Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Էնպես լինի, որ հարևանդ քեզ բարևի»



2011 թ. հուլիսի 18-ին կյանքից հեռացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ (1998-2005թթ.), ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ (2005-2010թթ.) Հենրիկ Դանիելյանը: Լրագրող Սառա Պետրոսյանին տված հարցազրույցը վաստակաշատ իրավաբանի անձնական կյանքի, մարդկային տեսակի ու խառնվածքի բացահայտումն է, որում նրա կրտսեր գործընկերների համար շատ բան կա ուսանելի: Հարցազրույցն արվել է 2000 թ., երբ Հենրիկ Դանիելյանը Վճռաբեկ դատարանի նախագահն էր, և տպագրվում է առաջին անգամ:

Հենրիկ Դանիելյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվեց 1998 թ. հունիսի 10-ին, երբ դատական համակարգում բարեփոխումներ էին սկսվել: Գերագույն դատարանի (ԳԴ) անդամներից ամենաերկար աշխատանքային փորձառությունն ունենալով հանդերձ (61-ամյա Հ. Դանիելյանը դատավոր է աշխատել 33 տարի)՝ մտածել է, որ իրեն նույնիսկ Վճռաբեկ դատարանում չեն թողնի: Ինչպես ինքն է բնութագրում, հնին կառչած, կարծրացած մտածողությունը կարող էր խանգարել այս աշխատանքում, քանի որ նախկին ԳԴ-ն և ներկայիս Վճռաբեկ դատարանը բոլորովին նման չեն իրար:

Բայց, միանգամայն անսպասելիորեն, հրավիրել են հանրապետության նախագահի մոտ: Կես ժամ տևած զրույցից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հայտնել է. «Որոշել ենք, որ Դուք գլխավորեք Վճռաբեկ դատարանը»: Պրն Դանիելյանն ասում է, որ իր համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ո՞վ էր իր թեկնածությունն առաջադրել: «Նախագահը միայն մի բան ասաց' ի՞նչպես եք դատավոր աշխատել երկար տարիներ, որ բոլորը դրական են արտահայտվում»:

Պրն Դանիելյանն ասում է, որ դատավոր դառնալն ընդհանրապես նպատակային չի համարել: Ծնվել է Սևանում և քանի որ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, 17 տարեկանից Սևանի սառցակոմբինատում մեքենավար է աշխատել: Միաժամանակ թղթակցել է «Սևան» շրջանային թերթին:

«Գրելու հակումներ մանկությունից եմ ունեցել, թղթակցում էի «Ավանգարդ» թերթին, Հայաստանի ռադիոյին, նրանց համար ակնարկներ էի գրում: Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի մասին էի գրել, որն իմ հաջողված ակնարկներից մեկն էր: Ավելի շատ հրապարակախոսական ուղվածություն է ունեցել իմ լրագրողական աշխատանքը, որով զբաղվել եմ 7 տարի, բայց ընդմիջումներով»,- իր նախկին մասնագիտության մասին պատմում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը:

Խմբագրությունում աշխատելու տարիներին կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռվում' դարձյալ աշխատանքի հետ համատեղ, որովհետև ստացիոնարում սովորելու համար պայմաններ չի ունեցել:

«Անարդարությունների էի հանդիպում և լավ լրագրող լինելու համար որոշեցի իրավաբանություն սովորել: Ավարտելուց երկու տարի հետո առաջարկեցին դատավոր աշխատել: Միանգամից չհամաձայնվեցի, իմ աչքին դատարանը ճղճիմ հիմնարկ էր: Բայց ելնելով նրանից, որ արդարության համար այստեղ ավելի շատ կարող եմ պայքարել՝ համաձայնվեցի և 1969 թ. փետրվարից նշանակվեցի Սևանի շրջանային դատավոր»:

Մեր հարցին, թե իր փնտրած արդարությանը որքանո՞վ նպաստեց դատավարական գործունեությամբ, պատասխանեց. «Դատական իշխանությունը հզոր իշխանություն է, դու մարդու ճակատագիր ես որոշում: Հասարակության մեջ եղած կոնֆլիկտային, անլուծելի վիճակներն են հանցագործություն ծնում, և դա գալիս հասնում է դատարան: Այստեղ անպայման դատապարտյալն անարդար է իր զոհի' տուժողի նկատմամբ, ուրիշի ունեցվածքի նկատմամբ: Սա, իրոք, արդարության համար պայքար է: Իմ աշխատանքից գոհ եմ, որ ինչ-որ բան կարողացել եմ անել անարդարությունները լուծելու առումով, բայց ասել, որ վերափոխումներից հետո դատական համակարգը կարողանում է անարդարությունները լուծել' չէ»:

ԳԴ-ում, որտեղ միայն ծանր հանցագործություններն էին քննվում, աշխատել է 21 տարի: Հազարավոր մարդկանց է դատապարտել, սակայն, ինչպես ինքն է ասում, չի եղել մեկը, որ իրենից վիրավորված լինի, որովհետև համոզվել են կատարած արարքի մեջ: Հավատացնում է, որ մեծ դժվարությամբ էր դատավճիռ կայացնում, սակայն չի հիշում մի դեպք, որ զղջար կայացրած դատավճռի համար: Եթե համոզվել է և դատապարտյալին համոզել է, որ արարքը կատարել է, և ոչինչ հնարավոր չէ անել, խիղճը միշտ հանգիստ է եղել:

«Պատվերով երբեք մարդ չեմ դատապարտել, երբևէ խղճիս դեմ չեմ գնացել, այդ իսկ պատճառով ինձ ապահովագրված եմ զգում»,- շեշտում է Հենրիկ Դանիելյանը: Ի հավաստումն ասվածի՝ ավելացնում է, որ դատավորի պաշտոնն ստանձնելուն պես առարջարկվել է թիկնապահներ ունենալ, որից հրաժարվել է. «Եթե այդքան անարդար լինեմ, որ ցանկանան կրակել, թող կրակեն»:

Պրն Դանիելյանը կարծում է, որ շատ դժվար է սկզբունքային դատավոր լինել մի երկրում, որը շատ փոքր է, և գրեթե բոլորը միմյանց ճանաչում են: Հայերի ազգային խառնվածքը չի նպաստում դրան. ընկերների, բարեկամների կողմից միշտ միջնորդություններ են լինում. «Եթե քեզ նվիրել ես արդարադատությանը ծառայելու, չես կարող բոլոր միջնորդությունները բավարարել: Եթե բոլորին ընդառաջես, չես կարող այլևս դատավոր աշխատել և տարիների ընթացքում անընդհատ կորցնում ես ընկերներիդ»:

Զրուցակցիս ասելով՝ ընկերներին կորցնելու համար չի ափսոսում՝ համարելով, որ եթե մարդն իր նման չի մտածում, ուրեմն իր ընկերը չէ: Ափսոսում է միայն, որ մարդիկ արդար չեն մտածում, որի պատճառով էլ սիպված ես մեկուսանալ շրջապատից, բայց «հասկացող ընկերները շարունակում են ընկեր մնալ, ինչքան էլ մերժում ես. դժբախտաբար քիչ են այդ մարդիկ»:

«Ինչո՞ւ պետք է այս ծանրությունը ես կրեի, դա ի՞նչ է տալիս ինձ: Այդ զգացումը միշտ լինում է, մանավանդ, երբ դահլիճում տեսնում ես զոհերի հարազատներին, երեխաներին: Ինչքան էլ նա ծանր հանցանք կատարած լինի, ազդվում ես: Շատ են եղել պահեր, երբ մտածել եմ, որ կարող էի նաև ինձ համար ապրել, աշխատել՝ ազատ, առանց մեծ հոգսեր վերցնելու: Բայց բոլոր դեպքերում, երբ արդար դատավճիռ ես կայացնում, ինչ-որ տեղ դա փոխհատուցում է կաշկանդվածությանդ»,- վստահեցնում է դատարանի նախագահը:

Ասում է՝ չի ցանկացել, որ իրավաբանի հոգեկան ճնշված վիճակը փոխանցվի նաև իր չորս դուստրերին, որոնցից երկուսը իրավաբան դառնալու ցանկություն ունեին, սակայն հետևեցին մայրիկին և տնտեսագետներ դարձան: Տիկին Դանիելյանը երկար տարիների հաշվապահական աշխատանքից հետո վաստակած հանգստի է անցել, մանավանդ որ արդեն ութ թոռնիկ ունի, որից վեցը նույնպես աղջիկ է:

Պրն Դանիելյանը հումորով է խոսում իր ընտանիքում բացարձակ մեծամասնություն կազմող կանանց իշխանության մասին' մայրը, կինը, չորս դուստրերը և վեց թոռնուհիները: «Ինձ համարում էի կանանց թիմի մարզիչ, իսկ երբ կրտսեր դուստրս անդրանիկ որդուն ունեցավ, ասացի' ինչո՞ւ ես պղծում մեր սուրբ ընտանիքը»:

Հենրիկ Դանիելյանն իրեն սակավապետ է համարում և ասում, որ երբեք միջավայրից առանձնանալու ցանկություն չի ունեցել' առանձնատուն, շքեղ ավտոմեքենա, հագուստներ և այլն: «Չէ, էնպես լինի, որ հարևանդ քեզ բարևի, չասի' մեր մարդը չի: Այդպես էլ երեխաներիս եմ դաստիարակել»:

Իր նախասիրությունների մասին խոսելիս առաջինը շեշտում է ընթերցասիրությունը, որից հետո մեքենա վարելը. «Ոչ աշխատանքային օրերին երբեք ծառայողական մեքենայով չեմ եղել, իմ սեփական «09»-ն եմ վարում, դա մեծ լիցքաթափում է ինձ համար»:

Հավաքույթներից խուսափում է, սիրում է ինքն իր հետ առանձնանալ՝ բացառությամբ ընկերական միջավայրի, որոնց հետ սիրում է սեղան նստել, և հայկական սովորույթի համաձայն՝ բաժակ բարձրացնելիս «ժողովրդին այս վիճակից դուրս բերելու, անկախ Հայաստանում ապահով, երջանիկ կյանք տեսնելու» կենացն է խմում:

Վճռաբեկ դատարանի նախագահի համար գաղտնիք չէ ժողովրդի մեծ դժգոհությունը դատական համակարգի գործունեությունից: Սակայն համոզված է, որ հետևողական աշխատանքի դեպքում, ապագայում շատ լավ դատական համակարգ կունենանք: Համակարգի թիվ մեկ խնդիրը համարում է արդարադատության օպերատիվությունն ապահովելը: Պրն Դանիելյանի ասելով՝ կոնֆլիկտին արագ լուծում տալն այսօր պրոբլեմ է անգամ եվրոպական զարգացած երկրների համար:

Նոր համակարգի երկու տարվա աշխատանքային փորձից այն հետևության են հանգել, որ Հայաստանում գործող եռաստիճան դատական կառուցվածքն ավելի ձգձգում է լուծումներ տալը, և դա շատ լուրջ թերություն է: Դատական համակարգն ավելի ճկուն դարձնելու նպատակով նախատեսում են օրենսդրական փոփոխություններ կատարել քաղաքացիական և քրեական օրենսգրքերում, նաև ՀՀ Սահմանադրության մեջ:

Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներով ամբողջացել է հասարակության բացասական վերաբերմունքը դատարանի նկատմամբ, որին չեն վստահում, և շատ հաճախ այդ պատճառով դատարան չեն դիմում: Հարցման արդյունքները հայտնի են նաև Վճռաբեկ դատարանի նախագահին: «Այն դատավորները, ովքեր համակարգ են մտել ոչ ազնիվ մղումներով, նրանցից համակարգը մաքրվում է»,- ասում է նա:

Այդ իմաստով դրական է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին. յուրաքանչյուր դատավոր ստիպված կլինի ճիշտ կիրառել օրենքը, որովհետև քաղաքացին կարող է դիմել Եվրոպական դատարան:

«Եվրոպային անդամակցելով՝ մենք պարտավորություններ ենք ստանձնում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է իրականացնենք: Եվրախորհրդի անդամ դառնալով՝ հույս ունեմ, որ մեր քաղաքացիները տոտալիտարը շուտ կմոռանան, կհիշեն իրենց իրավունքները և դրա դատական պաշտպանությունը կփնտրեն»,- ասում է պրն Դանիելյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ