HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1258 համարը. երկրաշարժից 25 տարի անց

Անահիտ Սահրադյանը չի զարմանում, որ թակել ենք իր տնակի դուռը: Միանգամից հասկանում է՝ տնակի անմխիթար վիճակն է մեր ուշադրությունը գրավել:

Գյումրի քաղաքի ավտոկայանին հարող տնակային ավանում այս տնակը ամենաանմխիթարներից էր: Ներսում խոնավության հոտին խառնվել էր վառարանի վրա եփվող ճաշի հոտը: Պատրաստվում էին ճաշել: Սեղանին միայն հաց ու պանիր էր դրված: «Մեր աղքատությունից մենք կամնչենք արդեն,- ասում է տիկին Անահիտը և առաջարկում տեղավորվել՝ ուշադրություն չդարձնելով տան թափթփվածությանը: -Ամոթ կզգանք, հերիք է, հնարավոր չէ, էլ չենք դիմանա»:

Երկրաշարժի առաջին վայրկյաններին փլվել է Գյումրիի Նորավան թաղամասի Լոմոնոսովի փողոցում գտնվող նրանց շենքը: Եթե առաջին հարկում չլիներ նրանց բնակարանը, չէին փրկվի: Նրանց մուտքից միայն 18 հոգի, այդ թվում նաև երեխաներ, զոհվել է:

Տիկին Անահիտի դուստրը՝ Նառան, եղել է 3 տարեկան: Առաջին ցնցման ժամանակ ամուսնուն ասել է երեխային վերցնել և դուրս տանել, իսկ ինքը շարունակել է խոհանոցում երեխայի համար կաթ եփել՝ մտածելով, որ ցնցումները կդադարեն: Սակայն ցնցումները ոչ թե դադարել, այլ ուժգնացել են:

«Մեկ էլ՝ պատից պատ ընձի խփեց ցնցումը, ուժեղացավ, ահագնացավ,- հիշում է տիկին Անահիտը,- ու ես անմիջապես խոհանոցի պատշգամբից դուրս ելա, լուսամոտը բացեցի ու նայեցի վերև, տեսա, օր շենքը կթեքվի: Ու ես թռել եմ: Լվացք էի փռել, ընկա ռոլիկի վրա, հիմի օր կհիշեմ, մարմինս կփշաքաղվի: Ընկա պարանի վրա, հավասարակշռությունս պահվեց, ու ես մնացել եմ պարանի վրա, բայց վեր կնայեմ, օր շենքն արդեն կփլվի: Խժժամ, կճչամ՝ Նառա, Նառա (աղջկա անունն է-հեղ.), անբնական, անմարդկային գազանի ձայնով ես ճչացել, գոռացել եմ, ու մի քանի հարևան որ փրկվել են, հետո պատմում են, որ իմ այդ ճչոցից են վախեցել ու փախել: Թամբալ ամուսին ունենալը երևի լավ բան էր: Ճոճվիրկը ռոլիկը, կսեի՝ Աղաս, մեռա ըսելով, էս անտերը չես ձգե, օր լվացքս կախ չընկնի: Թույլ էր ռոլիկը, ու երբ սկսեցի ձգվելը, ռոլիկը պոկվավ պատից, ես ընկա գետին ու վազեցի առաջ: Գիտակցությունս տեղն էր, օր պիտի փախնիմ: Վազել եմ առաջ ու ընկել եմ: Երեխուս անունն եմ գոռացել անընդհատ»:

Տիկին Անահիտի փաչելուց հետո շենքը փլուզվել է՝ «բուռմ հող ու մոխիր է դառել»: Աչքերը բացել է ուժեղ արևի ծակոցից՝ ամուսնու ու աղջկա պատկերը տեսել` երկուսն էլ փոշու մեջ կորած: Իսկ դուստրը աչքերն անթարթ, լլկված նայելելիս է եղել: «Կըսխմռթեմ երեխուն, կսեմ՝ սա՞ղ է , կսե՝ սաղ է, բայց երեխեն ձեն չի հանե: Հլը խաբար չեմ, օր շենքը փլվել է: Կսեմ արի վազենք կոնսուլտացիա, տեսնինք երեխեն ինչի չի խոսի: Կսե՝ այ աղջիկ ինչ կոնսուլտացիա, հլը բոլորդ աշե»:

Առաջին արձագանքը տիկին Անահիտի մոտ եղել է տուն ու տեղը կորցնելու սարսափը, բայց երբ իմացել է, որ հարևաններն ու երեխաները, հարևան մուտքում ապրող սկեսուրը մնացել են շենքի փլատակների տակ, սսկվել է:  Երեկոյան Նինոծմինդայում ապրող բարեկամները եկել ու տարել են տիկին Անահիտին ու նրա ընտանիքին Ջավախք:

«Սաղ քաղաքը ավիրվել, զոհվել էին, ես էլի իմ տան, գդալիս համար կուլայի»,- հիշում է տիկին Անահիտը այդ օրերի իր ապրումները:  

Այնուամենայնիվ, մի քանի օր անց վերադարձել ու փլատակների տակից հանել է «խալի-փալասը», որը մինչ օրս նրա տնակի պատին է փակցված: Կարողացել է փրկել նաև օժիտի որոշ իրերը, անկողնային պարագաները:

Տիկին Անահիտը գրասենյակային աշխատող է եղել, երկրաշարժից հետո կորցրել է աշխատանքը: Ամուսինը սկսել է Ուկրաինա արտագնա աշխատանքի գնալ, որոշ ժամանակ ընտանիքի անդամներին էլ է տարել: Հետո կրկին վերադարձել են Ջավախք: Շուրջ 7-8 տարի Հայաստանից դուրս են ապրել: Եվ արդեն 18 տարի Գյումրիի այս տնակում են բնակվում: Տիկին Անահիտի ամուսինն այլևս նրանց հետ չի ապրում, թողել է ընտանիքը, ինչպես ինքն է ասում, գտել է ռուսաստաններում մեկին ու մնացել մոտը:  

Նպաստ ու հաշմանդամության թոշակ են ստանում, դրանով էլ ապրում են տիկին Անահիտը, դուստրը` Նառան և 3-ամյա թոռնիկը՝ Մոնիկան: Երբեմն մթերքով օգնում են նաև Ջավախքում ապրող հարազատները: Տնակն արդեն փտել է: Վառելիքի հարցում օգնել են, բայց տիկին Անահիտը խնայում է ստացած վառելափայտը. խանութից թուղթ է բերում, որ վառի, իսկ փայտը պահում է ավելի ցուրտ օրերի համար:

Եթե որևէ գործ լինում է, տիկին Անահիտը չի խուսափում, աշխատում է:  Երկրաշարժից հետո էլ է աշխատել, բայց երբ մուտք են գործել համակարգիչները և տարիքն առել է, այլևս չի կարողացել շարունակել ու անցել է խոհանոցային աշխատանքների: Հիմա ամաչում է, բերանում ատամ չի մնացել: Սպասում է բարեգործական ակցիան մեկնարկի, որ գնա ատամները բուժելու: Նառայի ատամն էլ է ուռել, ցավից պարբերաբար «Ասկոֆեն» է խմում:

Տիկին Անահիտի ընտանիքը անօթևանի կարգավիճակ ունի: Բնակարանի հերթագրման ցուցակում նրա համարը 1258-ն է: Ասում է՝ անօթևաններց մնացել է 420-ը: Սպասում են երկսենյականոց բնակարանի: Մտավախություն ունի, որ շինարարությունը կարող է չշարունակվել, այդուհանդերձ, լավատես է. «Հույսս չեմ կորցրել, ես անպայման պտի տուն ունենամ: Եթե ես տուն եմ ունեցել ու կորցրել եմ, ըդպես բան հնարավոր չէ, որ ես էլ տուն չունենամ: Ինչքան է կուզե երկիրը խառնվի, ով կուզե գա ու էրթա, ես իմ տունս պիտի ստանամ: Ըդիկ Աստված պիտի տա էդ տունը, պտի էղնի»:

Տիկին Անահիտը բնակարանի մասին մանրամասները ճշտելու համար պարբերաբար Երևան է զանգում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Ասում է՝ մարզպետարանում իրեն կոպտում են, իսկ քաղաքաշինության բնակբաշխման հարցերով հանձնաժողովի նախագահը բարեհամբույր ու մանրակրկիտ պատասխանում է՝ հույս տալով, որ բնակարան անպայման ստանալու են:

Տիկին Անահիտը թոռան հետ այցելել է շինհրապարակը: Երկու շենքում ընթացող շինաշխատանքները հույս են ներշնչել նրան: «Մեր էս տանջանքն ու արցունքները պտի անտեղի չանցնի, պտի էղնի»,- արցունքները չի կարողանում զսպել Անահիտ Սահրադյանը:

Լուսանկարները՝ Սառա Անջարգոլյանի 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հարց է ծագում,` եթե Գյումրիի բնակհերթագրման ցուցակներում տիկին Անահիտ Սահրադյանից առաջ 1258 առաջնահերթություն ունեցող հաշմանդամներ կան, ապա այդ դեպքում մինչ օրս բնակարաններ ստացողները միայն առաջնահերթություն ունեցողներն էին, թե՞ ինչպես ընդունված է ծանոթ և կաշառք տալու շնորհք ունեցողներն են առաջնահերթ բանակարաններ ստացել: Այդ ակնհայտ անարդարության մասին վիճակագրական թվերն իրենք են ճչում և խոսում համատարած կաշառակերության և անարդարության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter