HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրումը տուժում է Ախթալայի կոմբինատի պոչամբարից

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարը տեղավորված է Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի արանքում` «Նահատակ» ձորի վրա: Պոչամբարի հարևանությամբ բնակվող այրումցիները մասսայաբար դժգոհում են ուժեղ գլխացավերից, զգում են մարմնի թուլություն և քնկոտություն:

«Դա այնպիսի թույն ա, որ ոչ ամառը, ոչ էլ ձմեռը թողնում չի, որ մարդը հանգիստ զգա: Շատ-շատ է վրես ազդում, այստեղ ապրելու հնար չկա: Կինս էլ է շատ վատ զգում: Հարևանները լյոխ-լյոխ բողոքում են»,- ասաց փախստական, այրումցի Սամսոն Դանիելյանը: Պոչամբարից դժգոհեց գրեթե ամբողջ գյուղը: Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը «Հետքին» հայտնեց, որ գյուղացիները պոչամբարին առնչվող իրենց առողջական խնդիրների մասին ամեն օր դիմում են նաև իրեն: Ըստ գյուղապետի ամռանը բնակիչների գանգատները ավելի շատ լինում են գլխացավից, շնչառական օրգանների անբավարարությունից: «Ամբողջ գյուղում պոչամբարի տհաճ հոտ կա: Դե, հասկանալի է՝ վնասը տալիս է, ոնց կարող է վնաս չտալ: Էստեղ ծանր մետաղների քանակ կա, փոշին է, հոտն է: Շոգ եղանակին պոչամբարի գրեթե 10 հա տարածքի թունավոր տարրերը գոլորշիանում են»,- ասաց գյուղապետը:

Այրումի բուժկետում հայտնեցին, որ գյուղում վերջերս ծնվել են 3 ցերեբրալ (ուղեղային) պարալիչով երեխա: Սահակ Նազարյանը գտնում է, որ այդ երեխաների հիվանդության պատճառը չի ուսումնասիրված, ուստի չի կարող միանշանակ պնդել, թե դա պոչամբարի ազդեցության հետևանք է: Վերջինս ասաց, որ, այնուամենայնիվ, պոչամբարին կապ ունեցող այրումցիների առողջական խնդիրների մասին տեղյակ է պահել ԼՀԿ-ի տնօրինությանը. «Նրանք մեզ ասում են՝ ինչո՞վ ենք վնասում»:

Հիշեցնենք, որ Մեծ Այրումի ոռոգման ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդի ափին՝ Ախթալայի մաքրման կայանի մոտ, հենց այն հատվածում, որտեղ գետն է թափվում ԼՀԿ-ի պոչանքներով աղտոտված Ախթալա գետակը: Այսօր էլ Մեծ Այրումի այգիներ ու դաշտեր գնացող ոռոգման ջրի «կանավների» պատերին նստած են ԼՀԿ-ի պոչանքային մնացորդները: Նման ոռոգման ջրով սնված գյուղի միրգն ու բանջարեղենը չեն կարող չազդել գյուղացիների առողջության վրա:

Վերջին ամիսներին ԼՀԿ-ի տնօրինությունը փոխել է իր արտադրական պոչանքներն ու պոչամբարի պոչանքային ջրերը Դեբեդը թափելու ուղղությունը: «Հետքը» պարզեց, որ դրանք պոչամբարից ուղիղ «Նահատակ» ձորով են թափվում Դեբեդ: «Մենք այդ պոչանքներից ազատվեցինք, քանի որ մեր ոռոգման ջրի պոմպակայանը գտնվում է դրանից վերև: Հիմա այդ պոչանքներից տուժում են Նոյեմբերյանի Պտղավան, Արճիս և մյուս գյուղերը»,- ասում է Սահակ Նազարյանը:

Մեծ Այրումի գյուղացիների առողջության վրա պոչամբարի ազդեցությունները երբևէ չեն ուսումնասիրվել: «Դրանք թանկ հետազոտություններ են, գյուղապետարանը էդ միջոցները չունի, Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատեր «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի»-ն էլ չի ցանկանում ուսումնասիրել դա: Այս դեպքում ի՞նչը կարող ենք ցույց տալ իրենց»,- ասում է Սահակ Նազարյանը: Պոչամբարը այրումցիներին պատճառում է նաև նյութական մեծ վնասներ: Այն ցանկապատված չէ:

Գյուղացիների անասունները հաճախ են ընկնում պոչամբար: «Կենդանիները պոչամբարի տարածք են գալիս խոտի վրա՝ ջուր խմելու: Սոթ են տալիս, ընկնում խվոստն ու չեն կարողանում դուրս գալ: Եթե մարդ է տեսնում, էդ պահին իրար օգնելով, կապելով մի կերպ հանում են, եթե մարդ չպատահեց` խորտակվում ու խեղդվում են»,- հայտնեց գյուղապետի տեղակալ Վալերի Սառաջյանը: Այս տարի պոչամբար է ընկել այրումցիների 4 տավար, որոնցից խեղդվել է մեկը:

Գյուղապետարանի քարտուղարուհին պատմեց, որ խորտակվող անասուններին փրկելուց հետո գյուղացիները դրանց լողացնում են ամանների հեղուկով: Վալերի Սառաջյանը ցույց տվեց պոչամբարից հազիվ 20 մետր հեռավորության վրա գտնվող գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը. «Մի երկու տարի հետո պոչամբարը կլցվի, էս աղբյուրը կմնա պոչամբարի տակ»:

Ստեղծված իրավիճակում 1175 բնակիչ ունեցող Մեծ Այրումը, բացի 42 հազար դրամ հողի հարկից, որևէ փոխհատուցում կամ աջակցություն չի ստացել «Մեթըլ Փրինս» ընկերությունից: Սահակ Նազարյանը նշեց, որ գյուղի բնակչության 80 տոկոսը փախստականներ են. «Պիտի հասկանալ փախստական բնակիչների հոգեկան վիճակը: Մարդիկ իրենց ամբողջ կյանքում ստեղծածը Ադրբեջանում թողել և փախել` եկել են հայրենիքում հիմնավորվելու»: Գյուղապետը մի քանի այրումցիների աշխատանքի տեղավորելու հարցով օրերս դիմել է ԼՀԿ-ի նոր կառավարիչին (արդեն մեկ ամիս է՝ 1,2 մլն դոլար պարտքի դիմաց «Մեթըլ Փրինսը» Ախթալայի ԼՀԿ-ի կառավարումը անհայտ ժամկետով հանձնել է «Ապառաժ» ՍՊԸ-ին): Կառավարիչը գյուղապետին խոստացել է այրումցիներին աշխատանք տալ պոչամբարում: Սահակ Նազարյանին հիշեցրինք պոչամբարի վտանգների մասին: «Եթե ուզում եք ճիշտն իմանալ, մեզ ոչ իրենց պոչամբարն է պետք, ոչ էլ իրենց աշխատատեղը»,- պատասխանեց նա:

Մեծ Այրումը 450 հա բարեբեր հողեր ունի, գյուղն է էլ իր նստվածքով կարող է նպաստել անասնապահության և հողագործության զարգացմանը: Գյուղապետը գտնում է, որ ամեն գնով Մեծ Այրումում պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Սահակ Նազարյանը տեղյակ էր, որ պոչամբարի տարողությունը կբավականցնի ևս 34 ամիս. ««Նահատակ» ձորը մեծ է, եթե ԼՀԿ-ն կփորձի այստեղ երկրորդ պոչամբարը կառուցել, ես միլիոն տոկոսով դեմ եմ կանգնելու դրան, թեկուզ իմ աշխատանքից զրկվեմ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter