HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ի բանվորը վերակենդանացման բաժանմունքում է. չեն պահպանվել անվտանգության կանոնները

Նոյեմբերի 15-ին ժամը 17–ի սահմաններում «Թեղուտ»  ՓԲԸ-ի  մոլիբդենի  արտադրամասի շինարարության վրա աշխատող բանվոր, թեղուտցի 31-ամյա  Արման Ալիխանյանը կառուցվող շենքի 3-րդ հարկից ընկել է 2-րդ հարկ: Ընկնելու բարձրությունը 4 մետր  85 սմ է: Ըստ ընկերության տեխնիկական անվտանգության բաժնի պետ Սամվել Երիցյանի՝ Արմանը պատահարի հետևանքով թոքերում արյան կուտակումներ ունի, ստացել է գանգոսկրի և  ողնաշարի ծանր վնասվածքներ: Նույն օրը նա տեղափոխվել է Երևանի Էրեբունու հիվանդանոց: «Արմանի գիտակցությունը տեղն է, բոլորին ճանաչում է, ինքնուրույն սնվում է, սակայն  հիշողության կորուստ ունի, չի հիշում իր հետ կատարվածը»,- ասաց Սամվել  Երիցյանը: Հիշեցնենք, որ  վերջին 2 տարիներին  պատահարը «Թեղուտ» ՓԲԸ-ում  թվով  3-րդն է: «Պատահարներից  մեկը  տեղի է  ունեցել կապալառու կազմակերպությունում, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեպքում սա 2-րդ դեպքն է»,- նշեց  Սամվել Երիցյանը:

Թեղուտում նման պատահար է գրանցվել նաև 2012թ.-ի դեկտեմբերին: Բետոնագործ Գագիկ Քոչարյանը համարյա նույն բարձրությունից ընկել և մահացել է: Մեզ հետ  զրույցի սկզբում  Սամվել Երիցյանը հայտնեց, որ ընկնելու պահին Արմանը ամրագոտի չի կրել. «Ամրագոտի չի եղել, շինտեղամասի պետը նրան  պարան է տվել: Եթե շինարարության վրա աշխատող բանվորը աշխատում է եզրագծից ավելի քան 2 մետր հեռավորության վրա, նա արդեն պետք է ամրագոտի կապի: Արմանը գործողության մեջ չի եղել և իր անվտանգության համար իրեն տրամադրված պարանը  չի կապել»,- ասաց Սամվել Երիցյանը: Վերջինս  հայտնեց, որ մեզ  հաղորդում է նախնական տեղեկատվություն, քանի որ գործատուի կողմից նոր  է ձևավորվել դժբախտ դեպքի հետ կապված աշխատանքային հետաքննություն անցկացնող հանձնաժողով. «Հանձնաժողովը միայն իրավունք ունի 15-օրյա ժամկետում կատարել  հետաքննություն և իր համապատասխան եզրակացությունը տրամադրել տնօրենին»,- ասաց նա:

Այսուհանդերձ, տեխնիկական անվտանգության պետի նախնական  տեղեկությունները հակասական էին: Սկզբում նա ասաց, որ Արմանը աշխատանքային գործողության մեջ չի եղել և պարան չի կապել, սակայն զրույցի ընթացքում նրան ներկայացրեց հենց աշխատանքային գործողության մեջ: Սամվել Երիցյանը  դեպքից անմիջապես հետո  զրուցել է ականատեսներից մի քանիսի, այդ թվում նաև  Արման Ալիխանյանի  գործընկեր, բետոնագործ Արայիկ Ջավախյանի  և տեղամասի պետ  Սերժիկ Մաժինյանի հետ:

Արայիկ  Ջավախյանը   ընկնելու պահին կանգնած է եղել Արման Ալիխանյանի կողքին. «Նրանք միասին շինության 3-րդ հարկում  կաղապարամածներն են պատելիս եղել, որպեսզի հետո բետոն լցնեն: Երբ Արայիկը  լամինատե մեծ վահանակներն է կտրելիս եղել, Արմանը նրանից կանգնած է եղել 1,5 մետր հեռավորության վրա: Արայիկը վահանակը կտրելուց հետո նայել է Արմանի  ուղղությամբ, որպեսզի առաջարկի  կտրած շինափայտը միասին  տեղադրեն կոնստրուկցիաների արանքին: Այդ ժամանակ էլ Արայիկը  նկատել է, որ Արմանի  ոտքերը վերևում են, այսինքն գլխի  վրա ընկնում է: Ըստ երևույթին՝  Արմանը սայթաքել է, դեռևս չենք պարզել, քանի որ դեռ շատ մարդ պետք է խոսեցնենք»,- ասաց Սամվել Երիցյանը:

Դեպքի վայրում  շինտեղամասի  հերթափոխի վարպետ  Ալեքսան Մելքոնյանն էլ երեկ «Հետքին» ասաց, որ 3-րդ հարկի հատակի  չորսուները դրած է եղել 70 սմ-ի վրա: Այդ չափով Արման Ալիխանյանը և Արայիկ Ջավախյանը տախտակը պետք է կտրեին, դնեին չորսուների մեջ ու ավարտեին իրենց աշխատանքը: Դրանից հետո  արմատուրագործները պետք է շարեին արմատուրաները և լցվեր ցեմենտը:  

Արայիկ Ջավախյանն այդ պահին կտրելիս է եղել  տախտակը, Արմանն էլ  սպասելիս է եղել, որ կտրի, իրեն տա, ինքը տեղադրի: Երեք տախտակներ դեռևս տեղադրված չեն եղել, Արման Ալիխանյանը ընկել է ոչ թե եզրագծից, այյ հենց  չտեղադրված տախտակների բաց հատվածից: «Արմանը 15 րոպե հետո պետք է ավարտեր աշխատանքը»,- ասաց հերթափոխի վարպետը: 

«Թեղուտ» ՓԲԸ-ի տեխնիկական անվտանգության պետը հայտնեց, որ աշխատանքի ընդունվող մարդկանց իր ղեկավարած բաժնում տալիս են ընդամենը ներածական հրահանգավորում. «Ներածական հրահանգավորման ժամանակ նման մասնագիտական մանրամասներ չենք ասում: Ասվում է աշխատանքի հանգստի ռեժիմները, ծանոթացնում ենք ձեռնարկության կարգուկանոնին, նրանց ղեկավարների ստրուկտուրային և այլն»,- ասաց նա: 

Ըստ Երիցյանի՝ ընկերության նոր աշխատողը աշխատանքային անվտանգության կանոնների մասին հրահանգավորվում է աշխատատեղում:   Տեղամասի պետ Սերժիկ Մաժինյանն է պարտավոր աշխատողին ծանոթացնել   մասնագիտական աշխատանքին առնչվող բոլոր վտանգավոր հնարքներին. «Ես  տարվա մեջ երկու անգամ ընտրանքային կարգով ստուգում եմ   աշխատողների տեխնիկական անվտանգության հրահանգավորման աշխատանքները»,- ասաց Սամվել Երիցյանը:

Վերջինս «Հետքին» հայտնեց, որ միայն հետևողական ստուգումների դեպքում  են աշխատողները կատարում իրենց պարտականությունները: Թեղուտի գյուղապետարանում  մեզ հայտնեցին, որ Արման Ալիխանյանը վերջին  շրջանում հայտնվել է ընտանեական դժվարությունների մեջ: Նրա կինը մի քանի օր առաջ կոտրել է ոտքը և գտնվում է անկողնային վիճակում: Ստեղծված իրավիճակում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի տեխնիկական  անվտանգության պատասխանատուների անտարբերության պատճառով Արման Ալիխանյանը  Էրեբունու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մարտնչում է իր կյանքի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter