HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«13-րդ թաղամաս». այստեղ ապրում են (լուսանկարներ)

«Սա 13-րդ թաղամասն ա»,- կոշտացած ձեռքերի մեջ պտտեցնելով «պլասկագուբցին» (հարթաշուրթը)՝ ասաց Սմբատ Ավետիսյանը: Նա կնոջ՝ Էլմիրայի հետ ապրում է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի կամ, ինչպես տեղացիներն են ասում, «ՏԷՑ»-ի (Երեւանի ջերմաէլեկտրակայան, ՋԷԿ) հանրակացարանում: Նախկինում այս հանրակացարանը եղել է գեղարվեստի ուսումնարան: Այժմ այն 4-րդ կարգի վթարային շենք է համարվում, որտեղ ապրելն ուղղակի ռիսկային է: Շենքում մարդկային կյանքի մասին վկայում է պարաններից կախված գունավոր լվացքը:


«Էստեղ գիտե՞ս՝ ինչ տեղ ա... Ստեղ ա գտնվում Սովետաշենի ֆիլիալը, նիաբիտայեմի օստրըվ ա»,- նայելով շենքի կողքին տարածված աղբին՝ ասում է Սմբատը: Շենք հասնելու համար պետք է անցնել շների «պահակակետով»: «Էստեղ շները մեզնից շատ են»,- հավաստիացնում էին բնակիչները:


Շենքի բակում հնարավոր չէ մի քանի րոպեից ավել կանգնել: Շենքը կոյուղի չունի, կոյուղին ամբողջ բակն է:

«Դե, շենքում մարդ կա՝ փոս ա փորել, ու ամիսը մի անգամ զիբիլի ավտոյին 15.000 դրամ են տալիս, որ գա մաքրի»,- տեղեկացրեց 53-ամյա Սմբատ Ավետիսյանը:

Շենքի քանդված հատվածում կանգնել էր տիկին Էլմիրան՝ Սմբատի կինը: «Կներեք, մի քիչ վատառողջ եմ: Երեկ գիշեր շտապօգնություն կանչեցինք: Փող չունենք, որ հիվանդանոցում պառկեմ: Ինչ անեմ: Էս ա հիմա»,- ասաց նա՝ դողացող ոտքերը դնելով խարխուլ գետնի վրա: «Ինչ հիվանդություն ասես՝ ունեմ. կանացի, գլխիս հետ կապված խնդիր ունեմ, աչքս չի տեսնում»,- առանց հուզական հնչերանգի՝ պատմում էր 47-ամյա կինը: Քիչ անց հրավիրեց իրենց տուն: Նեղվում էր տան սևացած պատերից, խառնաշփոթից:

Դրսի լույսն աննկատ ներթափանցել էր սևացած պատերով տուն, որը մերթընդմերթ ընկնում էր տիկին Էլմիրայի դեմքին: Ցավը, ասես, սառել-մնացել էր կնոջ դեմքին: Տան մի անկյունում ջրով լի տաշտակներն էին, որոնց մակերեսը նկատելիորեն փառակալել էր: Ջուրը բերել էին հարևանից: Տանը ոչ ջուր ունեն, ոչ էլ սանհանգույց: Խոհանոց ասվածն էլ մի քանի կուտակված ափսեներն են, կողքին՝ սևացած թավայով: Տան պատերին սրբի լուսանկարներն էին, դրանց կողքին՝ արհեստական վարդեր:

Ամուսիններն արդեն 9 տարի է՝ ապրում են այս սենյակում, բայց չեն հարմարվել տեղին: «Եկանք-ընկանք էս կղզին»,- գլուխը կախ՝ ասաց Սմբատը: Նա երբեմն աննկատ նայում էր կնոջը: «Ես էլ եմ վատառողջ: Փորս ուռել ա: Տարան-պառկեցրին հիվանդանոց, 170.000 փող ուզեցին: Երկու օր պառկեցի, 4 ֆլակոն սրսկեցին, եկան-ասեցին՝ բա պիտի վճարես, եթե կարգ չունես: Ես էլ ասեցի՝ կարգ չունեմ: 10 օրվա համար 170.000 դրամ փող էին ուզում, բայց փող չունեի, հիվանդանոցից դուրս եկա: Խրոնիկ հեպատիտ ա մոտս»,- պատմեց տղամարդը:

Նրա ասելով՝ երբեք չէր պատկերացնի, որ մի օր կապրի էսպիսի տեղում, բայց ինչ արած: «Դե, ես երկրորդ անգամ ամուսնացա: Տունս-տեղս թողեցի առաջին կնոջս ու երեխաներիս, եկա էստեղ: Էլմիրայի ամուսինն էլ մահացել էր, ինքն էլ երկու աղջիկ ունի, ամուսնացանք, իրար հետ ապրում ենք, էլի»,- նշեց Սմբատը: «Հիմա գոնե ուզում ենք էնպես անենք, որ կինս պետպատվերով բուժվի: Անձնագիր չունի, կորել ա: Հիմա թազա պիտի սարքեն, դիմում գրենք»,- շարունակում էր նա:

Էլմիրա Մխիթարյանը լուռ լսում էր ամուսնուն, երբեմն մի քանի բառ էր արտաբերում, հետո նորից լռում: Նրա աղջիկը՝ Արաքսյան, ամուսնացել է, ապրում է հանրակացարանի 3-րդ հարկում:

Երկու երեխա ունի: «Կարո՞ղ ենք իրենց էլ տեսնել»,- հարցրեցինք նրան: «Հա, հեսա գնանք»,- ասաց կինը:

Շենքի երրորդ հարկ տանող աստիճանները վերնասլաց ճանապարհ էին հիշեցնում: Այն դողդողում էր, ու թվում էր՝ ամեն աստիճանին ոտք դնելով պատի ճաքերը շատանում էին: Դուռը բացեց տիկին Էլմիրայի աղջիկը՝ Արաքսյան: «Լրագրողներ են»,- կարճ ասաց մայրը: «Բա ի՞նչ են ուզում»,- հետաքրքրվեց Արաքսյան: Չեմ հիշում, թե մայրն ինչ պատասխանեց, բայց մի քանի րոպե հետո դուռն ամբողջությամբ բացվեց, ներս մտանք: Արաքսյայի 2 երեխաները, մեզ տեսնելով, թաքնվեցին սենյակը կիսող վարագույրի ետևում:

Արաքսյայի ասելով՝ դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանն իրենց շենքի բոլոր բնակիչներին ապահովելու է բնակարաններով, բայց այստեղ խնդիրները շատ են: «Գալի չափում են մեր սենյակը, մի անգամ 27 քմ են ասում, հետո նորից են գալի-չափում, 20 քմ են ասում: Մեր փոխքաղաքապետն (Վահե Նիկոյանը- հեղ.) ասում է՝ զբաղեցրած տարածքներն էլ է մտնում դրա մեջ: Բոլորինը չափում են, մերը չեն չափում: Մեկը մեր տակի հարևանը՝ հավասար պայմաններ ունենք, բայց իրեն 2 սենյակ են տալու, ինձ՝ մի սենյակ: Ես սա ուղղակի օրենքի համար եմ ասում. եթե իրենց հասնում է 2 սենյակ, ինձ ինչի՞ չհասնի: Ես հարց եմ բարձրացնում՝ թե՛ խնդրանքի, թե՛ պահանջի կարգով: Ես մինչև նախագահ գնալու եմ»,- նշեց Արաքսյան:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը 7 հոգու համար իրենց տալու է 1-սենյականոց բնակարան: «Չգիտեմ՝ ինչի՞ են էդպես վարվում: Մեր տակի հարևանները, որ 3 հոգով են ու նույն ձևի պայմաններն ունեն, ստանում են երկու սենյակ, մենք՝ մեկ սենյակ: 7 հոգով 20 քմ բնակարանում ո՞նց ենք ապրելու: Ես վատառողջ եմ, նևրոզ եմ տանում, սիրտս վատանում է, աղջիկս՝ 5,5 տարեկան է, աչքի շլություն ունի, պիտի բուժվի: Չեմ պատկերացնում՝ ո՞նց ենք ապրելու»,- ավելացրեց Արաքսյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter