HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մելքոնենց ցեղի երրորդ սերնդի թիթեղագործ Գրիգորը

Գյումրիի կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում թիթեղագործ Գրիգորի տաղավարից ձայն չէր հնչում: Վարպետը զրուցելու կամ աշխատելու տրամադրություն չուներ, բարկացած էր, ասաց՝ մի քիչ լավ չի զգում, հարազատներն են բարկացրել, բայց չմանրամասնեց:

Թիթեղագործության վերաբերյալ հարցերին էլ սկզբում դժվարությամբ էր պատասխանում՝ «մարդ մնա՞ց, որ գործ էնենք, սաղ կերթան»:

Գյումրու Մելքոնենց ցեղի երրորդ սերնդի ներկայացուցիչն է Գրիգորը, ով շարունակում է իր Գրիգոր պապի գործը, որը սովորել է հորից: 60-ամյա Գրիգոր Մելքոնյանը 40 տարին թիթեղագործությամբ է զբաղվում:

Նրա գործն էլ կարող է շարունակվել. որդիները օգնում են, և երբեմն էլ իրենք են պատրաստում անհրաժեշտ մասերը: Որդիները կրթություն ստացել են, բայց իրենց կրթությանը համապատասխան աշխատանք չեն գտել:

«Մեծ տղես ըմբես ձեռք ունի, օր ինձեն ուժեղ արհեստավոր է»,- թիթեղագործների չորրորդ սերնդով է հպարտանում երրորդ սերնդի ներկայացուցիչը՝ Գրիգորը:

Վարպետն ասում է՝ թիթեղագործության նրբությունը չափ ու ձևը ճիշտ անելու մեջ է: Եվ չնայած սերունդները շարունակում են իրենց ծնողների աշխատանքը, թիթեղագործությունը հետզհետե անկում է ապրում Գյումրիում:

«Հմի էլ զարգացածություն չկա, հմի կամաց-կամաց ետ կերթա արդեն, որովհետև հմի սաղ իմպրտնի բաներ բերեն կը դնեն տունը տաքցնելու համար: Ժողովուրդը կսե՝ ըդոնք ավելի մաքուր, ձեռնտու են, ու եթե իտալականն եղավ, առնեն դնեն, տաքցնեն, բայց գազն էնքան կելնի օր, էդ էլ էլ օգուտ չի տա իրանց, իսկ էս փեջերն օր կառնեն, 6 կուբ փեդը կառնե մարդը, սաղ ձմեռ կհանե, ու յուրահատուկ տաքություն կուդա փեդը»,- պատմում է նա:

Բացի դրանից, Գրիգոր Մելքոնյանն ասում է, որ «մենծ» բիզնեսմենները սկսել են «ըդպես բաներ» (վառարանի խողովակներ և թիթեղյա այլ ապրանքներ-հեղ.) ներկրել, և այդպիսով իրենց գործին խանգարում են: Չնայած Գրիգորը համոզվել է, որ դրանք անորակ ապրանքներ են: Ժողովուրդն էլ չգիտակցելով առնում է ներկրված ապրանքները, հետո դրանք փչանում են, և նորից գալիս են Գրիգորի մոտ վարպետի ձեռքի աշխատանքը գնելու:

Իր տան համար վարպետը այնպիսի վառարան է պատրաստել, որն աշխատում է և գազով, և փայտով, և երբ գազը «կդրում» են, փայնտն են օգտագործում: Մեջը և հաց, և խմորոեղեն է եփվում: «Դիա կաղինն էլ ստեղ կխարկեմ, օր պարապ կեղնիմ, խարկեմ կը օր զբաղվիմ»,- ասում է նա և առաջարկում համտեսել բոված պնդուկը:


Փոքր տաղավարում շարժվելիս անընդհատ բախվում էինք մեծ ճամփորդական պայուսակի: Քիչ-քիչ զրույցի բռնված վարպետը վերջում անկեղծանում է. բարկացել էր քրոջ որդու վրա, ով Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրան արտաքսել են, նոր էր վերադարձել և իրերով վարպետի մոտ էր այդ պահին:

Շատներն են գնում Գյումրիից, և վարպետին էլ է արտագաղթի թեման մտահոգում: Ասում է՝ իրենց հարևանների 5-6 տներում մեկական մարդ է մնացել, բոլոր գնացել են, բայց ժամանակին նրանք էլ իր նման վարպետներ են եղել. մեկը կահույք պատրաստող, մյուսը՝ ոսկերիչ: Պարսակական կահույքը Հայաստան ներմուծելուց հետո հարևանն էլ է կորցրել հաճախորդները և մեկնել է Ռուսաստան:

«Օր օսկերիչը թողնի էրթա, էլ մարդ կմնա՞,- հարցնում է Գրիգոր Մելքոնյանը և ինքն էլ պատասխանում իր հարցին,-օսկերիչը երբ էլ էղնի մեռած-մեռած մէ 10-15 հազար օրն ունիր, բայց կընգան առավ թողեց գնաց»:

Թիթեղագործությունը, Գրիգոր Մելքոնյանի կարծիքով, հիմա անշնորհակալ գործ է դարձել: Գրիգոր Մելքոնյանի որդին էլ է գնում արտագնա աշխատանքների՝ Ռուսաստանի Դաշնություն: Վարպետը փորձում է համոզել, որ մնա ու իր արհեստով զբաղվի, բայց որդին հակառակում է. «Կսե, կերթամ էլի ընդեղ քանիմ մանեթ կաշխատիմ, ղրգեմ կապրին էրեխեքը, էրեխեն էլ 10 ամիս հորը չտեսնի, ինչ կեղնի՞, էրեխեն էլ անհեր մեծընա, սիրուն չի էղնի, անդաստիրակ քյասար կեղնի»:

Գրիգոր Մելքոնյանը դարակից շոկոլադ է հյուրասիրում մեզ և ճանապարհում: Դրսում փաթեթավորմանն ենք նայում. մոսկովյանն արտադրության շոկոլադ է, վարպետի արտաքսված քրոջ որդին էր բերել:

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter