HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուս. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-2

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Կրեմլի գահակալների կողմից Բելառուսի, Ուկրաինայի եւ Հայաստանի որոշումները «կորզելու» գործընթացի անգամ դրվագային դիտարկումները ակնհայտ են դարձնում, որ տարբեր ժամանակաշրջաններում նրանց եւ Ռուսաստանի միջեւ ծագած ճգնաժամային պահերին շանտաժի են ենթարկվել ոչ միայն այդ երկրների ազգային-պետական ու անվտանգության շահերը, այլեւ իշխող քաղաքական էլիտաների հանդեպ գործի է դրվել կոմպրոմատների լուրջ փաթեթ: Թվարկված բոլոր երկրների համար դիտված ընդհանուր օրինաչափություն եւ «ոսկյա կանոն» է, որ եթե քաղաքական իշխանությունը կարողացել է տարբեր հնարքներով մի որոշ ժամանակ խուսանավել ու դիմակայել ազգային-պետական շահերի դեմ գործադրված շանտաժին, ապա հրապարակված կոմպրոմատներից կամ Վ.Պուտինի հետ հեռախոսազրույցներից ու հանդիպումներից հետո արագ տեղի է տվել: Ըստ որում, բոլոր այդ հեռախոսազրույցների ու հանդիպումների պարագայում տվյալ երկրներում անխտիր խոսվել է գործադրված կոմպրոմատների մասին:

«Նավթագազային պատերազմ». 180 աստիճանով շրջադարձ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո...

2000-ականների կեսերից մինչեւ 2010թ. ռուս-բելառուսական հարաբերություններում բազում ճգնաժամեր՝ «կաթնային», «մսային», «շաքարային» եւ «նավթագազային» պատերազմներ ու քաղաքական լարվածություններ են նկատվել, որոնցից թերեւս ամենաուշագրավը 2007թ. «նավթային պատերազմը» եւ 2010թ. Մաքսային միությանը Բելառուսի անդամակցության շուրջ հակադրությունն էին: 

Ռուսաստանը 2007թ. հունվարի 1-ից արտահանվող նավթի համար մաքսատուրք էր սահմանել 1 տոննայի համար 180,7 դոլլարի չափով (մինչ այդ Ռուսաստանից Բելառուս արտահանվող նավթն ազատված էր արտահանման մաքսատուրքից): Դրան ի պատասխան՝ Բելառուսն իր տարածքով ռուսական նավթի տարանցիկ փոխադրման համար հունվարի 1-ից սահմանել էր 1 տոննայի համար 45 դոլար մաքսատուրք: Արդյունքում դադարեցվել էին դեպի եվրոպական սպառողին ռուսական նավթ մատակարարող «Բարեկամություն» խողովակաշարի  բելառուսական հատվածով տրանզիտ փոխադրումները, եւ չափազանց լարվել էին երկու երկրների նախագահների հարաբերությունները:  

Եւ ահա, ամիսների հակադրությունից ու «որոշումների պատերազմից» հետո 2007թ. հունվարի 10-ին՝ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների միջեւ տեւական հեռախոսազրույցից ժամեր անց, Բելառուսի կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել ու նավթի տարանցիկ տեղափոխման մաքսատուրքը անհապաղ հանելու որոշում ընդունել: Բելառուսի իշխող շրջանակները ուղղակի եւ միջնորդավորված ՌԴ նախագահ Վ.Պուտինին մեղադրեցին երկրի նախագահ Ա.Լուկաշենկոյի դեմ կոմպրոմատներ կիրառելու մեջ: Խոսքը վերաբերում էր տարիներ առաջ հայտնի բելառուս քաղաքական գործիչների եւ լրագրողի անհայտացմանը Ա. Լուկաշենկոյի առնչակցությանը:

Ինչպես վերջին շրջանում Հայաստանում կամ Ուկրաինայում են տարատեսակ ռուսամետներ, եվրազիստներ եւ իշխանության ներկայացուցիչներ փորձում սքողել կոմպրոմատների գործադրման փաստը, իսկ տեղի ունեցած շրջադարձերը մեկնաբանում են «Վ. Պուտինի հետ շփվելու պահին» երկրի ղեկավարների կողմից ազգային-պետական ու անվտանգության շահերի «հանկարծակի գիտակցումով», նույն պատկերը այդ թվականներին տիրում էր Բելառուսում: Ի պատասխան Կրեմլի հասցեին հնչող մեղադրանքների, օրինակ Բելառուսի կոմունիստների կուսակցության ղեկավար Սերգեյ Կալյակինը աջուձախ բացառում էր, թե ռուս-բելառուսական նավթային հակամարտությունը լուծելու համար Վ.Պուտինը Լուկաշենկոյի դեմ կոմպրոմատներ է օգտագործել: Վերջինս նաեւ փորձում էր անհամոզիչ կերպով հիմնավորել տեղի ունեցած 180 աստիճանանոց շրջադարձը. իբր Լուկաշենկոն տեղի է տվել, քանի որ Ռուսաստան էլ ի պատասխան Բելառուսի քայլի, իր կրած կորուստները վերականգնելու, մի բան էլ ավելին ստանալու համար կարող էր ադեկվատ մաքսատուրքեր մտցնել բելառուսական ապրանքների վրա, ինչից կտուժեր բելառուսական տնտեսությունը, կամ՝ որ Ռուսաստանը կարճ ժամանակում Բալթիկ ծովի հատակով կկառուցեր Բելառուսն ու Լեհաստանը շրջանցող նավթամուղ եւ Բելառուսը մեկընդմիշտ կզրկվեր տարանցիկ փոխադրումներ ապահովելու ու դրա դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից, կամ էլ՝ Ա. Լուկաշենկոյի տեղի տալու մեղավորը Եվրոպան է, որն այդ հակամարտության մեջ միացել էր ՌԴ-ին: Սակայն զավեշտալի է հավատալ նման «հիմնավորումներին», քանի որ այդ ամենի մասին Ա. Լուկաշենկոն մինչեւ հեռախոսազրույցն էլ գիտեր: Այլապես ստացվում է, որ միայն հեռախոսազրույցի արդյունքում նա հիշեց ու գիտակցեց իր երկրին պատճառվելիք հնարավոր վնասները: Անշուշտ, իրականում գործ ունենք մի երեւույթի հետ, որն ավելին է, քան սովորական շանտաժը...  

Որքան էլ նկարագրված հակամարտությունը ռուս-բելառուսական լարվածությունների եզակի դրսեւորումը կամ ակունքը չէր, այդուհանդերձ այն հետագայում վերաճեց էլ ավելի կատարյալ դրամայի՝ Բելառուսին Մաքսային միությանը անդամակցության խորապատկերին: 

Մաքսային միությանը Բելառուսի «կոմպրոմատային անդամակցության» դրաման. քաղաքական կոշտ շանտաժ

Նավթի ու գազի արտահանման-տարանցիկ փոխադրման մաքսատուրքերի շուրջ Մոսկվայի ու Մինսկի միջեւ պարբերաբար բռնկվող սուր վեճերը հանգեցրին 2009թ. նոյեմբերի 28-ին Մինսկում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների միջեւ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրմանը: Չնայած նրան, որ վերջինս վավերացման նպատակով մտել էր այդ երկրների խորհրդարաններ, այդուհանդերձ մաքսատուրքերի վերաբերյալ Բելառուսի եւ Ռուսաստանի տարաձայնությունները չէին վերացել ընդհուպ միասնական մաքսային տարածությունը գործարկելու նախօրեին. այդ օրերին էլ Մինսկը պնդում էր, թե Մաքսային միության տարածքում նավթի ու նավթամթերքների համար մաքսատուրքերը պետք է հանվեն, ինչին դեմ էր Կրեմլը:

Այդ վեճի արդյունքում 2010թ. մայիսի 28-ին Սանկտ- Պետերբուրգում Ռուսաստանի ու Ղազախստանի վարչապետները Մաքսային միության գերագույն մարմնի նիստում որոշում ընդունեցին Մաքսային օրենսգիրքը հուլիսի 1-ից առանց Բելառուսի գործողության մեջ դնելու մասին: Բելառուսի վարչապետն անգամ չմասնակցեց հիշյալ նիստին՝ իր հրաժարումը պատճառաբանելով «գործընկերների կողմից Մինսկի շահերը հաշվի առնելու չկամությամբ»:

Դրան էլ հավելենք այն, որ Մինսկը 2009թ.-ից «Գազպրոմից» գնված գազի դմաց նրան միակողմանի կերպով վճարում էր ոչ թե 2010թ. բարձրացված, այլ 2009թ. գներով՝ իր գլխին կուտակելով շուրջ 200 մլն դոլարի պարտք, որը մաքսատուրքերի շուրջ տարաձանությունների խորապատկերին Մոսկվան հիշելու էր ու վճարել պարտադրեր: Հունիսի 11-ին Մոսկվայում Ա.Լուկաշենկոն այդ եւ Մաքսային միությանն անդամակցելու խնդրով անարդյունք բանակցություններ ունեցավ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ու վարչապետ Վ.Պուտինի հետ, որի ժամանակ Բելառուսի ֆինանսական վատ վիճակի պատճառաբանությամբ խնդրել էր հետաձգել պարտքի մարումը, սակայն մերժում էր ստացել: Մեդվեդեւը ոչ միայն առարկել էր հետաձգելուն՝ «Գազպրոմն էլ շատ խնդիրներ ունի» ձեւակերպմամբ, այլեւ Լուշաշենկոյին ցույց էր տվել վճարման աղբյուրը՝ «Գազպրոմի» կողմից ձեռքբերված «Բելտրանսգազի» 2,5 մլրդ արժողությամբ ակտիվների դիմաց կատարված թարմ վճարումները:  

Բնականաբար, նման անպտուղ բանակցություններից հետո Մաքսային միության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերելու մասին հայտարարություն չէր արվել: Ավելին, այդ այցից օրեր անց ՌԴ նախագահի հանձնարարությամբ հունիսի 15-ին «Գազպրոմը» վերջնաժամկետ տվեց Մինսկին՝ հունիսի 21-ի դրությամբ վճարել շուրջ 200 մլն դոլարի պարտքը, այլապես Բելառուս մտնող գազի քանակությունը կկրճատվի: Բոլորի համար կասկածից վեր էր, որ Ռուսաստանը Մինսկի վրա նման ճնշում բանեցնում է Մաքսային օրենսգիրքը գործության մեջ մտցնելու նախօրեին եւ Մինսկին իր պահանջներից հրաժարեցնելու նպատակով: Բելառուսը հարկադրված էր իր աջեւ դրված ժամկետներում վճարել «Գազպրոմի» պարտքն ու վերականգնել գազի մատակարարումները, մտածելով, թե այլեւս ազատություն է ստացել Մոսկվայի առջեւ իր պահանջներում համառելու համար...

Երբ այդքանից հետո էլ Բելառուսը չհրաժարվեց մաքսատուրքերը վերացնելու իր դիրքորոշումից, ՌԴ առաջին փոխվարչապետը հունիսի 17-ին «ավետեց, թե Մաքսային միությանը Բելառուսի միանալու հարցը հետաձգվում ու տեղափոխվում է մինչեւ հուլիսի 5-ը՝ մինչեւ Աստանայում ԵվրԱզԷՍի-ի միջկառավարական խորհրդում երեք երկրների ղեկավարների հանդիպումը»:

Անգամ այդ իրավիճակում, ի նշան համառության, Բելառուսի խորհրդարանի երկու պալատները հունիսի 30-ին փակ նիստում վավերացրեցին Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը: Ռուսական կողմին զայրացրեց ոչ միայն պայմանագրի վավերացման ձեւը (որի մասին այլ խողովակներով էին տեղեկացել), այլեւ այն, որ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը հունիսի 10-ին խորհրդարանի ստորին պալատի օրակարգ էր մտցվել դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի հետ միասին, ասել է թե՝ վավերացում բելառուսական պահանջների վավերապայմանով:

Կրեմլի նյարդերը պարզապես տեղի տվեցին ու տեւական նավթագազային, պարտքային շանտաժից հետո նա անցավ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ինֆորմացիոն բաց պատերազմի՝ գործի գցելով նրա վերաբերյալ լրջագույն կոմպրոմատներ:

Կտրուկ անցում կոմպրոմատների...

Հուլիսի 4-ին ռուսական НТВ  հեռուստաընկերությամբ ցուցադրվեց «Կնքահայր բատկան» վավերագրական կինոնկարը՝ դրանում Ա. Լուկաշենկոյին փաստացի մեղադրելով իր քաղաքական մրցակիցներին ֆիզիկապես վերացնելու եւ երկրում բռնատիրություն հաստատելու մեջ: Կինոնկարը ծանրագույն մեղադրանքներով ու փաստերով ուղեկցվող դատավճիռ էր Լուկաշենկոյի համար՝ վերջինիս անձի համար ծայրահեղ վատ հետեւանքների ակնարկով: Նույն օրը անգլիալեզու «Russia Today» հեռուստաալիքն էլ եթեր տվեց «Եվրոպայի վերջին դիկտատորը» տեսանյութը:

Անշուշտ, կոմպրոմատների պատերազմում բելառուսական պատասխանը չուշացավ. հուլիսի 15-ին Բելառուսական հեռուստաընկերությամբ հեռարձակվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հարցազրույցը, որը մեծիմասամբ ՌԴ արտաքին քաղաքականության խիստ քննադատություն էր

Դրան ի պատասխան հուլիսի 16-ին նորից ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «Կնքահայր բատկան-2» կինոնկարը, որում էլ ավելի էին լրացվել ու բազմապատկվել Լուկաշենկոյի դեմ առաջին ֆիլմում ներկայացված մեղադրանքները: Նույն օրը երեկոյան Լուկաշենկոյի դեմ ինֆորմացիոն պատերազմում НТВ-ին միացան նաեւ Ռուսական «Ռոսիա 1» եւ «Առաջին» հեռուստաալիքները: «Ռոսիա 1» հեռուստալիքի լուրերի ռեպորտաժում անդրադարձ է կատարվում բելառուսական պետական հեռուստաեթերում Վրաստանի նախագահի հակառուսական հարցազրույցի հայտնությանը եւ ռուսական իսթեբլիշմենթի չափազանց լուրջ սպառնալիքներն ու գնահատականներն է փոխանցում Լուկաշենկոյին: Իսկ ռուսական «Առաջին» հեռուստաալիքը լուսաբանում է բելառուսական ընդդիմադիր գործիչների մամլո ասուլիսը, որտեղ նրանք պահանջում են հետաքննություն անցկացնել ռուսական հեռուստաալիքներով ցուցադրված փաստերի կապակցությամբ, որոնք Բելառուսի տարածքում վերահեռարձակվելու ժամանակ չեն գրաքննվում. այդ կերպ Լուկաշենկոյին հասկացվում էր Ռուսաստանից հնչեցված ու Բելառուսում արդեն «տեղայնացված» ծանրագույն մեղադրանքների ներքո ընդդիմության ձեռքերով իշխանությունից հեռացվելու հեռանկարի մասին (նման իրավիճակներից հետագայում խուսափելու համար բելառուսական կողմը սպառնաց դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն իր տարածքում):  

Ի պատասխան այս ամենի՝ Բելառուսի նախագահի աշխատակազմի գլխավոր գաղափարախոսական վարչության ղեկավար Վսեվոլոդ Յանչեւսկու կողմից անձամբ բելառուսական «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրին փոխանցվեց Բորիս Նեմցովի «Պուտին. Հանրագումար. 10 տարի» զեկույցը, որի սուր հատվածները լրագրողի կոշտ մեկնաբանություններով հրապարակվեցին թերթի հուլիսի 20-ի համարում: Այդ քայլով Լուկաշենկոն ոչ միայն հարվածում էր Պուտինին, այլեւ Բելառուսիայի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն, ում Կրեմլը խաղարկում էր որպես Բելառուսի ապագա նախագահացու, իսկ զեկույցը հրապարակած թերթը հենց նախարարների խորհրդի պաշտոնական օրգանն էր: Դրանից զատ, Մինսկն իր հերթին գովազդեց եւ հուլիսի 22-ին հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց Մոսկվայի մեկ այլ հակառակորդի՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զալտերսի հարցազրույցը:

Լուկաշենկոն իր դեմ սկսված կոմպրոմատների պատվերի մեջ մեղադրեց իր ռուս գործընկերներին ու որոշ «հղփացած միլիարդատերերի». «Ես գիտեմ, թե ո՞վ է այդ հանձնարարությունները տալիս, ո՞վ է ղեկավարում այդ գործընթացները: Չնայած որ Լուկաշենկոն հայտարարեց, թե Բելառուսը «ցեխարձակմանը ցեխարձակումով չի պատասխանի», այդուհանդերձ, նաեւ սպառնաց «բացել ռուս մարդու աչքերը, եթե նա որոշ բաներ չհասկանա». «Ըստ երեւույթին, մեր մոտեցումներն ու ընկալումները տարբեր են: Նրանք շատ հարուստ են, ամբողջությամբ հղփացած, սուպերմիլիարդերներ: Ես նրանց հետ ի՞նչ խոսեմ: Ես նրանց համար օտար մարդ եմ»:

Եթե Լուկաշենկոն բավարարվwum էր Ռոման Աբրամովիչի ու Վլադիմիր Պուտինի հասցեին անանուն թափանցիկ ակնարկներով, ապա նրա կողմնակիցները, օրինակ, Բելառուսի ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերգեյ Կոստյան բացահայտ հայտարում էր, թե բելառուսական իշխանությունները վաղուց գիտեին, որ Լուկաշենկոյի հանդեպ ինֆորմացիոն գրոհը անձամբ սանձազերծել է Պուտինը:  

Որքան էլ հուլիս ամսվա ինֆորմացիոն պատերազմում Մինսկը Կրեմլի դեմ ինչ-որ անհամարժեք փորձեր կատարեց, այդուհանդերձ Լուկաշենկոն ոչ միայն հանձնվեց, այլեւ նահանջեց իր պահանջներից. դա չանելը Լուկաշենկոյի համար հղի էր ծանրագույն հետեւանքներով՝ իշխանություն-ունեցվածք կորցնելուց մինչեւ ճաղավանդակներից անդին հայտնվելը: Արդեն հուլիսի 3-ին Լուկաշենկոն հայտարարեց, թե Բելառուսը վավերացրել է Մաքսային միությանը վերաբերող բոլոր պայմանագրերը, միայն թե այդ մասին Ռուսաստանում չգիտեն (այդպես ոչինչ չասելով վավերացման ժամանակ հիմնական պայմանագրում Բելառուսի նախաձեռնած փոփոխությունների ու լրացումների օրինագծի ճակատագրի մասին):

Արդյունքում՝ ինչպես եւ ազդարարվել էր հունիս 17-ին ՌԴ առաջին փոխվարչապետի կողմից, հուլիսի 5-ին Աստանայում ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպումից հետո Բելառուսը հուլիսի 6-ից դարձավ Մաքսային միության անդամ, որի տարածքում Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտավ 5 օր ուշացումով, ի տարբերություն Ռուսաստանի եւ Ղազախստանի:

Կոմպրոմատներով համլրված Մաքսային «եռյակ» միությունը սկսեց շարժվել դեպի հաջորդ հանգրվանը՝ Եվրասիական տնտեսական տարածությունն ու միությունը: Իսկ Մաքսային ու Եվրասիական միություններին կոմպորմատային անդամագրման սցենարը, ավաղ, կրկնվեց նաեւ ապագայում, գրեթե նույն դերակատարներով՝ Կրեմլ, «Գազպրոմ», գազ, պարտք, խորհրդավոր հանդիպումներ, ռուսական-բելառուսական հեռուստաընկերություններ եւ կոմպրոմատներ... Տարիներ անց էլ ձեռագիրը գրեթե նույնն է թե’ Ուկրաինայի, թե’ Հայաստանի պարագայում:

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Ալեքսանդր Վարպետյան
«Խելոք»-ի դիտարկումները անշուշտ խորհելու տեղիք են տալիս: Այսուհանդերձ կան այլ՝ թերևս գերգլխավոր մի քանի հանգամանքներ. - Ի տարբերություն թվարկվող երկրների և էթնոսների, հայերը անհետացող ազգատեսական են, և ժամանակի, կենսունակության և հնարավորությունների առումներով «ռեզերվներ» բնավ չունեն: - Հայրենիքից ոչ պակաս ու թերևս ավելի վտանգված է ողջ հայությունը, քանակապես մի քանի անգամ գերազանգող սփյուռքը և մասնավորապես ամենածավալուն լուսանջելեսյան համայնքը: - Այստեղ՝ ինչպես Օդեսան 30-ական թվականներին: Այն տարբերությամբ, որ այնտեղ գերիշխում էր հանցագործ աշխարհը, արդ ու այստեղ՝ «կգբական» համակարգը, աներևակայելի լկտիությամբ ահ ու սարսափ տարածելով ողջ համայնքում: Բանիմաց անհատների վկայությամբ մեդի-ինֆորմացիոն դաշտը առգրավված է (ինչպես հայրենիքում «փոշիացած»... ): Անձամբ հանդիպում եմ 1001 արգելքների և հավանաբար ստիպված լինեմ դիմելու տեղի իշխանություններին: - Նույն վստահաբար տարբեր գաղութներում, անհամեմատ ավելին՝ քան խորհրդային ժամանակներում: - Այնպես որ, ՄՄ չարիքի դեռևս փոքրագույնն է: - Գտնում եմ, որ Ստեփան Սաֆարյանը, «Հետքը» և բոլոր նրանք ովքեր ահազանգում են այս արհավիրքը հերոսական ճակատ են տալիս: Շատ ավելին՝ քան արցախյան ազատամարտն էր և անհամեմատ ավելին՝ քան «100 դրամանոց» ընվզումները, էլ չխոսելով սոցցանցերն ու լրատավամիջոցները հեղեղած «հայրենասիրական» բարբաջանքների մասին: Առավել ևս, որ դրանց զգալի մասը հենց «կգբական» դրածոներ են, «մոտիլովշչիկներ» ու «ագիտատորներ», որոնք «քլնգելով» հանդերձ իշխանությունների կես խոսք չեն ասում ռուսական «բուլդոզերների» ու լեռնագնաց «սուզանավերի» մասին ( ականջդ կանչի Կ. Զարյան... )...
2 - ին
Մեծարգո Ալեքսանդր Վարպետյան! Ձեր խոսքերը մեծապես հաստատում են իմ մռայլ կասկածները (եւ ոչ միայն) - ամբողջ մարդկային հասարակության դեմ մի գլոբալ չարամտություն է իրականացվում հզորագույն խմբավորումների կողմից (վերջնական նպատակների մասին միայն կռահումներ կարելի է կատարել:) Եւ քանի որ մենք փոքր ու ավելի խոցելի ենք շատ այլ պատճառներով, ուստի պարտավոր ենք ավելի սթափորեն դատել ու գործել: Մեր առաջին ու ամենակարեւոր գործը պիտի դիտվի էգոիզմի ու ներսի մոլախոտի մաքրումը, որից հետո միայն հնարավորություն կնձեռնվի արտաքին չարիքի դեմ համաձայնեցված պայքարը:
Ալեքսանդր Վարպետյան
3-ին Հենց այդ պատճառով մեզ օդի պես անհրաժեշտ է թեկուզ քիչ թե շատ ազատություն, տրվելու համար մեր ներքին գերխնդրականներին: Ճիշտ հակառակը, ինչ այժմ պարտադրվում է անգամ «ոչ մեր աչքի լույս» իշխանություններին: Այստեղ այլ բան չի ասվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter