HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատարանը ՀՔԾ-ին պարտադրեց

Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սիլվարդ Ամիրզադյանը երկրի բարձրաստիճան ղեկավարներին, այդ թվում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այս տարվա ապրիլի 27-ին դիմում էր ուղարկել՝ կցելով ձայնագրությամբ կրիչ:

Ամիրզադյանը մանրամասն ներկայացրել էր, թե ինչպես է ոստիկանապետ Ա. Հարությունյանը տարիներ շարունակ իրեն խաբում՝ չվերադարձնելով պարտքով վերցրած 18 հազար ԱՄՆ դոլարը: Իսկ ձայնագրություններում հենց ինքը՝ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը, պատմում է, թե իրականում ինչով է զբաղված, ոնց է փող աշխատում` քարեր վաճառելով եւ կոնյակ արտահանելով:

Գլխավոր դատախազությունը Սիլվարդ Ամիրզադյանի դիմումը մակագրել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետին: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին հասցեագրվածները մակագրվել էին ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն:

Այստեղից քաղաքացուն պատասխանել են, թե վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, «մինչեւ ՀՔԾ-ում նույնաբովանդակ դիմումի կապակցությամբ նախապատրաստվող նյութերով համապատասխան որոշում կայացնելը»:

Սակայն պարզվում է, որ այս պատասխանն ուղարկելուց մոտ 2 շաբաթ առաջ ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստելու եւ «համապատասխան որոշում կայացնելու» փոխարեն քննիչ Ա. Կարապետյանը որոշել էր, որ «դիմումում նշված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ», ուստի՝ Սիլվարդ Ամիրզադյանին խորհուրդ էր տվել «դրանք լուծել դատական կարգով»:

Տարօրինակն այն է, որ դիմումը ստանալուց հետո օրեր շարունակ այն նույն շենքում՝ գլխավոր դատախազությունում, մակագրություններով ձեռքից ձեռք է անցել: Ի վերջո, մոտ 1 ամիս անց ՀՔԾ քննիչ Ա. Կարապետյանը Սիլվարդ Ամիրզադյանին կանչել է բացատրություն տալու: Նա միացրել է իր աշխատասենյակի համակարգիչը եւ առաջարկել միասին լսել ձայնագրությունը, որից հետո քաղաքացուն հարցրել է, թե ձայնագրառվածը վերջինի՞ս եւ Արթուր Հարությունյանի՞ խոսակցությունն է: Ամիրզադյանը վստահեցրել է՝ այո: Այնուհետեւ քննիչ Կարապետյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե ձայնագրությունն իր մոտ չէ: Դրանից հետո նա այլեւս ձայնագրությանը չի անդրադարձել եւ չի էլ հարցրել, թե ինչու է այն ներկայացվել, որն է պատճառը:

Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի՝ ՀՔԾ քննիչը, որին հանձնարարված էր ստուգել դիմումում նշված փաստերը, պարտավոր էր կայացնել հետեւյալ 3 որոշումներից մեկը՝ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու, կամ էլ հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Ու քանի որ քննիչ Կարապետյանն ընտրել էր ապօրինի՝ օրենքից դուրս ճանապարհը, Սիլվարդ Ամիրզադյանը կրկին դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով հանձնարարել ՀՔԾ-ին իր դիմումի կապակցությամբ կայացնել օրենքով սահմանված որոշումներից մեկը, «քանի որ ձայնագրությունները լսելուց հետո անհնարին է համապատասխան որոշում չկայացնել»:

Դատախազությունն այս անգամ չէր արձագանքել, քաղաքացի Ամիրզադյանն էլ ստիպված դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Ա. Բեկթաշյանն այսօր որոշել է Սիլվարդ Ամիրզադյանի բողոքը ճանաչել հիմնավորված եւ ՀՔԾ քննիչ Ա. Կարապետյանին պարտավորեցնել Ամիրզադյանի դիմումի վերաբերյալ ընդունել Քր. դատ. Օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկը:

Այսպիսով, ՀՔԾ-ի ջանքերը՝ Ալավերդու ոստիկանապետի գործողությունները քաղաքացիաիրավական հարթություն տեղափոխելու, փաստորեն, արդյունք չտվեցին: Հիմա, թերեւս, քննիչը ստիպված է լինելու ոստիկանապետի արարքները դիտարկել հանցագործության տեսանկունից:

Լուսանկարում Ալավերդու ոստիկանապետ Արթուր Հարությունյանն է 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter