HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը)

սկիզբը  

20 հունիսի

Խանկալամովը և Ա. Հովհաննիսյանը Քարվանսարայից եկան: Դրությունը ավելի քան վատ է: Այսօր երեկոյան ժամը 4-ին Ապստամբները գրավեցին Իջևանը /Քարվանսարա/: Մեր զորքերը դիրք են բռնել 9 վերստի վրա դեպի Դիլիջան: Նրանք ռմբակոծել են Իջևանը և մի քանի ռումբ ընկել է փողոցում և վնաս չի պատճառել:
Մեր անհաջողության հիմնական պատճառը ցարական ապիկար գեներալ Խանկալամովն է, որ շարունակ ռազմական հաղորդագրություններով տեղեկացրել է գլխավոր շտաբին, որ այս ճակատում «անփոփոխ» է, և այս սուտ տեղեկությունները ասել է այն ժամանակ, երբ մենք 42 գյուղ ձեռքից տվել ենք: Հակառակորդը Դիլիջանից տասն և ութ վերստի վրա է: Երբ Հովհաննիսյանը ասել է, որ Դիլիջանը վտանգվում է, նա սառնությամբ պատասխանել է.«դատարկ բան է՝ մենք սրանց ետ կքշենք»: Ապիկար մարդ, քշելը կքշենք, բայց ինչու՞ դրությունը հասցնել մինչև այնտեղ, որ ազգաբնակչությունը ահաբեկվի:

Պառլամենտի անդամ և այստեղի դաշնակցության ընդհանուր լիազոր Արշակ Հովհաննիսյանը գիշերվա ժամը 10-ին ուղիղ հեռագրաթելով հաղորդեց վարչապետ Համո Օհանջանյանին, որ առանց ուշանալու զորամասերի հրամանատարությունը հանձնի Սեպուհին: Երեք ժամ հետո նախարարական խորհրդակցությունը որոշեց և հաղորդեց, որ Սեպուհը նշանակվում է Ղարաքիլիս-Դիլիջանի զորքերի հրամանատար:

Թեև շատ ուշացած է այս կարգադրությունը, բայց բոլորս էլ հույս ունենք, որ նախկին հեղափոխականի ռազմական հանճարն ու փորձառությունը դրությունը կփրկի:

Ես ու Ծաղիկյանը ժամը մեկին Սեպուհին գնացիք, երբ նա մեկտակ շապիկով և վարտիքով նստած էր մի փոքրիկ սենյակում, լսում էր Խանկալամովի թիկնապահի գործերի հանձնման զեկուցումը: Վեհ էր այդ րոպեին Սեպուհը, նրա առանց այն էլ մռայլ դեմքը ավելի ևս կնճռոտ էր, սառնասրտությամբ ծխում էր և շփում ճակատը, որ սովոր էր տանել այդպիսի հանկարծակի վայրկյանները: Նա մանրամասն հաշիվ պահանջեց զենքերի, ռազմանյութերի, պարենի և այլ պատերազմական անհրաժեշտ իրերի քանակի մասին. ապա հրամայեց հեռագրով անմիջապես խորքից կանչեն մեր շտաբի պետ և իմ ընկեր Գրիգոր Ամիրյանին և ավագ թիկնապահ Մուշեղ Թանատոսին, ...(բառն անընթեռնելի է, հավանաբար՝ ապա -Գ.Ռ.) հազար հոգու հաց պատրաստել տվեց և ամբողջ շրջանում զենքի տակ կանչեց 20-40 տարեկաններին: Փոխեց ճակատի մի քանի գնդացիրներ, հեռախոսով զորամասերի պետերին հայտնեց իր հրամանատարական պաշտոնի ստանձնելը և խրոխտ ձայնով հաղորդեց, որ եթե մի սպա կամ զիվոր իր բռնած դիրքից նահանջի, նա տեղն ու տեղը պիտի գնդակահարվի: Քաղաքում և կարևոր կետերում պահակներ կանգնեցնել տվեց և հրամայեց, որ ոչ մեկին թույլ չտան քաղաքից հեռանալու, ով էլ որ լինի: Կազմեց սպայական հարվածող մի գունդ, տալով նրանց հրացաններ և ձիեր: Այս բոլորը կատարվեցին մի ժամվա մեջ: Առավոտյան 5 ժամին նա Ծաղիկյանի հետ կառքով մեկնեց Ռազմաճակատ:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Դիլիջանի և Շամշադինի շրջանի գյուղացիական այս կրկնվող ապստամբությունները սևագույն էջ են կազմում:

Ցերեկվա ժամը 1-ն է հիմա. զինվորական իշխանությունը Սեպուհի ձեռքն անցնելուց հետո տասներկու ժամ է անցել, և այսքան կարճ միջոցում արդեն ճակատի դրությունը փոխվեց դեպի լավը: Մեր հետախույզները 15 վերստ դեն են անցել իրենց բռնած դիրքերից և հակառակորդին չեն հանդիպել. զորքը շարժվում է առաջ իրեն օգնության հասնող 600 թարմ ուժերով: Այժմ պարզվում է, որ Իջևանում կռիվների ժամանակ 110 գերի ենք տվել և բոլորովին զուր տեղը:

Գնդապետ Կարելկովին, ինչպես երևում է, պատասխանատվության են կանչելու դիրքերը ինքնակամ թողնելու համար:

Նոր Դիլիջանի (Սլաբոդիս) մոլոկանների գյուղը, որ քաղաքի տակն է, լսելով «բոլշևիկ» կոչված տականքների առաջխաղաղությունը, գիշերը ժողովներ է արել, երևի մեր թիկունքից մեզ խփելու: Նրանք ինչպես երևում է, դեռ չեն լսել, որ իշխանությունը Սեպուհի ձեռքն է անցել. թող չմոռանան, որ եթե մի փոքրիկ շարժում նկատվեց այդ կալվածատեր, արտոնավայել և դավաճան մոլոկանների կողմից, Սեպուհը առաջվա նրանցից առած երեք միլիոն փող և հարյուր գլուխ անասուն տուգանքը կեռապատկի ու նրանց ցույց կտա, թե ինչպես են համարձակվում հանրապետական Հայաստանի դեմ կռվելու:

Չի կարելի այստեղ չասել, որ մեր կառավարությունը շատ հանցավոր է կալվածատեր, մանր բուրժուա մոլոկան համայնքներից հողերը չխլելու համար: Նա այդ բանը վաղուց պիտի աներ, և այդ հողերը բաժաներ շրջակա հայ հողազուրկ գյուղացիությանը: Այդ բանը նոր էր մտածել և սկսել են գործադրել: Լավ է ուշ, քան երբեք, ասում է առածը:

Այս գիշեր Ճակատագրական գիշեր էր մեր համար. է’լ կառավարական ժողովներ, էլ գաղտնի խորհրդակցություններ չմնաց, որ չանեինք: Լավ էր, որ կառավարությունը համաձայնվեց զիջել իշխանությունը Սեպուհին, թե չէ որոշված բան էր, որ պիտի ձերբակալեինք գեներալ Խանկալամովին և կուսակցական դիկտատուրա կամ Հայրենիքի փրկության կոմիտե պիտի կազմեինք Սեպուհի ղեկավարությամբ ու սկսեինք գործել:

Այս գիշեր բոլորովին անքուն էինք և ոտքի վրա: Ես հոգեպես գոհ եմ, որովհետև ամբողջապես կտրված եմ կոչեր, ազդեր և հրահանգներ գրելով: Թեև անքնությունից կոպերս արդեն ծանրացել են, բայց չեմ ուզում օրագրիս այսօրվա գործը թողնել մյուս օրվա: Այս րոպեիս իմ ընկեր Հովհաննիսյանը և Ծաղիկյանը անուշ քնանում են, բայց ես նստած գիր եմ գրում: Իմ մահճակալը պարապ ձգված իրոք դժգոհում է, որ իրեն աննորմալ դրության մեջ եմ դրել:

Ընկերներս, որոնց հետ ապրում եմ միևնույն սենյակում, ազնիվ երիտասարդներ են, ես կրտսեր եմ, բայց ինձ հարգում եվ սիրում են, ինչպես ես նրանց: Րոպե չի անցնում, որ չվիճենք, չխոսենք մեր ժողովրդի և մեր անկախության մասին, մեր ազատության շուրջը: Քիչ բաներում մեր կարծիքները տարբերվում են իրարից: Մենք խոր դառնություն ենք զգում, երբ գալիս ենք այն եզրակացության, որ ժամանակներս ուղղակի մտրակով ենք ուզում մեր ժողովրդին փաթաթել ազատության և անկախության գաղափարը: Մեր ժողովուրդը այնքան է սովորել այս կամ այն ցեցի, ցեղի կամ հզոր ժողովրդի ստրկական լծին, որ մենք նրան մտրակով ենք լծից հեռացնում, իսկ նա առանց մտրակի և բռնի ուժի, իր իսկ սեփական ձեռքով վերցնում է այդ ծանր լուծը, վիզը ուրախությամբ պարզում է նրա տակ: Դառն է այս իրողությունը, բայց ճշմարիտ է: Ճակատի դրությունը առայժմ լավ է և զորքի ու ժողովրդի ոգին բարձր, իմը՝ նույնպես, մանավանդ, որ մինչև այժմ կատարված դեպքերը թղթի քաշեցի:

Ես էլ վեր կենամ մի քիչ հանգստանամ, բայց տեսնենք ժամը քանի՞սն է. իրիկվան հինգն է: Օրագիրս չեմ փակի, որովհետև այսօր անպատճառ էլի գրելու բան կունենամ, թանաքս էլ վերջանում է, իսկ Հայաստանում թուղթ ու թանաք ճարելը հիմա նույնքան դժվար է, ինչպես հաց և հագուստ, որի համար նույնքան նեղանում ենք:

Դառնությամբ եմ շարունակում այսօրվա օրագրությունը. «բոլշևիկ» կոչված տականքները ասում են, սոցիալիստական հեղափոխություն են կատարում: Նրանց հավատալու համար կամ պետք է չափազանց միամիտ լինել, կամ անծանոթ Մարքսիստական վարդապետության: Նրանք գրգռում են գյուղացիությանը Հայաստանի Հանրապետության դեմ պատճառաբանելով, որ այդ կառավարությունը հակահեղափոխական է և օրենքից դուրս, ահա որն է նրանց տրամաբանությունը, որը շատ մոտ է հգինգոտների լոգիկային: Ու՞մ հայտնի չէ, թե բոլշևիկները Ռուսաստանում ինչքան սոցիալ-դեմոկրատներ և ձախ ու աջ սոցիալ-հեղափոխականներ կախեցին կամ գնդակահարեցին, որպես հակահեղափոխականներ:

Տաճկահայ կոտորված, ջարդված մնացորդները 1918թ. ահաբեկված թուրք-թաթարական հրից ու սրից ապաստանեցին Դիլիջան և հիմա էլ, որպես հողազուրկներ ապրում էին այս շրջանում ամերիկյան օգնությամբ: Դրանք, որ հարավի բարբարոս միապետական թուրքիայից էին ահաբեկված՝ երկու տարի, ինչ այդ մղձավանջը վերացել է և նրանք լավ թե վատ մի կերպ ապրում էին: Այժմ գալիս է, և այս երկրորդ անգամն է, հյուսիսի ավելի քան բարբարոս սոցիալիստական Ռուսաստանը, ահ ու սարսափի մատնած ամբողջ ազգաբնակչությանը, և տաճկահայը, նորից, քարավան կազմած անոթի, ծարավ, իր տունը կորցրած, բոբիկ ու մերկ, երեխաները ետև ձգած գալիս է նա հարյուրավոր վերստեր կտրելով: Այս առողջ բնազդով ժողովուրդը, որ սոցիալիզմից այնքան է հասկանում, որքան ես թզուկների լեզուն՝ փախչում է նրանց կարգերից, նրանց իշխանությունից: Նա իրավունք ունի փախչելու ասիական բռնակալությունից և ասիավարի սոցիալիզմից, որովհետև նրանք միևնույն բաներն են:

Ադրբեջանը Սոցիալիստական է, սովետական. և հայ ժողովրդի կառավարությունը, որ նրա կամքի ճշմարիտ արտահայտությունն է, միապետական, հակահեղափոխական: Օ~ , կյանքի որպիսի ծաղր:

21 հունիսի

Մեր ուժերի համախմբումները դեռ չեն վերջացել, իսկ խռովարարների բանդաները առաջ չեն գալիս, որովհետև գիտեն, որ իրենց համար գերեզման է փորվում: Արդեն ճակատում այնքան ուժեր ունենք, որոնք կարող են եղած դրությունը պահել մինչև մեր նոր ուժերի առաքումը:

Հրամանատարի անունով հեռագիր ստացվեց հայկական բանակի ընդհանուր հրամանատար Նազարբեկյանի ստորագրությամբ, ուր ասված է, թե խռովարարներին ճնշելիս ազգաբնակչությանը պետք է վերաբերվել մարդասիրաբար, ի նկատի ունենալով նրանց պարենավորման ճգնաժամային դրությունը, Նազարբեկյանը առաջարկում է միմիայն պարագլուխներին խիստ կերպով պատժել: Մի ուրիշ հեռագրում հաղորդվում է նույն աղբյուրից. Զանգիբասարի մեր գործողությունները փայլուն կերպով վերջացան: Ընդհանուր շտաբի պետ Վեքիլովը գալիս է այստեղ: Զինվորականները գտնում են, որ նա շատ լավ ռազմագետ է, այդ պատճառով նրա ներկայությունը անհրաժեշտ է: Զանգիբասարի կռիվներին մասնակցող մի քանի վաշտեր, բեռնակիր ավտոմոբիլներով և գնացքով, արդեն ճամփա են ընկել դեպի Դիլիջան: Մյուս բոլոր ճակատներում կռիվներ չկան: Ինչպես այս հեռագրից երևում է, մեր կառավարության ամբողջ ուշք ու միտքը կենտրոնացված է այս ճակատի վրա: Երեկ և այսօր ես առաջին անգամ զինվորականի հաճույքը ստացա դեսուդեն վազվզելով հրահանգներ, ազդեր և կոչեր գրելով և այս ու այնկողմ ուղարկելով: Ինձ առանձնապես հաճույք է պատճառում այն, երբ հրամանատարը ուղիղ հեռագրաթելով խոսում է զորական նախարարի կամ վարչապետի հետ հաղորդելով միշտ կարևոր բան և պատասխան ստանալով: Ես խուճապներ, նահանջներ շատ եմ տեսել, բայց չի պատահել մի դեպք, որ մի կռիվ տեսնեմ կամ գործուն մասնակցություն ցույց տամ: Իմ կարծիքով սոսկական զինվոր լինել ամենից բարձր է:: 
Հրամանատարին մի քանի անգամ խնդրել եմ, որ ինձ ուղարկի առաջավոր դիրքերը, բայց նա միշտ խուսափողական պատասխան է տալիս, որը ինձ ավելի է մղում դեպի ճակատը:

Արդեն մի ձի ստացա, մի սիրուն սևաթույր ձի, որը, Ծաղիկյանի կարծիքով, շատ լավ նժույգ կդառնա: Երեք տարեկան է, բարակ մեջք ունի, ամուր ոտքեր:

Պատերազմական ավար է, դեռ վարժ չէ, ինչպես երևում է՝ տերը շատ ձիեր է ունեցել, որ մինչև հիմա սրան չի նստել: Ամենայն հավանականությամբ ես մտնելու եմ Ծաղիկյանի ձիավոր հարյուրակի մեջ:

Պառլամենտի անդամ Խոսրով Պապոյանը հենց հիմա եկավ Շամշադինից և, օ, զարմանք, պատմեց, որ այնտեղ մեր այս ճակատի անհաջողությունների մասին բացարձակապես ոչինչ չգիտեն: Այնտեղ մերոնք նորանոր գյուղեր են գրավում, և գյուղացիները գալիս զինաթափվում են:

Էլ չեմ կարող գրել, որովհետև հոգնած եմ թե մտավորապես և թե ֆիզիկապես;

22 հունիսի

Չնայած, որ երեկ առավոտվանից ազդերով հայտարարված է, որ քաղաքը զինվորական դրության մեջ է, և երեկոյան ժամը 9-ից հետո ոչ ոք իրավունք չունի փողոց դուրս գալ, բայց երեկոյան ժողովուրդը ըստ իր սովորականի զբոսնում է փողոցներում:

Դիլիջանի և Շամշադինի ամբողջ գավառի Հ.Հ.Դաշնակցության լիազոր և պառլամենտի անդամ Արշակ Հովհաննիսյանը, տեսնելով այդ զանցառությունը, դուրս եկավ և, կանգնելով մեր սենյակի պատշգամբում, իր ահռելի ձայնով բղավեց, որ տները գնան, միևնույն ժամանակ, կանչելով միլիցապետին, հայտնեց նրան, որ չհնազանդվողներին ձերբակալել և բանտարկել:

Այսօր առավոտյան ժամը 9-ին գնդապետ Իշխանյանի զորամասը առանց կռվի մտել է Իջևան: Այդ մասին պաշտոնական տեղեկություն չստացվեց մինչև երեկոյան 8 և կեսը. ամբողջ 12 ժամ, ուրեմն կանոնավոր կապ և հաղորդակցություն չկարողացանք հաստատել Իջևանի հետ: Չնայած, որ այնտեղից եկող ականատեսները պատմում և հաստատում էին այդ լուրը, բայց Սեպուհի շտաբից ոչ մի լուր, տեղեկություն չարվեց Սպարապետ գեներալ Նազարբեկյանին:

Իջևանի ուժերի գնդապետ Իշխանյանի սուրհանդակը եկավ երեկոյան ուղիղ ութ և կեսին և բերեց մի քանի հաղորդագրություններ գրված քիմիական և հասարակ մատիտներով: Այդ տեղեկությունների մեջ ասված էր, որ մեր ուժերը առանց կռվի մտել են Իջևան: Խռովարարները թալանել ու տակնուվրա են արել քաղաքը, բռնաբարել մի քանի կանանց և իրենց հետ տարել են հարյուր պատանդ՝ կառավարության հավատարիմներից, որոնցից 4-ին տեղնուտեղը գնդակահարել են, որոնց թվում և գնդապետ Խաչատրյան: Խլել տարել են ահագին քանակությամբ եղջրավոր անասուններ, որոնք հետ են խլվել մեր հետապնդող զորամասերի կողմից: Անասունների մասին Իշխանյանը կարգադրություններ էր խնդրում: Սեպուհի կարգադրությամբ և պառլամենտի անդամ Ներսես Ավագյանի նախագահությամբ իսկույն մի հանձնաժողով մեկնեց Իջևան պատերազմական ավարը նույնությամբ ցուցակագրելու: Ռազմական նշանակություն ունեցող գույքերից և ձիերից բացի մնացյալ ավարը նույնությամբ հետագայում վերադարձվելու է իրենց տերերին:
Ութերորդ գնդի գումարտակապետ Մուրատը հայտնի չէ, թե ուր է, մինչև վերջին պահը նա չի վերադարձել:

Դեմչենկոյի զորամասից տեղեկություն չի ստացվել:

Խռովարարները խուճապի մատնված գլխավորապես փախչում են Շամշադինի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հունիսի 20-ի դրությունը, որը ճգնաժամային էր, անցած է: Մեր օգնական ուժերը բեռնակիր ավտոմոբիլներով տեղ հասան և նրանք ուրախ են, վճռական, որովհետև գալիս են Զանգիբասարի փայլուն հաղթական կռիվներից:

23 հունիսի

Այսօր առավոտյան հրամանատար Սեպուհը, Հայաստանի Բանակի շտաբի պետ Վեքիլովի և իր խորհրդակից ու հավատարիմ թիկնապահ-ընկերոջ Ծաղիկյանի հետ վայաշարժով մեկնեց Իջևանի ռազմաճակատը: Այստեղի շտաբի գործերը վարում է շտաբի պետ կապիտան Պալյանը: Գնդապետ Հակոբյանի կալոնան, որին խնդիր է դրված գրավել Արմուտչի գյուղը, հաջող է անցել: Սա Երևանի այն պահակախումբն է, որ մասնակցել է Զանգիբասարի կռիվներին և որը եկել էր բեռնակիր ավտոմոբիլներով: Գեն. Մամիկոնյանի զորամասի այն խնդիրը՝ առավոտյան ժամը 9-ին անցնել Քարվանսարայի թիկունքը, թշնամու նահանջի ճանապարհը կտրելու, անցել է անհաջող: Այսօրվա տեղեկություններով հաստատվում է, որ 8-րդ գնդի գումարտակի կապիտան Մուրատը սպանվել է՝ հերոսաբար կռվելուց հետո:

Իջևանից Սեպուհը հայտնեց, որ ինքը ուզում է այստեղից անցնել Ֆիոլքենդ, ուր հիմա կանգնել է Բեկ Մամիկոնյանի նահանջող զորամասը:

24 հունիսի

Այս շրջանի մեր անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն էլ հացի ճգնաժամն է: Սեպուհը Իջևանից Արշակ Հովհաննիսյանին խնդրում է., որ նա հրամանատարի ու իր անունից դիմումն անի վարչապետին՝ անմիջապես ալյուր ուղարկելու: Ժողովուրդը գալարվում է սովի ճիրաններում, մարդիկ ուժասպառ չեն կարող գործի գնալ: Եթե այդ կարգադրությունը անհապաղ չկատարվի, ասում է Սեպուհը, ստիպված կլինենք այս շրջանը թողնել:

Այս գիշեր Իգդիրից եկան 4-րդ բրիգադայի շտաբի պետ և իմ մտերիմ ընկեր Գրիգոր Ամիրյանը և Սեպուհի թիկնապահ Մուշեղ Թանատոսը: Նրանք Իգդիրի կողմից մասնակցել են Զանգիբասարի գործողություններին, որ շատ հաջող է անցել:
Չմոռանամ հիշել, որ Բեկ Մամիկոնյանը Շամշադինից նահանջելիս հակառակորդի ձեռքն է թողել հին սիստեմի երկու թնդանոթ, որոնց բանալիները հանված են եղել: Սակայն հույս կա, որ դրանք ետ կգրավենք, որովհետև մեր առաջխաղացությունը շատ արագ է կատարվում:

Վերջնականապես պարզվել է, որ Դիլիջանի և Շամշադինի շրջանի ապստամբությունները կազմակերպել և ղեկավարել են ինչ-որ Բերբերյան-Քալանթարյան, փոխ գնդապետ Մնացականյան, որը պաշտոնավարում էր առաջին զինվորական միլիցիական գնդում՝ Շամշադինի շրջանում և մի ոմն Ազիզյան: Նահանջելիս նրանք ահաբեկման տակ տեղական բնակչությանը տեղահան են անում՝ քշելով նրանց Ադրբեջան: Այս խռովությունների ժամանակ վերոհիշյալները ամեն ջանք գործ են դրել, որ Ադրբեջանի Կարմիր բանակը մասնակից լինի ապստամբությանը՝ ակտիվ գործողություններ սկսելով Հայաստանի հանրապետության դեմ, բայց Ռևկոմի չափավոր անդամները դեմ են եղել դրան: Ռազմաճակատների անվտանգության հետևանքով, այսօրվանից վերացվեցին Դիլիջանից դեպի Ղարաքիլիսա(այժմ՝ Վանաձոր - Գ.Ռ.) և Երևան տանող կամուրջների պահակները: Երթևեկությունը ազատ է, կյանքը մտավ իր նորմալ հունը, քաղաքում անդորր է տիրում: Կամաց-կամաց Հայաստանի զանազան քաղաքներից և Վրաստանից խումբ-խոմբ գալիս են ամառանոցավորները: Համեմատաբար, նրանց թիվն այս տարի շատ քիչ է, որովհետև հացի ճգնաժամ է այստեղ:

Թերթերն ասում են, որ Վիլսոնն ընդունել է Հայաստանի սահմաններ գծելու իրավարարությունը, որը մեծ ուրախություն պատճառեց քաղաքականությամբ հետաքրքրվողներին: Հայաստանի անունով Ամերիկայից ստացվել է էլի 250000 փութ ալյուր, որը մեզ մի կերպ կարող է գցել մինչև հունձը: Մեր հացի տագնապը շատ-շատ մի ամիս էլ տևի, որից հետո այդ սպառնալիքից կազատվենք, որովհետև այս տարի բերքը հրաշալի է:

Կապիտան Պալյանը այսօր Նազարբեկյանից մի գաղտնի հեռագիր բերեց, որը ես անձամբ ստացա: Այնտեղ ասված է, որ փամփուշտը խնայողաբար պետք է օգտագործել, որովհետև ամբողջ Հայաստանի գլխավոր ռազմամթերանոցում մնացել է ընդամենը հարյուր հազար փամփուշտ: պարզվում է, որ Զանգիբասարի վեց ժամվա կռիվներում մեր զորքը վառել է 250000 փամփուշտ: Մեր սրիկա կամավորները, որոնք միայն թալանի և բռնաբարության համար են գալիս ռազմաբեմ, չափից դուրս շռայլ են և անհասկացող: Քանի-քանի անգամ նրանց ասված է, որ փամփուշտը խնայողաբար գործ ածեն և միմիայն նպատակին, բայց ու՞մ ես ասում: Իմ կարծիքով դրանք բացի վնասից Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերում: Բայց ինչ արած, զորք բավականաչափ չունենալու պատճառով, ստիպված ենք առայժմ նրանց օգնության կանչել: Անաչառությամբ պետք է խոստովանել, որ նրանք մեր ամենավտանգավոր պահին իսկույն դուրս են գալիս մեր սահմանները պաշտպանելու, անպայման զգալի կերպով թեթևացնում են մեր ծանր դրությունը, բայց դրա հետ միասին այնքան անկարգություն, թալան և բռնաբարություններ են անում, որ եթե նրանց շահն ու օգուտը կշռելու լինենք տակը միայն տխուր հիշողություններ են մնում: Սակայն զինվորականները, որոնք առհասարակ անգութ են և միայն մի նպատակ ունեն, հաղթել թշնամուն, մի կերպ հաշտվում են այդ բոլորի հետ, «պատերազմ է , այդպես կլինի» ասելով:

Ախ, ե՞րբ կգա մի օր, որ մենք ռազմական բոլոր գործիքները, որպես երջանիկ հասարակարգի քաղաքացիներ, տեսնել ուզենանք, բայց չկարողանանք գտնել:
Սա գուցե երազ թվա ժամանակակից մարդու համար, ես այդ օրվան վաղ թե ուշ սպասում եմ, որ նա կգա: Արդեն բավական գրեցի և կարծում եմ, որոնցից հետո էլ թարմ լուրեր չեն կարող գալ, որովհետև ուշ գիշեր է և, եթե գալու լինեն, կարձանագրեմ վաղվա օրագրում:

25 հունիսի

Ստիպված եմ մատիտով գրելու, որովհետև թանաք չկա. շտաբում չի ճարվում: Ցարդ թանաքով գրելը երջանիկ բացառություն էր: Խեղճ Հայաստան, ի՞նչ ունես, որ թուղթ ու մելան ունենաս: Այս օրերը, երբ մենք կռվում, կոփում ենք հայ ժողովրդի ճակատագիրը բացառիկ են: Ոչ մի նպաստավոր հանգամանք չկա, որ ... (չի ընթերցվում հավանաբար՝ «ավարտվի այս» -Գ.Ռ.) մեր հերոսամարտը:

Մեր մյուս ռազմաճակատներից հաղորդագրություններ չկան, և զարմանալի է: Միայն երեկ ստացանք Ղարսի զորամասերի հրամանատար Հովսեփյանի հաղորդագրությունը Օլթիի մի առաջխաղացման մասին: Թշնամին պատկառելի ուժեր է կենտրոնացրել այդ ճակատի վրա` նախահարձակ լինելու: Ունեցել է հեռախոսներ, գնդացիրներ, թնդանոթներ և պատերազմական վերջին ոճով շինված արվեստական դիրքեր ի լրացումն բնական դիրքերի: Մերոնք վաղուց պատրաստվում էին առաջ խաղալու Օլթիի վրա՝ գրավելու նրա ածխահանքերը, որոնք ներկայումս հացի չափ անհրաժեշտություն են ներկայացնում Հայաստանին: Ինչպես երևում է, թշնամին հոտ էր առել այդ մասին, դրա համար ուզեց կանխել մեզ. թշնամու Կարա-Բեքիրի զորքերը հունիսի 18-ին հարձակման են դիմում: Մեր զորքերը անմիջապես դրվում են զորաշարժման մեջ և երեք ուղղությամբ սկսում են հարվածել թշնամուն: Աջ զորասյունը նույն օրը երեկոյան դեմ բռնում է ճանապարհ բաց անող դիրքերը: Դորտ-Քիլիսում միջին զորասյունը բռնում է նույնպիսի դիրքեր Մերտենեկի մոտ, իսկ ձախակողմյան զորասյունը՝ Բեկկելի դիրքերում: Հետևյալ օրը, հունիսի 19-ին, առավոտյան հիշյալ զորամասերը անցնում են հարձակման: Աջակողմյան զորասյունը կեսօրին կռվով գրավում է Փանշուրեթի լեռնանցքը և Դորտ-Քիլիսից հարավ ընկնող Կուլու սարի մոտ հանդիպում է դիմադրության՝ 5 ժամ տևող համառ կռվից հետո գրավում է Ազունդիր կոչված յայլաղը, և նույն գյուղի մոտ գտնվող լեռը: Սույն զորամասի դեմ գործելիս են եղել ընդամենը 100 մարտիկներ 1000 տաճիկների ղեկավարությամբ:

Թշնամին ունեցել է 1909թ. տիպի երկու թնդանոթ և 4 «Մաքսիմ» գնդացիր: Տաճիկները կանոնավոր կազմակերպված են եղել: Յուրաքանչյուր ասկյար ունեցել է ուսից փաթեթ և իրերի պայուսակ: Բացի այդ, թշնամին հնարավորություն է ունեցել օգտվելու անտառածածկ մասերում եղած պատրաստի դիրքերից, իսկ մեր զորքերը կռվել են բաց տարածության վրա:

Երրորդ զորասյունը Բերաջլի գյուղի շրջանում հանդիպելով հակառակորդի ուժեղ դիմադրությանը, գրավում է այն և ահագին ավար վերցնում: Հունիսի 20-ի կռիվները վճռական բնույթ են ստանում, որից հետո թշնամին գլխովին ջարդվում է, և մեր երեք զորասյուները նույն ամսի 21-ին միանում են իրար ածխահանքերի արևմտյան մասում: Նահանջի ճամփին թողնում է ահագին վիրավորներ և սպանվածներ, իսկ մենք ունենում ենք 5 սպանված և 22 վիրավոր: Ջարդված թշնամու նահանջն այնքան արագ և խուճապային է եղել, որ մեր ձեռքն է ընկել երկու արագաձիգ լեռնային թնդանոթ, 4 «Մաքսիմ» գնդացիր և 100000 երեք գծանի փամփուշտ, մոտ 300 լեռնային թնդանոթի հրանոթ (հավանաբար արկ, ռումբ - Գ.Ռ.), բազմաթիվ լեռնառումբ, փռներ և համբարակային պահեստ, ուր կենտրոնացած է մոտ 1200փ հացահատիկ, 50փ պաքսիմաթ, 50-ական փութ թխած հաց և շաքար, իսկ ռազմադաշտի ողջ տարածության վրա ձգված են եղել բազմաթիվ անասուններ: Բռնվել են սայլեր ամբողջ փախչողներով, որոնց առաջարկված է հանձնել զենքերը և վերադառնալ իրենց տեղերը:

Մեր լավագույն ռազմագետներն անգամ հաստատում են, որ մեր կանոնավոր զորամասերը առաջին անգամ են հանդիպում այսպիսի կանոնավոր տաճկական բանակի, որը պատրաստված է եղել պատերազմական արվեստի վերջին ոճով, բայց և ջարդվել է: Սա մի փառավոր ապացույց է, որ մի քիչ, եթե շունչ քաշել տան մեր արտաքին և ներքին թշնամիները, մենք բոլորի հետ մեր հաշիվները կամաց-կամաց կմաքրենք և կգրավենք մեր մայր երկիրը, առանց խնդրելու, որ արտաքին ուժերը մեզ օգնեն և հետագայում փորձանք դառնան մեր գլխին: Սակայն, դա դեռ սկիզբն է փրկաց. Հայ ժողովուրդը դեռ շատ բան ունի ասելու մեր ֆիզիկական գոյության ոչնչացնել ցանկացող մեր թշնամիներին և մեզ բլորովին թույլ կարծող լիրբ Եվրոպային, որի չարչիական հաշիվների պատճառով այսքան արյուն ենք թափում:
Հիմա մենք ճիշտ ենք ըմբռնում իրերի դրությունը, իսկական դրությունը: Ոչ-ոքի չապավինել, այլ մեր հույսը դնել մեզ վրա և անել այն, ինչ Վերսալն ու Սան-Ռեմոն որպես թե ցանկանում են, բայց չեն անում:

26 հունիսի

Մինչև մեր քաջարի Բանակը նորանոր հաղթանակներ է տանում Սուլթանական Տաճկաստանի դեմ և քայլ առ քայլ մոտենում է դարերով երազած իր գաղափարին-տեսնել հայ արյունլվա խեղճ ժողովուրդը ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ, այնտեղ տխրահռչակ Ղազախ-Շամշադինում իր ավելի քան տխրահռչակ զավակներով դուրս եկած կռվի դաշտ, դաշույնով հարվածում է մեր թիկունքը, «կոմունիստական» շարժում առաջ բերելու համար, չգիտեմ սա բախտի խա՞ղ է, թե ստրկությունից նոր ազատագրված մի խեղճ ժողովրդի խելակորույս ուրախություն, որի մեկ ծայրը անսահման ուրախությունն է, իսկ մյուսը՝ կամովի ստրկությունը: Երեկվա տիրացու «վարժապետներն» ու գող ավազակ ծույլերը միացած իրար դուրս են եկել «սոցիալիստական» հեղափոխություն են քարոզում, և ժողովուրդն էլ գնում է նրանց ետևից:

Խավարի ու տգիտության մեջ խարխափողն անգամ կարող է հասկանալ, որ իր ցեղականնեիր արյունով ներկված Ազատությունն ու Անկախությունը երբեք կամովին չի կարելի տանել և ուրիշին տալ՝ ասելով. «Ես Ազատություն և Անկախություն չեմ ուզում, ետ առեք այն և տվեք նրան, ում որ հարկավոր է: Ռուսաստանի և Տաճկաստանի ստրկության լուծն եմ ուզում»:

Բայց լավ իմացիր հայ ժողովուրդ, քեզ ծեծելով պետք է ընտելացնենք ազատությանը, քո վիզը սյուների պիտի կապենք, որպեսզի դու հնարավորություն չունենաս նրան մեկնելու Ռուսաստանի լծի տակ:

Վրդովված եմ չափազանց, որովհետև հայի պատմական երկպառակությունն ու դավաճանությունը դարձյալ գլուխ են բարձրացրել մեզ կործանելու: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը կոմունիստական կարգերին հասնելուց հետո, նրանից ևս կհիասթափվի, նրա դեմ ևս կսկսի կռվել: Հայը միշտ նորը որոնող է և նրան հասնելուց հետո խիստ հիասթափվող: Նա ռոմանտիկ է և ոչ ռեալիստ, սուտ է, որ ասում են, թե հայ ժողովուրդը գերազանցապես մի մատերիալիստ է: Նա կյանքում միշտ առաջնորդվում է զգացմունքներով և ոչ թե խելքով և տրամաբանությամբ: Խոր վրդովմունքը մի կողմից, սովածությունը մյուս կողմից տրամադրությունս բոլորովին փչացրել են, այսօր էլ ոչինչ չպիտի գրեմ, գնամ տեսնեմ, թե ինչու պարեն չեն ուղարկել: Այս րոպեին այնպես քաղցած եմ, որ ձեռքս ընկնողին իր սև օրին կհասցնեմ:

(շարունակություն)

Մեկնաբանություններ (1)

JOHN
«Մենք խոր դառնություն ենք զգում, երբ գալիս ենք այն եզրակացության, որ ժամանակներս ուղղակի մտրակով ենք ուզում մեր ժողովրդին փաթաթել ազատության և անկախության գաղափարը: Մեր ժողովուրդը այնքան է սովորել այս կամ այն ցեցի, ցեղի կամ հզոր ժողովրդի ստրկական լծին, որ մենք նրան մտրակով ենք լծից հեռացնում, իսկ նա առանց մտրակի և բռնի ուժի, իր իսկ սեփական ձեռքով վերցնում է այդ ծանր լուծը, վիզը ուրախությամբ պարզում է նրա տակ: »ՍՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԷԼ ԻՆ՞Չ ԱՍԵՍ...ՀԱՆՃԱՐԵՂ Է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter