Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Դատավոր Սիսակյանի աշխատանքային մեկ օրը



Չգիտեմ՝ չափազանց մեծ ինքնավստահությու՞նը, թե՞ ինքնավստահության պակասը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանին հարկադրեց արգելել լրագրողիս մուտքը դատական նիստերի դահլիճ:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցերից մեկով ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը դատավոր Ա. Սիսակյանը սկսեց մեկ ժամ ուշացումով, իսկ սկսելուց առաջ դատական կարգադրիչին հեռախոսով հրահանգեց դահլիճ ուղեկցել պատասխանողին, բայց` «լրագրողը չբարձրանա»:

Հուլիսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում թվով 16 քաղաքացիական գործի քննություն էր նշանակված, որոնց «հեղինակները» «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ներն էին: Բանկի վարկառուներից գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցերից 10-ը դատավոր Արիստակես Սիսակյանի վարույթում էր: Ընդ որում, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած 6 հայցերի քննությունը դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ սկսվում էր առավոտյան 10:00-ից, սակայն նշված ժամին ոչ միայն դատավարության կողմերը ներկա չէին, այլեւ ինքը` դատավորը: Վերջինիս քարտուղարը` Արամ Ասլանյանը, որ պրպտող հայացքով դատարանի միջանցքում եւ բակում գտնվող այցելուներին էր զննում, հարցիս, թե երբ են սկսելու կես ժամի տարբերությամբ նշանակված հայցերի քննությունը, պատասխանեց` երբ դատավորը գա: Այնուհետեւ ճշտելով, որ լրագրող եմ, հավելեց`«երբ դատավորը գա, խնդիր չկա՝ կմասնակցեք»:

Դատավոր Սիսակյանը ժամանեց 12:30 րոպեին, մինչ այդ ժամը, ըստ datalex.am կայքի, արդեն 5 գործ պետք է քննության առնվեր: Սակայն մինչ դատավորի ժամանումը նրա քարտուղարն ինձ բացատրում էր, որ սովորաբար բանկերի ներկայացուցիչները չեն մասնակցում դատական նիստերին, նրանք հայցերը ներկայացնելու հետ միաժամանակ գրություն են ներկայացնում դատարանին` խնդրելով իրենց բացակայությամբ քննել գործերը: «Իսկ պատասխանողնե՞րը` բանկի պարտապաննե՞րը»,- հարցնում եմ նրան: Արամ Ասլանյանն ամեն ինչ իմացողի կեցվածքով շարունակում է ինձ բացատրել, որ նրանք պատշաճ ծանուցված են, բայց նրանք էլ չեն գալիս:

Դատավորի կազմած ժամանակացույցը բացակայում է դատարանի տեղեկատվական վահանակից, նիստերի ժամանակացույցն այստեղ վերջին անգամ թարմացվել էր հունիսի 24-ին:

Գուցե այն պատճառով, որ  ձեւական բնույթ է կրում եւ դատարանում կողմերին չեն սպասում, օրվա նիստերի ժամանակացույցի մեկ օրինակ կա միայն դատական կարգադրիչների ձեռքին: Նիստերի ժամանակացույցի ձեւական լինելու վկայությունն է նաեւ այն, որ 13:00-ին, այսինքն՝ աշխատանքի ընդմիջման ժամին (այն դատարաններում, որտեղ ձայնագրառման համակարգ է տեղադրված, այդ ժամին ընդմիջում են նիստը), Ա. Սիսակյանի մոտ դարձյալ դատական նիստ է նշանակված: Միգուցե պատճառն այն է, որ պրն Սիսակյանը աշխատանքի է ներկայանում ժամը 12:30 րոպեին եւ, այդ հանգամանքը նկատի ունենալով, «արդյունավետ» է օգտագործում ընդմիջման մեկ ժամը:

Այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին, թերեւս նաեւ դատավոր Սիսակյանի ու նրա քարտուղարի համար անսպասելի, դատարան էր ներկայացել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի վարկառուներից մեկը` գործով պատասխանող Մարիամ Հայրապետյանը: Կոտայքի մարզի Սոլակ գյուղից ժամանած կինը, որը դատական ծանուցագրի համաձայն դատարան պետք է ներկայանար ժամը 14:00-ին, հարկադրված եղավ սպասել եւս մեկ ժամ, քանի որ պրն Սիսակյանը չէր շտապում դատական նիստը բացված հայտարարել: Միջանցքում անհանգիստ ետ ու առաջ քայլող նրա քարտուղարը կնոջ հարցումին պատասխանեց, որ բանկի ներկայացուցիչը մյուս դատավորի մոտ նիստի է մասնակցում, հենց վերջացնի` իրենք կսկսեն:

Նշեմ, որ ակնարկված նիստն ավարտվել էր 14:15 րոպեին, եւ բանկի ներկայացուցիչը նույնպես 45 րոպեից ավելի դատավորին էր սպասում: Պարզվեց, որ դատավոր Սիսակյանն ու նրա քարտուղարը ոչ թե հայցվորի ներկայացուցչին են սպասում, այլ իմ` լրագրողիս հեռանալուն, իսկ ես, զրույցի բռնվելով տիկնոջ հետ, չէի էլ մտածում, որ նաեւ իմ պատճառով նիստը չի սկսվում: Վերջապես, մեկ ժամ սպասեցնելուց հետո, դատավոր Ա. Սիսակյանը դատական կարգադրիչին հեռախոսով հրահանգեց դահլիճ ուղեկցել պատասխանողին, բայց «լրագրողը` չբարձրանա»:

Դատավորից համառ գտնվելով՝ դատարանի նախագահին խնդրեցի ընդունել ինձ, որպեսզի տեղյակ պահեմ դատավոր Արիստակես Սիսակյանի հրահանգի մասին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանի հետ կարճատեւ զրույցից պարզ դարձավ, որ դատարանի աշխատողների միտքն այդ օրը զբաղված է եղել ինձնով: Պրն Ստեփանյանն ինձ էր հարցնում, թե ինչ խնդիր կա, ինչու չեմ կարող մասնակցել նիստին: Նույն հարցի պատասխանը իրենից էի փորձում ստանալ: Պրն Ստեփանյանը իրավիճակը հարթելու համար ինձ առաջարկեց միասին գնալ դահլիճ ու մասնակցել դատական նիստին: Ես շնորհակալություն հայտնեցի դատարանի նախագահին իր բարյացակամության համար եւ հրաժարվեցի նիստին մասնակցել նախ` այն պատճառով, որ չէի ցանկանում միջնորդների աջակցությամբ ներկա գտնվել նիստին` իմ մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար, բացի այդ, դատավոր Սիսակյանն այդ 15 րոպեների ընթացքում հասցրել էր ավարտել դատական գործի քննությունը:

Դատավոր Ա. Սիսակյանն այդ օրը օրենքի մի քանի խախտում թույլ տվեց.

- 9:00-ի փոխարեն աշխատանքի ներկայացավ 12:30-ին,

- 14:00-ին նախատեսված դատական նիստը սկսեց 15:00-ին,

- խախտեց դատավարությունների հրապարակայնության սկզբունքը` արգելելով իմ մասնակցությունը բաց դատական նիստին,

- խոչընդոտեց իմ մասնագիտական գործունեության իրականացմանը եւ այլն:

Դատավոր Սիսակյանը խախտեց նաեւ «Դատավորի վարքագծի կանոնների»  18-րդ կետը. «Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը եւ լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ եւ տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումն ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով»:

Այս թվարկումը արվում է ի գիտություն ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ Արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի, որի կայացրած որոշումով օրերս դատավորներից մեկն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս չէր պատճառաբանել անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը չկիրառելու իր որոշումը: Գուցե պրն Սիսակյանը նրա՞ն ներկայացնի իր կարգադրության պատճառը, թե ինչու դռնբաց դատական նիստին չեն կարող ներկա լինել լրատվամիջոցների ներկայացուցիչները:                             


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. W. Wallace17:25 - 21 հուլիսի, 2011
Հարգելի Սառա, Արդյոք ունեք ապացույց՝ կարգադրիչին ուղղված նմանաբովանդակ հրահանգի: Եթե այո, անհապաղ պետք է միջնորդել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, եթե ոչ, ապա գոնե կարելի է տեսաձայնագրել դահլիճ բարձրանալուն խոչընդոտող կարգադրիչին: Ամեն դեպքում, կարծում եմ, լրատվամիջոցների ներկայությունը մի փորք կսթափեցնի դատավորներին, ցավոք այդքան լրագրող չկա, որ բոլոր դատական նիստերին մասնակցեն....
2. մուշեղ19:28 - 28 նոյեմբերի, 2011
ay parap ..........es parap es mnace? mnace
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ