացնի իշխանությունների նկատմամբ: Երկրորդ` իրավական ընթացակարգերը պահելով հանդերձ` գնալու ենք գործողությունների` սահմանադրական բողոքարկումներ, անհնազանդություններին աջակցություն, բողոքի ակցիաներ, նաև պահանջներ, պայմաններ ու պարտադրանքներ, որպեսզի մի շարք կանոններ փոփոխությունների ենթարկվեն և այլն: Ուզում եմ ասել, այնպես չէ, որ ես կարող եմ խոսել բոլորի փոխարեն, բայց, կարծում եմ, քաղաքացիական ակտիվ նախաձեռնության կազմակերպիչների հետ պետք է քննարկել և մշակել հետագա գործողությունները:

-Պարոն Մինասյան, ինչպե՞ս են հաշվարկել, որ 1974 թ. հետո ծնվածների  համար պետք է կիրառվի նշյալ օրենքը:  Ինչպե՞ս են ստացել այդ թիվը:

-Ընդհանրապես, նման փոփոխությունները հիմնվում են որոշակի հաշվարկների վրա, որոնք կոչվում են ակտուարական հաշվարկներ: Այդ հաշվարկների մեջ կենտրոնական տեղերից մեկը հանդիսանում է մահացության աղյուսակը: Մեր երկրում չի վարվել այդպիսի աղյուսակ, և երբ մենք հարցնում էինք` արդյո՞ք այդ ակտուրաական հաշվարկները կարող եք տրամադրել մեզ, մենք էլ ուսումնասիրենք, սրանից 4 տարի առաջ կառավարությունը հղում էր տալիս Համաշխարհային բանկին, Համաշխարհային բանկն էլ՝ կառավարությանը, և այդպես էլ չտվեցին այդ հաշվարկները` պատճառաբանելով, որ դրանք գաղտնիքներ են: Արդյունքում հիմա իրենք հայտարարում են, որ իրենց հաշվարկները գալիս-հանգում են 1974 թ. հունվարի 1-ից հետո  ծնվածների վրա, որպեսզի համակարգը ֆինանսապես կարողանա աշխատել, կայանալ, զարգանալ: Եթե դրանից ավելի տարիքով մարդիկ լինեն, ապա նրանց կենսաթոշակային տարիքին քիչ ժամանակ կմնա, և կուտակումները չեն կարող հնարավորություն տալ, որպեսզի համակարգն ավելի արդյունավետ աշխատի:

Հիմնավորումը  սա է, ինչը մենք չենք ընդունում, որովհետև նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ 2010 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների վրա կիրառեք, որ ավելի արդյունավետ լինի կամ 2001 թ.-ից հետո ծնվածների վրա, որ էլի ավելի արդյունավետ լինի և այլն, և այլն: Այսինքն` քանի դեռ հաշվարկները մենք չունենք, չենք կարող ասել, որ այդ հաշվարկները ճիշտ են, արդյունավետ են, օգտակար են, ավելին ասեմ` այն ժամանակ մենք փորձեցինք ինքնուրույն կատարել նման  ակտուարական հաշվարկներ, անգամ պատվիրեցինք միջազգային կարգի մասնագետների: Նրանց նախնական հիմնավորումն  այն էր, որ պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգը ամենևին պարտադիր չէ, որ լինի, պայմանական կուտակայինը կարող է շատ լավ աշխատել երկրում, սակայն դրան` որպես հակափաստարկ, ֆինանսական մեծածավալ հետազոտություններ չկարողացանք ներկայացնել, որովհետև դա շատ մեծ ծախս էր: Իսկ մյուս կողմից կառավարությունը և Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը չտրամադրեցին մեզ այդ հաշվարկները:

-Ի վերջո, ինչքանո՞վ է տուժելու քաղաքացին այդ համակարգի  ներդրմամբ: Ի՞նչ կկորցնի:

-Բավական լուրջ է քաղաքացու ռիսկը, համենայն դեպս, գոնե այն մասով, որ աշխատավարձերի չբարձրացման արդյունքում կորցնելու է իր եկամուտների 5 %-ը  սպառման նպատակով օգտագործելու հնարավորությունը,  մյուս կողմից՝ քաղաքացիներից պահանջում են մասնագիտական լուրջ իմացություն այս կամ այն ֆոնդը կամ փաթեթն ընտրելու հարցում: Սա նշանակում է, որ քաղաքացին կամ պետք է ինքնակրթությամբ զբաղվի կամ հավելյալ վճարներ  պետք է տա խորհրդատուներին, որպեսզի իրեն խորհուրդներ տա, թե որտեղ դնի:

Եվ վերջապես, երրորդ կարևոր կորուստը, որ քաղաքացին կարող է ունենալ, նոր աշխատատեղ ընտրելու սահմանափակ լինելն է, որովհետև, ինչպես նշեցի, ռեսուրսները հիմնականում ուղղվելու են դուրս, Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը կարծրանում է, ավելի է թանկանում, և  փաստորեն, քաղաքացին պետք  է բավարարվի իր ունեցած աշխատանքով և աշխատավարձով, այսինքն` զարգացման միտված նպատակներ չկան: Ավելի բարձր աշխատավարձ ստացողները,  որոնք 500.000 դրամից ավելին կարող են ստանալ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդները, ոչ թե 5, այլ  մինչև 10 % պարտադիր խնայողություն պետք է իրականացնեն իրենց աշխատավարձերից, ինչը նշանակում է նրանց ծրագրերի խաթարում, նրանց ծրագրերի, մոտեցումների և ցանկությունների սահմանափակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter