HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորցրած ու չգտած. 25 տարի տան սպասումով

Երկրաշարժից 25 տարի անց

Սեդա Տեր-Գևորգյանը 1988 թվականի դեկտմեբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի փլատակների տակից կարողացել է հանել և փրկել մոմակալը, խալին և նկարների ալբոմը: Դրանք են կորցրած տան ու ունեցվածքի մասին հիշեցնող կտորները:

Գյումրիի ավտոկայանին հարող տնակային ավանում «փրկված» խալին ծածկում է նրա հյուրասենյակի պատը: Իսկ «վիրավոր» ալբոմը տիկին Սեդան խնամքով պահում է:

«Առավոտ օր էլա, դուս նայեցի, օդը կարմիր էր: Ամպերն ինչղ օր կարմրած ըլնեին: Գրասենյակում էլ մկները կվազվզեին»,-հիշում է տիկին Սեդան դեկտեմբերի 7-ի առավոտը: Գնացել է աշխատանքի: Առաջին ցնցումից գործընկերները վեր են թռել, իսկ ինքը գոռացել է` «Ռուբիկս ինչ եղավ»: Ռուբիկը որդին է և տիկին Սեդայի միակ հույսը:

«Էդ ծառերի շարժումը չեմ մոռանա. հսկա ծառեր էին, կիջնեին-կելնեին: Գրասենյակը չփլավ, բայց երկրորդ անգամ օր ցնցեց, արդեն հայաթն էինք` իրար բռնած, օր չընկնինք»,- պատմում է տիկին Սեդան:

Առաջին պատահած մեքենայով տուն է սլացել: Մայր ու որդի փնտրել են միմյանց շենքի փլատակների մերձակայքում: «Վերջը իրար գտանք, լաց, կոծ, իսկ տնից հեչ բան չկար»,- հիշում է տիկին Սեդան` մտաբերելով շենքի փլատակների ֆոնին ամուսնու յուղաներկ կտավները` պատառոտված ու լցված:

Այդ օրվանից ի վեր և արդեն 25 տարի «դոմիկը» դարձել է Տիկին Սեդայի տունը:

Սանմաքրման կայանում աշխատած ֆինանսիստ-տնտեսագետն այժմ թոշակառու է: Լուսանկարվելուց հրաժարվում է. «Չեմ սիրէ ըդպես բան»: Տարիքի մասին հարցին քմծիծաղով է պատասխանում. «Մարդ օր 70-ից անցավ, էլ քանի տարին որն է, աղջիկ ջան»: Տիկին Սեդան միայնակ է ապրում այդ տնակում: Դուստրն ամուսնացած է, ամուսինը մահացել էր երկրաշարժից առաջ, որդին Ռուսաստանի Դաշնություն է մեկնել արտագնա աշխատանքի:

Տիկին Սեդան գրանցված չի եղել փլված բնակարանում, այլ հայրական տան գրանցում է ունեցել: Երկսենյականոց բնակարան տրամադրել հրաժարվել են, ասել են` քանի որ հիմա որդին է մնացել, նրան մեկսենյականոց է հասնում: Այդ մեկսենյականոցին էլ մինչ օրս սպասում է նա: Որդին Ռուսաստանի Դաշնությունից պիտի վերադառնա ու զբաղվի բնակարանի հարցով, որ վերջապես իրենք էլ կարողանան տեղափոխվել ու մարդավայել ապրել:  «Իրանց ըսելով՝ պիտի սեպտեմբերին հանձնեին, ես է կսեմ` վայթե դուրսը մնացինք»,- հուսահատ ասում է տիկին Սեդան:

Տիկին Սեդան թոշակ է ստանում, որդին էլ օգնում է, բայց որպեսզիշարժվի և իրեն փոքր-ինչ առույգ զգա, մի փոքր էլ գումար ունենա ձեռքը, շշեր է լվանում ու վաճառում: «Մտածեիկը, թե թոշակի կերթամ, ամուսինսե մահացած է, կըսեի` հեչ բան օր չէ, մե 1500-2000 հատ գիրք ունինք, ծախեմ օրնա` ընձի հերիք է: Գրքերը մնացին շենքի տակը»,- ասում է նա:

25 տարին լավ թե վատ անցկացրել է, բայց բոլոր առաջարկները` հեռանալ Գյումրիից և նոր կյանք սկսել Երևանում կամ երկրից դուրս, տիկին Սեդան մերժել է: «Երկրաշարժից հետո վառան ըսելով, թե Սեդա, ընչի ես մնացել, հել արի Երևան: Տղես լաց կեղնիր, թե մա, արի նստինք մէ ավտոբուսմ, թողնենք ստեղ, էրթանք, ինչղե էղնի, քու գործդ ընդեղ կեղնի, ֆինանսիստ, հաշվապահ ո՞վ չի վերցնե»,- պատմում է տիկին Սեդան: Կյանքի ծանր պահերին փոշմանել է, որ չի լսել հարազատներին, բայց հիմա նույնիսկ որդու մոտ գնալու մասին չի մտածում:  

Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter