HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-1

Ստյոպա Սաֆարյան, Քաղաքական վերլուծաբան   

Միգուցե տասնամյակներ անց՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ ԱԱԾ արխիվների հրապարակայնացումից, Հայաստանում լուստրացիա (օտարեկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց բացահայտում) իրականացնելուց հետո առավել հստակ դառնա, թե ի՞նչ խողովակներով եւ ինչպե՞ս ապահովվեց, որպեսզի ԵՄ-ի հետ 3 տարուց ավել բանակցող Հայաստանը մեկ գիշերվա մեջ տեղի տա, իսկ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի միանձնյա ու անսպասելի հայտարարության արդյունքում Վիլնյուսյան գագաթնաժողովի սեղանից դուրս դրվի ստորագրման պատրաստ Ասոցացման ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը:

Եթե Հայաստանը իրավական, ինքնիշխան երկիր լիներ, ապա նրա դատախազությունն ու ԱԱԾ-ը սեպտեմբերի 3-ի երեկոյան անհապաղ քրեական գործեր կհարուցեին կատարվածը հետաքննելու համար, քանի որ տեղի է ունեցել մի բան, որն էապես ազդել է երկրի անկախության ու ինքնիշխանության վրա. հանրությանն անհայտ հանգամանքներում կայացվել է մի որոշում, որը երբեք չի քննարկվել Հայաստանում, սահմանափակել ու խոչընդոտել է այլ երկրների ու վերպետական կազմավորումների (ինչպիսին ԵՄ-ն է) հետ սեփական կամքով գործընկերությունը խորացնելու՝ Հայաստանի ազատությունն ու իրավունքը: Իսկ երկրի՝ ինքնիշխան նպատակներ հետապնդելու իրավունքի խոչընդոտումից զատ,  ԵՄ-ի հետ բանակցությունների վրա Հայաստանը վատնել է ավելի քան 3 տարի ու հսկայական միջոցներ՝ հարյուրավոր գործուղումներ, աշխատանքային հանդիպումներ եւ այլն:

Սակայն, ցավոք, Հայաստանն այդ երկիրը չէ: Հայաստանի ԱԱԾ-ին ու դատախազությանը թույլատրված չէ հետաքննել այդպիսի գործեր, ինչպես որ թույլատրված չէր դա անել Հայաստանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունների՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության կամ մարտի 1-ի սպանդի կապակցությամբ, անգամ դրանց՝ օտար երկրների հատուկ ծառայությունների առնչակցության մասին արժեքավոր վկայությունների ու փաստերի պարագայում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը ռուսական հատուկ ծառայությունների առնչության մասին վկայել էր նաեւ տարիներ առաջ Լոնդոնում պոլոնիումով թունավորման եղանակով սպանված ՌԴ հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան աշխատակից Ա. Լիտվինենկոն: Այդ նույն շրջանում ՀՀ Ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր, իսկ ոճրագործության արտաքին հետքի մասին վերլուծությունները չափազանց լուրջ փաստերի վրա էին կառուցվում:

Նույն կերպ շատ է խոսվել ու գրվել 2008թ. մարտի 1-ի սպանդին ռուսական զինվորականների ու հատուկ ծառայությունների մասնակցության մասին: Միաժամանակ, 10 զոհերի հեղված արյան ու ԱԱԾ-ի, դատախազության միջոցով ընդդիմախոսների բանտարկման ճանապարհով ընդդիմադիր շարժումը գլխատելուց հետո նախագահի պաշտոնը ժառանգած Սերժ Սարգսյանը անզգուշություն էր ունեցել Մոսկվայում հրապարակավ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ վերընտրվելու հարցում իրեն աջակցություն ցուցաբերելու համար:

Իշխանությունն ինքն էլ գիտակցում է, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցածը այդպիսի հետաքննության առարկա է, եւ դա բացառելու ու իրեն ապահովագրելու համար շտապեց հայտարարել, թե Հայաստանի իշխանությունների վրա ոչ մեկ ճնշում չի գործադրել... Իսկ որպես սեպտեմբերի 3-ի հայտարարության դրդապատճառ նշվեցին ոչ թե Եվրասիական մաքսային միությունից Հայաստանի տնտեսական օգուտները, այլ Հայաստանի անվտանգությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, Հայաստանի շրջափակումն ու տնտեսական տկարությունը, Ռուսաստանից գազի, միջուկային վառելիքի մատակարարման եւ այլ կախվածությունները: Այսինքն՝ հայտարարվեց, որ ոչ թե Ռուսաստանը կամ նրա նախագահն են ճնշել Հայաստանի իշխանություններին, այլ «Հայաստանի որոշման» վրա ազդել են Ռուսաստանից Հայաստանի կախվածության գործոններն ու խնդիրները...

Չհերքելով Հայաստանի անվտանգության տեսանկյունից բերված գործոնների էական լինելը, արձանագրելով անցած տարիներին Ռուսաստանի կողմից դրանք «խաղարկելու», իսկ ավելի ստույգ՝ դրանցով շանտաժ անելու բազմաթիվ դրսեւորումները, այդուհանդերձ, թվարկվածներն ընդամենը ողջ պատկերի մի մասն են, եւ կա այսբերգի ստորջրյա մաս... Վերջին հաշվով, չմոռանանք, որ ԵՄ-ի հետ Հայաստանի բազմամյա բանակցություններն ընթացել են երկրի ղեկավարության կողմից այդ խնդիրների ու գործոնների լիակատար գիտակցման պարագայում...

Պաշտոնական Երեւանի որոշումների վրա Մոսկվայի ազդեցության ձեւերը միայն տնտեսական, ռազմա-քաղաքական լծակներով ու խողովակներով չեն ավարտվում... Վերլուծություններից հիմնականում դուրս են մնացել հատուկ ծառայությունների խողովակները: Եւ դա հաստատելու է գալիս Վիլնյուսյան գագաթնաժողովի նախաշեմին Ուկրաինայի հետ կատարվածը, որը Հայաստանի հետ պատահածի համադրությամբ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ այդ երկրի ղեկավարությունը ոչ միայն հայտարարեց, որ Ռուսաստանը ճնշում է իրենց, այլեւ ուկրաինական ընդդիմությունն ու ԶԼՄ-ները բարձրաձայնեցին Վ. Պուտինի կողմից Վիկտոր Յանուկովիչի դեմ կոմպրոմատների փաթեթի խաղարկման մասին...

Ընդհանրապես, վերջին ամիսներին չափազանց տեսանելի է, որ Մոսկվան շտապում է Վիլնյուսյան գագաթնաժողովը տապալելու հարցում: Եւ կասկածից վեր էր, որ այդ նպատակին հասնելու համար նա չի խորշելու ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմաքաղաքական միջոցներից, իսկ եթե դրանք բավարար չլինեին, ապա հատուկ ծառայություններն իրենց կոմպրոմատների փաթեթով օգնության կհասնեին: Հետխորհրդային հանրապետությունների ղեկավարներն այնքան անզգույշ են ապրել ու պաշտոնավարել, որ նրանց վերաբերյալ կոմպրոմատների պակասություն Կրեմլը հաստատ չունի:

Ճիշտ հակառակը, վերջին տարիներին ու ամիսներին Արեւմուտքը չափազանց հանդուրժող էր դարձել նույն այդ ղեկավարների հանդեպ՝ անտեսելով կեղծվող ընտրությունները, ժողովրդավարության դեֆիցիտը, կոռուպցիան ու մենաշնորհները, խտրական արդարադատությունը, միայն թե նրանք նախաստորագրեին կամ ստորագրեին Ասոցացման համաձայնագրերը: Միամիտ է պետք լինել՝ կարծելու, թե Արեւմուտքը չգիտեր, թե ինչպես են անցել Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները, կամ որ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Վիկտոր Յանուկովիչի «դատական» հաշվեհարդարի իրական լուծումը նրան հենց Ուկրաինայում ազատ արձակելն է, այլ ոչ թե բուժման պատրվակի տակ Եվրոպա փախցնելը: Այն էլ ինչպես գիտեր... Ուղղակի չէր կարող ինքն իր ձեռքով տապալել երեքուկես տարվա բանակցությունների արդյունքը՝ բանակցված համաձայնագրերը, եւ դրանից դրդված՝ կոմպրոմիսների էր գնացել ճշմարտության ու իրավունքի հաշվին:

Եւ ահա, ԵՄ/Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության մեջ կողմերի որդեգրած նման ռազմավարությունների պայմաններում Արեւելյան գործընկերության երկրների, հատկապես Հայաստանի ու Ուկրաինայի ղեկավարներն օբյեկտիվորեն հայտնվելու էին բարդագույն իրավիճակում ու հուժկու ճնշումների տակ՝ ի դեմս Ռուսաստանի կողմից այդ երկրների անվտանգության վրա ազդող հարցերի շահարկման: Չնայած դրան, մի տեւական շրջան Հայաստանն ու Ուկրաինան դիմադրում էին ճնշումներին՝ չհրաժարվելով ԵՄ-ի հետ բանակցված համաձայնագրերից, փորձելով տարբեր հնարքներով խուսանավել ու հասնել մինչեւ Վիլնյուսյան ֆինիշ:

Եւ հանկարծ, խորհրդավոր հանգամանքներում՝ ՌԴ նախագահի հետ չսպասված ու անակնկալ հանդիպումներից հետո, 180 աստիճանով փոխվում են այդ երկու երկրների ղեկավարների մտադրություններն ու հաշվարկները: Իսկ շրջադարձային որոշումների հիմնավորման համար նրանք հանկարծ «հիշում» են, որ Եվրոպական Միությունը առեւտրատնտեսականից մինչեւ ռազմաքաղաքական դիապազոն որեւէ կերպ չի փոխհատուցում իրենց երկրների անվտանգության դեֆիցիտը: Առնվազն միամիտ պետք է լինել՝ հավատալու, որ երեք ու կես տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կամ Վիկտոր Յանուկովիչը չգիտեին դրա մասին, չգիտեին, որ եվրաինտեգրման խորացման ու իրենց անկախությունը պահելու որոշակի գին, այդուհանդերձ, պետք է վճարեն Ռուսաստանին: Ռուսաստանը տարիներ շարունակ հստակ հասկացրել է նրանց իր ուղեծիրը լքելու հնարավոր հետեւանքների մասին՝ տարածքային կորուստներից մինչեւ շուկաների կորուստ: Իրականում այսպիսի անհամոզիչ բացատրություններն ավելի են մեծացնում կասկածները եւ ստիպում խորանալ, թե բացի հրապարակի վրա տեսանելի գործոններից՝ ուրիշ ի՞նչ «հանգամանքների» ճնշման ներքո 180 աստիճանով փոխվեցին նրանց որոշումները ՌԴ նախագահի հետ մեկ ճակատագրական հանդիպումից հետո...

Իսկ թե՛ Ուկրաինայի, թե՛ Հայաստանի պարագայում դա բավական մտահոգիչ ընթացք ու մեխանիզմ է, հատկապես, երբ տոտալ ճնշումների ու կոմպրոմատների ռուսական քաղաքականությունը շարունակվում է ու շարունակվելու է մինչեւ այդ երկրներին Մաքսային ու Եվրասիական տնտեսական միություններ մտցնելը: Այն Վիլնյուսյան գագաթնաժողովի ձախողմամբ չի ավարտվել...



Մեկնաբանություններ (1)

Ա. Վարպետյան
Դառը, ճշմարիտ, համարձակ և որքա՜ն անհրաժեշտ դիտարկումներ, հանուն վաղվա, այլ մեկ լինելիության: Եվ նույնքան էլ օրինաչափ ու հուսադրիչ է, որ այն հրապարակվում է հենց «Հետք»-ում: Հուսանք, որ նման այլ լրատվամիջոցներ ու շրջանակներ կարձագանքեն ու կտարածեն: Եվ այդ էլ հանուն հանրային գիտակցության և ազգային ինքնագիտակցության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter