HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դերենիկ Դումանյան. «Պետք է այնպես անենք, որ մարզերում և համայնքներում հրապուրիչ դարձնենք բժշկի մասնագիտությունը»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ` նոյեմբերի 29-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել էր Ալավերդի` հետևելու «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Հիշեցնենք, որ մասնաշենքի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2012թ. օգոստոսին: Այն իրականացնում է Վանաձորում գրանցված «Ուկրշին» շինարարական ՍՊԸ-ն, որը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդուն: Մասնաշենքի կապիտալ վերանորոգման իրականացման համար Համաշխարհային բանկը հատկացրել է 800 000 ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում է նաև մասնաշենքի բուժսարքավորումներով կահավորումը: Վերանորոգման աշխատանքների պատվիրատուն ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ն է: Մասնաշենքի արդեն վերանորոգված ծննդաբերական բաժանմունքում շրջայցի ժամանակ նախարարը պատասխանեց «Հետքի» հարցերին:

- Ինչպես եք գնահատում կատարված շինարարական աշխատանքների որակը:

- Այստեղ շինաշխատանքները հիմնականում ավարտվում են, մնացել են շենքի շրջակայքի բարեկարգման աշխատանքները: Կարծում եմ, որ երկու ամսից Ալավերդու և շրջակա համայնքների մայրերին հնարավորություն կտրվի  նման հարմարավետ պայմաններում բալիկներ պարգևել մեր ազգին: Կատարված վերանորոգման աշխատանքներն ինձ դուր են գալիս, շինարարը  մանրամասն է աշխատել, մեր աշխատակիցները ևս բավականին հետևել են, որ որակյալ աշխատանք լինի: Մինչև այժմ դիտածս աշխատանքները որակյալ են: Կահույքի և սարքավորումների գնումներն արդեն իրականացվել են:  Աշխատել ենք, որ սարքավորումները ևս լավագույնը լինեն: Մնում է, որ  բուժանձնակազմը կարողանա այս ամբողջը ծառայեցնել ազգաբնակչությանը:

- Բժշկական կենտրոնը երիտասարդ բժիշկների մեծ կարիք ունի: Բժիշկների միջին տարիքն այստեղ 60-ից բարձր է: Ինչպես եք տեսնում խնդրի լուծումը:  

- Տարիքով 60-ից բարձր բժիշկներն արդեն փորձված բժիշկներ են: Համաձայն եմ, որ նրանց կողքին պետք է արդեն երիտասարդ բժիշկներ լինեն: Բնականաբար, այդ խնդիրը բոլորիս է հուզում: Այստեղ մենք տարբեր ծրագրեր ենք ուզում իրականացնել: Մտածում ենք` ինչպես անել, որ մարզերում և համայնքներում հրապուրիչ դարձնենք բժշկի մասնագիտությունը: Դրանցից մեկը հիվանդանոցային և ամբուլատոր այսպիսի պայմանների ստեղծումն է: Երբ երիտասարդ բժիշկը գա այստեղ ծնունդ ընդունի, բնականաբար, իրեն ավելի լավ կզգա: Երկրորդը աշխատավարձի խնդիրն է: Եթե մենք  աjստեղ կարողանանք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ շատ ծնունդներ լինեն, բնականաբար, շատ գումար կլինի: Երրորդը բժիշկների կենցաղային խնդիրներն են: Մենք այս խնդիրը քննարկել ենք նաև կառավարությունում:   Քննարկմանը բոլոր մարզպետները բժիշկների ծառայողական բնակարանների խնդիրը բարձրացրին: Տեղում կարող է մեկ մասնագիտությամբ 4 մասնագետներ լինեն, որոնցից ամեն մեկը 0,5 դրույքով վարձատրվի: Մենք  պարտավոր ենք կառավարության հաշվին նրանց վերամասնագիտացնել: Եվ, վերջապես, եթե երիտասարդ նորավարտները ցանկանում են բժիշկ դառնալ, մենք նրանց հետ պետք է պայմանագիր ստորագրենք, որ ավարտելուց հետո  անպայման աշխատեն պայմանագրով նախատեսված վայրերում կամ  հատուցեն այն գումարները, որոնք պետությունը վճարել է իրենց ուսման համար:

- Մեր տարածաշրջանի քաղցկեղով ծանր և անհուսալի հիվանդները հոգեմետ դեղերը գնում են Նոյեմբերյանի կամ Վանաձորի դեղատներից: Հնարավոր չէ, արդյոք, այդ բոլոր հիվանդներին կենտրոնացված ձեւով ապահովել հոգեմետ և նարկոտիկ անվճար դեղորայքով, ինչպես սահմանում է օրենքը:  

- Ես ուրախ եմ, որ այն հարցը, որը մեզ շատ է հուզում, դուք եք բարձրացնում: Նարկոտիկների հարցը հեշտ է բոլորը մի տեղից սպասարկելը: Հոգեմետների հարցն է դժվար: Կարող է դեղատունը մեկը լինել, մի տեղից կենտրոնացված բաշխել, բայց քանի որ հոգեմետ դեղը յուրաքանչյուր բժիշկ կարող է դուրս գրել, այստեղ խնդիր են առաջացնում նրանց դեղատոմսային հարցերը: Չգիտեմ ինչու, բոլորը հենց լսում են հոգեմետ կամ նարկոտիկ դեղերի մասին, մտածում են, որ դրա հետևում թմրամոլ է կամ ինչ-որ մի հանցագործ: Չէ որ  նարկոտիկ ստացողն ինքն էլ է հիվանդ: Մենք նրան նակոտիկ տալիս ենք ոչ թե տրամադրությունը բարձրացնելու, այլ որպես հիվանդի: Դրանք տարբեր բաներ են: Նարկոտիկներ ստանում են բժշկական ցուցումներով շատ հիվանդներ: Դուք գիտեք, որ հատկապես չարորակ նորագոյացությունների 3-րդ և 4-րդ աստիճանների դեպք է լինում, երբ մենք պետք է հնարավորություն տանք հիվանդին առանց ցավերի տանել այդ վիճակը: Դրա համար սա շատ հրատապ խնդիր է և մեր աշխատանքային օրակարգում է: Այս վիճակը ոչ միայն Լոռու մարզում կա: Ունենք նաև Սյունիքում: Այսինքն` այն տեղերում, որտեղ բնակավայրերն իրարից  հեռու են: Տեսեք` բժշկական կենտրոնի տնօրենն ասում է, որ այստեղ նարկոտիկների հարցը լուծված է և հատուկ պայմաններ ունեն: Քննարկելու բան է, միգուցե այնպես անենք, որ հոգեմետ դեղերի սպասարկումն էլ դնենք նրա վրա: Մասնավոր դեղատնից հնարավոր չէ պահանջել, դրանք պահպանության հատուկ պահանջներ ունեն: Տարիներ  առաջ մի խումբ նարկոմաններ չհրկիզվող պահարանը գողանալու նպատակով դեղատունը կապել էին մի տրակտորի հետևից և քարշ տալով տարել: Այս բոլորը նկատի ունենալով` հոգեմետ դեղերի պահպանությունը հատուկ պայմաններ է պահանջվում: Մենք` որպես առողջապահության  կազմակերպիչներ, պետք է այդ հարցի լուծումը գտնենք ոչ մասնավոր սեկտորում: Կաշխատենք անպայման լուծումներ գտնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter