HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորստից կռացած. երկրաշարժից 25 տարի անց

Գյումրիի փողոցներում արդեն մութ է: Կեսօրի ջերմությունը խաբկանք է դառնում: Շտապում ենք հյուրանոց հասնել:

Մի ծեր կին վարսավիրանոցի հատակն էր մաքրում: Հին`խորհրդային տարիներից մնացած կահույքը, լույսը և կռացած կինը միանգամից գրավում են իմ գործընկեր լուսանկարչի ուշադրությունը: Մտնում ենք վարսավիրանոց:

Ներկայանում ենք՝ ովքեր ենք և ինչի համար ենք Գյումրիում: Արագ զրույցի է բռնվում կինը՝ անկաշկանդ և այդ ժամին անակնկալ հյուրերից բնավ չզարմացած: Շարունակում է ավլել հատակը, միաժամանակ, առանց ընդհատելու իր գործը, պատասխանում է հարցերին:

Սվետիկ (Սվետլանա) ներկայացած կինը 1988-ի երկրաշարժին կորցրել է 22-ամյա որդուն, 41-ամյա ամուսնուն և 32-ամյա քրոջը: Ինքը փրկվել է, քանի որ երկրաշարժի ժամանակ աշխատավայրում է եղել, մանկապարտեզում խոհարարի օգնական էր: Հիմա ապրում է աղջկա և թոռների հետ: 

66 տարեկան է Սվետիկ տատը: «48 թիվ եմ, աղջիկ ջան, բայց մեծ կերևամ, չէ՞,- ասում է նա,- տղիս օր կորցրի, ըդպես խեղճցա»: 

Խեղճությունն ու կորստի ապրումները կոփել են տիկին Սվետլանային: Երկրաշարժի ու զոհված հարազատների մասին պատմելիս այլևս ոչ լաց է լինում, ոչ էլ հուզվում է: Հատակը սրբելուն զուգահեռ արագ-արագ պատմում է. «Չգիտեմ՝ ինճըղ կը վազեի էս կողմ, էն կողմ, տղիս չկրցա փրկեմ: Լենկոշը կաշխատիր (Լենինականի կոշիկի գործարան-հեղ.), նոր էր էգե բանակեն, երեխուս խեղդված հանեցին, փլատակների տակ էր մնացել»:

Ամուսինն էլ մնացել է «մագնիսապրավոդնի» (Անալիտիկ սարքերի գործարան-հեղ.) գործարանի փլատակների տակ:

«Փոքր ժամանակ ամեն ինչ տեսել էի, որբ էի մենձցել, էդ էլ եկավ (նկատի ունի` երկրաշարժը), տղես մնաց, ինքը (ամուսինը) մնաց, ապրուստներս կորցրինք»,-շարունակում է տիկին Սվետլանան:

Երկրաշարժից հետո ծանր օրեր է ապրել: Մանկապարտեզը փակվել է, աշխատանք չի ունեցել: Կատակում է` իրեն քաղաքում բոլորը ճանաչում են, որովհետև պոնչիկ է վաճառել որոշ ժամանակ և քաղաքով մեկ ման ածել: Հիմա ով գալիս է վարսավիրանոց, ճանաչում է պոնչիկ վաճառող Սվետիկին:

Հարցնում ենք տիկին Սվետլանային ազգանունը: «Ես երկու ազգանուն ունեմ` մեկը Բաղրամյան, մյուսը` Աստվածատրյան: Բաղրամյանը հերանցս է, Աստվածատրյանը ամուսնունս է: Պապս Մարշալ Բաղրամյանի ախպերն է եղել, ես էս վերջերն եմ իմացել: Միամիտ ընկա սոցծառայություն, օր օգնել էին, հլը ստեղ չէի աշխատի, խառնվան իրար` շեֆն էլ Բաղրամյան է: Ըսի` միք խառնվի, պատմությունը ես գիտեմ, պապաս Բաղրամյան է էղե, պատմեցի` մոլըրան: Խորթ տատիկս է ինձի պայե, պապայիս որբանոցից է տարե պայե, ամեն ինչ այան էլավ»,- միանգամից ու կցկտուր պատմում է տիկին Սվետլանան: 

Տիկին Սվետլանան առավոտից իրիկուն աշխատում է վարսավիրանոցում, ամսական ստանում է 10 հազար դրամ: Ստանում է նաև 23 հազար դրամ թոշակ, դրանով վճարում են տան կոմունալ ծախսերը: Թոռնուհին աշխատանք չունի, թոռը բանակում է ծառայում: «էսիկ տանջանք է, թոշակ կուտան, ավելի լավ է չտան, սովետի ժամանակը լավ էր, խալադիլնիկը լիքը»,- հիշում է նա:

Տիկին Սվետլանայի առողջությունն էլ այլևս առաջվանը չէ. աչքերից արցունքներ են հոսում, աղերի կուտակում ունի, ոտքերն են ուռչում, բայց ելք չունեն, իրենց համար 10 հազարն էլ քիչ փող չէ:    

Հարցնում եմ` երկրաշարժից հետո առիթ կամ ցանկություն չի՞ ունեցել՝ նոր կյանք սկսելու, նորից ամուսնանալու: Տիկին Սվետլանան ձգվում է տեղում. «Ո՞վ, ե՞ս: Տղես աչքիս առաջն էր: 22 տարեկան տղուս տարա հողը դրի, ես իմ ձեռովս եմ տարե թաղե: Է՜, ըդպես բան ո՞վ էր տեսել, որ մերը տանիր իրա տղին թաղեր»: 

Չի թողնում, որ օգնենք իրեն: Ավարտում է հատակը լվանալը: Ամեն օր էլ նույն կերպ մաքրում է վարսավիրանոցը, փակում դուռը և գնում տուն: 

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (3)

Հասմիկ
Առաջին տիկինը` Սվետիկն է :
Shushan
ahavor djvar kyanq, sa kardalov, amkexc asac ,artasahmani im apahov kyanqn el haram lini....
Lilia
Indz contact a petk...xndrum em shtap poxanceq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter