HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Աչալուրջ» քաղաքապետարանը. ի՞նչ են հանձնարարում Գ. Թադեւոսյաններին

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն, ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, դիմել էր վարչական դատարան: Դատավոր Ռուզաննա Հակոբյանն այս տարվա մայիսի 11-ին հայցն ընդունել է վարույթ: Եվ ահա, մոտ 2,5 ամիս անց քաղաքապետարանը որոշել է հայցադիմումին պատասխանել, սակայն պատասխանն ուղարկել է Կենտրոնի դատարան՝ Կարինե Պետրոսյանի անունով:

«Ստացվում է, որ մենք իբր Կենտրոնի դատարան հայց ենք ներկայացրել, իրենք էլ առարկում են: Ընդ որում՝ քաղաքապետարանի այդ պատասխանի մեջ նույնիսկ նշված էլ չէ, թե ինչ հայցադիմում ենք ներկայացրել, մեր որ հայցին է առարկում, միանգամից գրում են, որ հայցադիմումը պետք է մերժել: Ի՞նչը մերժել»,- զարմանում է ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Կատարվածից ելնելով՝ վերջինս եզրակացնում է, որ «փակ» աշխատող քաղաքապետարանում նույնիսկ չեն էլ ուսումնասիրում, թե իրենց ինչու են դատի տալիս կամ իրենցից ինչ են պահանջում. «Ուղղակի Գ. Թադեւոսյաններին հանձնարարում են անհեթեթ պատասխաններ գրել»:

ՀԿ-ն վարչական դատարանին խնդրել է քաղաքապետարանին պարտավորեցնել տրամադրել Կառավարության «էլիտար» որոշումներով (մասնավորապես՝ 2007թ. հունվարի 108-Ն եւ նույն թվականի մարտի 347-Ն) գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռքբերողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվությունների եւ համաձայնեցված նախագծերի պատճեները:

Ընդ որում՝ այս տեղեկությունները գաղտնիք չեն համարվում, ավելին՝ լիազոր մարմինը՝ տվյալ դեպքում քաղաքապետարանը, պարտավոր է դրանք տրամադրել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի պահանջով:

Մինչդեռ առանց պաշտոնական ձեւաթղթի, կնիքի եւ ամիս-ամսաթվի գրված եւ բոլորովին այլ դատարան ուղարկված պատասխանում քաղաքապետարանի ներկայացուցիչ Գ. Թադեւոսյանը, հղում անելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքին, նշել է, թե ճարտարապետությանը վերաբերող նախագծերը համարվում են հեղինակային իրավունքի օբյեկտներ:

Ասել է թե, եթե քաղաքապետարանը քաղաքացիներին տեղեկացնի գերակա շահ ճանաչված տարածքների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերին, կխախտվի դրանք կազմողների հեղինակային իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter