HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինա. Մոսկվան որոշումներ է կորզում շանտաժով ու կոմպրոմատներով-3

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Թեպետ Կրեմլի կողմից Հայաստանի եվրաինտեգրման տապալումը ժամանակագրական առումով ավելի վաղ տեղի ունեցավ (սեպտեմբերի 3-ին), այդուհանդերձ, Ուկրաինայի հետ կապված դրամատիկ զարգացումները մեկնարկել են ավելի վաղ ու շարունակվում են նաեւ այս օրերին: Ուստի, արժե խախտել հաջորդականությունը եւ առաջինը ներկայացնել Ուկրաինայի եվրաինտեգրման ոդիսականը: Իսկ Երեւանի վրա Մոսկվայի կոմպրոմատաշանտաժային ճնշման պատմությունը կներկայացնենք դրանից հետո (դեկտեմբերի սկզբին Վ.Պուտինի հայաստանյան այցի գրեթե նախաշեմին):

Ընդհանրապես, Արեւելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) երկրների շարքում Ուկրաինան առանցքային է համարվել մի քանի առումներով. այն ԵՄ-ի համար անմիջական հարեւան, հետեւաբար՝ աշխարհագրորեն նրա ընդլայնման տեսանկյունից ռազմավարական նշանակության երկիր էր գնահատավել: Ընդունված էր նաեւ համարել, որ չնայած մի շարք գործոնների առումով այդ երկրի խոցելիությանը, այնուամենայնիվ, նա ավելի ինքնաբավ ու ռուսական ճնշումներին դիմադրողունակ երկիր է թե' իր ավելի բացահայատ եվրոպական նկրտումների, թե' իր մեծության, եւ թե' ներուժի առումով. 2005թ.-ից սկսած Ռուսաստանի հետ նրա նավթագազային ու ապրանքային պատերազմները կարծես թե բարձրացրել էին նման ճգնաժամերի հանդեպ երկրի իմունիտետը եւ այլեւս այդքան սարսափելի չէին թվում, ինպես նախկինում:

Ռուսաստանի համար առավելապես վտանգավոր էր «նարնջագույն» Ուկրաինան, որի ղեկավարությունը եվրաատլանտյան ինտեգրացիան՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցությունը, արտաքին քաղաքականության առաջնահերթություն էր հռչակել. 2004թ. տարեվերջին սկսված «Նարնջագույն հեղափոխության» հաղթանակից հետո ՆԱՏՕ-ի լավագուն փորձագետները լծվել էին ուկրաինական բանակի արդիականացմանն ու բարեփոխման: Մի պահ ԵՄ-ը անգամ սկսեց զգուշանալ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի կողմից իր դռներն ուժգին թակելուց. ո’չ ինքն էր պատրաստ կլանելու նոր անդամներին, ո’չ էլ նրանք էին համապատասխանում անդամակցության չափանիշներին: Նման քաղաքական համատեքստում Ուկրաինան դարձավ հետխորհրդային տարածքի առաջին երկիրը, որի հետ 2007թ. մարտին Բրյուսելն սկսեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց օրակարգը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն Ուկրաինայի անդամակցելուց հետո 2008թ. փետրվարին համալրվեց եւս մեկ հարցով՝ Ասոցացման համաձայնագրի առանցքային տարրը համարվող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (այսուհետ՝ ԽՀԱԱՀ) մշակմամբ (Վրաստանի, Մոլդովայի ու Հայաստանի հետ դրանք բանակցվեցին ավելի ուշ): Դա միաժամանակ լուծում էր թե’ հավակնոտ երկրների անդամակցության տեւական գործընթացի, թե’ այդ ընթացքում նրանց լավագույնս նախապատրաստելու խնդիրը:

2008թ. Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկի շրջանում Ուկրաինան Մոլդովայի ու Վրաստանի հետ միասին ակնկալում էր Բրյուսելից լսել ու ստանալ ավելին, այն է՝ անդամակցություն: Նրանք ոչ միայն համարում էին, որ ԵՄ–ի կողմից մերժումը՝ ««Ոչ»-ը պատասխան չէ», այլեւ այդպիսի հեռանկար չտրամադրելը որակում էին իբրեւ իրենց հանդեպ վստահության պակաս եւ անկայունություն, որը երկարաժամկետ կտրվածքով կհարվածի նրանց եվրոպական հավակնություններին:

2005թ. հունվարին իշխանության եկած Վիկտոր Յուշչենոկոյի նախագահության տարիներին Ռուսաստանին այլ բան չէր մնում քան Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղության վրա ազդելու նպատակով երկրի համար լրջագույն սպառնալիքներ ստեղծելը կամ ուժգնացնելը: Մասնավորապես, Ռուսաստանը էապես աջակցում էր իշխող «նարնջագույնների» դեմ լուրջ հակակշռի եւ ընդդիմության ձեւավորմանը՝ ի դեմս Վ.Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության: Նույն 2005թ.-ից սկսյալ Ուկրաինայի դեմ սանձազերծվեցին մի քանի գազային կոնֆլիկտներ՝ 2005-2006թթ., 2007-2008թթ., 2008-2009թթ.:

Շրջանառության մեջ դրվեց ու օրակարգում պահվեց երկրի հնարավոր պառակտման մասին սարսափ-դիսկուրսը՝ «նարնջագույների» հիմնական հենարանը համարվող ուկրաինախոս արեւմուտքին հակադրության մեջ դնելով Ռեգիոնների կուսակցության հուսալի հենարանը համարվող ռուսախոս հարավ-արեւելքը: Ոչ պակաս վտանգավոր էին դարձել Ղրիմում անջատողականության սաստկացումները, թերակղզու ինքնորոշման կամ անջատման մասին հնչող ձայները, բողոքի ակցիաները ՆԱՏՕ-ի եւ Կիեւի համատեղ զորավարժությունների, Ուկրաինայի ատլանտիզացիայի դեմ:

Վիկտոր Յանուկովիչ. Կրեմլի «յուրայինից» մինչեւ «օտար»

2010թ. փետրվարին Ռեգիոնների կուսակցության եւ Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալը մի փոքր հանգստացրեց Ռուսաստանին, հատկապես երբ վերջինս Ուկրաինայի արտաքին քաղաքական օրակարգից հանեց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը եւ հանդես եկավ ավելի դանդաղ եվրաինտեգրման դիրքերից: «Նարնջագույն հեղափոխության» տեղատվությունից դժգոհ Արեւմուտքի համար թերեւս միակ մխիթարությունն այն էր, որ Վ.Յանուկովիչն ու Ռեգիոնների կուսակցությունը միասնականացրեցին պառակտման ու տրոհման եզրին կանգնած երկիրը, մեղմեցին երկրի եվրոպականացման հեռանկարի շուրջ ուժգնացած ռուսական լարվածությունը: Մյուս մխիթարությունն այն էր, որ Յանուկովիչն այլեւս չէր թակում ԵՄ դռները՝ նրան օր առաջ անդամակցելու ցանկությամբ, բայցեւ չէր հրաժարվել եվրաինտեգրման կուրսից:

Բրյուսելի շատ ազդեցիկ քաղաքական շրջանակներում Վիկտոր Յանուկովիչն ընկալվում էր իբրեւ «գործի մարդ»՝ պրագմատիկ բիզնեսմեն գործիչ, ով սկսած սեփական եւ վերջացրած շրջապատի բիզնես շահերով ու երկրի ռազմավարական հեռանկարով, շահագրգռված կլինի հատկապես տնտեսական դաշտում ԵՄ-ի հետ Կիեւի հարաբերությունների խորացմամբ, ընդհանուր առմամբ՝ մարդկանց, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժով: Իսկ դա Կիեւ-Բրյուսել մերձեցումը եւ Ասոցացման համաձայնագրի ու ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունները շարունակելու լուրջ հիմք էր:

Չնայած Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ Յանուկովիչի իրականացրած քաղաքական հաշվեհարդարին, ռեֆորմների հարցում նրա վարչակարգի հապաղկոտությանը կամ դրանք տապալելուն, այդ խնդիրներով ԵՄ-ի հետ լարված հարաբերությունների խորապատկերին Կիեւն ու Բրյուսելը այդուհանդերձ շարունակեցին բանակցությունները: 2011թ. դեկտեմբերի 19-ին Ուկրաինա-ԵՄ 15-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ հիմնական համաձայնություները ձեռք են բերվել, ասել է թե՝ բանակցություններն ավարտվել են, եւ այն պատրաստ է նախաստորագման համար: 2012թ. մարտի 30-ին երկու կողմերի գլխավոր բանակցորդները նախաստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը՝ դրանում ներառելով դրույթներ ԽՀԱԱՀ-ը վերջինիս անբաժանելի մաս համարելու մասին: Իսկ բուն ԽՀԱԱՀ-ը նախաստորագրվեց մի փոքր ավելի ուշ՝ 2012թ. հուլիսի 19-ին:

Միմյանց սերտորեն փոխկապակցված երկու համաձայնագրերի վերջնական ստորագրումը հետաձգվեց քաղաքական պատճառներով՝ եվրաինտեգրման փաթեթի (համաձայնագրերի ստորագրման համար առաջադրված հավելյալ պարտավորոթյունների) եւ մասնավորապես՝ Յուլյա Տիմոշենկոյի խնդրով Բրյուսելի ու Կիեւի միջեւ ծագած սուր տարաձայնությունների պատճառով: Ուկրաինայում 2015թ. սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում Յու.Տիմոշենկոյի գործը մեկ այլ նշանակություն էր ստացել Վ.Յանուկովիչի համար. նրան ազատ արձակելը նշանակում էր իր ահեղ եւ խոցված մրցակցին հնարավորություն տալ մասնակցելու նախագահական ընտրություններին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ Բրյուսելն էլ չափազանց համառ էր Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցում, ինչը ավելի էր մեծացնում իշխանությունը զիջել չպատրաստվող Յանուկովիչի վախերը:

Արդյունքում, Բրյուսելը քաղաքական որոշում ընդունեց Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱՀ-ի ստորագրումը տեղափոխել մինչեւ 2013 թ. նոյեմբեր՝ ԵՄ Վիլնյուսյան գագաթաժողով այդ ընթացքում փորձելով լուծել չլուծված խնդիրները: Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում Ուկրաինան պետք է ստորագրեր, իսկ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան էլ նախաստորագրեին բանակցված Ասոցացման համաձայնագրերն ու ԽՀԱԱՀ-ը: Ռուսաստանին չէր կարող չզայրացնել այն փաստը, որ ժամանակին յուրային համարված Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք Ուկրաինան ավելի է մխրճվում եվրոպական ուղեծիր՝ լոկոմոտիվի նման այնտեղ տանելով նաեւ մյուս 3 երկրներին: Հետեւաբար Մոսկվան ձեռքերը ծալած չէր նստելու ու դիտելու, թե ինչպես են վերացնում իր «ազդեցության ավանդական գոտին»:

Սակայն, միաժամանակ Մոսկվան հայտնաբերեց, որ զրկվել է նույն Ուկրաինայի վրա ազդեցության շատ լծակներից: Եթե նախկինում ռուսական լեզվի ստատուսի, ռուսախոս հարավ-արեւելքի ու Ղրիմի միջոցով Մոսկվան պահպանում էր Ուկրաինայի տարածքային տրոհման սպառնալիքը, այժմ Յանուկովիչն ու իր Ռեգիոնների կուսակցությունը միավորել եւ փոքրիշատե կոնսոլիդացրել էին երկիրը: Ընդդիմությունը, որի հիմնական քաղաքական ուժերը Եվրոպայի ժողովրդական կուսակցության հովանու ներքո կոնսոլիդացել էին Յու.Տիմոշենկոյի եւ «Բատկեւշինայի» շուրջ, հստակ հանդես էր գալիս եվրաինտեգրման դիրքերից: Հետեւաբար, Կրեմլը ուկրաինական ընդդիմությանը խաղարկել նույնպես չէր կարող: Երկրի ՆԱՏՕ-իզիացիայի հեռանկար այլեւս չկա, ուստի հակաՆԱՏՕ-ական կրքերը նույնպես թեմա չեն կարող լինել: Իսկ 2010թ. Սեւաստոպոլում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետը երկարացվել է մինչեւ 2044թ.. Կիեւը այդ համաձայնության դիմաց Ռուսաստանը 30%-ով իջեցրել էր Ուկրաինային մատակարարվող գազի գինը, հետեւաբր այդ թեման նունպես փակված էր:

Ռուսաստանին մնում էր դիմել ավանդական հնարքներին. ուկրաինական ապրանքների՝ Ռուսաստան ներմուծման արգելքին, գազային շանտաժին, մի փոքր տրանսֆորմացված ու այլ բնույթ ստացած ռեգիոնալ շանտաժին եւ օգտագործել 2015թ. նախագահական ընտրություններում վերընտրվելու Յանուկովիչի անհագ ցանկությունը: Իսկ եթե Ուկրաինան չհանձնվեր այդ գործոնների ճնշման տակ, ապա անցում կկատարվեր ամենազոր կոմպրոմատներին...

Փաստացի ողջ 2012-2013թթ. Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը այս տարածաշրջանում կենտրոնացավ ԱլԳ երկրների, նախեւառաջ՝ Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի. ապաեւ՝ Վիլնյուսյան գագաթաժողովի տապալման վրա: Սկզբնական շրջանում Կրեմլի ճնշումները համեմատաբար մեղմ էին եւ սահմանափակվում էին միայն Յանուկովիչի վերընտվելու հավակնության վրա խաղալով: Ինքը՝ Յանուկովիչը հրաշալի հասկանում էր, որ դա զգալիորեն կախված է նաեւ Ռուսաստանի ցանկությունից եւ դիրքորոշումից: Այդ եւ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ էլ ավելի չգրգռելու դրդապատճառները նրան ստիպում էին առնվազն մասնակիորեն ու ձեւականորեն բավարարել Եվրասիական ինտեգրացիային Ուկրաինայի մասնակցության Վ.Պուտինի առաջարկները:

Ինքը Կրեմլը որդեգրել էր Եվրասիական տնտեսական միությունում Կիեւին աստիճանաբար ներքաշելու ռազմավարություն: Նախ 2012թ. սեպտեմբերի 10-ին Կիեւում ստորագրվեցին «Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Ուկրաինայի նախարարաների կաբինետի միջեւ տեխնիկական հարցերով համագործակցության մասին» եւ «Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Ուկրաինայի նախարարաների կաբինետի միջեւ առեւտրի հարցերով համագործակցության մասին» հուշագրերը» (ի դեպ, երկու հուշագիրն էլ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրվեցին 2013թ. մայիսի 20-ին):

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Կիեւի մերձեցումն իր սահմանագծին մոտեցավ 2013թ. մայիսի 31-ին, երբ ստորագրվեց «Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների խորացման մասին» հուշագիրը, որում Ուկրաինայի եվրասիական ինտեգրացիայի վերջնակետ ամրագրվեց այդ միությունում սոսկ Ուկրաինայի դիտորդ դառնալու նպատակը: Նման հայտ Ուկրաինան ներկայացրել եւ Մաքսային միության երկրների հավանություն էր ստացել դրանից 2 օր առաջ: Հատկանշական է, որ Մաքսային միության կանոնադրությունը նման կարգավիճակ չի էլ նախատեսում, այսինքն՝ իրականում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ոչինչի մասին:

Սա այն եզրագիծն էր, որը թույլատրել էր ԵՄ-ը Ասոցացման համաձայնագրի ու ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցող երկրներին՝ առավելագույնը դիդորդություն, բայց ոչ լիրավ անդամակցություն Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածությանը: Այն նաեւ ձեռնտու էր Ուկրաինայի իշխանություննեին, քանի որ չէր սպառնում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, միաժամանակ՝ ցենտրիստական դիրք էր ապահովում Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ: Սակայն, դա չէր կարող գոհացնող լինել Ռուսաստանի համար: Չբավարարվելով ձեռք բերված արդյունքներով, Կրեմլը որոշում կայացրեց Ուկրաինային դրդել ավելիին՝ լիարժեք անդամակցության, դրա համար օգտագործելով այդ ամիսներին երկու երկրների միջեւ ծագած առանցքային կոնֆլիկտները.

1. 2013 թ. ապրիլին երկու երկրների միջեւ սկսվել ու դեռեւս չէր մարել «ավտոմեքենաների պատերազմը». Ուկրաինան հատուկ մաքսատուրքեր էր սահմանել ներկրվող մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ դրանց արտահանող երկրից. 1000-1500 խոր. մետր ծավալով շարժիչի դեպքում 6,46% չափով, 1500-2200 խոր. մետր ծավալով շարժիչի համար՝ 12,95% չափով: Դրանից Ռուսաստանի արտահանումը, ըստ հաշվակների, տուժելու էր 328 մլն դոլարի, իսկ հարկերի հավաքագրումը՝ 36 մլն դոլարի չափով: Ուկրաինայի այս որոշման դեմ Ռուսաստանը Մաքսային միության երկրների (Ղազախստան, Բելառուս) անունից բողոք էր ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ նախազգուշացրել այն մասին, որ ռուսական արտադրության ավտոմեքենաների արտահանմանը ու ռուսական տնտեսությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով իրեն իրավունք է վերապահում մաքսատուրքեր սահմանել ուկրաինական երեք ապրաքատեսակների համար. շոկոլադի 1կգ-ի համար 0,1 եվրո, քարածխի համար 54%, իսկ ապակու համար` 15%, որոնք ուժի մեջ կմտնեին Ղազախստանի ու Բելոռուսի հետ համաձայնեցնելուց հետո: Իբրեւ այդ երեք ապրաքատեսակների ներմուծման վրա մաքսատուրքի կիրառման ժամկետ ռուսական կողմը հայտարարել էր հուլիսը՝ ակնհայտորեն թիրախի տակ պահելով Ղրիմում հուլիսի 12-ին ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ ՌԴ վարչապետ Պուտինը պետք է հանդիպեր Ուկրաինայի վարչապետ Նիկոյալ Ազարովին եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Իսկ ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունեցող ուկրաինական ապրանքատեսակների գլխին պահված նման շանտաժը Կիեւի վրա ճնշման էական լծակ էր Մոսկվայի համար:

2. Հենց այդ ամսվա՝ հուլիսի դրությամբ Ուկրաինային գազի մատակարարման պայմանների ու դրա տրանզիտի հետ կապված նշաններ էին ի հայտ եկել, որոնց խորանալու դեպքում տարեվերջին կարող էր բռնկվել հերթական գազային պատերազմը Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ եռանկյունով: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2013թ. առաջին ամիսների ընթացքում Ռուսաստանի Ուկրիանայի գազափոխադրման համակարգ էր մուտք եղել 10,3 մլրդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 35%-ով կամ 5,6 մլրդ խորանարդ մետրով պակաս էր նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշներից: 2013թ. հունիսին «Ուկրտրանսգազը» Արեւմտյան Եվրոպա էր փոխադրել 7,1 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը 25%-ով կամ 1,4 մլրդ խորանարդ մետրով կրկին պակաս էր 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Չնայած «Ուկրտրանսգազի» զեկույցում հրապարակված այս ցուցանիշներին, նաեւ նշվել էր, թե ընկերության խողովակաշարերով գազի ցպահանջ արտամղումը կատարվում է լրիվ ծավալով՝ 100%-ով եւ սահմանված ժամկետներում: Ռուսական կողմին մտահոգել էին ոչ միայն Ուկրաինայի կողմից գազի ներկման ծավալների կրճատումը, այլեւ ստորգետնյա պահեստարաններում դրանք չկուտակելը: Պահեստարաններում գազի բավարար քանակության, ըստ այդմ՝ ճնշման բացակայությունը հատկապես տարեվերջին ավելի մեծ խնդիր էիյն հարուցելու դեպի եվրոպա գազի տրանզիտ փոխադրումների համար. հանուն եվրոպական սպառողին գազ մատակարարելու Մոսկվան ստիպված էր լինելու լցնել նաեւ Ուկրաինայի գազապահեստարանները՝ դրանում ճնշում ապահովելու եւ դեպի տրանզիտ խողովակներ արտամղում իրականացնելու համար, ինչը նշանակում էր լուծել նաեւ Ուկրաինայի խնդիրը:

Եթե ռուսական կողմը կարող էր գոհ լինել Ուկրաինայի համար անհրաժեշտ քանակությամբ գազ չունենալու հանգամանքից, որպես նրա որոշումների վրա հավելյալ լծակ օգտագործելու հնարավորություն, ապա չէր կարող ուրախ լինել եվրոպական ուղղությամբ գազի մատակարարումների հնարավոր դադարեցման կապակցությամբ:

Ուկրաինան էլ գիտակցում էր, որ ձմռանը նոր գազային պատերազմի դեպքում կտուժի ոչ միայն ինքը, այլեւ Ռուսաստանն ու Եվրոպան, կամ էլ՝ հանուն Եվրոպայի առջեւ իր պայմանագրային պարտավորությունների Ռուսաստանը վերոնշյալ մեխանիզմով ինքնաբերաբար կլուծի նաեւ իր խնդիրը: Ուստի, գազի ծավալների ավելացման համար Կիեւը պահանջում էր անցնել հետվճարային համակարգի: Մինչդեռ Ռուսաստանը պահանջում էր պահպանել գազամատակարարման կանխավճարի սկզբունքը: Այս թնջուկի լուծումը կրկին ակնկալվում էր ստանալ Ղրիմումում՝ հուլիսի 12-ին Պուտին-Յանուկովիչ հանդիպման օրը, երբ հրապարակվեց նաեւ «Ուկրտրանսգազի» զեկույցը:

Հասունացող նոր գազային ու ապրանքային կոնֆլիկտի լուծումը մեծապես կախված էր այն հարցից, թե արդյո՞ք Ուկրաինան Պուտին-Յանուկովիչ հանդիպման ժամանակ կամ արդյունքում կհամաձայնի միանալ Մաքսային միությանը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (4)

Ալեքսանդր Վարպետյան
Շատ գրագետ, ինֆորմատիզացված, տրամաբանորեն կուռ, բայց և քաղաքագիտորեն մատչելի և ուսանելի վերլուծություն է: Նույնքան օգտակար քաղաքական բավիղներում խճողված շատերիս համար: Սկզբունքն ընտրված է շատ նրբանկատ և դիպուկ: Անհամբեր ենք հասնելու Հայաստանի պարագային, պարզելու համար մեր խոցելի թե դեռևս «պաշարային» հանգամանքները: Անկասկած արժե հետևել զարգացումներին, ըմբռնելու համար «մեր գլխին եկածն» ու դեռ գալիքը, «և՛-և՛», «կա՛մ-կա՛մ» թե «հո՛պ-հո՛պ»-ներից անդին... Ողջույններ հեղինակին:
Ստյոպա Սաֆարյան
Շնորհակալ եմ պարոն Վարպետյան չափազանց բարձր գնահատականի համար: Աշխատում եմ հնարավորինս շատ բերել փաստական հանգամանքներ, հղումներ՝ վիճելի քիչ տեղ թողնելու համար: Վերջին հաշվով այն յուրօրինակ հետաքննություն է:
Արամ
Առանց լյուստրացիայի ոչինչ հնարավոր չէ փոխել: Դոփելու ենք տեղում: Խնդիրը այն է, թե ինչպես իրականացնել դա: Քաղաքական դաշտը տոտալ վերահսկողության տակ է: Ես ճանապարհը չեմ տեսնում: Միգուցե Սաֆարյանը և Վարպետյանը կարող են որևէ ուղի առաջարկել: Այլապես վերջանում ենք արդեն: Ավելի ճիշտ, վերջացել ենք, ուղղակի տաք ենք, դեռ չենք զգում:
Խելոք
Խոր, տրամաբանական եւ մանրամասն վերլուծություն է անշուշտ, որը խոսում է հեղինակի տեղյակության ու բանիմացության մասին: Ցանկալի կլիներ սակայն մասնավոր երեւույթները քննարկել ներկա պատմա-աշխարհաքաղակաքան ընդհանուր համատեքստի ֆոնին, որն անկասկած գոյություն ունի եւ կարող է լույս սփռել անկապ թվացող շատ դեպքերի վրա՝ օգնելով մեզ հնարավորինս ճիշտ կողմնորոշվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter