HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տերը եկել է, պետք է ծառայել»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-Պուտինի՝ Հայաստան կատարած այցը որոշ պատմաբաններ խորհրդանշական են համարում՝ մեջբերելով 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, Դրո-Լեգրանի համաձայնագիրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Պուտինի այցը:

-Այդ դեպքերի, այդ ժամանակահատվածի հետ կապված ամբողջ սիմվոլիկան մտածված էր: Պետք է ֆիքսենք ամենաէական հանգամանքը, որ նա անմիջապես եկավ Գյումրի, այնտեղ տեղակայված ռուսական ռազմաբազա, այլ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք: Սա Պուտինի կողմից մեսիջ էր Հայաստանին, միգուցե այլ երկներին նույնպես: Ընդ որում՝ այցը նախատեսված էր վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, այսինքն՝ այցն անմիջապես կապվեց նրա՝ հետվիլնյուսյան քաղաքականության հետ: Ռուսաստանը շատ ակտիվ է և, թերևս, ցույց է տալիս, որ այդպես ակտիվ շարունակելու է իր գործունեությունը պոստսովետական տարածաշրջանում: Իսկ այն, թե հիմա կոնկրետ ինչ են պլանավորում, ինչ է նշանակում այդ Մաքսային միությունը՝ գեոստրատեգիկ պրոյե՞կտ է, թե՞ տնտեսական դրվագներ կարող է պարունակել իր մեջ, դժվար է ասել: Ի սկզբանե հակված եմ գնահատել դա որպես Պուտինի կողմից ռեալ պոլիտիկա, որը շարունակում է և բավական կոշտ ձևով պաշտպանում իր դիրքորոշումը:

-Այսինքն՝ Պուտինի կողմից Հայաստանին զգաստացնելո՞ւ փորձ էր:

-Հայաստանում ի՞նչ զգաստացնել, ուղղակի Հայաստանի տարածքում նա բոլորին է ցույց տալիս, թե ինչով է զբաղված: Այստեղից նա սկսելու է իր բոլոր դեմարշները: Եթե կարողանա, վաղը Ուկրաինայում կգնա, ցույց կտա, մյուս օրը՝ Ադրբեջանում, ամեն տեղ: Իր համար, թերևս, Հայաստանն ամենաճիշտ տեղն էր, որպեսզի ցույց տա, թե իրենք ինչպես են աշխատելու, և չի կարելի ասել, թե դա վերաբերում է միայն Հայաստանին: Ոչ, դա շատ ավելի ռեալ, լայն մեսիջներ ունի բոլորի համար՝ նույն Թուրքիայի համար, գուցե Իրանի համար: Այստեղ էլ լրջագույն պրոցեսներ կան: Այս այցը չի կարելի կապել միայն Արևելյան գործընկերության պրոյեկտների, այս դեպքերի հետ: Աշխարհում, իմ կարծիքով, շատ ավելի կարևորագույն պրոցեսներ են ընթանում՝ Միացյալ Նահանգներ, Սիրիա, Իրան: Զուգահեռ շատ ավելի էական բաներ են կատարվում, չնայած մենք քիչ ենք խոսում դրանց մասին, քանի որ սևեռված էինք Վիլնյուսի վրա, բայց իրականության մեջ աշխարհի ապագան լուծվում է հենց այս գծով:

-Այսօր Պուտինի այցին ընդառաջ քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալեցին, գյումրեցիների ասելով՝ Գյումրիում այսօր արգելվել է հուղարկավորության արարողությունը: Ինչի՞ց են վախենում իշխանությունները:

-Չեն վախենում, հաճոյանալու ձևեր են, ուզում են տպավորություն ստեղծել, որ հակառուսական ինչ-որ ճնշումներ են եղել հակառուսական տրամադրություն ունեցող ակտիվիստների վրա, որպեսզի ֆիքսեն, թե աշխատում են, տեսեք, ոստիկաններ ենք հանել:

-Ի՞նչ կփոխի Պուտինի այցը մեր երկրի կյանքում:

-Միակ լավ բանն այն է, որ, Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրն ի վերջո ակտուալ կդառնա այս երկրում: Մեր երկրում երբևէ չի եղել լուրջ դիսկուսիա. ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերություններ, ի՞նչ տրամաբանություն կա այդտեղ, ի՞նչ է նշանակում անվտանգությունը հայ-ռուսական հարաբերություններում, այդ ստրատեգիական դաշինքը, երբ, ասենք, քո ստրատեգիական պարտնյորը զենք է վաճառում քո թշնամուն և ասում, որ դա բիզնես է: Այս հարցերը ե՞րբ պիտի քննարկենք Հայաստանում: Հիմա է ժամանակը քննարկելու այդ հարցերը, որովհետև հետո մենք կարող ենք այնքան կորցնել, որ չկարողանանք վերականգնել դրանք: Այդ ինչո՞ւ է, որ Ադրբեջանը հանգիստ աչքով նայում է և թքած ունի բիզնեսի, ռուսական պրոյեկտների վրա: Ինչո՞ւ, որովհետև իրենք փորձում են մի քիչ հեռու մնալ այդ ամեն ինչից, ուղղակի իրենք էլ պիտի հազար անգամ մտածեն՝ արժե՞ Ռուսաստանից զենք վերցնել: Դրանք շատ վտանգավոր քայլեր են ոչ միայն մեզ համար, վաղը իրենք էլ կտեսնեն: Մեր խնդիրը, սակայն, ավելի մեծ է: Մենք երբևե որևէ ռեֆլեքսիայի չենք ենթարկել այս հարաբերությունները, մանավանդ անվտանգության ոլորտում:

-Պուտինի՝ որպես նախագահ, առաջին այցը Հայաստան 2001 թ.-ի ն էր : Այդ ժամանակ կնքվեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, և 5 ռազմավարական ձեռնարկություններ հանձնվեցին Ռուսաստանին: Այս անգամ շոշափելի իմաստով ի՞նչ կկորցնենք:

-Մենք կորցնում ենք անկախությունը: Այսօր Հայաստանի անունից ավելի ու ավելի շատ խոսում է Ռուսաստանը: Եթե Պուտինն անմիջապես գնացել է Գյումրի՝ ռազմաբազա, արդեն այս տարածքից կոնկրետ Թուրքիայի հետ խոսելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը՝ մեր անունից, մեր շահերի փոխարեն: Խոսքը սրա մասին է: Աշխարհի պրակտիկան ցույց է տալիս, որ եթե ունես մեծ հովանավոր կամ քաղաքական պարտնյոր, առնվազն պետք է հասկանալ, որ այդ պարտնյորին պետք չէ թույլ տալ մտնել քո տարածք, եթե նա եկավ քո տարածք, դու արդեն չկաս: Դա նույնն է, ինչպես, ասենք, դեսպանը կարող է ներկայացնել մի ամբողջ երկիր, բայց երբ արտգործնախարարը գալիս է տվյալ երկիր, դեսպանն ընդամենը դառնում է սուրճ պատրաստող: Իսկ երբ արտգործնախարարը հետ է գնում այդ երկրից, դեսպանը նորից դառնում է այդ երկրի ներկայացուցիչ: Դուք պիտի հասկանաք, որ երբ զենքը տալիս են ձեր թշնամուն, և հետո ասում են՝ կգանք, կպաշտպանենք ձեզ, դուք արդեն վտանգի մեջ եք: 1915 թ. էլ է այդպես եղել: Եթե ուզում են օգնել, ունեն դաշնակիցներ, թող օգնեն սեփական բանակով սեփական պետությունը ստեղծելու:

-Բայց այլընտրանք ունե՞նք:

-Իհարկե, ունենք: Մենք պետք է մի քիչ վերանայենք մեր պատկերացումները: Մենք ունենք բազմաթիվ խորքային, տասնամյակներով եկած համոզմունքներ, որ մեզ թվում է, թե մենք այնքան ճիշտ ենք: Երբեմն չենք ուզում մտածել: Ասում են՝ բա եթե ռուսական ռազմաբազան այստեղից դուրս գա, ո՞վ է պաշտպանելու մեզ: Իսկ ո՞վ է որոշել, որ այդ ռուսական ռազմաբազան բերել են այստեղ, որ քեզ պաշտպանեն, ո՞վ է որոշել, որ եթե ռազմաբազան այստեղից դուրս գա, դու կթուլանաս: Կարող է ավելի ուժեղանաս: Հենց նույն այդ ռազմաբազան ստիպված կլինի զենքը ձեզ տալ:

Երբեք չենք մտածում, որ եթե կախված ենք որևէ մեկից, գուցե նա էլ է մեզնից կախված, գուցե ավելի շատ է կախված: Ի՞նչ է պատահել, ի՞նչ են ուզում այս փոքր երկրից: Նշանակում է՝ Հայաստանը շատ մեծ արժեք ունի Ռուսաստանի համար, իսկ երբևէ մտածե՞լ ենք այդ ուղղությամբ: Չենք մտածել: Հենց այն օրը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք վաճառեց Ադրբեջանին, պետք է խնդիր դնեինք, որ ռուսական ռազմաբազան դուրս գար այստեղից:

-Իսկ ինչո՞ւ չդրվեց:

-Որովհետև մարդիկ չեն ընկալում դրա տրամաբանությունը:

-Մի քանի բառով ինչպե՞ս կձևակերպեք Հայաստանի ներկա վիճակը:

-Անզորության մեջ տրվում ես վիճակին:

-Տխուր վիճակ է:

-Միակ լավը բանն այդ վիճակից դուրս գալու այն է, որ սկսվեն նոր դիսկուսիաները, իսկ երբ կսկսեն այդ դիսկուսիաները, կստացվի, որ այս տխուր վիճակը նպաստեց, որ մենք փորձենք ինչ-որ ձևով դուրս գանք դրանից:

-Այդ երկխոսության ծավալման հնարավորություն կա՞:

-Եղել են հազարավոր այլ խնդիրներ, որոնց շուրջը կրկին կարծրացած վիճակ էր, և որևէ մեկը թույլ չէր տալիս վերանայել դրանք: Անընդհատ եղել են նման բաներ, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ-որ բաներ հաղթահարվել են, մարդիկ սկսել են ուրիշ ձևով նայել կյանքին: Ուրեմն, այս լրջագույն հարցերում նույնպես պետք է հաղթահարենք ինքներս մեզ, հասկանանք, որ այս վիճակը լավ բանի չի բերելու: Գաղափարներ կան, դրանք տեսնել է պետք, ընկալել է պետք: Եթե գերկաղապարված ինստիտուտ ունես, կյանքում չես տեսնի իրականությունը:

-Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել այն մասին, որ Պուտինն օդանավից իջնելուց հետո, երբ հանդիպեց Սերժ Սարգսյանին, թույլ չտվեց համբուրել իրեն: Սա ի՞նչ ժեստ էր Պուտինի կողմից: Չէ՞ որ այսօր ամբողջ օրը խոսում էին հայ-ռուսական բարեկամության մասին, նույնիսկ հուշարձան բացեցին:

-Չեմ տեսել այդ տեսանյութը: Մարդը նկատի ուներ, որ սա բարեկամության խնդիր չէ. տերը եկել է, պետք է ծառայել: Բարեկամությունն ուրիշ բան է, երբ հավասարը հավասարին է նայում:

Մեկնաբանություններ (1)

aram
Hetqrqir e vor 0baman gar inch eir aselu ? Erevi havasar-havasar ein irar het shpvelu ha? Eh en vor asum en ov pox@ talis e na el mozika a patvirum hima sra masin a.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter