HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննական ցուցմունքի «սատկացնելը» դատարանում դարձավ «սաստկացնել»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 21-ին շարունակվեց փաստաբան  Սամվել Շարբաթյանի սպանության քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ` նոյեմբերի15-ի դատական նիստում Սաթիկ Սարգսյանը դիմել էր իրավահաջորդի իր իրավունքները գործով տուժող Սամվել Շարբաթյանի հարազատ քրոջը` Հասմիկ Մանուչարյանին, փոխանցելու մասին, որը բավարարվեց դատարանի կողմից: Դատավոր Նարինե Հովակիմյանը դատարանում հայտարարեց, որ իրավահաջորդի փոխվելու պատճառով Արթուր Սաքունցը այլևս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չէ:

Դատարանն անցավ դատակոչված մյուս վկաների հարցաքննությանը: Վկա Կարեն Խեչոյանը դատարան չէր ներկայացել: Դատարանը լսեց վկա Էդուարդ Խլղաթյանի ցուցմունքները:

Նա իր նախաքննական ցուցմունքներում հայտնել էր, որ Շարբաթյանի սպանության դեպքի վայրում լսել է, թե ինչպես է ամբաստանյալ Սամվել Դիլոյանը ղեկավարել կռիվը և կոչ արել «սատկացնել» Շարբաթյանին: Էդուարդ Խլղաթյանն այս անգամ դատարանին հայտնեց, որ Սամվել Դիլոյանի հետ առերեսումից հետո եկել է այն հետևության, որ ամբաստանյալ Դիլոյանը ասել է ոչ թե սատկացրեք, այլ  «սաստկացրեք» բառը:

Էդուարդ Խլղաթյանը 10.04.2013թ.-ի իր ցուցմունքում քննիչին հայտնել էր նաև, որ Սամվել Շարբաթյանը իր մտերիմ ընկերն է եղել, որ ինքը յուրաքանչյուր հարցաքննության ժամանակ վերապրում է կատարվածը և իր մոտ առողջական  պրոբլեմներ են ի հայտ գալիս:

«Ես այլևս չեմ ուզում տեսնել կամ այլ կերպ առնչվել  ընկերոջս ծեծողների կամ որևէ այլ անձի հետ: Ես իմ ճիշտ ցուցմունքները տվել եմ, նաև մեկ անգամ առերես հարցաքննվել եմ Դիլոյանի հետ: Գիտեմ, որ վկան պարտավոր է ցուցմունքներ տալ: Չեմ ուզում տեսնել ընկերոջս մահվան պատճառ հանդիսացող որևէ մեկի դեմքը»,- ասել էր վկան: Ցուցմունքում նա հրաժարվել էր ամբաստանյալ Արեն Վերանյանի հետ առերեսումից:  Նախաքննական նյութերին կցված է նաև 10.04.2013թ.-ին ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանին ուղղված վկա Էդուարդ Խլղաթյանի նույնաբովանդակ դիմումը, որտեղ նա խնդրել է իրեն այլևս չանհանգստացնել, որովհետև հոգնել է նույն ցուցմունքը  անվերջ կրկնելուց:

«Այսուհետև ես հրաժարվում եմ որևէ գործողության մասնակցելուց: Եթե գործը ուղարկեք դատարան, այնտեղ էլ նույնն եմ պնդելու եմ»,- ասել է վկան:

Այսուհանդերձ վկա Էդուրդ Խլղաթյանը դատարանին հայտնեց, որ Սամվել Շարբաթյանին, Սամվել Դիլոյանին, Արտակ Վերանյանին և Հայկ Ասլիկյանին մինչև Մուշ ռետորանի դուռը ճանապարհելուց հետո վերադարձել է ճաշասրահ և գուսան Ջիվանի հետ շարունակել է խնջույքը: Հազիվ 5-10 րոպե անց Հայկ Ասլիկյանը հետ է վերադարձել և հայտնել, որ վիճում են:

«Ես անմիջապես դուրս եկա, դրսում մութ էր, տեսա ռեստորանի բակի աջ կողմը հավաքված են: Վազելով եկա, կանգնած էին: Երևի մի երեք հոգի, մեկը ընկած էր: Մեջներին կազմվածքով մեծին խտտեցի, բերեցի մի կողմ»,- ասաց Էդուարդ Խլղաթյանը:

-Ո՞վ էր,- հարցրեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

-Որ դեսն եկանք, լույսի տակ տեսա, որ Դիլոյան Սամվելն էր,- պատասխանեց վկան:

Էդուարդ Խլղաթյանը իր ցուցմունքում հայտնեց նաև, որ «էլի մարդիկ կային կանգնած էնտեղ, երևի մի 4-5 հոգի էին, բայց հանգիստ»: Այնտեղ, որտեղ ընկած էր մեկը, «վրեն երկու հոգին էին ընկած», չի կարող ասել թե «էն մեկը ինչ էր անում»: Ասաց, թե հասկացել է, որ կռիվը հենց էդտեղ է տեղի ունեցել: Վկան ասաց, որ չի հիշում մարդկանց գործողությունները, սակայն հիշեց, որ դրանից հետո էլի մեքենա եկավ: Էդուրդ Խլղաթյանը մտածել է, որ այդ մեքենայից իջնողները կարող է էլի հարձակվեն Սամվել Շարբաթյանի վրա, և ինքը կանգնած պատնեշել է նրանց: Է. Խլղաթյանը պատմեց նաև, որ հետո մի քիչ զայրացած ասել է ընկերոջը ծեծողներին. «Ինչ արեցիք, սա անելու բան չէր, որ իմ օջախում դուք սենց բան արեցիք:  Հլա բոլորդ էլ գնացեք: Վաղը առավոտ կգաք, հլա տեսնենք, էս ինչ արեցիք»: Իսկ երբ  տեսել է, որ արդեն Սամվել Շարբաթյանը ողջ չէ, զանգել է Սամվել Դիլոյանին և ասել. «Եկեք տեր կանգնեք, դե բնականաբար չեկան: Դրանից հետո զանգեցի, հեռախոսն արդեն անջատված էր»:

Պատասխանելով մեղադրող Պետրոս Մարտիրոսյանի հարցին`վկան դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում իր ցուցմունքները տալիս կաշկանդվածություն չի ունեցել, որևէ մեկը իրենից չի պահանջել սուտ ցուցմունք տալ:

«Իսկ դուք ցուցմունքները տալուց հետո Ձեր տված ցուցմունքները ամբողջությամբ կարդացե՞լ եք»,- հարցրեց մեղադրողը:  «Կարդացել եմ»,- պատասխանեց վկան:

Մեղադրող դատախազ Մարտիրոսյանի հարցի օգնությամբ Խլղաթյանը հիշեց, որ  սեղանի շուրջ ճաշկերույթի վերջին մասում Սամվել Շարբաթյանն ասել է. «Պայմանը պայման ա, ոնց պայմանավորվեցինք, աշխատենք` պայմանը խախտող չլինի: Եթե պայմանը որևիցե մեկը կխախտի, ես իրեն կպատժեմ»:

Ըստ վկայի`Սամվել Շարբաթյանի այս խոսքերից հետո սեղանի շուրջ կարծես մի փոքր թեժացել է զրույցը: «Ես միջամտեցի, հլա թողեք, ու հանգստացան, նորից հանգիստ ձևով, շարունակեցին: Էդ արդեն, դա վերջին մասն էր: Ես չեմ հիշում`ով իրենցից ասաց`ոնց կարաս պատժես»,-ասաց վկան:

Էդուարդ Խլղաթյանը նախաքննական ցուցմունքներում անձնավորված նկարագրել էր սպանության դեպքի հետ կապված իր տեսածի մանրամասները: «Դուք ասել եք` Դիլոյանը հայհոյել է, և նույնիսկ շեշտել է`սատկացրեք դրան: Հիմա ո՞նց է լինում, որ դուք ասում եք` չի հայհոյել կամ չի ասել`սատկացրեք»,- վկային հարցրեց մեղադրողը:

«Ես էլի եմ ասում, սկզբնական շրջանում ինձ էլ թվացել, որ ասել է սատկացրեք, հետագայում, որ ասեցին`ասել է սաստկացրեք, բառերը բավականին նման են, շատ հնարավոր է, որ ասել է սաստկացրեք, ոչ թե սատկացրեք»,- պատասխանեց վկան: Պատասխանելով պաշտպան Ռուբեն Հակոբյանի հարցերին`վկան հայտնեց, որ Սամվել Դիլոյանի կողմից Շարբաթյանին սպանելու դիտավորություն չի նկատել, ճաշկերույթի կեսից ռեստորանից հեռացած Արեն Վերանյանին կռվի ժամանակ տեսել է, սակայն ծեծելիս կամ հայհոյելիս չի տեսել, Դիլոյանին որևէ մեկին հարվածելիս կամ հայհոյելիս նույնպես չի նկատել, Սամվել Դիլոյանին խտտած հեռացրել է ոչ թե Շարբաթյանի մոտից, այլ տարածքից:

«Դուք ասացիք, որ երբ մոտեցաք, ամենաթիկնեղին խտտեցիք և մի կողմ քաշեցիք: էդ դեպքում էդ մարդը, եթե ոչինչ չէր անում, ինչո՞ւ Շարբաթյանի վրա ընկածներին չէիք քաշում»,- հարցրեց մեղադրողը:

«Ես Տորք Անգեղը չէի, որ էս մեկին մի կողմ տանեմ, էն երկուսին էլ քաշեմ, կարող է` խփում էին, ինձ էլ խփեին: Հետո ես չգիտեի էլ ովքեր են, հետո որ լույսը բերեցի, տեսա, որ Դիլոյանն է»,-ասաց վկան:

«Դուք զանգել եք Սամվել Դիլոյանին և ասել. «Եկեք տեր կանգնեք»: Ինչի՞ն պետք է տեր կանգնեին»,- վկային հարցրեց մեղադրող դատախազը: «Բառիս բուն իմաստով էլ ասեցի`եկեք Ձեր դիակին տեր կանգնեք»,- պատասխանեց վկան:

«Բայց դուք պաշտպանին ասացիք, որ այդ մարդկանց Շարբաթյանին ծեծելիս չեք տեսել, ինչո՞ւ եք իրենցից պահանջել, որ  դիակին տեր կանգնեն»,- վկային կրկին հարցրեց մեղադրողը:

-Վեճը, եթե իրենց հետ է եղել, այդ դիակը ո՞ւմն ա:

-Դուք պաշտպանին ասում եք, որ իրենք մասնակցություն չեն ունեցել,-հակադարձեց մեղադրողը:

- Շտապ օգնությունը, որ եկավ, հաստատեց, որ մարդը` (նկատի ունի Շարբաթյանը- հեղ.) չկա, բա ո՞ւմ դիակն ա,- պատասխանեց Էդիկ Ղլղաթյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  դեկտեմբերի 2-ին:

Լուսանկարում` Էդուարդ Խլղաթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter