HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Վարդանյանի 7 կետերը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին

Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ընդգծեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վտանգները: «Մենք, կարծես, խորհրդարանի մակարդակով ավարտեցինք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը, ցավոք, հակված չէ ընդունել մեր հիմնավոր փաստարկված առաջարկությունները»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրա ասելով` հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու, թե ինչ ունենք և ինչ ենք ունենալու:

«1. Պարտադրաբար ներդրվում է մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն` և´ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և´ բարոյահոգեբանական առումներով: 2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի բացահայտ, հայեցակարգի և ժամանակացույցի ակնհայտ խախտումներով: 3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանվածության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է: 4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամուտի և աշխատավարձերի բարձրացմանը 5. Շատ ռեալ է վտանգը, որ ավելանալու է թաքնված զբաղվածությունը, սև աշխատավարձերի տեսակարար կշիռը: 6. 2014 թ. հունվարից և´ պետական, և´ մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձերն ավելի պակաս են լինելու, քան 2013 թ. դեկտեմբերին: 7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից, և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովվելու արժանապատիվ կենսաթոշակ»,- մանրամասն ներկայացրեց Ա. Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով` կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, և իրենք պատրաստ են շարունակել աշխատանքն ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով, և երկրորդ` իրենք շարունակելու են սերտորեն գործակցել պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող հազարավոր քաղաքացիների դեմ սահմանադրական բոլոր միջոցներով: «Հարգելի´ քաղաքական մեծամասնություն, դուք այսօր ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդերի առջև պատասխանատվությունից»,- ավելացրեց Ա. Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter