
7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը
Ամուսնու կողմից բռնությունների եւ խոշտանգման ենթարկված Հասմիկ Խաչատրյանի մասին «Հետք»-ի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 28-ին, նրա ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամլիրից վերցրել է իրենց 7-ամյա դստերն ու մինչ այժմ չի վերադարձրել: Երեխան գտնվում էր մոր՝ Հասմիկ Խաչատրյանի խնամակալության ներքո, բայց աղջկան դպրոցից տանելու մասին Սարգիսը որեւէ կերպ չի զգուշացրել նրան: Դպրոցում խոստացել է մի քանի ժամից երեխային հետ բերել, սակայն փոքրիկ Վարսիկի գտնվելու վայրի մասին մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը առ այսօր որեւէ տեղեկություն չունի:
«Ես երեխային առողջ վիճակում տարել եմ դպրոց: Ժամը 11:00-ին դասղեկը զանգեց, ասաց՝ ամուսինդ տարավ երեխային, բայց խոստացավ 14:30 անպայման բերել: Այդ ժամին բարերար էր գալու դպրոց, որ երեխաներին լսողության ապարատներ բաժաներ: Երեխան անպայման ներկա պիտի լիներ, ինքը չբերեց: Հետո դասղեկը թե՝ գիտե՞ս, մեկ էլ տնօրենից թույլտվություն է վերցրել, որ երեխային տանի դատաբժշկի մոտ: Ինձ համար դա զարմանալի չէր, քանի որ գիտեի, որ ինքը պատրաստ է ինձ ամեն տեսակի վատություն անել»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը:
«Հետքը» խոսեց Վարսիկ Հակոբյանի հոր՝ Սարգիս Հակոբյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով. «Հիմա ահավոր խառը իրավիճակ ա, ոչ մի բան չեմ կարող ասել: Թող ամեն ինչ դզվի, հետո կխոսեմ: Էլ մի շարունակեք»:
Սարգիս Հակոբյանը երեխային դպրոցից տարել է Գավառի հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե երեխան վատ է զգում եւ կապտուկներ ունի: Նա հրավիրել է նաեւ Գավառի դատաբժիշկ Վանիկ Զանյանին՝ արձանագրելու երեխայի կապտուկները՝ նշելով, թե մայրը բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ:
Վարսիկ Հակոբյանին պառկեցրել են Գավառի հիվանդանոցի մանկական բաժանմունքում՝ բժիշկ Անիկ Մհերյանի խնամակալության ներքո: Մոր՝ երեխայի վիճակն իմանալուն ուղղված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ Մհերյանը գոռացել է, թե ասելու ոչինչ չունի եւ եթե շատ է ուզում տեղեկություն իմանալ դստեր մասին, թող այցելի Գավառի հիվանդանոց:
Վարսիկի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը նոյեմբերի 29-ին նամակ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին, որում ասվում է. «Բժիշկ Մհերյանն, ակնհայտորեն դրսեւորելով շահագրգիռ մոտեցում եւ ցանկանալով անօրինական միջոցներով օգնել Վարսիկ Հակոբյանի (բախտագուշակ Վարսիկի) որդուն, առանց բժշկական ցուցումների երեխային պահել է հիվանդանոցում եւ հրաժարվել ինձ տեղեկատվություն տրամադրել դստերս առողջական վիճակի մասին: Գտնում եմ, որ բժշկի նման աշխատելաոճը հարիր չէ բուժաշխատողի կոչմանը եւ ակնհայտորեն ոտնահարում է իմ՝ որպես ծնողի իրավունքները»:
ՀՀ առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ հարցը դեռ ուսումնասիրման փուլում է եւ իրենք հետեւողական են լինելու այս գործին:
«Հետքը» փորձեց նաեւ կապ հաստատել բժիշկ Անիկ Մհերյանի հետ՝ ցանկանալով տեղեկանալ Վարսիկ Հակոբյանի առողջական վիճակի եւ ախտորոշման մասին: Անիկ Մհերյանը մեզ եւս հրավիրեց հիվանդանոց. «Էնքան են զանգել, արդեն չգիտեմ՝ ում ինչ պատասխանեմ: Եկեք տեղում, երեխային տեսեք, քարտին ծանոթացեք, եթե դրա իրավունքն ունեք ու ամեն ինչ իմացեք: Կամ դատական բժշկին դիմեք, ընկերներ: Երեխան դուրս է գրվել, տանն է, կայուն վիճակում գնացել է տուն, ինքը դուրս գրվելիս խնդիր չի ունեցել»,- նշեց Անիկ Մհերյանը:
Մեր հարցին ի պատասխան, թե հիվանդանոց ընդունվելու պահին երեխան ինչ խնդիրներ է ունեցել, բժշկուհին ուղղակի անջատեց հեռախոսը: Մենք հետեւեցինք Անիկ Մհերյանի խորհրդին եւ դեկտեմբերի 3-ին ուղեւորվեցինք Գավառի հիվանդանոցի մանկական բաժանմունք: Անիկ Մհերյանին բաժանմունքում չգտանք, իսկ երբ զանգահարեցինք, պատասխանեց, թե երեխայի բժշկական քարտն այս պահին հիվանդանոցում չէ, դատաբժիշկ Վանիկ Զանյանն առավոտյան այն վերցրել է:
Գավառի դատաբժիշկ Վանիկ Զանյանը մեր հարցին, թե արդյո՞ք Վարսիկ Հակոբյանի բժշկական քարտն իր մոտ է եւ ի՞նչ ախտորոշմամբ են երեխային ընդունել հիվանդանոց, պատասխանեց. «Քա՞րտը, հա ինձ մոտ է: Վրան ախտորոշված է սուր ալիմենտար գաստրիտ: Մեկ կապտուկ կա նաեւ աջ ազդրի վերեւի հատվածում՝ 8-10 օրվա վաղեմության: Ոչ մի այլ կապտուկ կամ ծեծի հետք չկա: Ես այդ մասին իմ եզրակացությունը վաղը կուղարկեմ հետաքննիչին»,- նշեց դատաբժիշկը:
Գավառի ոստիկանության հետաքննիչ Արմեն Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ դատաբժշկի եզրակացությունը դեռեւս չի ստացել: Եւ քանի որ գործը նախաքննության փուլում է, որեւէ այլ տեղեկություն տալ չի կարող:
Երեխայի աջ ազդրի կապտուկի մասին մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը տեղյակ է. «Ես այդ կապտուկը տեսել եմ, հարցրել եմ՝ էս ինչու է կապտել Վարսիկ ջան, ինքն էլ բացատրեց, որ ճոճանակին է խփել»:
Հասմիկ Խաչատրյանն արդեն 6 ամիս է, ինչ աղջկա՝ Վարսիկի հետ ապրում է Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի ապաստարանում: Նշյալ վայրում երեխայի հետ աշխատում են սոցիալական աշխատողները, ովքեր որեւէ անգամ չեն նկատել Հասմիկի կողմից բռնություն՝ աղջկա նկատմամբ:
Վարսիկին Գավառի հիվանդանոց տեղափոխելու օրը «Կանանց աջակցման կենտրոն»-ի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանը զանգահարել է բժիշկ Անիկ Մհերյանին. «Ինքն ինձ ասաց, որ երեխան փսխումով է ընդունվել հիվանդանոց: Բացի աջ ազդրի հատվածի կապտուկը՝ նաեւ սրունքներն են կապտած, բայց ասաց, թե այդ կապտուկներն իրեն չեն հետաքրքրում: Պետք է երեխան մնա հիվանդանոցում, որ մի շարք հետազոտություններ անցնի»,- ասում է սոցաշխատող Ալվարդ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հասմիկ Խաչատրյանը Գավառի հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսն է: Հասմիկը ենթարկվել էր բազմաթիվ եւ տեւական բռնությունների ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի կողմից, որից հետո գիշերը փախել էր տնից: Հասմիկ Խաչատրյանը դիմել է Գավառի ոստիկանություն, որից հետո մի շարք պաշտոնյա անձինք, ինչպիսիք են պատգամավոր Հեղինե Բիշարյանը եւ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, զանգահարել եւ հորդորել են նրան՝ հետ վերցնել դիմումը: Այդ անձինք ծանոթ-բարեկամական կամ հաճախորդական կապերի մեջ են Հասմիկի սկեսրոջ՝ հայտնի բախտագուշակ Վարսիկի հետ:
«Տեսնելով, որ ծանոթների լայն շրջանակով չեն կարողանում ազդել Հասմիկի որոշման վրա, հիմա որոշել են երեխային փախցնելու միջոցով նրան հետ պահել: Եւ ցավալին այն է, որ երեխայի հայրը վատ չի զգում սեփական աղջկան որպես գործիք օգտագործելուց: Դա էլ այն դեպքում, երբ երեխան արդեն բազմաթիվ սթրեսների միջով է անցել, չի լսում եւ դժվարությամբ է արտահայտվում: Նման երեխային բժշկի հետ անօրինական համագործակցությամբ հիվանդանոցում պահելը, մորից զրկելն ուղղակի անընդունելի է»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» հկ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը:
Հ.Գ. Դեկտեմբերի 9-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի եւ Սարգիս Հակոբյանի երեխաների բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցի քննությունը:
Լուսանկարում Հասմիկ Խաչատրյանն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել