HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջեֆ Լոու. «Երբեք չհրաժարվեք ձեր գաղափարներից»

Հարցազրույց վավերագրական ֆիլմերի հեղինակ, Անգլիայի Նյուքասլի համալսարանի դասախոս Ջեֆ Լոուի (Geof Lowe) հետ

-Ինչո՞ւ ընտրեցիք վավերագրության ժանրը:

-Ես ժամանակին աշխատել եմ նաև գեղարվեստական ժանրի վրա: Կարծում եմ՝ և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական ժանրերն ունեն պատմությունը պատմելու նույնքան հավասար տարրեր: Դա կախված է թեմայից: Երբեմն վավերագրական ֆիլմը կարող է դառնալ գեղարվեստական, և՝ հակառակը:

-Ի՞նչ տարբերություններ կան իրականության և վավերագրական ֆիլմի միջև:

-Երբ ասում ես իրականություն, ես հասկանում եմ ֆոտոլրագրություն կամ ռեպորտաժ: Ինձ համար դա իրադարձության ձայնագրումն է առանց որևէ խմբագրական տեսակետի, որտեղ պատմությունն իր դիրքորոշումն ունի և այնքան զգացմունքներ կարող է առաջացնել ուղիղ ռեպորտաժով: Դա, իհարկե, նաև վտանգավոր է, որովհետև տեխնիկական տեսանկյունից դու կարող ես փչացնել թեման: Եվ այդ պարագայում այն կարող է դառնալ պրոպագանդիստական ֆիլմ, որտեղ, խեղաթյուրելով փաստերը, վերահսկում ես լսարանի ռեակցիան: Կարծում եմ, որ լավ ֆիլմն այն է, երբ լսարանն ինչ-որ բան կարող է սովորել, որի մասին մինչ այդ չգիտեր: Ես սիրում եմ այնպիսի պատմություններ, որոնք պոզիտիվ են և աշխարհն ավելի լավն են դարձնում:

-Ի՞նչն է ամենակարևորը Ձեզ համար փաստագրական ֆիլմ պատրաստելիս: Ինչպե՞ս հասնել հաջողության:

-Որպեսզի հաջողության հասնես, պետք է հստակ իմանաս, թե ինչ լսարան ունես, վերջինս այդ տեղեկատվությունն ուզո՞ւմ է ստանալ: Այնպես որ, քո պատմությունը պետք է հետաքրքրի քո լսարանին, ինչպես նաև դրական փոփոխություն մտցնի ստեղծված իրավիճակում:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մուլտիմեդիան վավերագրական ֆիլմերի վրա:

-Մուլտիմեդիան նորաձև շրջադարձերից է: Երբ ինտերնետը առաջին անգամ  հասանելի դարձավ, մուլտիմեդիա նախագծերը կարող էին մեծ փոփոխություն առաջացնել, կարող էին փոխել փաստագրական ֆիլմերը, կարող էին ունենալ մեծ լսարաններ, սակայն ինտերնետը չկարողացավ տալ այն, ինչ ուզում էր մուլտիմեդիան: Դրա համար էլ ի հայտ եկան ինտերակտիվ CD-ները: Այսօր նույն բջջային հեռախոսների միջոցով արդեն հնարավորություն կա ինտերակտիվ կապ ստեղծել լսարանի հետ, որը կարող է մասնակից դառնալ պատմությանը: Տրանսմեդիայի նախագծերում փաստագրական թեմայի էությունը ավելի շատ ոչ թե տեղեկացնելն է մարդկանց, այլ նրանց գործողությունների մեջ ներգրավելը:

-Այսօր միտում կա, որ լսարանն ավելի շատ նախընտրում է կարճ պատմություններն ու լուսանկարները: Դա նկատելի է նաև Հայաստանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը Մեծ Բրիտանիայում:

-Բացարձակ ճշմարիտ է այն, որ աշխարհն ավելի շատ նախընտրում է հաղորդակցվել լուսանկարներով: Ամենուր  մարդիկ սկսել են հաղորդակցվել վիզուալ ձևով: Շեքսպիրն ասում էր, մի նկարն ավելի կարևոր է, քան հազար խոսքը: Թվանշային հեղափոխության ժամանակաշրջանում ավելի հեշտ է լուսանկարներ ստեղծել, և չիպով, բարձրորակ տեսախցիկներն ավելի քան հասանելի են: Ըստ իս՝ սա բնականոն գործընթաց է և որևէ խնդիր չեմ տեսնում վիզուալ հաղորդակցության զարգացման մեջ, բայց մենք նաև պետք է իմանանք, թե երբ կանգ առնենք:

-Բայց դա դժվար չէ՞:

-Դա կարող է մրցակցություն առաջացնել: Օրինակ՝ մենք թատրոն ունենք, որը հաղորդակցություն և ինտերակտիվ կապ է ստեղծում: Դա հաղորդակցության և ժամանցի համակարգ է: Այն երբևէ չի փոխվում, աշխարհը նույնպես չի փոխվում: Մարդիկ օրիգինալ, կրեատիվ գաղափարներով են գնում այդտեղ, և, կարծում եմ, այդ դեպքում միշտ կարելի է հաջողության հասնել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են զբաղվել վավերագրական ֆիլմերի արտադրությամբ:

-Թիվ մեկ խորհուրդն այն է, որ երբեք չհրաժարվեն իրենց գաղափարից, հավատան իրենց: Ամեն մեկն ունենում է մերժման փուլեր, որոնք իրականում կարող են օգնել, որպեսզի հասնես գաղափարիդ իրականացմանը: Սկսեք այն կետից, որ ամեն մեկն ինչ-որ տեղից սկսել է, և դուք պետք է լինեք ինքներդ ձեզ նման: Ամեն մեկն իր տաղանդն ունի, և իրական փորձությունն այն է, որ երբեք չհրաժարվեք ձեր գաղափարներից, այլ հակառակը՝ շարունակեք ընթացքը: Վստահիր քո բնազդներին: Շարունակիր ընթացքը:

-Դուք Հայաստանում Ձեր դասախոսության ժամանակ ասացիք, որ վերջին 4 տարվա ընթացքում մեդիան ավելի շատ զարգացավ, քան վերջին 400 տարիներին: Սա աշխարհի նոր կարգն է: Ի՞նչ եք  կարծում՝ այսօր ի՞նչ են ուզում մարդիկ:

-Մարդիկ ուզում են ապրել լավ կյանքով: Ընդհանուր առմամբ, մարդիկ ուզում են ապրել խաղաղ կյանքով և  ունենալ լավ փոխհարաբերություններ, չնայած կան մեծ խնդիրներ, որոնք հուսանք՝ կարող ենք լուծել վավերագրական ֆիլմերի միջոցով: Կարծում եմ՝ մարդիկ ցանկանում են վայելել ժամանակը մոլորակի վրա:

-Հայաստանում երբեմն նշում են, որ աշխարհում սկսել է գաղափարների ճգնաժամ: Համամի՞տ եք:

-Կարծում եմ՝ մեծ գաղափարների կարիք կա, որովհետև լուծելու մեծ խնդիրներ կան: Այդ խնդիրները չեն լուծվի քաղաքական գործիչների միջոցով, ովքեր խնդիրներին նայում են եռամյա պաշտոնավորման տեսակետից, մինչդեռ այդ խնդիրներին պետք է նայել 30-50 տարվա դիտանկյունից: Քաղաքական գործիչներն ավելի շատ սպասում են հաջորդ ընտրությանը: Կարծում եմ՝ այդ խնդիրները կարող են լուծել միայն մարդիկ: Մենք մեծ գաղափարների կարիք ունենք, ինչպես օրինակ, արժույթի ոլորտում, գլոբալ տաքացման և աղտոտման հարցերում:

-Կա՞ն թեմաներ, որոնցից հրաժարվել եք և երբեք չեք նկարի ֆիլմ այդ մասին:

-Ամերիկացի գործընկերներիցս մեկին  առաջարկել էին ռազմականացնել տրանսմեդիան, բայց ես ինքս երբեք չէի համաձայնի:

-Ինչո՞ւ:

-Որովհետև ես չեմ անի քարոզչական ֆիլմ որևէ կողմի համար, նույնիսկ եթե ասեն, թե դա, իսկապես, լավ է  մարդկանց համար: Ես չեմ հավատում, որ քարոզչությունը ճիշտ է: Դու կարող ես ունենալ քո տեսակետը ցանկացած հարցի մասին, բայց երբ այն ուղղորդվում է ուրիշի կողմից, խնդիրներ են առաջանում: Ես չեմ սիրում գովազդներ, և երբեք չեմ անի գովազդներ, որովհետև դրանք նորից կրում են քարոզչական բնույթ:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք  ֆինանսական աջակցություն ստանում Ձեր ֆիլմերի համար: Ինչպե՞ս եք «գոյատևում»:

-(Ծիծաղում է- հեղ.): Ինչպե՞ս եմ «գոյատևում»… Իսկապես, դժվար է: Լիամետրաժ ֆիլմեր չեմ անում, որովհետև աշխատում եմ նաև համալսարանում, դասավանդում եմ, թե ինչպես ֆիլմ ստեղծել: Դու պետք է գտնես քո մասնագիտացումը ֆիլմարտադրության ոլորտում: Եթե ուզում ես «գոյատևել»՝ որպես ֆիլմարտադրող, պետք է գտնես տարբեր ուղիներ: Կարող եմ վստահեցնել բոլորին, որ հնարավորությունը գալիս է, և դու պետք է պատրաստ լինես այն օգտագործելու: Ամենակարևորը՝ հավատա ինքդ քեզ, և հնարավորությունները «կժամանեն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter