HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Էմին-Տերյան. «Կսկսվի Վահան Տերյանին վերարժևորելու և ճանաչելու մի գործընթաց»

Հարցազրույց  Վահան Տերյանի ծոռան`գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ

-Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքում  նշել էիք, որ շուտով հրատարակելու եք Վահան Տերյանի անհայտ և անտիպ էջերը: Ո՞րն էր այդ ուսումնասիրությունների ազդակը:

-Տերյանը մանկուց ինձ ուղեկցել է: Բացի դա` կային նաև որոշ հանգամանքներ, որոնք ազդակ էին ինձ համար, ինչպես օրինակ, մեր տանը պատմող  հուշերը Տերյանի մասին: Դրանք բանավոր զրույցներ էին: Ես, օրինակ, գիտեի, որ Տերյանը դուրս էր եկել Կոմունիստական կուսակցությունից: Գիտեի նաև, որ այդ մասին վկայող փաստաթուղթը պահվում է: Այժմ արդեն գտել եմ դա: Ուսանողական տարիներին սկսեցի ուսումնասիրել արխիվները: Հատուկ տաղանդ պետք չէր տեսնելու համար, որ զգալի տարբերություններ կան բնագրերի և տպագրված նյութերի միջև: Այնուհետ սկսեցի համեմատել դրանք` տող առ տող, տառ առ տառ: Այդ աշխատանքի արդյունքում գտա հնարավոր բոլոր աղճատումները: Օրինակ` Տերյանն իր «Հայ գրականության գալիքի օրը» զեկույցում խոսում էր լեզուների մասին` ասելով, որ լեզուները մրցունակ պետք է լինեն և նշում` «հիմա տեսնում ենք, թե ռուսերենն ինչպես է պարտվում ռոմանական լեզուներին»: Այս հատվածը չի տպագրվել: Եվ այսպիսի հարյուրավոր այլ օրինակներ կան: Տերյանը գործեր ունի, որ խորհրդային տարիներին ընդհանրապես չեն հրատարակվել:

Չտպագրված ամենաուշագրավ շրջաններից մեկը 1917-19 թթ. նամակներն են, որոնք Տերյանի առաջին գրաքննիչը` Պողոս Մակինցյանը, ամենայն աչալրջությամբ կրճատել ու պահել է: Այդ շրջանի ոչ մի նամակ «մեծ գրականագետը» ամբողջովին չի հրատարակել:  Իսկ տպագրած հատվածների մի զգալի մասը կարելի է հասկանալ երկու իմաստով: Օրինակ`  նամակներից մեկում Տերյանը գրում է, որ ինքն իրեն զգում է այնպես, ինչպես, հավանաբար, իրենց զգում էին առաջին քրիստոնյաները: Սա և՛ նշանակում է, որ ինքը ճշմարտությունն էր տարածում, և՛ նշանակում է, որ իրեն հալածում էին:

Գտել եմ բազմաթիվ նոր նյութեր, որոնք ոչ միայն ընթերցող լայն հասարակության, այլև մասնագիտական նեղ հետաքրքրություն ունեցողների համար նորություններ են` Տերյանի անտիպ և անհայտ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բազմաթիվ նոր հուշեր Տերյանի մասին, ինչպես նաև մի քանի նոր բանաստեղծություններ և նկարներ:

Օրինակ` այդ նոր փաստերով հերքվում է, թե իբր Տերյանը մեկ անգամ է միայն եղել Երևանում` 1916 թ. դեկտեմբերի 30-31-ին: Հիմա արդեն ապացուցված է, որ ինքը Երևան եկել է նաև 1915 թ. գարնանը: Այդ ժամանակ նա հանդիպել է Նիկոլ Աղբալյանի և Սիմոն Վրացյանի հետ:

Գրքում անդրադարձ կա Տերյանի քաղաքական գործնեությանը. ի՞նչ կուսակցությունների անդամ է եղել, ինչպե՞ս է դարձել կոմունիստ, ինչո՞ւ էր եկել Հյուսիսային Կովկաս, ի՞նչ էր եղել, որ հեղափոխության առաջնորդները որոշեցին պոետի հետ հաշվեհարդար տեսնել:

Այլ բացահայտումներ ևս կան: Օրինակ` Տերյանի կեղծանուններից մեկը «Շվին» էր: Գրքում բացատրվում է, թե ինչ է նշանակում այդ բառը և ինչպես է պետք այն հասկանալ:

-Ե՞րբ սկսեցիք ուսումնասիրությունները:

-2000 թ. սկսել եմ ուսումնասիրել արխիվները, բայց կայուն սկսել եմ աշխատել 2004 թ.-ից:

-Ձեր ուսումնասիրությունների նպատակը Տերյանի կերպարն ամբողջովին ներկայացնե՞լն է:

-Իրականում թվում է, թե իր մասին շատ գրքեր, վերլուծություններ կան գրված, բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ մեծ մասն աղբ է, այսինքն` գիտական վերլուծություն չկա, դրանք ուղղակի բանաստեղծության վերաշարադրանքներ են:

Դատարկության մյուս պատճառը աղճատումն է: Արդեն մոտավորապես հարյուր տարի Վահան Տերյանին հատուկ կրճատում և աղճատում են: Արգելքն այնքան խիստ է եղել, որ նույնիսկ պոետի դստերը` Նվարդ Տերյանին, երկար ժամանակ խոչընդոտել են Տերյանի անտիպ նամակները հրատարակելուն:

Հիմա էլ կան մարդիկ, ովքեր Տերյան են հրատարակում. մի մասը փորձում է այդպես «հավերժանալ», մյուսը` պարզապես փող աշխատել: Բայց երկու խումբն էլ շարունակում է անել հին սխալները: Կան նաև մարդիկ, ում թվում է, որ ջավախքցի լինելը լիովին բավարար է տերյանագետ կոչվելու համար:

-Ձեր կարծիքով` գրքի հրատարակումից հետո կփոխվի՞ տերյանագիտության ընթացքը:

-Այո, անպայման, որովհետև այնտեղ այնպիսի նյութեր կան… Օրինակ` տերյանագիտության մեջ իբր ապացուցվում է, թե Տերյանը դեմ է եղել Առաջին համաշխարհային պատերազմին: Դրա պատճառն այն էր, որ եթե բոլշևիկները դեմ էին, ուրեմն Տերյանն էլ պետք է դեմ լիներ: Մինչդեռ իրականում Տերյանը մի քանի հոդված ունի, որտեղ կոչ է անում ակտիվորեն և ադեկվատորեն արձագանքել պատերազմին` ապացուցելով, որ մենք էլ աշխարհի մի լիարժեք մասնիկն ենք:

-Գրքի հրատարակումից հետո կարծում եք, որ կփոխվի՞ Տերյանի կերպարի ընկալումը:

-Դա արդեն PR-ի հարց է: Եթե երկրի բոլոր ուսուցիչները վստահ են, որ նա աշնան երգիչ է, դժվար է` մի օրում տարհամոզել:  Բայց կսկսվի Վահան Տերյանին վերարժևորելու և ճանաչելու մի գործընթաց:

-Եվ ե՞րբ եք պատրաստվում հրատարակել գիրքը:

-Մի քանի շաբաթից կավարտեմ գիրքը: Կարծում եմ` գրքի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարի 9-ին` Տերյանի ծննդյան օրը:

Լուսանկարները տրամադրել է Գևորգ Էմին-Տերյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter