HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե իմ էրեխեն մահանար, էդ բժիշկը պատասխան էր տալո՞ւ»

Արմինեն իր 2 որդիների հետ ապրում է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի (նախկին գեղարվեստի հ. 5 ուսումնարանի) հանրակացարանում: Նրա ասելով՝ նոյեմբերի 23-ին որդին սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում: Շտապօգնություն են կանչել, որդուն տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց: «Երեխային տարանք Մուրացանի հիվանդանոց, բայց հետո հրաժարվեցի էդտեղ պահել: Բժիշկն ինձ ասում էր՝ կարո՞ղ է տղադ գժի դեղեր է խմել: Ասում էր՝ կարող է հիվանդ ունեք, ինքն էլ էդ դեղերը խմել է: Ես ասում եմ՝ հիվանդը ես եմ, բայց նման դեղեր իմ տան մեջ չկա: Եթե դուք ներարկում եք երեխային, երեխան էլ ցավից տնքում ա, դե եկեք բացատրեք»,- պատմում էր Արմինե Ավագյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է:

Նրա խոսքերով՝ նոյեմբերի 23-ին Գագիկի սուր ցավերից հետո, սկզբում մտածում էին, թե մրսել է, կանցնի, բայց դրանից հետո տղայի մոտ սրտխառնոց է առաջացել: «էդ օրը բրնձով-բուդիկով փլավ էր կերել ու աջիկա: Հետո բոտուլիզմ հանեցին, բայց էրեխու աջ կողքին ձեռք էին տալիս, էրեխեն գոռում էր: Հետո ասացին՝ էս էրեխեն հիստերիկ ա, կարո՞ղ ա՝ ուղեղի հետ կապված խանգարված բաներ ունի, ասացինք՝ չէ: Ասում եմ՝ պրիստուպից ա, որ էդ վիճակում ա, իրենք կատետերից անընդհատ դեղ էին ներարկում: Էրեխուն շանտաժում էին, ասում էին՝ դեղի ազդեցության տակ ա: Էդ ամեն ինչը տեղի ունեցավ հիվանդանոցում: Հետո ես իմ դիմումի համաձայն երեխուն բերեցի տուն»,- պատմում էր Արմինեն:

Երբ հետաքրքրվեցինք, թե ով է այդ բժիշկը, նա պատասխանեց, որ չի հիշում, քանի որ այդ օրը չափազանց խառը վիճակում էր և այդ պահին կարևորություն չէր տալիս բժշկի անուն-ազգանվանը:

«16 տարեկան էրեխուն կարելի՞ ա շանտաժի ենթարկել: 16 տարեկան էրեխուն ասում են՝ հիմա օրգան (նկատի ունի ոստիկանություն- հեղ.) ենք դիմելու: Ես էլ ասացի՝ դիմեք, արյունը տարեք անալիզ արեք, նոր դիմեք: Ես հիվանդանոցում եմ, ու քաղմասից ինձ զանգում են, ասում են՝ բա ինչի՞ եք էրեխուն Մուրացանից տեղափոխել»,- նշեց Արմինեն:

Տղային տուն բերելուց հետո ցավերը նորից են սաստկացել: Այս անգամ Արմինեն դիմել է Երրորդ մանկական հիվանդանոց: Շտապօգնության մեքենայով Գագիկին տեղափոխել են այդ հիվանդանոց: «Էրեխեն սուր պրիստուպների մեջ ա եղել: Տեղափոխեցինք Երրորդ մանկական հիվանդանոց: Էխո արեցին, սոնո արեցին, պարզվեց, որ էրեխու կույր աղիքը թարախի մեջ ճփում ա, փառակալված ա: Ժամը 8-ն անց մտցրել են վիրահատարան, ժամը 10-անցն էր՝ հանեցին: Ես իմ ականջով լսեցի, որ սոնում էին, բժիշկներն ասացին՝ հեղուկ ենք նկատում և քար: Դա էն պրոցեսն է եղել, որ էրեխու մոտ կույր աղիքը փաթաթված է եղել, թարախի մեջ կորած է եղել»,- ասաց նա:

«Եթե իրենց լսեի, դիմեդրոլ սրսկեին, էրեխուս կույր աղիքը տրաքեր, իմ էրեխեն մահանար, էդ բժիշկը պատասխան տալո՞ւ էր,- նշեց Արմինեն՝ ավելացնելով,- հիմա ես իրավունք ունե՞մ գնամ իրենց գլուխը ջարդեմ, որ իմ էրեխու վրա շանտաժ էին անում: Բա որ իմ էրեխեն մահանար: Ես սխա՞լ եմ ասում»:

Արմինեն ապրում է կիսաքանդ հանրակացարանի սենյակներից մեկում: Հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարային է համարվում: Իրենց պայմաններին ընտելացել են, չեն դժգոհում, բայց զարմանում են, երբ մեր երկրում փող չունեցող մարդուն կարող են այդքան նվաստացնել: «Նման կերպ չի կարելի: Ասինք՝ փող չունենք, օգնող չունենք, հաշմանդամ ենք, բայց չի կարելի մարդուն մահվան շեմ ուղարկել: Էրեխու կյանքի հետ չեն խաղում: Գետնից չեմ գտել էդ էրեխուն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter